Ներսես Շնորհալու հանելուկներ

Հանելուկներ

* * *



Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:

(Արև)



Ամբողջ օրը տանը մնում,
Բեհեզ բարձի վրա քնում,
Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
Բազեի պես որս է անում:

(Կատու)



Հողն է մտնում, մահանում,
Հետո նորից կյանք առնում,
Աչքը հառած երկնքին,
Տարածվում է, շատանում:

(Ցորեն)



Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Զու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի:

(Կրիա)



Տուն է սպիտակ, լայնատարած,
Սև հավիկներ մեջը թառած,
Խոսում են ու զրույց անում՝
Մարդու նման լեզու առած:

(Գիրք)



Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:

(Մեղու)



Արքա չունեն, սակայն արագ
Կազմում են մեծ, ահեղ բանակ,
Հենց մտնում են արտը հասած՝
Բերքն են հնձում առանց դանակ:

(Մորեխ)



Գիշերով է նա լույս տալիս,
Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,
Կիսվում է նախ և նորանում,
Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:

(Լուսին)



Տեսա իմ հոգու հոգին
Հողում թաղվեց, մահացավ,
Շատ չարչարվեց ու կրկին
Ծիլ արձակեց, բարձրացավ,

Սրի բերան նա ընկավ,
Քարով ճզմվեց, փշրվեց,
Հետո բոցում այրվեց,
Նոր կյանք առած՝ ետ եկավ:

(Ցորեն)



Հսկայական փռում թխած
Մի գաթա կա սիրուն, գլոր,
Թխողն ինչքան ծայրից պոկում,
Նորից է նա դառնում կլոր:

(Լուսին)



Նա որսորդ է չար ու անգութ,
Հագին մուշտակ՝ սիրուն, պուտ-պուտ,
Ժանիքը սուր, ագին բարակ,
Եվ աչքերն են մի-մի ճրագ:

(Հովազ)



Ճարտարագետ և իմաստուն,
Ծաղկի փոշուց շինում է տուն,
Լեզուն՝ քաղցր, ինքը բարի,
Չունի դադար, հանգիստ ու քուն:

(Մեղու)



Մի օձ կա մեծ, գույնը կապույտ,
Հա գնում է պտույտ-պտույտ,
Նրանով են սնվում անվերջ
Ծառ ու ծաղիկ, խոտ ու առվույտ:

(Գետ)



Մանուկն եկավ՝ պայծառ, անգին,
Կանաչ շորեր ունի հագին,
Թողեց հետքեր նա ամենուր,
Ծաղկով լցրեց դաշտն ու այգին:

(Գարուն)



Մի տախտակ կա քառանկյուն,
Առանց դրա չկա տուն,
Մինչև ամուր չփակես
Դու չես մտնի հանգիստ քուն:

(Դուռ)



Նա ապրում է շարժուն տան մեջ,
Ծտի նման խայտում անվերջ,
Առավոտից մինչ իրիկուն
Չունի հանգիստ ու չունի քուն:

(Ձուկ)



Երեկ տեսա մի քարավան
Ճամփա ելած՝ գնում էր Վան,
Պոչ-պոչ բռնած, շարքով կարգին
Մի-մի հատիկ առած մեջքին:

(Մրջյուն)



Մի թռչուն կա շատ իմաստուն,
Բարեկամ է նա միշտ մարդուն,
Աղմկում է, ձայնեղ կանչում,
Երբ որ գող է մտնում իր տուն:

(Սագ)



Կա մի գմբեթ` բարձր ու լայն,
Կանգնած անսյուն ու անգերան,
Մեջը կանթեղ` պայծառ լույսով,
Կախված ջահեր, առանց պարան:

(Երկինք)



Խոսում է նա, լեզու չունի,
Շրջում է նա, ոտքեր չունի,
Բայց մտնում է ամեն մի տուն,
Ուրախ լուրեր բերում մարդուն:

(Նամակ)



Կյանք է տալիս, բայց ինքն՝ անկյանք,
Հյուր է գալիս, աշխարհ մտնում,
Պարգևում է լույս ու բերկրանք,
Երբ գնում է, օրն է մթնում:

(Արև)



Թռչուն անթև ու անփետուր,
Բայց շրջում է նա ամենուր,
Նրա համար սահման չկա
Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր:

(Միտք)



Հողից շինեցին,
Բոցում թրծեցին,
Կախեցին սյունից,
Տարան, բերեցին:

(Խնոցի)



Մի բան գիտեմ զարմանալի,
Նա մագիլներ ունի հավի,
Մութ անտառն է իրար տալիս,
Հարթում սիրուն ու ետ գալիս:

(Սանր)