Նար-Դոսի ճառից
Արտասանած իր 45-ամյա գրական գործունեության հոբելյանի հանդեսին՝ 1931 թ. հունիսի 14-ին

Ընկերնե՛ր,

Թող կեղծավորություն և ավելորդ համեստություն չնկատվի, եթե ասեմ, որ իմ գրական ունակությունների մասին ես միշտ շատ համեստ կարծիք եմ ունեցել, և այս 45 տարվա ընթացքում համեմատաբար այնքան քիչ բան եմ տվել մեր գրականությանը, որ պարզապես խիղճս թույլ չի տալիս ինձ արժանի համարելու այն մեծ պատվին, որ այս երեկո տվիք ինձ։

Սակայն մյուս կողմից չեմ կարող չասել, որ եթե այս համարյա թե կես դարի ընթացքում ես շատ բան չեմ տվել, պատճառը պետք է որոնել իմ կամքից և կարողությունից դուրս, ուզում եմ ասել՝ պատճառը պետք է որոնել իմ ժամանակի հայկական, ընդհանրապես կուլտուրական կյանքի և մասնավորապես գրական աշխարհի պայմանների մեջ։

Բանն այն է, որ տասնևիններորդ դարի վերջերին և քսաներորդ դարի սկզբներին հայկական կուլտուրական կյանքն այնքան նեղ և հետամնաց էր, հայ գրականությունը սեփականություն էր այնքան սահմանափակ շրջանների, որ գրողը լոկ հույսը դնել իր գրչի արդյունքի վրա՝ անկարող էր. ուստի իր անմիջական կոչումը մեկդի դրած՝ ստիպված էր զբաղվել երբեմն գրականության հետ ոչ մի կապ չունեցող գործով, որպեսզի ապրուստի մի հիմնական աղբյուր ունենար։ Այսպիսով՝ հայ գրողն իմ ժամանակ ամենից առաջ ուսուցիչ էր, հաշվապահ, գործակատար, ծառայող, պաշտոնյա և ես ի՞նչ գիտեմ ուրիշ էլ ի՛նչ, և ապա միմիայն գրող։ Նա այսպես ասած, ի միջի այլոց գրող էր։

Սա ընդհանուր երևույթ էր, մի տեսակ ընդհանուր կանոն։ Ես ևս, իբրև մեկն այդպիսի գրողներից, իհարկե, չէի կարող դուրս մնալ այդ ընդհանուր կանոնից։ Կարող եմ ասել, որ երիտասարդությանս ամենալավ տարիները, օրվա աշխատանքից ամենալավ ժամերը ես անց եմ կացրել զանազան սև աշխատանքներով այս կամ այն խմբագրատանը, այս կամ այն տպարանում և ապա թե մնացած ժամերին, արդեն ֆիզիկապես և մտավորապես հոգնած, նստել եմ, որ մի բան գրեմ։ Բնական է, որ այսպիսի պայմաններում մի գրող շատ բան չի կարող տալ։

Թող ոչ ոքի չմոլորեցնեն այն բացառիկ հայտնի անունները, որոնք 80—90-ական թվականներին և մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը փայլում էին հայկական կյանքի համարյա բոլոր ասպարեզներում՝ սկսած մամուլից, գրականությունից, թատրոնից, դպրոցներից, մինչև հանրային հաստատություններ։ Դրանք մեր հասարակության, այսպես ասած, վերին խավերի ներկայացուցիչներն էին, որոնց մենք այժմ անվանում ենք բուրժուական և մանր բուրժուական ինտելիգենցիա։ Դրանք առանձին-առանձին խմբակներ էին, շատ անգամ իրար թշնամի, իրենց անձնական կամ կուսակցական շահերով տարված։ Այդ խմբակներից ամեն մեկն իր մոնոպոլիան էր դարձրել հայկական կուլտուրական և հասարակական կյանքի այս կամ այն ասպարեզը։ Բուն ժողովուրդը, աշխատավոր ժողովրդի լայն մասսաները մեկուսացած էին, թողնված իրենց բախտին, ոչ ոք չկար, որ հոգար, ուշադրություն դարձներ նրանց վրա, ուշադրություն դարձնողն էլ իսկույն մեկուսացվում էր տիրող ռեժիմի կողմից։

Հոկտեմբերյան հեղափոխությունը եկավ մի անգամից ցրելու հայկական կյանքի մոնոպոլիստների այդ ինքնապարփակ խմբակներն իրենց նեղ դասակարգային կուսակցական մտահայացքներով ու շահերով, առաջ քաշելու աշխատավոր ժողովրդի լայն զանգվածները, նրանցով և նրանց միջոցով նոր կյանքի, նոր կենցաղի, սոցիալական նոր իրավակարգի հիմքը դնելու համար։

Բայց այստեղ խորհրդային իշխանության առջև ծառացած էր մի մեծ խոչընդոտ, որը պետք էր վերացնել առանց դանդաղելու, հարվածային կարգով։ Դա աշխատավոր ժողովրդի լայն զանգվածների վրա ծանրացած անցյալի անեծքն էր — նրանց մտքի և հոգու մեջ տիրող խոր խավարը։ Ամենից առաջ համատարած անգրագիտությունը, առանց որի վերացման անկարելի էր առաջընթացությունն այն նոր ուղիներով, որոնք տանում են դեպի խորհրդային իշխանության նպատակները — դեպի սոցիալիզմի կառուցումը։

Ահա թե ինչու խորհրդային իշխանությունն իր հաստատման հենց առաջին օրերից իրեն հատուկ ամբողջ թափով նետվեց դեպի անգրագիտության վերացման ֆրոնտը։ Եվ այս ֆրոնտում նրա ունեցած հաջողությունը կարող է մինչև անգամ հրաշք համարվել։ Հիրավի, մի՞թե հրաշք չէ, որ երեկվա նախապաշարված, իր բիրտ ամուսնու ձեռքին տանջված, չարչարված խեղճ ու կրակ կինն այսօր այբբենարանը և թուղթն ու մատիտը կռան տակին շտապում է դեպի լիկկայան։ Մի՞թե հրաշք չէ, որ երեկվա անգրագետ բեռնակիր մշակն այսօր աշխատանքից ազատ ժամերին այս կամ այն պատի տակ իր փալանին հենված՝ լրագիր է կարդում։ Այսպիսի բան ե՞րբ է եղել տեսնված։

Թեև անգրագիտության լրիվ վերացումը դեռևս մի քանի տարի է պահանջում, բայց այսօր իսկ նրա ահագին ազդեցությունը գրականության զարգացման ու տարածման, հետևաբար և գրողի աշխատանքի պայմանների վրա ակներև է։

Մի թռուցիկ համեմատություն մեր գրականության անցյալի և ներկայի միջև, հին և նոր սերնդի գրողների աշխատանքի պայմանների միջև, ցույց կտա, թե ինչ հսկայական փոփոխություն է կատարված այդ տեսակետից մեզանում, խորհրդային իշխանության հաստատման այս տասնամյակում։

Իմ ժամանակ հայերեն գրքի տպագրության ամենամեծ տիրաժը կազմում էր 1000—1500 օրինակ, մի քիչ պակաս կամ ավելի, և մի քանի տասնյակ տարիներ էին հարկավոր, որ այդ 1000—1500 օրինակն սպառվեր, եթե միայն սպառվեր, իսկ վերահրատարակության մասին խոսք չէր կարող լինել։ Այժմ հայերեն գիրքը տպագրվում է հազարավոր օրինակներով և ոչ թե միայն մի քանի տասնյակ, այլ մի քանի տարին էլ, եթե ոչ երբեմն և մի քանի ամիսը, բավական է, որ սպառվի և վերահրատարակության պետք զգա։

Իմ ժամանակ հայ գրողը գրում էր և հայ խմբագիրն էլ տպագրում էր նրա գրվածքը՝ այսպես ասած՝ ազգասիրաբար, այսինքն ձրիաբար, այժմ նրա գրված ամեն մի տողը վարձատրվում է, ինչպես ամեն մի աշխատանք։

Իմ ժամանակ հայ սկսնակ գրողը թողնված էր բախտի բերմունքին, մեն մենակ, առանց նեցուկի, առանց ղեկավարի. այժմ սկսնակ գրողը հենց որ փոքր ինչ շնորհք է ցուցադրում, շրջապատվում է այնպիսի հոգատարությամբ, նրա առջև բացվում են զարգանալու և ստեղծագործելու հնարավորություններ, որոնց մասին իմ ժամանակ երազել անգամ չէր կարելի։

Ու որ մտածում եմ այս մասին, որքան բախտավոր եմ համարում մեր այժմյան երիտասարդ գրողներին, մեր պրոլետգրողներին, որոնց վիճակվել է ասպարեզ գալ և ստեղծագործել խորհրդային կարգերում։

Դառնալով նվաստիս պատվին տրված այս հանդիսավոր երեկույթին, ես չեմ կարող այս առթիվ ձեր ուշադրությունը չհրավիրել, ընկերնե՛ր, դեպի ոչ հեռավոր անցյալը, դեպի ցարական ժամանակները, ցույց տալու համար դարձյալ մի անհամեմատելի տարբերություն, մի սուր հակադրություն անցյալի և ներկայի միջև, երեկվա և այսօրվա միջև։

Ցարական ռեժիմի ժամանակ այն ո՞ր գրողն էր,— չեմ ասում մեզ պես մանր, այսպես կոչված՝ հպատակ ազգությունների, այլև իրեն իսկ ռուս մեծ, վելիկոդերժավ ազգի,— այն ո՞ր գրողն էր ասում եմ, որ կհանդգներ երազել անգամ, թե նորին կայսերական մեծության լուսավորության պարոն մինիստրը իր բարձր հովանավորության տակ կառնի իր հոբելյանը և իր անհասանելի բարձունքից կիջնի նախագահելու իր հոբելյանական հանդեսը։ Ես կարծում եմ, որ այդպիսի մի գրող ավելի շուտ կսպասեր, թե երկինքը կիջնի դեպի գետին, քան ցարի մինիստրը այդ աստիճան «կնվաստացնի» իրեն։ Այդ անկարելի էր։ Սակայն այն, ինչ որ անկարելի էր այն ժամանակ, այժմ խորհրդային կարգերում ոչ միայն կարելի է, այլև այնքան բնականոն, այնքան հասարակ բան, որ մինչև անգամ մեր զարմանքը չի հարուցում։ Ապացույց ձեզ ի միջի այլոց և նվաստիս պատվին գումարված այս հանդիսավոր ժողովը, որին նախագահում է Խորհրդային Վրաստանի (լուսավորության) ժողովրդական կոմիսարը։

Այս երեկույթը ինքնին այնքան պերճախոս է, որ, կարծում եմ, կոմենտարիաների պետք չունի։