Նիրհուն դաշտեր
ՆԻՐՀՈՒՆ ԴԱՇՏԵՐ

Ո՞ւր էլ նայում եմ — նիրհո՜ւն ու անձա՛յն
Դաշտեր են միայն...
Դաշտեր ու դաշտե՜ր... կարծես վերջ չըկա
Անհուն դաշտերի լո՜ւռ ծավալանքին.
Ճերմակ, ձյունահյուս վերմակի տակին,
Որպես հեքիաթի քուն մտած հսկա,
Նրանք մընո՜ւմ են — ե՛րբ գարուն կըգա...

Կըգա՜ նազելին շողափա՜յլ դեմքով
Ծաղկո՜վ ու երգո՜վ.
Եվ որպես թովիչ, լուսածին փերի,
Արև-աչերով, այրող համբույրով
Նա սեր կըերգե սիրաշունչ բույրով.
Նա կվրդովե նիրհը դաշտերի,
Նա կյա՜նք կավետե, նա կյա՜նք կբերի...