ՆԵՐԻՐ, ՈՐ ԻՆՁ ՉԵՍ ՍԻՐՈՒՄ

Ես խրախուսում եմ լույսը, երբ
նրա մեջ միտք է հղանում
ծաղկի մեջ բացվելու։
Ներիր նվաստիս, որ ինձ
չես սիրում։ Բայրոնի այգում
քայլելիս, ակամայից
ձախ ոտքս սկսում է կաղալ։

Խժդժությունների անպարագիծ
վիհին քանի-քանի միլիոն արեւ է
կուլ գնացել տիեզերքում։
Արյունափրփուր ալիքները մոտենում են
ծովեզերքին, եւ ափով վազում են
մուգ կարմիր նժույգները։

Բառերը չվիրավորելու համար
եկեք խոսենք նշանացի։
Քամին ձմռան ծառերի մեջ
զրնգում է բոլորովին մերկ, քանզի
ձյունի տակից հանված միակ տերեւը
փշուր-փշուր է լինում ձեռքերում։

Գիշերը ուշացած այցելու է՝
հարսնախոսության համար։ Առարկաները
դուրս են մնացել իրենց անուններից, որ
մենք ենք տվել, պիտի մոտեցնել
նրանց ճշմարիտ բառով, որը
խորքեր ունի անսահմանելի։

Աշխարհում ոչինչ արժանի չէ
իմ անվերապահ նվիրումին։ Ես
քաջալերում եմ, ի վերջո, քաոսը՝
սերը արժեքավորելու համար։ Ափիս
ջերմությունը մի հավք է դարձել
ու հիմա ոստոստում է ուսիդ վրա։

Ես անընդհատ մեռնում եմ եւ տեսնում եմ, որ
առանց դրան չեմ կարող ապրել։ Եվ տես-
նելիս չեմ պատկերացնում, պատկերացնելիս
տեսնում եմ սակայն։ Եվ արհամարհում եմ
սիրո մոտավորը, եւ ահավոր է,
երբ ծաղիկը դառնում է խորհրդանիշ,
                                  թեկուզ... սիրո։