Նամուս ու ղեյրաթ

Դեռ թոթովախոս մի մանուկ էի
Եվ յոթ տարեկան անգամ չկայի,
Երբ ինձ ավանդեց հայրս իմ անուս՝
Մի սրբազան խոսք, և դա էր՝ «նամուս»։

Դպրոցի շեմքին դեռ ոտք չդրած՝
Դեռ նոր էի գիրք ես ձեռքս առած,
Երբ մորս համբույր թրջեց իմ ճակատ
Ու պատվիրեց ինձ անել միշտ «ղեյրաթ[1]»։

Բայց կարճ մնացի ուսումնարանում,
Աղքատի բախտը, դե՛, ի՜նչ է լինում․․․
Հորս պատվերով սովրեցի արհեստ,
Սիրեցի նըրա վաստակը համեստ։

Եվ այն օրից ետ,
Երբ ընկերացա մուրճ ու սալի հետ,
Քրտինքը դեմքես ծորում է կաթ֊կաթ
Եվ ինձ հիշեցնում՝ նամուս ու ղեյրա՜թ,
Նամուս ու ղեյրա՜թ։

Տողատակեր

խմբագրել
  1. ղեյրաթ― նախանձախնդրություն

1895