Նոյեմբերյան Հայաստանին


ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Երկի՛ր, փառքիդ համար այսօր նորեն
Հնչեն պիտի քանի՛ քնար քաղցրաթրթիռ։
Կապույտիդ տակ հասակ առած
Ու քեզի հետ դարձած երկինք աստղածորան,
Քանի պոետ հեծած Պեգասն հայ դպրության,
Անհունն ի վեր լոկ խնդությունն իրենց պարզեն։
Ու հաղթական զավակներուդ բանակն աշխույժ,
Մեր աստղաբիբ Աբովյանի ալքերուն տակ,
Շուրթին՝ երդեր ու աչքերուն՝
Բոցավառվող մեր ապագան,
Պիտի անցնի հպարտորեն։

Երկիր, ու մենք,
Զավակներդ հողմացրիվ,
Քեզմե հեռու, քեզմով սնած,
Ափ մը հողիդ բույրին համար
Մեր կյանքն ամբողջ ըրած հատնում,
Բառերը մեր մեծ Մաշտոցին,
Ու քու ներկադ Շահումյանով մեզի հասած
Ըրած գինի Արարատյան,
Պիտի խմենք, պիտի խմենք,
Ըլլանք պիտի գինով ու խենթ,
Ու պիտի մեր պարերը խոլ
Խառնենք պարին երևանյան։


Ու տես, հիմա,
Նոյեմբերյան ցնծատոնիդ,
Վիշտի երգիչ, մրրկածին Սիամանթոն,
Վարուժանը հստակ ու մեծ,
Կերգեն անզուսպ
Խնդությունը մեր ծագեծադ։
Կերգեն այնպես,
Որ Վանատուրն անգամ ապշած
Հին դարերեն մեզի նայի,
Մեր արտերուն նայի հարբած,
Ուր արյան տեղ ջրանցքներ կան,
Ուր մանուկին միտքը անգամ
Ճառագայթ է անհունն ի վեր…

Երկիր, երկիր,
Մենք մեկ միլիոն նահատակներ,
Ու մեկ միլիոն վերընձյուղած վտարանդի,
Նոյեմբերյան երթիդ ի տես
Ամբողջ ձայնով,
Կըսենք ողջո՜ւյն, ողջո՜ւյն քեզի։