Նամուս/Երկրորդ/XVI
— Ո՞ւմ համար է, ասում եմ, այս անկողինը։
— Քեզ համար։
— Ինձ համա՞ր։ Շատ շնորհակալ եմ... հապա... անեծք քեզ չար սատանա։
Սուսանը դողալով մի քայլ հետ քաշվեց։
— Ինձ համա՞ր է։
— Քեզ համար։
— Հապա մյո՞ւսը։
— Ի՞նչ մյուսը։
— Մյուս անկողինը՞։
Սուսանը այս ու այն կողմ նայեց, աշխատելով խույս տալ Ռուստամի զննող հայացքից։
— Չե՞ս իմանում։
— Ի՞նչ։
— Ես քեզ հարցնում եմ, թե...ըմ... անեծք քեզ չար սատանա... հարցնում եմ, ո՞րտեղ է երկրորդ անկողինդ։
Սուսանը լուռ էր։
— Չե՞ս լսում։
— Ի՛նչ ես ասում, — հարցրեց Սուսանը դողդոջուն ձայնով, միևնույն ժամանակ ապշած նայելով Ռուստամի ուսերին։
— Ես հարցնում եմ, ո՞ւր է երկրորդ անկողինդ, — կրկնեց Ռուստամը։
— Չեմ հասկանում։
— Չե՞ս հասկանում ինչ եմ ասում․․․ այն մյուսը, որ, որ․․․
Ռուստամը չկարողացավ ավարտել յուր խոսքը։ Բարկությունից նրա շունչը սպառվում էր։ Նա նորից սկսեց շրջել հետ ու առաջ։ Նա մտածում էր․ «սատանա, ինչպես կարողանում է անմեղ ձևանալ իմ առաջ, իբրև թե ոչինչ չի հասկանում»։
Մի քանի րոպե Ռուստամը շրջեց, հետո մոտեցավ անկողնին և պառկեց, առանց հանվելու, այնպես ինչպես ներս էր մտել։ «Անեծք քեզ չար սատանա, անեծք» — կրկնում էր նա մտքում — եթե խալը տեսնեմ... հետո՞, տեր աստված, հետո՞։ Կարելի է նա տեսել է երեխայության Ժամանակ, կարելի է նա երկրաշարժի օրն է տեսել, երբ նրանք միասին հողի տակ են մնացել։ Կարելի է ինքը ինքը չի տեսել, այլ լսել է յուր մորից, որ նկատած կլինի բաղնիքում կամ մի ուրիշ տեղ, մերկ ժամանակ։ Չէ, չէ, հապա հարսանիքի գիշերվա անցքը, հապա այն երկու ջահիլների խոսակցությո՞ւնը։ Օրիորդ ժամանակ, հըմ... Այս մեկը սուտ է, ես իմացա։ Ինչ որ պատահել է, պսակվելուց հետո է եղել։ Ես ի՞նչ գիտեմ, յոթը սարի հետևում, թե նա այստեղ ինչեր է արել։ Իսկ մայրս, մայրս հիմար պառավ է, տանը չի նստել։ Ուֆ...
Եվ Ռուստամը արձակեց կրծքից մի դառն հառաչանք։ Քառորդ ժամ նա այդ դրության մեջ մնաց, անդադար հառաչելով։
Սուսանը նրա երեսը չէր տեսնում, միայն պատի տակ կանգնած, ձեռները ծոցում ծալած, լուռ ու մունջ, անորոշ հայացքով նայում էր սենյակի պատերին, առաստաղին, հատակին։
Հանկարծ Ռուստամը բարձրացավ տեղից։
— Նստի՛ր, — հրամայեց նա Սուսանին։
Սուսանը անշարժ էր։
— Նստի՛ր, քեզ ասում եմ։
Սուսանը նստեց։
«Հարկավոր է քիչ էլ համբերել», — ասաց ինքն իրան Ռուստամը և սկսեց կրկին հետ ու առաջ շրջել։
Մի ժամի չափ ևս նա շրջեց, հետո մոտեցավ սենյակի դռներին, բաց արավ և, աջ ու ձախ նայելով, կրկին փակեց դռները և հետ դարձավ։ Նա մոտեցավ թախտին և նստեց, ոտները քարշ ձգելով։
— Չե՞ս պատասխանում, — դարձավ նա Սուսանին, որ դեռ նստած էր թախտի վրա մի քիչ հեռու յուր ամուսնուց։
— Ի՞նչ։
— Ասա, ո՞րտեղ է մյուս անկողինդ։
— Ի՞նչ անկողին։
— Որի վրա, անառակ կնիկ, դու քնում ես Սեյրանի հետ։
Սուսանը վեր թռավ տեղից և ապշած նայեց նրա երեսին։
— Սեյրանը, — կարողացավ միայն արտասանել նա և մնաց տեղն ու տեղը կանգնած։
— Հա, Սեյրանը։ Դու նրան չե՞ս ճանաչում, չե՞ս ճանաչում կուժ ծախող Հայրապետի տղա Սեյրանին։ Սուսանը լուռ էր։
— Պատասխանիր, լիրբ, շան զավակ, պատասխանի՛ր, ճանաչո՞ւմ ես, — կրկնեց Ռուստամը, աշխատելով ձայնը շատ էլ չբարձրացնել։
Նա վեր թռավ տեղից և, բռնելով Սուսանի թևից, կրկնեց մի քանի անգամ․ «չե՞ս ճանաչում, չե՞ս ճանաչում»։
— Սեյրանին ճանաչում եմ, — վերջապես շշնջաց Սուսանը թույլ կերպով։
— Ո՞վ է նա։
— Մեր հարևանի տղան։
— Հարևանիդ տղան և քո, և քո, և քո երկրորդ մարդը, չէ՞...
Ռուստամի շնչառությունը քանի գնում, այնքան սաստկանում էր, իսկ ձայնը խեղդվում։
— Ի՞նչ ես խոսում, — մրմնջաց Սուսանը, ապշած նայելով Ռուստամին, որ նրա թևը բռնել էր ձախ ձեռով։
— Ես ո՞վ եմ, — հարցրեց Ռուստամը, ուղիղ Սուսանի աչքերին նայելով։
— Դու Ռուստամն ես։ Քո ի՞նչն եմ։
— Իմ մարդը։
— Սուտ ես ասում, անիծված կնիկ, քո մարդը Սեյրանն է, Սեյրանը, Սեյրանը։ Խոստովանիր, ասում եմ, թե չէ...
Այս ասելով նա բաց թողավ Սուսանի թևը, դաշույնը մերկացրեց, մի երկու քայլ հեռացավ և կանգնելով նրա դեմ ու դեմ, ասաց․ — տեսնո՞ւմ ես։
Կանթեղի լուսավորության տակ դաշույնը փայլեց ինչպես կայծակ։
Սուսանի մարմնով մի սարսուռ անցավ, բայց հանկարծ նա, կարծես, մի բան մտաբերելով, ուշքի եկավ և ասաց.
— Հիմա հասկացա։ Ռուստամ, քեզ չար լեզուները խաբել են։ Սեյրանին ես ճանաչում եմ, նա իմ առաջվա փեսացուն էր, ծնողներս քեզանից առաջ նրա հետ էին ուզում պսակել։
— Դու նրան սիրել ես, անիծված, խոստովանվիր, ողջ քաղաքն է ասում։ — Սիրել եմ և այժմ էլ սիրում եմ։ Բայց, Ռուստամ, ես անմեղ եմ, անմեղ եմ անկողնիդ առաջ, ինչպես այս ճրագի լույսը։
— Սիրում ես, բայց անմեղ ես, լռիր, լիրբ, դու նրա հետ գործ ես ունեցել, խոստովանվիր, թե չէ — ես կհաստատեմ։
— Թող իմ հոգին դժոխքի կերակուր դառնա, եթե ես սուտ եմ ասում։ Ես Սեյրանին սիրում եմ, բայց նրա հետ գործ չեմ ունեցել, — պատասխանեց Սուսանն ավելի և ավելի անհողդողդ ձայնով։
— Ինքը Սեյրանն է ասում։
— Անկարելի է։
— Սուտ չեմ ասում, անիծված, ինքը Սեյրանն է ասում։
— Սեյրա՜նը, ախ տեր աստված, նա սուտ է ասել։
— Սուտ չի ասում։ Բա՛ց արա կուրծքդ։
Սուսանը չհասկացավ Ռուստամի միտքը։
— Հետ քաշիր շապիկդ, բաց արա կուրծքդ, ասում եմ, թե չէ` արյունս գլխովս է տալիս։
Սուսանը անզգայաբար, դողդոջուն ձեռներով հեռացրեց իրարուց շապկի եզրերը։ Կանթեղի լույսը ընկավ Սուսանի կրծքին և լուսավորեց նրա բամբակի պես սպիտակ ստինքը։
Ռուստամը դաշույնը ձեռում, կողքին քարշ գցած, մոտեցավ Սուսանին և գլուխը թեքելով նրա կրծքին, նայեց։
— Խալը, խալը, նա ճշմարիտ է ասում, ահա խալը...
Բացականչելով այս խոսքերը, ատամները կրճտելով, նա հարձակվեց Սուսանի վրա, սեղմեց նրա իրանը յուր ամուր բազկով, բերանը կպցրավ կրծքին և տզրուկի պես բոլոր շնչով սկսեց ծծել նրա մարմինը։
Սուսանը զգաց սաստիկ կսկիծ։ Նա ձեռները բարձրացրեց, որ պաշտպանվի, բայց աջ ձեռը ամուր դիպավ դաշույնի սուր բերանին
և վիրավորվեց։ Լսվեց մի թեթև ճիչ, և Սուսանի անշնչացած
դիակը դուրս պրծնելով Ռուստամի գրկից, գլորվեց հատակի վրա։ Մի ձեռում արյունոտ դաշույնը բռնած, իսկ մյուս ձեռը օդի մեջ տարածած, Ռուստամը նայում էր Սուսանի անշնչացած դիակին։ Զարհուրելի էր նրա դեմքը, արյունալի աչքերը վառվում էին այրվող