Նոր Բյուզանդիոն

(Դրամա)
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐԸ

1. ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ (ամիրա)
2. ԻՍԽԵԼ (սեղանավոր)
3. ՀԱԼԵՏ (վաճառական)
4. ՊՈՂՈՍ (ամիրա)
3. ՏԻԳՐԱՆ (ամիրա)
6. ՍՈՒԼԹԱՆ
7. ՄԵԾ ՎԵԶԻՐ
5. ՆԱԶԻՐ
9. ԱՐԱՐՈՂԱՊԵՏ
10. ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ
11. ՍԵՆԵԿԱՊԵՏ
12. ԹԱՐԳՄԱՆ
13. ՄՈՒՆԵՏԻԿ
14. ՀԱՆԴԵՐՁԱՊԵՏ
15. ՄԱՔՍԱՏԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉ
16. ԴԱՀՃԱՊԵՏ
17. ՄԱՅՐԸ
18. ՀԱՐՍԸ
19. -ՍԸՐՄԱ (Հաջի Չելեբու կինը)
20. ՆԱԶՄԻԵ (Հաջի Չելեբու կինը)

21. ՍԻՐԱՆՈՒՇ (Հաջի Չելեբու դուստրը)
22. ՍԻՄԽԱ (Իսխելի կինը)
23. ԶԻԼՖԱ (Իսխելի դուստրը)
24. ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ
25. ՀԱԿՈԲ (Հաջի Չելեբու տան գլխավոր սպասավորը)
26. ՀԱՐՃԸ

Բեռնակիրներ, սպասավորներ, սպասուհիներ, ներքինիներ, վաճառականներ և պալատականներ:

Ժամանակը՝ 1819 թ. Կ. Պոլսում:
ՊԱՏԿԵՐ
Տյուզյան ամիրաների բոսֆորահայաց ապարանքի դահլիճը, կահավորված նոր-բյուզանդական ոճով: Վարագույրը բացվելիս երկու ծառա դահլիճում զբաղված են մաքրությամբ:

Ա. ԾԱՌԱ.— Սարսափելի է եղելությունը։ Երկու օրվա մեջ Տյուզյան ամիրաներից ոչ ոք չմնաց։

Բ. ԾԱՌԱ.— Առաջին անգամ չէ, որ օսմանյան մայրաքաղաքը ականատես է լինում այսպիսի եղեռնագործությունների։

Ա. ԾԱՌԱ.— Ավերվեց Տյուզյանների այս շքեղ ապարանքը։ Կանայք չեն կարող կանգուն պահել այն։ Նահատակների թաղումը ե՞րբ է կատարվելու։

Բ. ԾԱՌԱ.— Երեկ գիշեր Բոսֆորի ձկները խնջույք սարքեցին մեր ամիրաների դիակներով։

Ա. ԾԱՌԱ.— Արդյոք կմնա՞նք մենք այս ապարանքում ամիրաների նահատակությունից հետո։

Բ. ԾԱՌԱ.— Երևի ոչ։

Ա. ԾԱՌԱ.— Եթե չենք մնալու, գլխներիս ճարը տեսնենք։ Այսքան տարի այստեղ գերություն արինք և մի արծաթ չունենք մեր գրպանում։

Բ. ԾԱՌԱ.— Ի՞նչ անենք։

Ա. ԾԱՌԱ.— Պետք է մտածել։

Մտնում են մայրը, Հաջի Չելեբի, Տիգրան և Պողոս ամիրաները: Երկու ամիրաները բռնած են մոր թևերից: Մայրը լաց է լինում:

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Այսօր, մեծ տիկին, լացից առաջ մենք պարտական ենք մտածել մի ուրիշ բանի մասին։

ՄԱՅՐԸ.— Ի՞նչ բան, ամիրա։ Մի՞թե ավելի կարևոր բան կա ինձ անելու, քան խորախոր սուգը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Տյուզյանների տան պատիվը, մեծ տիկին, ահա մեծ բանը։ Սպանությունը, ոճիրը չեն աղարտի ընտանեկան պատիվը, բայց եթե խայտառակ ձևով ծախեն այս տան կահ-կարասիները... ահա մեծ, ահավոր բանը։

ՄԱՅՐԸ.— Այդ եղեռնագործությունից հետո կարող են կրակի տալ Տյուզյանների ողջ ապարանքը։ Իմ որդիների գլխատումից հետո հարկավոր չեն ո՛չ ապարանք, ո՛չ ադամանդ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Հարգում եմ ձեր վիշտը, մեծ տիկին, զգում եմ ցավի թույնը, որ սողոսկում է ձեր մայրական սիրտը, բայց կա մի ուրիշ մեծ բան, մեծ տիկին. ողջ մի սերունդի գոյության հարցն է դրված մեր առաջ։ Պետք է փրկել այդ սերունդի հավատքը, փրկելու համար սերունդը։

ՄԱՅՐԸ.— Փրկեցեք, ինչպես որ կամենում եք, ամիրա։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Մեր տարաբախտ ամիրաները իրենց գլխատումից առաջ, հավատում եմ, մտածեցին իրենց կրոնի փրկության համար։

ՊՈՂՍՍ ԱՄԻՐԱ.— Պետք է անցնել գործի անմիջապես, որովհետև արդեն մոտ է ժամանակը։ Շուտով այստեղ կլցվեն անհավատներր։

ՄԱՅՐԸ.— Արեք, ինչպես հարմար եք դատում։ Ինձ միայն մնում է արցունք թափել և աղոթել։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Սպասում ենք ձեզանից, մեծ տիկին, ձեր հասակի վայել քաջասրտություն։ Խոնարհվում եմ ձեր սպիտակ մազերի առաջ։ Ներեցեք ինձ։

ՄԱՅՐԸ.— Ամեն ինչ կորած է, ամիրա, բայց օրհնված կլինեք, եթե... եթե կարողանաք փրկել մեր հավատքը։ (Սպասելով և մնալով անպատասխան) Ինչի՞ մասին եք մտածում, ամիրա։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մատուռի մասին, մեծ տիկին։ Անհրաժեշտ է, որ մատուռի գոյությունը գաղտնի պահվի։ Մատուռի բացվելը նշանակում է վնասել Օսմանյան կայսրության սահմաններում ապրող հայ կաթոլիկության։

ՄԱՅՐԸ.— Ի՞նչ եք մտածում անել։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մեծ պահարաններից մեկը պետք է բերել և դնել այս մատուռի դռան առաջ՝ զերծ պահելու համար նշմարվելուց։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Առանց այդ էլ մատուռի դուռը աննշմարելի է, ամիրա։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Զննում է դուռը՝ բաց անելով և փակելով։ Մատուռը զետեղված է դաճլինի խորքում՝ փոքրիկ, պատի հետ նույնացած, դռնով, բայց ամբողջ պատը բաժանվում է երկու մասի և աջ ու ձախ կողմերի վրա բացվելով՝ փոքրիկ մատուռը կազմում է դահլիճի շարունակական մասը:) Այնուամենայնիվ անհրաժեշտ է զգույշ լինել։ Օսմանյան կայսրության ամենախիստ օրենքներից մեկն է կաթոլիկ պաշտամունքի արգելումը։ Իսկ մենք այս մատուռում արած գաղտնի պաշտամունքով գործել ենք կայսրության օրենքի և կրոնի դեմ։

ՊՈՂՐՍ ԱՄԻՐԱ.— Անհրաժեշտ է անել այդ անմիջապես (դուրս):

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ես խոսել եմ մի հայ վաճառականի հետ, որ անպայման նա գնի այդ պահարանը և թողնի իր տեղում։

ՄԱՅՐԸ.— Ատում եմ կենդանի մարդկանց։ Ներեցե՛ք ինձ, ամիրա, խոսում եմ հոգու խորքից։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Հասկանում եմ ձեզ, մեծ տիկին, արդար է ձեր ատելությունը։ Մարդկային է սերը, մարդկային է և ատելությունը։

ՄԱՅՐԸ.— Ես կարծում էի, որ երեկվա ոճիրներից հետո պետք է ամեն ինչ շարժվեր, պետք է ամեն ինչ փուլ գար։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Դեռևս ժամանակ կա, մեծ տիկին։

ՄԱՅՐԸ.— Լռում են, երբ դեռ դիակները տաք են և արյունը պղպջում է։ Միթե ամեն ինչ սառելո՞ւց հետո պիտի շարժվի։ Ժամանակը կուլ է տվել սրանից ավելի խոշոր ոճիրներ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Եթե սրանից ավելի խոշոր ոճիրները կուլ են գնացել ժամանակի անդունդում, ինչո՞ւ...

ՄԱՅՐԸ.— Ձեր գործին նայեցեք, ամիրա։ Վիշտը մոլորեցնում է ինձ։ Միայն խնդրում եմ թույլ չտալ, որ ամբարիշտ Իսխել հրեան գնի Տյուզյանների կահ-կարասիները։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Անխուսափելի է դա։ Իսխելը հարուստ է և ոխերիմ թշնամի նահատակներին։ Նրանց գլխատումը դավադրելուց հետո անպայման կգնի և նրանց կարասիները։

ՄԱՅՐԸ.— (Հառաչում է:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Կարգադրել եմ, որ մեր բարեկամները գնեն ձեզ համար հարգելի և հիշատակելի իրեղենները։

ՄԱՅՐԸ.— Ինչքան ծանր են այս բոլորը մոր համար։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Զգում եմ իբրև հայր, մեծ տիկին։

ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ.— (Ներս) Բերում են պահարանը։ (Երկու ծառաները բերում են մեծ պահարանը, դնում են մատուռի դռան առաջ և գնում են դուրս:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Այսպես լավ է։ (Լռություն) Պիտի լինել սառնարյուն և քաջասիրտ։

ՀԱՐՍԸ.— (Սևեր հագած և արցունքոտ աչքերով մտնում է և չոքելով սկեսուրի առաջ) Մայր։

ՄԱՅՐԸ.— Ոչ ոքի այնքան իրավունք չի տրվել արցունք թափելու, որքան քեզ, աղջիկս։ Բայց հավատա աստծո վրեժխնդրության։

ՀԱՐՍԸ.— Սուտ է, մայր, ամեն ինչ սուտ է, և՛ աստվածը, և՛ նրա պատվիրանները։ Այսպիսի՜ ոճիր։ Օսմանյան կայսրությունը չի ունեցել նման հավատարիմ ծառաներ, ինչպես իմ ամուսինը և տագրերը։ Գլխատեցին նրանց։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Օսմանյան կայսրությունը ինքը խորտակեց իր ամենահզոր սյուները։ Հավատացե՛ք աստծո արդարության, աղջիկս։

ՀԱՐՍԸ.— Երբե՛ք, երբե՛ք:

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ձեր չհավատալու համար աստվածը կարող է հրաշքներ գործել։

ՀԱՐՍԸ.— (Լալիս է) Մենք հրաշք չենք տեսնի, ամիրա։

ՍՊԱՍԱՎՈՐ.— (Ներս մտնելով) Օսմանյան արքունիքի արարողապետը, սենեկապետը, թարգմանը և նազիրներ։

ՄԱՅՐԸ.— Գնանք աղջիկս, և աղոթենք սուրբ կույս Մարիամին։

Գնում են դահլիճի աջ դռնով: Հաջի Չելեբի, Պողոս ամիրա և Տիգրան ամիրա աճապարում են ընդունել նրանց: Ներս են մտնում արարողապետ, սենեկապետ, թարգման և երկու պալատական: Ամիրաները թրքական խոր բարևով ընդունում են նրանց:

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Տյուզյաններից ո՞չ ոք չկա այստեղ մեզ ընդունելու, Հաջի Չելեբի։ Պատերի՞ն պետք է կարդանք սուլթանական ֆերմանը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Աստծո կամքովը և կամքովը մեր փառապանծ արքայի Տյուզյաններից ոչ մի տղամարդ այլևս չի կարող լսել սուլթանական ֆերմանը։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— (Հեգնական ծիծաղում է:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Նրանք իրենց գլուխներով քավեցին իրենց մեղքերը, տեր իմ։ Տյուզյանների ապարանքում միայն կանայք կան, և կանայք իմացել են ֆերմանի բովանդակությունը։ Գոհ են արքայական կարգադրությունից։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Դուք նշանակված եք նրանց գործերի փոխանորդ, այնպես չէ՞։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ներեցեք, տեր իմ, մենք այստեղ գործադրելու ենք Արքունիքի հրամանները միայն... (Ներս են մտնում Հալետ էֆենդի, Իսխել և զանազան ազգերի մի քանի վաճառականներ:) Մենք սպասավորներն ենք Օսմանյան կայսրության շահին և փառքին։ (Չելեբու աչքերը հանդիպում են Իսխելին և Հալետին:) Սպասավորությունը կայանում է նրանում, որ հաջողենք ավելացնել նրա շահերը և փառքը։ Մենք այս իմաստով ծառայել ենք, ինչպես և Տյուզյանները ծառայեցին այդպես... (Պաշտոնատարներից անախորժ արտահայտություն, Չելեբին անմիջապես շարունակում է) մինչև իրենց սայթաքումը և անկումը։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Դուք անգի՛ր եք արել ձեր ճառը, Հաջի Չելեբի։

ԻՍԽԵԼ.— (Մեղմ շնական ծիծաղ:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Խստիվ աչքերը չռելով Իսխելի վրա) Մենք շատ ենք եփված, տեր իմ, պետական ծառայության դժվարին գործերում։ Մեկ օրից մյուսը կարելի չէ սովորել պետական գործը։ Կայսրությունը թեև հիմնված է նորին վեհափառության, մեր օգոստափառ արքայի ուսերի վրա, բայց նրա ծանր բեռը թեթևացնում են կայսրության հավատարիմ ծառաները։

ՀԱԼԵՏ.— Իսկ ոչ-հավատարիմ ծառաները կպատժվեն Տյուզյանների նման։

ԻՍԽԵԼ.— (Ուրախության արտահայտություն:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Այո, պետք է պատժվեն անհավատարիմները, բայց մարդիկ կան, որոնք կայսրությանը այնքան մեծ ծառայություններ են մատուցել, որ նրանց բոլոր մեղքերը, միասին կշռած, ավելի թեթև են, քան ուրիշների ծառայությունները։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— (Թարգմանին) Կարդացեք սուլթանական ֆերմանը։

ԹԱՐԳՄԱՆ.— (Առաջ գալով և բանալով կանաչ ժապավենով կապված հրովարտակը՝ կարդում է) Սուլթան և որդի սուլթանների, սուլթան խանը ղազի, հաջորդ փառավոր մարգարեի, թագավոր երկու աշխարհաց, ստվեր աստծո ի վերա երկրի, օգոստափառ կայսր և խալիֆա, հրամայում է, որ այս ֆերմանս ձեզ հասնելուն հայտնի լինի, որ արքունի փողերանոցիս պետ Տյուզյանների՝ զեղծարարության պատճառով գլխատումից հետո աճուրդի են հանվում նրանց ողջ կահ-կարասիքը։ Աճուրդը տեղի պիտի ունենա 24 ժամվա ընթացքում Տյուզյանների ապարանքում։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Կանչեցե՛ք մունետիկը։

ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Պատրաստ է, տեր իմ։

Մտնում է մունետիկը:

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Աճուրդի դիր ապարանքում գտնված կահ-կարասիները, բացի ընտանիքի անձնական իրերից։

ՄՈՒՆԵՏԻԿ.— Պատրաստ եմ, տեր իմ։ Աճուրդի է դրվում այս մարմարյա մեծ սեղանը իր ամբողջ կարգ ու սարքով։

ԻՍԽԵԼ.— 1 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 1 ոսկի։

Մի ՎԱՃԱՌԱԿԱՆ.— 2 ոսկի։

ԻՍԽԵԼ.— 5 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 5 ոսկի... (Լռություն) 5 ոսկի։ (Լռություն) Ծախված է։ Աթոռները և բազկաթոռները։

ԻՍԽԵԼ.— 10 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 10 ոսկի։ (Լռություն) 10 ոսկի։ Ավելացնող չկա՞. (Լռություն) Տասը ոսկի։ (Լռություն) Ծախված է։ Վարագույրները։

ՄԻ ՎԱՃԱՌԱԿԱՆ.— 3 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 3 ոսկի։

ՄԻ ՀՐԵԱ.— 4 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 4 ոսկի։

ՄԻ ՎԱՃԱՌԱԿԱՆ.— 10 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— (Ոգևորված) 10 ոսկի։

ՄԻ ՀՐԵԱ.— (Ապշած) 11 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 11 ոսկի (Լռություն) 11 ոսկի։

ՄԻ ՎԱՃԱՌԱԿԱՆ.— 15 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 15 ոսկի (Լռություն):

ՄԻ ՀՐԵԱ.— (Քաշվում է մի կողմ:)

ՄՈՒՆԵՏԻԿ.— 15 ոսկի։ (Լռություն) Ծախված է։ (Մոտենալով պահարանին): Պահարանը։

Բոլոր ամիրաները դժգունում են, միայն Հաջի Չելեբին սառնարյուն է:

ՄԻ ՎԱՃԱՌԱԿԱՆ.— 1 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 1 ոսկի։

ԻՍԽԵԼ.— 15 ոսկի։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— (Աչքերը չռում է Իսխելի վրա:)

ՄՈՒՆԵՏԻԿ.— 15 ոսկի, 15 ոսկի։ (Իսխելը և Հալետը փսփսում են:)

ՄԻ ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆ.— 20 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 20 ոսկի։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Տեղը փոխելով՝ նստում է մի ուրիշ տեղ և սկսում է սառնարյուն միրուքը շփել:)

ԻՍԽԵԼ.— 50 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 50 ոսկի։

ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆԸ.— 51 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 51 ոսկի։

ԻՍԽԵԼ.— 70 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 70 ոսկի։ (Լռություն) 70 ոսկի։ (Լռություն) Վերջին անգամ՝ 70 ոսկի։ (Լռություն) Վերջին անգամն է։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Սա շատ հին պահարան է։ Տալիս եմ 100 սսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— (Ոգևորված) 100 ոսկի։

ԻՍԽԵԼ.— 200 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 200 ոսկի։ (Լռություն) 200 ոսկի։ (Լռություն) Վերջին անգամ՝ 200 ոսկի։ (Լռություն) Ծախված է։

ԻՍԽԵԼ.— (Անցնելով Հաջի Չելեբու առաջից, կծու քմծիծաղով մոտենում է պահարանին, տնտղում և ապա գնում է դուրս:)

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Մի՞թե այդքան արժեքավոր էր այդ պահարանը, Հալետ էֆենդի։

ՀԱԼԵՏ.— Ապրանքների լավագույնը հրեաներն են ճանաչում, տեր իմ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Երևի դա հնություն է։

ԻՍԽԵԼ.— (Մտնում է երկու բեռնակրի հետ միասին) Տարեք այս պահարանը իմ տունը։ (Բեռնակիրներն սկսում էն տանել:)

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Ինչպե՞ս իմացար, Իսխել, որ այդ պահարանը այդքան արժեքավոր է։

ԻՍԽԵԼ.— (Խոնարհվելով) Վաղուց էի տեսել այդ պահարանը (դառնալով Հաջի Չելեբուն) երջանկահիշատակ Տյռւզյանների ապարանքում, տեր իմ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Եվ սպասում էիր այս րոպեին, այնպես չէ՞։

ԻՍՊԵԼ.— Բայց, ավա՜ղ, կայսրությանը վնասելու այս դժբախտ պարագաներից հետո։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Շարունակի՛ր, մունետիկ, շուտ վերջացրու։

ՄՈՒՆԵՏԻԿ.— Ջահը։

ՀԱԼԵՏ.— 50 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 50 ոսկի։ (Լռություն) 50 ոսկի։ (Լռություն:)

ԻՍԽԵԼ.— (Պահարանը տարվելուց հետո` պահարանի դրված տեղի պատի վրա փնտրտուքներ է անում:)

ՄՈՒՆԵՏԻԿ.— Վերջին անգամ՝ 50 ոսկի։ (Լռություն) Ծախված է։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Դուրս:)

ՄՈՒՆԵՏԻԿ.— Արևելյան գորգերը։

ՄԻ ՀՐԵԱ.— 2 000 ոսկի։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Ներս է գալիս մի փոքրիկ տուփով:)

ՄՈՒՆԵՏԻԿ.— 2000 ոսկի։ (Լռություն) 2000 ոսկի։ (Լռություն) Ծախված է։

ՄԻ ՀՐԵԱ.— (Էժան գնելու համար ձեռքերն է շփշփում:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Տուփը դնելով սեղանի վրա) Սա ամենից արժեքավորն է Տյուզյանների ապարանքում։

ԻՍԽԵԼ.— (Առանց ուշադրություն դարձնելու Հաջի Չելեբու խոսքերին՝ պատի վրա փնտրտուքները շարունակում է:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ադամանդներ և զանազան գոհարեղեններ են ծախվում, Իսխել էֆենդի, չեք կարող անտարբեր լինել։

ԻՍԽԵԼ.— Ես հնարավորություն չունեմ մտածելու ի՛մ ունեցած ադամանդների ու գոհարեղենների մասին։ Չեմ ցանկանում։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Հա՜, հա՜, հա՜, զարմացնում եք, ապշեցնում եք դուք ինձ։

ԻՍԽԵԼ.— Կարող է պատահել։

ՄՈՒՆԵՏԻԿ.— (Խոշոր մարգարիտների մի շարան, որոնց մեջտեղում փայլում են ադամանդներ և սուտակներ՝ բռնում և բարձրացնում է վեր) Ահավասիկ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— (Ձեռքը երկարում է:)

ՄՈՒՆԵՏԻԿ.— (Հանձնում է շարանը արարողապետին:)

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Ի՜նչ հարստությունների են տիրացել Օսմանյան կայսրության հավատարիմ ծառաները։

ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Արդար միջոցներով այսքան հարստություն...

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Միայն արդարությունն է վարձատրվում, տեր իմ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Ուրեմն դուք կարծում եք, որ Տյուզյանները արդա՞ր էին։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Եթե անարդար էին, նրանք քավեցին այն իրենց արյունով, իսկ եթե պատմությունը ցույց տա, որ արդար էին...

ՀԱԼԵՏ.— Օսմանցիների սուլթանը անարդար չի կարող լինել։

ԻՍԽԵԼ.— (Մոտենալով) Արդար է մարգարեի հաջորդը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Արդար է մարգարեի հաջորդը, բայց նրա լսողությունն ու տեսողությունը կախված են ուրիշներից։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Հաջի Չելեբի, ինչպես երևում է, դուք ցանկանում եք մարտիրոս դառնալ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մենք բոլորս էլ զոհաբերության համար ենք ապրում։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Ծախի՛ր այս հրաշալի շարոցը, մունետիկ։

ՄՈՒՆԵՏԻԿ.— (Առնելով շարոցը՝ վեր է բարձրացնում և լույսի տակ խաղեր է անում) Մարգարիտների, ադամանդների և սուտակների մի շարոց։ (Լռություն:)

ԻՍԽԵԼ.— (Էլի մոտենում է մատուռի դռան:)

ՄՈՒՆԵՏԻԿ.— Մարգարիտների, ադամանդների և սուտակների շարոց։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— 25 000 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 25 000 ոսկի։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Վերջապես խզվեց ձեր լռությունը, Տիգրան ամիրա։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— (Խոնարհվելով) Լսում էի, տեր իմ։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 25 000 ոսկի։

ՀԱԼԵՏ.— 30 000 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 30 000 ոսկի։

ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ.— 40 000 ոսկի։ (Ոտքի կանգնելով և խոնարհվելով արարողապետի առաջ) Ներեցե՛ք, տեր իմ։

ԻՍԽԵԼ. — (Մոտենալով մունետիկին և շարոցը տնտղելով) Երբ Պողոս ամիրան ցանկանում է մի բան գնել, միայն ձկնորսները կարող են չհասկանալ նրա արժեքը։ 50 000 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 50 000 ոսկի, 50 000 ոսկի։ (Լռություն:)

ԻՍԽԵԼ.— (Մոտենում է դեպի մատուռի դուռը:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Ետ բերելու համար) 60 000 ոսկի։

ԻՍԽԵԼ (Անմիջապես ետ է գալիս, և տնտղում է շարոցը:)

ՄՈՒՆԵՏԻԿ.— 60 000 ոսկի։

ԻՍԽԵԼ.— (Հաջի Չելեբու վրա չռելով աչքերը և հեգնական քմծիծաղով) 75 000 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 75 000 ոսկի։

ԻՍԽԵԼ.— (Մոտենում է դեպի մատուռը:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— 80 000 օսկի։

ԻՍԽԵԼ.— (Առանց ետ դառնալու) 100 000 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 100 000 ոսկի։ (Լռություն) 100 000 ոսկի։ (Լռություն) 100 000 ոսկի (Լռություն) Վերջին անգամ։ 100 000 ոսկի։ (Լռություն) Ծախված է։

ԻՍԽԵԼ.— (Ետ գալով, առնում է շարոցը և խոնարհությամբ երկարելով արարողապետին) Խոնարհությամբ և երախտագիտությամբ նվիրում եմ այս չնչին իրը նորին օգոստափառ կայսեր արարողապետին։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Ապրի՛ս, հավատարիմ և հլու ծառա։ Բայց արքունի սպասավորները ոչինչ չեն տանի իրենց հետ այս ապարանքից։

ԻՍԽԵԼ.— (Չարամիտ մի հայացք դեպի Հաջի Չելեբին և հերթով մյուս ամիրաներին, խոնարհվելով և ետ գնալով՝ մոտենում է մատուռի դռան:)

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Ծախի՛ր մնացածները, մունետիկ։

ԻՍԽԵԼ.— (Ճանկռոտելով պատը՝ բաց է անում մատուռի դուռը) Ա՜, այստեղ ուրիշ հարստություններ կան, տեր իմ։ (Մտնում է ներս:)

ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ.— (Գաղտնի կերպով փախչում է դուրս:)

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— (Դողում է դժգունած:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Աննկարագրելի սառնասրտությամբ միրուքն է շփում և նայում անորոշ ուղղությամբ:)

ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Երևի պահված է հարստությունը։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— (Գազազած) Նոր հանցանքներ են բարդվում դիակների վրա։ (Հաջի Չելեբուն) Ի՞նչ է այդ, Հաջի Չելեբի։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մենք միասին ենք ականատես լինում առաջին անգամ, տեր իմ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Անծանո՞թ է ձեզ այդ սենյակը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Բոլորովին անծանոթ։

ՀԱԼԵՏ.— Այս տան այդքան մոտիկ անձնավորություն և անծանոթ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Այս տան ներքին ընտանեկան և առևտրական գործերին դուք էիք ավելի ծանոթ, Հալետ էֆենդի, օգոստափառ սուլթանը ձեր ցուցմունքներով գլխատել տվեց Տյուզյաններին։

ՀԱԼԵՏ.— Իմ գիտցածի չափով դուք ևս տեղյակ էիք հանցավորների գործերին։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Ինչ որ էլ լինի, պահված է հարստությունը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ուրախ եմ, որ գաղտնիքը պարզված է, և չի տուժի կայսերական գանձարանը։

ԻՍԽԵԼ.— (Ներսից բաց է անում մատուռի պատերը, աջ ու ձախ կողմերի վրա: Մատուռը նույնանում է դահլիճի հետ: Մատուռի բոլոր մոմերը վառված են: Տաճարի ֆոնում երևում է ս. կույս Մարիամի մեծադիր նկարը, տաճարի վրա՝ պատարագի բոլոր սարքը: Տաճարի առջև ծնկի են եկած մայրը և հարսը սևեր հագած և կաթոլիկական վարդարանը ձեռքներին, երկուսն էլ մրմնջում են «Ողջույն քեզ, ս. կույս Մարիամ» երգը: Պատերը բացվելուց հետո՝ նրանք անտարբեր շարունակում են երգը: Մատուռի աջ ու ձախ պատերի վրա կախված են Քրիստոսի խաչելության մեծադիր բրոնզե արձանները, առաջները վառվում են մոմերը: Իսխելը ամբողջ մատուռը բանալուց հետո սկսում է մի շնական և երկար ծիծաղ:)

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Եկեղեցի...

ՀԱԼԵՏ.— Պարզվում է ամեն ինչ։

ԻՍԽԵԼ.— Կաթոլիկ եկեղեցի։ Կաթոլիկ պաշտամունք:

ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Պիտի լուր տալ նորին օգոստափառության։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Պիտի գլխատել և կանանց։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Սրա հեղինակները պատժված են, տեր իմ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Պիտի կրկին պատժել։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Թեթև ժպիտով) Պիտի վերագլխատել, այո՛, տեր իմ։

ԻՍԽԵԼ.— (Բարձրանում է տաճարը, առնում է սկիհը, բերում է ներքև և արնամարհական արտահայտությամբ մոտենալով Հաջի Չելեբուն ու բարձր հռհռալով) Այս ի՞նչ է, հը՞, թքամա՞ն։ (Թքում է սկիհի մեջ)

ՀԱԼԵՏ.— (Հռհռում է:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Շառաչուն մի ապտակ է իջեցնում Իսխելին։)

ԲՈԼՈՐԸ.— (Խառնվում են իրար:)

ԻՍԽԵԼ.— (Մի պահ շփոթվում և զայրույթի արտահայտություն է ստանում, բայց իսկույն քմծիծաղով խոնարհվում է արարողապետի և Հալետի առաջ): Ես վիրավորված եմ զգում, որ այդ կաթոլիկը անպատվում է Ձեզ։

ՀԱԼԵՏ.— Շուտով սուլթանից հրաման ձեռք կբերեմ քո գլուխը կտրելու անձամբ Խաթթը Հյումայունի առաջ։ Երդվում եմ մարգարեի անունով։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ձեր սուրը շատ է մաշվել իմ գլուխը կտրելու համար։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Ձեր գլուխը կգնա, եթե դուք մատ ունեք այս գործում։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մի մոռանաք, տեր իմ, որ այս ապարանքը Տյուզյան ամիրաների ապարանքն է։

ԻՍԽԵԼ.— Այսպիսի մի մատուռ կարելի է գտնել և ձե՛ր ապարանքում։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Խիստ նայում է Իսխելին և չի պատասխանում:)

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Ուղարկեցե՛ք այս մատուռի ամբողջ հարստությունը հայոց պատրիարքարան։ Մունետիկ, աճուրդի դիր և այս ապարանքը։

ՄՈՒՆԵՏԻԿ.— Ծախու է ապարանքը, բոսֆորահայաց այս շքեղ բնակարանը։

ԻՍԽԵԼ.— 250 000 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 250 000 ոսկի։ (Լռություն) 250 000 ոսկի։ (Լռություն) 250 000 ոսկի։ Վերջին անգամ՝ 250 000 ոսկի։ (Լռություն) Ծախված է։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Պիտի ուղարկել այսօր ևեթ եկեղեցու բոլոր հարստությունը հայոց պատրիարքարան։ (Գնում է:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ինչքա՞ն ժամանակ եք տալու, տեր իմ, կանանց տեղափոխելու այս ապարանքից։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Այսօր ևեթ պետք է դուրս գան։ Ապարանքը պատկանում է Իսխելին։

ԻՍԽԵԼ.— (Հռհռում է:)

ՀԱԼԵՏ.— Հաջի Չելեբին լավ է իմանում սեփականության իրավունքը, տեր իմ։

ԻՍԽԵԼ.— Վճարել եմ ես դրա համար իմ ճակատի քրտինքները։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ։.— Դուք ձեր քրտինքները վճարեցիք ոչ թե ապարանքին, այլ իմ ապտակին։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— (Դուրս: Նրա ետևից դուրս են գնում սենեկապետը, Ա. թարգմանը և երկու պալատականներ:)

ԻՍԽԵԼ. (Գազազած) Լսեցեք դուք Հալետ էֆենդիի երդումը։

ՀԱԼԵՏ.— Երդվում եմ՝ դուք ետ կստանաք այդ ապտակը ձեր գլխով։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Տյուզյանները շատ երիտասարդ և միամիտ էին, Հալետ էֆենդի։ Ես 40 տարեկան եմ։

ՀԱԼԵՏ.— 40 գլուխ էլ ունենաք, վաղը չպետք է լինի նրանցից և ոչ մեկը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Ջղային շարժումներով միրուքն է շփում:)

ԻՍԽԵԼ.— Մի մոռանաք, ամիրա, որ այս ապարանքը ինձ է պատկանում, և ձեր ներկայությունը հաճելի չէ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Գազազած աչքերով և քթերի ծակերը լայն-լայն բացած՝ նայում է Իսխելին, ապա մտնում է մատուռը և Տյուզյանների մոր թևից բռնելով՝ բարձրացնում է, իսկ հարսին՝ ձեռքից, և գնում են դահլիճի դռնից դուրս:)

ՄԱՅՐԸ.— (Դուրս գալուց առաջ արցունքոտ աչքերով նայում է ամբողջ դահլիճին և լուռ հեռանում:)

ՀԱՐՍԸ.— (Գլխիկոր և լալով հեռանում է:)

Նրանց հետևում են բոլորը, բացի Հալետից և Իսխելից:

ԻՍԽԵԼ.— Իմ բոլոր ծառայությունների փոխարեն ես մինչև հիմա ոչինչ չեմ խնդրած ձեզանից։ Պահանջում եմ հիմա Հաջի Չելեբու գլուխը։

ՀԱԼԵՏ.— Երդվեցի մարգարեի անունով և կկատարեմ, բայց սուլթանին պետք է հասկացնել և ձեռք բերել գլխատման հրամանը։

ԻՍԽԵԼ.— Գլուխը, Հալետ էֆենդի, Հաջի Չելեբու գլուխը, թե ոչ չեմ կարող տանել կաթոլիկ սրիկայի ապտակը:

ՀԱԼԵՏ.— Պետք է պատճառաբանել նրա գլուխը կտրելու պահանջը։ Հաջի Չելեբին արքունի գլխավոր սեղանավորն է։

ԻՍԽԵԼ.— Պահանջում եմ ես ձեզանից իմ բոլոր ծառայությունների հատուցումը։ Երեսուն տարի ամբողջ ես ծառայել եմ հարստացնելու ձեզ, հարթել եմ ձեր առաջ ցցված բոլոր խոչընդոտները Բաղդադից մինչև Ստամբուլ։ Հիշո՞ւմ եք, ես իմ ճանկերով փորեցի տասնյակ հորեր՝ թաղելու համար ձեր անձնական թշնամիներին։ Կրել եմ թուք, մուր, վիրավորել են իմ ցեղային արժանապատվությանը, ես պահել եմ հավիտենական լռություն՝ չվտանգելու համար միայն և միայն ձեզ։ Պահանջում եմ կաթոլիկ ամիրայի գլուխը։ Ես բարոյական իրավունք ունեի սպասելու, որ դուք ապտակին կպատասխանեք գեթ ժամանակավոր ապտակով, բայց դուք միայն սպառնացիք սպանությամբ, ակնկալում եմ, որ գեթ այս սպառնալիքը իրագործեք վաղը արշալույսին։

ՀԱԼԵՏ.— Իմ երդումը երդում է, Իսխել, միայն պետք է գտնել պատճառը՝ համոզելու թագավորին նրա գլխատման հրամանը տալու։

ԻՍԽԵԼ.— Ես արել եմ ամեն ինչ, վտանգելով իմ կյանքը, որպեսզի ձեզ ազատեմ ամեն տեսակի վտանգներից։ Հալետ էֆենդի, պիտի անեք ամեն ինչ ինձ ապտակողին պատմելու համար։

ՀԱԼԵՏ.— Դավադրության մեջ դու վարպետ ես, Իսխել, գտիր հնարքը, ես գործադրեմ։

ԻՍԽԵԼ.— Ես կգտնեմ հնարը, եթե դուք, Հալետ էֆենդի, արիություն ցույց տաք։

ՀԱԼԵՏ.— Պատրաստ եմ։

ԻՍԽԵԼ.— (Ջղային երթևեկում է դահլիճում, միրուքի թելերը քաշում է և կծում) Առևտրական զեղծարարություն անհնարին է վերագրել Հաջի Չելեբուն։ Ստամբուլի մեջ նա ամենախորամանկ և ամենավարպետ մարդն է։

ՀԱԼԵՏ.— Ապա՞։

ԻՍԽԵԼ.— Նրան պետք է ամբաստանել ճշմարիտ կրոնի դեմ հայհոյած և գործած լինելու մեջ։

ՀԱԼԵՏ.— Ճշմարիտ կրոնի դե՞մ... կասկածում եմ։

ԻՍԽԵԼ.— Մեղսակից է նա կաթոլիկ պաշտամունքի։ Կաթոլիկ պաշտամունքը արգելված է Օսմանյան կայսրության բոլոր սահմաններում։

ՀԱԼԵՏ.— Այդ կլինի, եթե մենք հաստատապես համոզված լինենք, որ նա մի այսպիսի մատուռ ունի իր ապարանքում։

ԻՍԽԵԼ.— Դա հեշտ է, բայց ժամանակի կկարոտի։ (Բարկացած) Ես նրա գլխատումը ուզում եմ տեսնել հենց վաղն առավոտ։

ՀԱԼԵՏ.— (Երթևեկում է) Կարելի՞ է առանց ստուգելու ամբաստանել։

ԻՍԽԵԼ.— Առանց ստուգելու սուլթանը նրան գլխատելու հրաման չի տա։

ՀԱԼԵՏ.— Ինչպե՞ս պիտի անել։ Դավադրիր, և ես անեմ։

ԻՍԽԵԼ.— (Ջղային երթևեկ: Նստում է մի բազկաթոռի վրա և ընկնում է խոր մտածմունքի մեջ) Գտա, դուք կարո՞ղ եք, Հալետ էֆենդի, այս գիշեր ունկնդրություն խնդրել սուլթանից։

ՀԱԼԵՏ.— Այս գիշե՞ր։

ԻՍԽԵԼ.— Այո, այս գիշեր։

ՀԱԼԵՏ.— (Տատանվելով) Այո։

ԻՍԽԵԼ.— Կներկայանաք սուլթանին երեք հոջաներով և կհայտնեք նրան, որ հոջաները իրենց աչքերով տեսել են, որ, իբր կրոնական վրեժխնդրություն, Հաջի Չելեբին ինձ ապտակելուց հետո գնացել է Այա-Սոֆիա և կեղտոտել է Այա-Սոֆիայի շենքի վրա:

ՀԱԼԵՏ.— Ո՞վ կհամաձայնի գալ և վկայել։

ԻՍԽԵԼ.— Ես կգտնեմ։ Հարուստ եմ ես։

ՀԱԼԵՏ.— Գտիր, և այդ բավական է։

ԻՍԽԵԼ.— (Ուրախացած, շփելով իր միրուքը և նայելով գետնին, ինքն իրեն) Ես, ես կգտնեմ։ Կվատնեմ Տյուզյանների մարգարիտներն ու ադամանդները։ (Շարոցը վերցնում է սեղանի վրայից:)

ՀԱԼԵՏ.— Շուտ պետք է գտնել։

ԻՍԽԵԼ.— Ինձ խեղդում է այդ ապտակը։ Ապտակը վառում է իմ արժանապատվությունը։ (Դուրս է գնում քայլելով։)

ՎԱՐԱԳՈՒՅՐ

ՊԱՏԿԵՐ

Սուլթանական սարայի դահլիճներից մեկը, խորքում ծովահայաց պատշգամբով։ Մտնում են մեծ վեզիրը և Բ. սենեկապետը:

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Անտանելի է կայսրության դրությունը. ահավոր սպանություններ, ավազակություն, օրը ցերեկով կողոպուտներ և հափշտակություններ։ Մայրաքաղաքը դառել է մի հսկա պոռնկանոց։ Մայրաքաղաքի բնակչության իննսուն տոկոսը արտադրում են ճարպ, կիրք և կղկղանք։ Հարբեցողություն, շվայտություն և շռայլություն։

Բ․ ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Իզուր եք մտահոգվում այդ մասին, մեծ վեզիր, այդ մտահոգությունը նշանակում է վտանգ ձեր պաշտոնին։ Չեք հարատևի եթե շատ խոսեք։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Մի՞թե։

ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Ներկայացրեք ամեն ինչ փայլուն, չափազանցրեք լավ բաները, իսկ ձեր կոկորդում խեղդեցեք բոլոր կայսերական մոլությունները։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Կարող եմ ես խեղդվել։

Բ. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Մարդկային կոկորդից ավելի անհատակ ծակ չկա, մեծ վեզիր։ Այդ ծակում կարելի է պարփակել մի ողջ աշխարհ սուտ։ Եվ այդ բոլորից հետո, երբ կհարստանաք, մեծ վեզիր, կառուցել կտաք մի մզկիթ և կապահովեք մի լուսավոր անկյուն իսլամական դրախտում։ Սխալ է, որ մարդիկ սիրում են ճշմարտությունը և ճշմարիտ մարդկանց։ Մարդիկ սիրում են սուտը, սուտը ատամներ չունի, սուտը քաղցր է, դուրեկան, սուտի մեջ ոչ մի ցավ չկա։ Ես ճանաչում եմ մարդկանց, մեծ վեզիր։ Ճշմարտությունը անողոք է, մի լինիք անողոք։

Գալիս է սուլթանը։

ՍՈՒԼԹԱՆ.— (Մտնում է:)

Բ. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Խոնարհվելով) օգոստափառ։ (Դուրս:)

ՍՈՒԼԹԱՆ.— (Դեպի պատշգամբը) Հրաշալի է ծովը, մեծ վեզիր, հրաշալի։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Ծովը միշտ հրաշալի է, օգոստափառ։

ՍՈՒԼԹԱՆ.— Չեմ սիրում, երբ ծովը կորցնում է իր կախարդական կապույտը։ Ատում եմ գորշ ծովը։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Գորշ ծովերն էլ ունեն իրենց վեհությունը, օգոստափառ, բայց ձեր ասած ծովը միշտ հրաշալի է։

ՍՈՒԼԹԱՆ.— (Պատշգամբում) Կուզենայի այսօր հարճերիցս մեկի հետ զվարճանալ այս պատշգամբի վրա։

ՄԵԾ ՎԵԶՒՐ.— Այսօր նորին վեհափառության ընդունելության օրն է։ Թող չմոռանա օգոստափառը, որ օսմանյան գահակալները երբեք չեն թերացել իրենց պետական գործերում։ Այնուամենայնիվ, ինչ որ իմ օգոստափառ սուլթանն է կամենում...

ՍՈՒԼԹԱՆ.— Ցանկանում եմ այսօր զվարճանալ։ Ուրիշ ոչինչ։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Անժխտելի է օգոստափառ կայսեր ցանկությունը։

ՍՈՒԼԹԱՆ.— Ի՞նչ լուր իմ կայսրության սահմաններից։

ՄԵԾ ՎԵԶՒՐ.— Խաղաղության լուրեր։

ՍՈՒԼԹԱՆ.— Ի՞նչ վիճակի մեջ է մայրաքաղաքը։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Հանգիստ և հարուստ՝ կայսեր շնորհիվ։ Միակ կայսրությունը, ուր սպանություններ և ավազակություններ չեն պատահում։

ՍՈՒԼԹԱՆ.— Գո՞հ են իմ հպատակները։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Ավելի քան գոհ. կյանքը՝ ազատ, ինչքը՝ ապահով և պատիվը՝ անձեռնմխելի։

ՍՈՒԼԹԱՆ.— Կայսրության խուլ անկյուններում ոչինչ չի՞ պատահում։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Ոչ մի անախորժ դեպք, օգոստափառ:

ՍՈՒԼԹԱՆ.— Ամբողջովին զսպվա՞ծ են ենիչերիները։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Կտրուկ է սուրը մեր օգոստափառ կայսեր։

ՍՈՒԼԹԱՆ.— Գլխատվեցի՞ն բանակին հաց հայթայթող զեղծարարները։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Այո, տեր իմ, այս արշալույսին։

ՍՈՒԼԹԱՆ.— Ե՞րբ կմեկնի ներքին գործերի նազիրը դեպի կայսրության արևելյան սահմանները։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Մեկնեց երեկ իրիկվա նավով։

ՍՈՒԼԹԱՆ.— Պետք էր հրահանգել նրան լավ աչքով նայել անհավատ հայերին, նրանք իմ կայսրության օգտակար տարրերն են։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Անհավատների օգտակարության չեմ հավատում. թող ների ինձ մեր օգոստափառ սուլթանը։

ՍՈՒԼԹԱՆ.— Դուք պետականորեն չեք մտածում, մեծ վեզիր։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Թող ների ինձ մեր ղազի սուլթանը։

ՍՈՒԼԹԱՆ.— Ի՞նչ լուր արարողապեաից։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Նա շուտով այստեղ կլինի զեկուցելու ձեզ, տեր իմ, Տյուզյանների աճուրդի մասին։

ՍՈՒԼԹԱՆ.— Միայն կարճ կապի։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Տեսնում է մեր օգոստափառ սուլթանը, որ Տյուզյաններն էլ հայեր էին և անհավատարիմ գտնվեցին կայսրության փողերանոցի գործում։

ՍՈՒԼԹԱՆ.— Ես դեռևս բոլորովին էլ համոզված չեմ նրանց մեղավորության մասին։ Ճիշտ է, հրամայեցի գլխատել, բայց դա ոչինչ չի նշանակում։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Մի՞թե Հալետ էֆենդիի փաստերը կասկածելի էին։ Նա շատ մեծ ծառայություններ է մատուցել օսմանյան գահին և ժողովրդին։

ՍՈՒԼԹԱՆ.— Այդ ծառայությունները ես չեմ տեսնում, և ինձ դուր չի գալիս նրա անսահման փողասիրությունը։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Մարդկային է, օգոստափառ, մենք բոլորս սիրում ենք փողը։

ՍՈՒԼԹԱՆ.— Ինչ որ է, պետք է շահել մյուս ամիրաների սրտերը։ Իմ կայսրության ամբողջ եկամուտը նրանց ձեռքին է։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Մի՞թե մեր իսլամ եղբայրները չեն կարող այնքան օգտակար լինել այդ ասպարեզում, որքան անհավատները, տեր իմ։

ՍՈՒԼԹԱՆ.— Ելևմտական գործերում իսլամները շատ անճարակ են։ Հիշո՞ւմ եք, վեզիր, ձեզ ուղարկեցի Արևելյան Ռումելի և...

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Իմ անճարակությունը նորին օգոստափառությունը թող չվերագրի իմ բոլոր ցեղակիցներին։

ՍՈՒԼԹԱՆ.— Դուք նրանց մեջ տանելին եք, մեծ վեզիր, այնուամենայնիվ։

Ա. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Մտնելով և խոնարհվելով) Արարողապետը ունկնդրություն է խնդրում նորին վեհափառությունից։ Մենք միասին վերադարձանք Տյուզյանների ապարանքից։

ՍՈՒԼԹԱՆ.— Պետք է կարճ կապել, սակայն, պատմությունը, սենեկապետ։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Ինչպես որ հրամայում է նորին վեհափառությունը։ (Դուրս):

ՍՈՒԼԹԱՆ.— Ձանձրանում եմ։

Մտնում են արարողապետ, Ա. սենեկապետ և Ա. թարգման, բոլորը խոնարհվում են:

ՍՈՒԼԹԱՆ.— Խոսեցե՛ք, արարողապետ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Ծախեցինք Տյուզյանների կահ-կարասիները և ապարանքը։ Ականատես եղանք, օգոստափառ, նրանց դիզած հարստության։ Օսմանյան ողջ փողերանոցը կուլ է գնացել նրանց անկշտում կոկորդին։

ՍՈՒԼԹԱՆ.— Կա՛րճ, արարողապետ, կա՛րճ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— (Խոնարհվում է) Նորին օգոստափառ կայսեր մի տխուր լուր ունեմ հայտնելու։

ՍՈՒԼԹԱՆ.— Տխուր լո՞ւր։ Տրամադրություն չունեմ լսելու։ Ցանկանում եմ այսօր զվարճանալ։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Ոչ մի տխուր լուր չպետք է մթագնի օսմանյան կայսեր ճակատը։

ՍՈՒԼԹԱՆ․— Ասացե՛ք, արարողապետ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ— Նորին վեհափառությունը քաջ ծանոթ է, որ կայսրության սահմաններում արգելված էր կաթոլիկ կրոնի պաշտամունքը։ Այս օրենքը լինելով մեր օրենքներից ամենից...

ՍՈՒԼԹԱՆ.— Կա՛րճ։ Հոգնել եմ կաթոլիկ ու լուսավորչական վեճերից։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Աճուրդի ընթացքում Տյուզյանների ապարանքում բացվեց մի մատուռ, մի կաթոլիկ եկեղեցի։

ՍՈՒԼԹԱՆ.— Այդ բավական է, որ ես հիմա խորապես համոզվեմ նրանց գլխատելու վճռում։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Մատուռի բացվելուց հետո...

ՍՈՒԼԹԱՆ.— Չեմ ցանկանում լսել ավելին։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Մատուռի բացումը ցույց տվեց...

ՍՈԻԼԹԱՆ.— (Զայրացած) Բավակա՛ն է։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— (Խոնարհվում է, և նրա հետ՝ բոլորը:)

ՍՈՒԼԹԱՆ.— (Երկար լռություն: Բոլորը խոնարհված դիրքում) Ծախեցի՞ք մատուռի գույքը։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— (Շտկվում է, նրա հետ՝ մյուսներն էլ) Ո՛չ, օգոստափառ, կարգադրեցի, որ եկեղեցական բոլոր անոթներն ուղարկվեն հայոց պատրիարքին։

ՍՈՒԼԹԱՆ.— Լա՛վ, այժմ գնացեք բոլորդ։ Սենեկապե՛տ, այստեղ ուղարկիր իմ կրետացի հարճին։

Բ. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Կկատարվի կայծակի արագությամբ։

Բոլորը դուրս են գնում խոնարհվելով և ետ-ետ քաշվելով։

ՍՈԻԼԹԱՆ.— Խաղաղ է իմ կայսրությունը, պետք է զվարճանալ։

Բ. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Ներս: Ետևից կրետացի հարճը:) Կատարված է նորին օգոստափառ կայսեր հրամանը։ (Խոնարհվելով դուրս:)

ՀԱՐՃ.— (Ծունկ է չոքում սուլթանի առաջ:)

ՍՈՒԼԹԱՆ.— Բարձրացիր իմ ծնկներին։

ՀԱՐՃԸ.— (Բարձրանում և նստում է սուլթանի ծնկներին:)

ՍՈՒԼԹԱՆ.— (Վավաշոտ սիրաբանելով) Այսօր իմ տրամադրությունը բարձր է, խնդրիր ինձանից ինչ որ ցանկանում ես, և ես կշնորհեմ քեզ։

ՀԱՐՃ.— Թող թույլ տա իմ կայսրը, որ ես վերադառնամ Կրետե։

ՍՈՒԼԹԱՆ.— Շնորհված է։ Կգնաս Կրետե մի քանի ամսով։

ՀԱՐՃ.— Թող թույլ տա իմ կայսրը՝ պարեմ իր համար։

ՍՈՒԼԹԱՆ.— (Լկտի համբույրից հետո՝ բաց է թողնում նրան:)

ՀԱՐՃ.— (Սկսում է պարել մի կրքոտ պար:)

ՍՈՒԼԹԱՆ.— (Ընդհատելով պարը, գրկում է հարճին և կորսվում է վարագույրների ետև:)

Բ. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Գաղտագողի մտնելով ներս, նայում է չորս կողմը և ոչ ոքի չնկատելով՝ հեռանում է: Քիչ անց նորից է մտնում և այս անգամ սկսում է հազալ:)

ՍՈՒԼԹԱՆ.— (Վարագույրների ետևից երևալով) Ո՞վ է, ի՞նչ կա։

Բ.ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Շեյխ-ուլ-Իսլամը խնդրում է ունկնդրություն Խալիֆայից։

ՍՈՒԼԹԱՆ.— Ներս աոաջնորդեցե՛ք։

ՀԱՐՃ.— (Երևում է վարագույրների ետևից և խոնարհվելով սուլթանի առաջ՝ արագ քայլերով հեռանում է: Մտնում են Շեյխ-ուլ-Իսլամը և Հաջի Չելեբին:)

ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ.— Ինձ վիճակված է իսլամության խալիֆային միշտ հաղորդելու մեր կրոնի նորանոր հաղթությունները։

ՍՈՒԼԹԱՆ.— Ճշմարիտ կրոնի բախտը այդպես է, Շեյխ-ու-Իսլամ, նա կտիրի ողջ աշխարհին։

ՇԵՅԽ-ՈՒԼ-ՒՍԼԱՄ.— Դրան հավատում է հավատացյալների ամբողջ բազմությունը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Խոնարհվում է:)

ՍՈՒԼԹԱՆ.— (Ապշում է:)

ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ.— Հաջի Չելեբին մեր պետության ամենահավատարիմ անհավատ ծառան, ընդունեց ճշմարիտ կրոնը։

ՍՈՒԼԹԱՆ.— Շնորհավորում եմ, Հաջի Չելեբի։ Իմ կայսրության մեջ դու կհասնես մեծագույն պաշտոնների։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Պաշտոններն ինձ չեն շահագրգռում, իմ վեհափառ և խան և ղազի սուլթան, ինձ շահագրգռում է լույսը ճշմարիտ կրոնում։ Ես տեսնում եմ այն իմ հոգու աչքերով։ Մի քանի անգամներ ինձ թվացել է, որ ես ապրում եմ ծանր խավարում, բայց այսօր զգում եմ, որ աչքեր ունեմ և տեսնում եմ, ականջներ ունեմ և լսում եմ։

ՍՈՒԼԹԱՆ.— Հավատում եմ քո խոսքերին. լույսը ճշմարտություն է, և տեսնողը այդպես էլ զգում է։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Խոնարհվում է:)

ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ.— Օգոստափառ տեր, ես ցանկացա, որ Հաջի Չելեբին իր իսլամական ապարոշը կապի մարգարեի հաջորդի ներկայության։

ՀԱԶԻ ՉԵԼԵԲԻ.— (Ծունկ է չոքում սուլթանի առաջ:)

ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ.— (Տալիս է մի սպիտակ ապարոշ սուլթանին, և սուլթանը կապում է Հաջի Չելեբու ֆեսի շուրջը:)

ՍՈՒԼԹԱՆ.— (Կանգնող ներքինուն) Կանչի՛ր այստեղ հանդերձապետին։

ՆԵՐՔԻՆԻ (Դուրս:)

ՍՈՒԼԹԱՆ.— Մարգարեի հաջորդը ցանկանում է վարձատրել քեզ իր վերարկուներից մեկով։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Խոնարհվում է սուլթանի առաջ և համբուրում է նրա վերարկուի քղանցքները:)

ՀԱՆԴԵՐՁԱՊԵՏ.— Ի՞նչ է հրամայում իմ տերը։

ՍՈՒԼԹԱՆ.— Բեր այստեղ իսկույն իմ վերարկուներից մեկը։

ՀԱՆԴԵՐՁԱՊԵՏ.— (Դուրս:)

ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ.— Հավատում եմ, որ սրանից հետո Հաջի Չելեբին կծառայի կայսրության և խալիֆայի հարյուր անգամ ավելի եռանդով և հավատարմությամբ։

ՍՈՒԼԹԱՆ.— Կվարձատրվի նա Մարգարեի կողմից։

ՀԱՆԴԵՐՁԱՊԵՏ.— (Ներս է գալիս վերարկուով և տալիս է սուլթանին:)

ՍՈՒԼԹԱՆ.— (Առնելով վերարկուն՝ ձգում է Հաջի Չելեբու վրա:)

ՀԱՆԴԵՐՁԱՊԵՏ.— (Դուրս:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Համբուրելով վերարկուն՝ ոտի է կանգնում, հագնում է և գլուխը ծռած նայում գետնին:)

ՍՈՒԼԹԱՆ.— Խնդրի՛ր, Հաջի Չելեբի, քո ցանկացած բարձր պաշտոնը, և ես կտամ քեզ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ինչպես ասացի, պաշտոնները ինձ չեն շահագրգռում. մի փոքրիկ, համեստ պաշտոնում ես օգտակարությամբ կծառայեմ իմ փադիշահին և ճշմարիտ կրոնին։

ՍՈՒԼԹԱՆ.— Ես քեզ նշանակում եմ արքունի գանձարանի պետ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Աղաչում եմ իմ խալիֆայից և փադիշահից չվիրավորել իմ համեստությունը։

ՍՈՒԼԹԱՆ.— Ես քեզ նշանակում եմ Անգլիայի դեսպան։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Իմ փադիշահը և իմ խալիֆան թող չաքսորի իր ամենաստրուկ ծառային Հայրենիքից դուրս։ Ես ատում եմ քրիստոնյա ժողովրդներին և պետություններին։

ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ.— Թույլ տվեք, օգոստափառ տեր, որ Հաջի Չելեբին ինքը ընտրի իր պաշտոնը։

ՍՈՒԼԹԱՆ.— Այդպես թող լինի։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Փադիշահի և խալիֆայի ամենահլու ծառան խնդրում է իր աիրոջից նշանակել իրեն մաքսատան վերատեսուչ, ուր նա կարող է հսկել կայսրության արտածությանը և ներածությանը, մի պաշտոն, որի մեջ նա կարող է լավագույն կերպով ծառայել իր փադիշահի լայնածավալ կայսրության։

ՍՈՒԼԹԱՆ.— Մեծ մարդիկ փոքր պաշտոնների մեջ չեն կարող օգտակար լինել, բայց կփորձեմ։ (Ներքինուն) Կանչի՛ր մեծ վեզիրին։

ՆԵՐՔԻՆԻ.— (Դուրս:)

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— (Ներս) Հրամայեցեք, տեր իմ։

ՍՈՒԼԹԱՆ.— Նշանակում եմ Հաջի Չելեբուն...

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— (Նայելով Հաջի Չելեբուն և տեսնելով իսլամական տարազով՝ ապշում է:)

ՍՈՒԼԹԱՆ.— Մաքսատան վերատեսուչ։ Հայտարարի՛ր առանձին հրովարտակով։ Նվիրում եմ նրան Օսմանիեի առաջին ականակուռ շքանշան։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Լսում եմ, տեր իմ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Էլի խոնարհվում է սուլթանի առաջ:)

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— (Դուրս:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Դողում եմ, փադիշահ, իմ զգացած շնորհակալության և երախտագիտության խորությունից։ Միայն մի բան ունի պաղատելու ճշմարիտ կրոնի ամենախոնարհ ծառան և ձեր կայսրության ամենահետին հպատակը։

ՍՈՒԼԹԱՆ.— Կկատարվի քո ցանկությունը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Իմ ընտանիքը մնում է խավարի մեջ։ Մաղթում եմ ալլահին, որ նրանք էլ մի օր լույս տեսնեն և փոխեն իրենց հավատքը, բայց առայժմ մնում են քրիստոնյա։ Պաղատում եմ իմ փադիշահից և խալիֆայից՝ ներել նրանց իրենց կուրությունը և ազատ կացուցանել նրանց իրենց կրոնի մեջ։

ՍՈՒԼԹԱՆ.— Միայն մի պայմանով, որ ոչ մի հարաբերություն չես ունենա քո ընտանիքի հետ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Հոժար եմ։

ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ.— Եվ պետք է ամուսնանաս մի իսլամ կնոջ հետ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Եթե մարգարեն կամեցել է շնորհել ինձ մի հուրի իսլամական ջեննեթից, ես պրստրաստ եմ թոթափելու իմ մարմնի բոլոր մեղքերը և լվացվելու ճշմարիտ կրոնի անմահական ջրով։

ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ.— Մարգարեն ոչ մի իսլամի չի զլացել և չի զլանալու մի հուրի։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Կամուսնանամ իսկույն ևեթ։

ՍՈԻԼԹԱՆ.— Քո ընտանիքը կմնա անձեռնմխելի։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Համբուրելով սուլթանի վերարկուի քղանցքները) Իմ փադիշահը թող ների ինձ վերջին անգամ տեսնելու իմ կնոջը և զավակներին՝ հաղորդելու նրանց, որ ես տեսա ճշմարիտ լույսը։

ՍՈՒԼԹԱՆ.— Միայն մի անգամ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Համբուրում է սուլթանի վերարկուի քղանցքները:)

ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Ներս) Հալետ էֆենդին և Իսխելը խնդրում են փադիշահից ունկնդրություն կայսրության կարևոր մի գործի համար։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Ոտի է կանգնում և ստանում է մտախոհ մի վիճակ:)

ՍՈՒԼԹԱՆ.— Ի՞նչ գործ ունի Իսխելը կայսրության գործի մեջ։

ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ.— Հալետ էֆենդին առանց Իսխելի ման չի գալիս։ Ձեզ հայտնի է այդ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ոչ մի մարդ առանց իր աչքերին և մտքին չի կարող ման գալ։

ՍՈՒԼԹԱՆ.— (Սենեկապետին) Հրամայում եմ ներկայանալ։

ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Դուրս:)

ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ.— Թերևս անհրաժեշտ է մեր գնալը։

ՍՈՒԼԹԱՆ.— Ո՛չ, ո՛չ, մնացեք այստեղ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Թերևս միայն իմ գնալն է անհրաժեշտ։

ՍՈՒԼԹԱՆ.— Մնացի՛ր այստեղ։

ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Ներս) Հալետ էֆենդի և Իսխել։

Մտնում են Հալետ և Իսխել, խոնարհվում են սուլթանի և Շեյխ-ուլ-Իսլամի առաջ և տեսնելով Հաջի Չելեբուն իսլամական տարազով՝ ապուշ են կտրում:

ՍՈՒԼԹԱՆ.— Հայ ամիրաներից և իմ կայսրության ամենից իմաստուն ծառաներից Հաջի Չելեբին ընդունեց ճշմարիտ կրոնը։

ՀԱԼԵՏ.— Շնորհավորում եմ (ողջագուրվում են Հաջի Չելեբու հետ):

ԻՍԽԵԼ.— (Անձայն ողջագուրվում է:)

ՍՈՒԼԹԱՆ.— Հաջի Չելեբու իմ կայսրության մատուցած ծառայությունները շատ են եղել։ Սրանից հետո, իբրև ճշմարիտ կրոնի զինվոր, շատ ավելի մեծ ծառայություններ կմատուցի։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Լույսի մեջ ավելի շիտակ կգործեմ, քան խավարի մեջ գործել եմ, թող վստահ լինի իմ փադիշահը և խալիֆան, և օրհնված լինի նրա կյանքը։

ՀԱԼԵՏ ԵՎ ԻՍԽԵԼ.— (Խոնարհվում են սուլթանի առաջ:)

ՍՈՒԼԹԱՆ.— Ի՞նչ գործի համար էիք ունկնդրություն խնդրում, Հալետ։

ՀԱԼԵՏ.— Կայսրության մի կարևոր գործի համար, տեր իմ։

ՍՈՒԼԹԱՆ,— Ասացե՛ք։

ՀԱԼԵՏ.— (Տատանվում է:)

ՍՈՒԼԹԱՆ.— Շեյխ-ուլ-Իսլամը և Հաջի Չելեբին կայսրության և կրոնի սպասավորներ են։ Ասացեք նրանց ներկայության։

ՀԱԼԵՏ.— (Տատանվում է և չի պատասխանում:)

ԻՍԽԵԼ.— (Առաջ անցնելով) Մենք նպատակ ունեինք, տեր իմ, հաղորդելու Հաջի Չելեբու ճշմարիտ կրոնը ընդունելու լուրը իբրև կայսերական կրոնի հաղթություն։

ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ.— Հա՜, հա՜, հա՜։ Երբվանի՞ց Մովսեսի զավակներից մեկը մտահոգված է կայսրության կրոնի հաղթություններով։

ՀԱԼԵՏ.— Լուրը ես էի բերում, երբ իմ բարեկամ Իսխելը հանդիպեց և ցանկացավ միասին գալ, որովհետև այս առավոտվա դեպքից հետո անհավատալի էր Հաջի Չելեբու...

ՍՈՒԼԹԱՆ.— Բավական է։ Լույս տեսնողի հավատքը կարելի չէ կասկածի ենթարկել։ Գնա՞նք, Շեյխ-ուլ-Իսլամ։

Գնում է, Շեյխ-ուլ-Իսլամը ետևից, մնում են Հաջի Չելեբի, Հալետ և Իսխել:

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Աչքերը չռելով երկուսի վրա՝ սկսում է հռհռալ):

ՎԱՐԱԳՈՒՅՐ
ՊԱՏԿԵՐ
Մի սենյակ Հաջի Չելեբու ապարանքում: Մտնում են Սըրմա խաթունը և Սիրանուշը։

ՍԸՐՄԱ.— Չեմ կարող հավատալ, որ նա իսլամանա։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Նայած թե ինչ է պատահել, մայրիկ։ Կարծում եմ, Որ Տյուզյանների աճուրդի ժամանակ Իսխել հրեային ապտակելը, մեր կրոնին հասցրած նախատինքի համար, Երկանյան ամիրային կարող էր դնել քաղաքական շատ անհանգիստ կացության մեջ։ Դժվար թե հայրիկը սխալներ գործի, մայրիկ, դու գիտես նրա անսահման իմաստությունը քաղաքական և առևտրական խնդիրներում։

ՍԸՐՄԱ.— Կրոնի դեմ եղած նախատինքի համար կրոնը մոռանա՞լ։ Ամիրան չէր անի այդ։ ՍԻՐԱՆՈՒՇ.— Մայրիկ, դու պետք է ըմբռնես քաղաքական կացությունը։ Դեռ չի սառել Տյուզյանների արյունը։ Ամիրայական դասի համար ստեղծված է անելանելի կացություն։

ՍԸՐՄԱ.— Եթե ստիպեին նրան իսլամություն ընդունել, նա կնախընտրեր գլխատվել Տյուզյաններից հետո։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Հայրիկը այդպես բան չէր անի։ (Լռություն:)

ՍԸՐՄԱ.— Կացությունը պարզ է։ Վտանգ է սպառնում ամիրայական դասին։

ՀԱԿՈԲ.— (Ներս) Ապարանքի մատուռը, տիկին, բոլորովին անհետացվեց, ինչպես պատվիրել էր ամիրան։

ՍԸՐՄԱ.— Ապրիս, Հակոբ, մեր տան ամենահավատարիմ ծառան դու ես։

ՀԱԿՈԲ.— (Խոնարհվում է:)

ՍԸՐՄԱ.— Ուզում էի ասել․․․

ՀԱԿՈԲ.— Ի՞նչ է հրամայում իմ տիրուհին։

ՍԸՐՄԱ.— Ոչինչ, մատուռից ոչ մի հետք չթողնել։

ՀԱԿՈԲ.— (Դուրս:) (Լռություն:)

ՍԸՐՄԱ.— Սիրանուշ, գիշերվան ո՞ր ժամն է։

ՍԻՐԱՆՈՒՇ.— (Բանալով վարագույրը և նայելով դուրս) Կապույտ լույս է դուրսը, մայրիկ, սարայի ճրագները հանգած են։ Երևի շուտով կգա հայրիկը։

ՍԸՐՄԱ.— Ե՞րբ պիտի գա։ Հոգիս ճմլվում է։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Հանգստացիր, մայրիկ, հայրիկի իսլամանալով մենք չենք կորցնի նրան։

ՍԸՐՄԱ.— Կկորցնեք, աղջի՛կս, կկորցնենք նրան ընդմիշտ։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Իսլամանալով նա կկորչի միայն քրիստոնեության համար, բայց ոչ մեզ համար։

ՍԸՐՄԱ.— Խորը չես մտածում, աղջիկս։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Մահվան շունչ է փչում այս բանից։

ՍԸՐՄԱ.— Մակույկ չի՞ երևում Բոսֆորի վրա։ Տե՛ս։

ՍԻՐԱՆՈՒՇ.— (Դիտելով դուրսը) Ոչ, մայրիկ:

ՍԸՐՄԱ.— Միայն գիտենայի, որ նա անվանական կերպով դավանափոխ է եղել, իր քաղաքական կացությունը փրկելու համար միայն։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Վստահ եղիր, մայր, նա ապտակել է հրեային իր կրոնի պաշտպանության համար։ Ուրեմն խոր է հավատքը նրա մեջ։

ՍԸՐՄԱ.— Ներս կանչիր Հակոբին։

ՍԻՐԱՆՈՒՇ.— (Դուրս:)

ՍԸՐՄԱ.— Փլչում է այս տունը։

Ներս են մտնում Սիրանուշ և Հակոբ

ՀԱԿՈԲ.— Ի՞նչ է կամենում հրամայել իմ տիրուհին։

ՍԸՐՄԱ.— Ի՞նչ լուր ամիրայից։

ՀԱԿՈԲ.— Ինչպես գիտեք՝ Շեյխ-ուլ-Իսլամի հետ մտել են սարայ և դեռ դուրս չեն եկել։ Ուղարկել եմ ձառաներից մեկին տեսնելու համար, թե նա ե՞րբ է դուրս գալու և ո՞ւր է գնալու։

ՍԸՐՄԱ.— Նոր լուր ստանալուց՝ անմիջապես տեղեկացրու։

ՀԱԿՈԲ.— Շատ բարի, տիկին։

ՍԸՐՄԱ.— Մատուռում եկեղեցու հետքեր չմնացի՞ն։

ՀԱԿՈԲ.— Ամեն ինչ ոչնչացված է, տիկին, գետինը և պատերը ծածկված են գորգերով և լուսամուտները՝ բացված։

ՍԸՐՄԱ.— Երբ ամիրան լուր է ուղարկել անհետացնել մատուռը, նշանակում է խուզարկություն կարող է լինել, հասկանո՞ւմ ես, Հակոբ։

ՀԱԿՈԲ.— Հասկանում եմ, տիկին, վստահ եղեք, ամենաճարպիկ մարդն անգամ չի կարող եկեղեցու հետք նշմարել այնտեղ։

ՍԸՐՄԱ.— Գնա, Հակոբ և հավատարմությամբ հսկիր տանը։

ՀԱԿՈԲ.— Ինչպես որ հրամայում է իմ տիրուհին։ (Դուրս:)

ՀԱԿՈԲ. — (Ներս) Պողոս ամիրան, տիկին։

ՍԸՐՄԱ.— Ներս հրավիրիր։

ՀԱԿՈԲ.— (Դուրս:)

ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ.— (Ներս մտնելով՝ աչքերը չռում է մեկ Սրմայի և մեկ Սիրանուշի վրա) Մի՞թե ճշմարիտ է։

ՍԸՐՄԱ.— Ճշմարիտ է, ամիրա, դառնորեն ճշմարիտ։

ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ.— Կորցնում եմ պարզ դատողությունս անգամ։ Ապտակել հրեային կրոնի համար և նույն գիշերը դավաճանել կրոնին։ Անհասկանալի է։

ՀԱԿՈԲ.— (Ներս) Տիկին, ամիրան սարայից դուրս է եկել Շեյխ-ուլ-Իսլամի հետ և սուլթանական կառքով գնացել է Այա-Սոֆիա։

ՍԸՐՄԱ.— Վա՛խ...

ՀԱԿՈԲ.— (Դուրս:)

ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ.— Ապշում եմ։

ՍԸՐՄԱ.— (Զարմացած) Տղամարդ եք դուք, կիսլամանաք բոլորդ էլ։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Հայրիկը Այա-Սոֆիայում... (Լալիս է:)

ՀԱԿՈԲ.— (Ներս) Տիգրան ամիրան։

ՍԸՐՄԱ.— (Գլխով հավանության նշան է անում:)

ՀԱԿՈԲ (Դուրս:)

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— (Ներս) Այն, ինչ օր իմ սեփական աչքերով տեսա, անհավատալի էր. Հաջի Չելեբին, Երկանյան Հովհաննես ամիրան, ապարոշով և իսլամական վերարկուով։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Ո՞ւր տեսաք դուք նրան, ամիրա։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Սուլթանական կառքով Այա-Սոֆիայի վերելքը բարձրանալիս։

ՍԸՐՄԱ.— Չնշմարե՞ց ձեզ, ամիրա։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Նշմարեց և ջղային շարժումներով սկսեց միրուքը շփել։

ՍԸՐՄԱ.— Բարևեցի՞ք։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Ո՛չ։ Չհամարձակվեցի։

ՍԸՐՄԱ.— Ներեցեք, ամիրա, դուք ներկա՞ էիք աճուրդին։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Այո։ Հաջի Չելեբին մեզ քարոզում էր սառնասրտություն և քաջասրտություն, բայց ինքը կորցրեց իր քարոզած բոլոր առաքինությունները։ Մատուռի գաղտնիքի բացվելը անխուսափելի էր, իսկ հրեային ապտակելը բոլորովին անտեղի։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Համբերությունը միայն կարող է բարկություն պարունակել իր մեջ, ամիրա։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Համբերությունը պարունակում է իր մեջ միայն իմաստություն։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Երբե՛ք։ Համբերությունը բարկություն է դարբնում։

ՀԱԿՈԲ.— (Ներս) Ամիրան եկավ սուլթանական կառքով։ (Բոլորը անձկագին սպասումի մեջ: Մտնում է Հաջի Չելեբին իսլամական ապարոշով և վերարկուով:)

ՍԸՐՄԱ.— Ճշմարիտ է, ճշմարիտ է, տեր, ներիր նրան։

ՍԻՐԱՆՈՒՇ.— (Վազում, գրկում է հորը և համբուրում:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Համբուրում է և կնոջը:)

ՍԻՐԱՆՈՒՇ.— Ի՞նչ անախորժ տարազ է այդ, հայր, կարծես դու չես։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Արդյոք իմ տարազո՞վ միայն ինձ հայր էիր ճանաչում, աղջիկս։ Չէ՞ որ ես կարող էի քո գիտակցությունից առաջ ներկայանալ քեզ բոշայի տարազով կամ աֆրիկյան սևամորթների գույնով։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Կարևորը այն է, որ այդ տարազի տակ, հայր, քո արյունը լինի կարմիր և հոգին՝ սպիտակ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Ծիծաղելով և լրջանալով ու կիտելով հոնքերը) Հոգի չկա, աղջիկս, միայն կիրքը գոյություն ունի մարդկային ներաշխարհում։ Կիրքը բնական է և հավիտենական։ Նա հանդես է գալիս մարդու մեջ զանազան ձևերով։ Կրոնը մարդկային կրքի մի գործիքն է։ Ես հարգում եմ կիրքը մարդու մեջ։ Ջանա, որ չկորցնես քո մարդկային արժանապատվությունը։ Արժանապատվությունն էլ կիրք է։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Նախընտրելի է բարի կիրք ունենալ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Ծիծաղելով) Ո՞վ է համարձակվում սահմաններ ու չափեր որոշել։ Բարի... հա՛, հա՛, հա՛։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Ի՞նչ պատահեց ձեզ, ամիրա։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ոչինչ։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Ուրանալ Հռոմի տիեզերական եկեղեցի՞ն...

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Տիեզերական է միայն մարդը։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Ապա կրո՞նը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Կրոնը փուչ է, ամիրա։

ՍԸՐՄԱ.— Ներիր, սուրբ կույս Մարիամ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ձեզ խանգարող չի լինի։ Դուք կշարունակեք հավատալ հորը, հոգուն և որդուն։

ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ.— Դո՞ւ ինչ բանի ես հավատալու։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ինձ հավատալու ուրիշ բաներ կան, ամիրա, ինձ հարկավոր չէ քրիստոնեական եկեղեցին և սուրբ սկիհը։ Ես էլ կթքեմ սկիհի մեջ։

ՍԸՐՄԱ.— (Ինքնիրեն) Սուրբ կույս Մարիամ։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Քրիստոսի կրոնի ուրացումից հետո ի՞նչ է մնում մարդ արարածին։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Քրիստոնեական կրոնի ուրացումից հետո մարդ արարածին մնում է աշխարհը իր ողջ բովանդակությամբ։

ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ.— Հիվանդ է ամիրան։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մնում է ինձ աշխարհը։ Սըրմա, պետք է ներես ինձ, որ ես բաժանվում եմ քեզանից և բոլորից՝ նոր ընտանիք կազմելու։ Կփոխեմ հարյուրավոր կրոններ մինչև պատժեմ սրիկաներին։ Տյուզյաններից հետո կարգը կհասներ և ինձ, և բոլորին։ Ուրիշներն են ցանկանում տիրել, լավ է որ ես տիրեմ։ Սուլթանի սարայում ես համբուրեցի այն երեսը, որ առավոտ ապտակել էի: Կհամբուրեմ հարյուրավոր ապտակած երեսներ՝ մինչև պատժեմ նրանց։ Ցանկանում եմ տիրել։ Ես եմ տիրելու։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Դա մարդկային ստոր ցանկություն է։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Վսեմության չափեր չկան։ Միայն բառեր են դրանք։ Ես ուզում եմ իմ բարեկամին խրատել միայն ապրել արժանապատվության գիտակցությամբ։ (Սըրմային և Սիրանուշին) Ես բաժանվում եմ ձեզանից։ Ապրեցեք համաձայն ձեր ներքին ձայնի։ Ես կգնամ իմ ճանապարհը։

ՍԻՐԱՆՈՒՇ.— (Փաթաթվելով հորը՝ լաց է լինում:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մի՛ լաց լինիր, աղջիկս, երգիր սուրբ կույս Մարիամի երգը, հորդ դավանափոխությունը արգելք չէ քո քրիստոնեական վերացումներին։

ՍԸՐՄԱ.— Միայն խոստացիր ամեն երեկո քո տան մեջ մրմնջել սուրբ կույս Մարիամի երգը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Դժկամակելով, բայց կնոջը դուր գալու համար) Լավ, շատ լավ։

ՍԸՐՄԱ.— Մենք չենք մոռանա քեզ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Լռությունից հետո) Մատուռը անհետացա՞ծ է։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Այո։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Պողոս ամիրային) Պիտի խնդրեի քեզանից, որ իմ ընտանիքը իր կաթոլիկ պաշտամունքը քո ապարանքի մատուռում կատարեր։

ՍԸՐՄԱ.— Բայց քանի որ...

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Վստահ եմ, որ իմ տան ներքին կյանքին պետք է հետևեն իմ թշնամիները։ Եթե մի որևէ օր նորից մատուռ կառուցվի իմ տան մեջ՝ իմ թշնամիները դուրս կբերեն գաղտնիքը։ Այն ժամանակ ես չեմ կարողանա, իբրև իսլամ, պաշտպանել իմ տունը և կտանջվեմ: Խնայեցեք ինձ, խնդրում եմ, այդ տանջանքը։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Մենք առանց մատուռի կարող ենք շարունակել մեր պաշտամունքը, քո քաղաքական կացությունը չվտանգելու համար։

ՀԱԿՈԲ.— (Ներս) Տյուզյանների մայրը ցանկանում է ձեզ տեսնել, տիկին։

ՍԸՐՄԱ.— Ներս հրավիրիր։

ՄԱՅՐԸ.— (Ներս է մտնում սևեր հագած:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Մնում է գամված իր տեղում:)

ՄԱՅՐԸ.— (Տեսնելով Հաջի Չելեբուն) Ուրեմն ճշմարի՞տ է...

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Այո, մեծ տիկին։

ՄԱՅՐԸ.— Այդքան շո՞ւտ մոռացաք ձեր կրոնը, ամիրա, այն կրոնը, որ երեկ ձեզ այդքան հերոսություն ներշնչեց։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մեծ տիկին, ներեցեք ինձ։

ՄԱՅՐԸ.— Մարդիկ միայն իրենց դավանած կրոնով են տարբերվում իրարից:

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մարդկանց մեջ տարբերություն դնողը արժանապատվությունն է, մեծ տիկին։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Ասա՝ կիրքր։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Կիրքը, եթե ուզում ես: Ներեցեք ինձ, պետք է գնամ։ (Համբուրելով աղջկանը և կնոջը) Մնացեք բարով, մնացեք բարով։

ՍԸՐՄԱ.— Վերջին անգամ աղոթիր մեզ հետ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Աղոթե՞լ, երբե՛ք։ Այո, այո, ես խոստացա աղոթել ամեն երեկո։

ՍԸՐՄԱ.— Մենք ցանկանում ենք, որ դու աղոթես մեզ հետ վերջին անգամ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Կաղոթեմ, կաղոթեմ այս երեկո։ Մնացեք բարով։ (Դուրս:)

ՍԻՐԱՆՈՒՇ.— (Լալիս է:)

ԲՈԼՈՐԸ.— (Լուռ են և տխուր:)

ՍԸՐՄԱ.— (Ծունկ է չոքում, ձեռքերը կաթոլիկ ձևով կպցնում է իրար և սկսում է երգել «Ողջույն քեզ, սուրբ կույս Մարիամ» երգը:)

ԲՈԼՈՐԸ.— (Հետևում են նրան ծունկ չոքելով և միանալով երգին:)

(Երգը կիսատ վարագույրը իջնում է:)
ՎԱՐԱԳՈՒՅՐ
ՊԱՏԿԵՐ
Մի սենյակ Իսխելի տանը: Մտնում են Իսխելը և Սիմխա։

ՍԻՄԽԱ.— Վերջապես, տանը փակվելով ոչինչ ձեռք չես բերի։ Ի՞նչ օգուտ տանը փակվելուց։ Դուրս գնա, մարդկանց տես։ Եթե այս անգամ քո խելքը չի կարող օգնել քեզ, ուրիշներին լսիր։

ԻՍԽԵԼ.— (Ատամները կրճտացնելով մռռում է:)

ՍԻՄԽԱ.— Ես երբեք չէի տեսել քեզ այդպես անարի և այդքան թուլասիրտ։

ԻՍԽԵԼ.— (Ցածր ձայնով) Սպանեցեք ինձ, Սիմխա, ավելորդ է ինձ համար ապրելը։

ՍԻՄԽԱ.— Մինչև մարդկանց մեջ չերևաս, չես վերագտնի պայծառ դատողությունդ։ Գնա դուրս և քո առևտուրով զբաղվիր, առևտուրը կմոռացնի քեզ թերևս ամեն բան։

ԻՍԽԵԼ.— Մոռանա՞լ։ Միայն մահը կարող է մոռացնել, պայմանով, որ մահվանից հետո մարդիկ չզգան։ Մահվանից հետո եթե մնում է մարդկային զգացումը, էլի չեմ մոռանա։ Ամոթը այրում է իմ ողջ էությունը, Սիմխա։

ՍԻՄԽԱ.— Պետք է միաժամանակ մոռանալ ձևացնես և մտածես վրեժխնդրության մասին։

ԻՍԽԵԼ.— Դու կարծում ես հե՞շտ է նրա համար կռվել Հաջի Չելեբու դեմ։ Բյուզանդական կայսրության անկումին, օսմանյան տիրապետության առաջին օրից մինչև հիմա Ստամբուլի մայթերի վրա նման խորամանկը ման չի եկել, Սիմխա, հասկացիր։ Դու կարծում ես Հալետը կարո՞ղ է կռվել։ Սրանից հետո հարկավոր է ծախսել իմ հարստության ամենահետին փշուրը՝ պատժելու համար նրան, ինձ ապտակողին։

ՍԻՄԽԱ.— Մի ապտակի համար մի ամբողջ հարստությո՞ւն. դու հիվանդ ես, քեզ բժիշկ է հարկավոր. մի ապտակի համար ողջ հարստությունը վատնի՞... Հա՛, հա՛, հա՛ Եհովային աղոթիր։

ԻՍԽԵԼ.— Սուտ է Եհովան։ Սինագոգներ շինող Իսխելը ապտակ կերավ մի կեղտոտ քրիստոնյայից, և Եհովան լռեց: Անիծված լինի Եհովան էլ ու նրա...

ՍԻՄԽԱ.— (Ճչալով) Լռի՛ր։

ԻՍԽԵԼ.— Չեմ լռի։ Սուտ է Եհովան, սուտ է Մովսեսը։ Սուտ է տապանակ ուխտին։ Սուտ է ամեն ինչ։ Միայն ապտակներ գոյություն ունեն աշխարհում և բոլոր ապտակների մեջ՝ միայն այն ապտակը, որ ապրում է իմ երեսի վրա և վառվում, վառվում է իբրև ամոթ, վառվում է իբրև քրիստոնեության դատակնիք։ Կզոհեմ ամեն ինչ՝ քեզ, աղջիկս, բոլորը, մինչև չտեսնեմ ինձ ապտակողի արյունը Ստամբոլի հրապարակներից մեկում։

ՍԻՄԽԱ.— Եթե դու քեզ կորցնես՝ ոչինչ չես կարող մտածել և ոչ մի վնաս էլ չես կարող հասցնել քո թշնամուն։

ԻՍԽԵԼ.— Իմ դատողությունը տեղն է, բայց ջղերս դավաճանում են ինձ։ Ի՞նչ կարող եմ անել իսլամի դեմ, սուլթանական վերարկու հագած մի իսլամի դեմ։

ՍԻՄԽԱ.— Դու էլ իսլամացիր։

ԻՍԽԵԼ.— (Կանգ է առնում, մտածում և հանգիստ տոնով) Ո՞վ կհավատա հրեա Իսխելին։ Ոչ, հավատալի չի լինի։ Իսխելի զենքերը ուրիշ տեսակ պետք է լինեն։

ՍԻՄԽԱ.— Ուրեմն, Իսխելը կարող պետք է լինի ուրիշ զենքեր ստեղծել։

ԻՍԽԵԼ.— Իսխելը, կարող է ու... չի կարող։ Ամոթ քեզ, Իսխել, որ մինչև հիմա չկարողացար դավադրել, հազար ամոթ։ (Միրուքի թելերը քաշում է) Պետք է ստեղծեմ, ուրիշ հնար չկա։ (Երթևեկում է ու խորը մտածում) Հալետը գնաց ոստիկանության մոտ՝ խուզարկել տալու նրա ապարանքը։ Ոստիկանները հիմա կլինեն Հաջի Չելեբու ապարանքում, եթե այնտեղ էլ մի մատուռ երևան բերեն, Իսխել հրեան կհասնի իր նպատակին։

ՍԻՄԽԱ.— Ուրեմն սպասիր:

ԻՍԽԵԼ.— Ես սպասում եմ, բայց ջղերս, ջղերս կորցնում են ամեն կապ։ Դատապարտում եմ ես ինքս ինձ։ Մովսեսի զավակներից և ոչ մեկը այսպիսի թուլություն երևան չի բերել։ Ջիղը իմ առաքինությունն էր։ Կորցրի իմ առաքինությունը, Սիմխա։ (Բղավում է) Ապտակը, ապտակը, հե՜յ, ապտակեցին ինձ, ապտակեցին ինձ, (ավելի բարձր) խեղդվում եմ, ամոթը ինձ խեղդում է։

Աճապարանքով և գիշերային հագուստով մտնում է աղջիկը՝ Զիլֆան:

ԶԻԼՖԱ.— Ի՞նչ կա։ Ի՞նչ է պատահել քեզ, հայր, ասա ինձ, ի՞նչ է պատահել քեզ։

ԻՍԽԵԼ.— (Գազանային գոռոցով) Խեղդվում եմ, աղջիկս, խեղդում են ինձ։ Աշխարհը թքում է վրաս։ Ընկել եմ մարդկանց ոտների տակ, ա՜... ա՜... ա՜... սպանեցե՜ք ինձ, փորեցե՜ք աչքերս, որպեսզի արև չտեսնեմ։

Սիմխան և Զիլֆան գրկում են Իսխելին, շոյում են: Իսխելը խեղդված ձայնով անհասկանալի բառեր է արտասանում և կամաց-կամաց հանգստանում: Իսխելին պառկեցնում են թախտի վրա:

ԶԻԼՖԱ.— (Մորը) Ինձ պիտի ասե՞ս, թե ինչ է պատահել հորս։

ՍԻՄԽԱ.— Ոչինչ չի պատահել, աղջիկս։

ԻՍԽԵԼ.— Ինձ հետ ամեն ինչ է պատահել, աղջիկս (Սիմխային:) Պատմի՛ր, պատմի՛ր աղջկանս, թող իմանա ինձ հասցրած ամոթը։

ՍԻՄԽԱ.— Վաղը կպատմեմ, աղջիկս, հիմա սիրտ չունեմ։

ԻՍԽԵԼ.— Պատմի՛ր, հիմա՛ պատմիր։ Ուզում եմ, որ հիմա՛ պատմես։

ԶԻԼՖԱ.— (Ծունկի եկած) Խնդրում եմ, մայր, աղաչում եմ քեզ։

ՍԻՄԽԱ.— Տյուզյան ամիրաների ապարանքի և կահ-կարասիների աճուրդի ժամանակ Երկանյան Հովհաննես ամիրան՝ Հաջի Չեչեբին, սուլթանական ներկայացուցիչների առաջ, ապտակել է հորդ և նույն օրն իսկ իսլամացել, ահա պատմությունը։

ԶԻԼՖՍ.— Ես կսպանեմ նրա աղջկան։

ԻՍԽԵԼ.— Նրա աղջկա մի սափոր արյունը չեմ փոխի հոր կես կաթիլ արյան հետ։

ԶԻԼՖԱ.— Աղջկա մահը անհուն կսկիծով կխոցի հոր սիրտը։

ԻՍԽԵԼ.— Բայց չի հանգստացնի իմ սիրտը, Զիլֆա, իմ սիրտը։ Իմ սրտի հագեցումը, աղջիկս, դա է հարցը։

ԶԻԼՖԱ.— Աղջկա սպանությամբ կընկճեմ հոր եռանդը, հոգեկան ամբողջ ուժը, այն ժամանակ իմ հայրը ուժ կունենա նրա հետ կռվելու։

ԻՍԽԵԼ.— (Հիստերիկ ծիծաղով) Որքան մեծ է դժբախտությունը, այնքան մեծ է Հաջի Չելեբու ուժը։

ԶԻԼՖԱ.— Ուրեմն, հավիտյան մենք պետք է կրենք այդ ամոթը։

ԻՍԽԵԼ.— Որքան կրենք՝ այնքան ծանրանում է։

ՍԻՄԽԱ.— Ես հավատացած եմ, որ դու մի հնար կգտնես նրան պատժելու։

ԻՍԽԵԼ.— Անցել են ժամեր արդեն, Սիմխա, և իմ բոլոր մնացած հնարները չքանում են օճառի պղպջակների նման։

ԶԻԼՖԱ.— (Լալիս է:)

ԻՍԽԵԼ.— Մի՛ լաց լինիր, Զիլֆա, կորցրել եմ ջղերս, բայց դատողությունս դեռ չի դավաճանում ինձ. դուք մի՛ լաց լինեք։ Այդ վիշտը միայն ինձ թողեք։

ԶԻԼՖԱ.— Ես գնում եմ։ (Աճապարում է դուրս:)

ԻՍԽԵԼ.— (Ոտի կանգնելով՝ բղավում է) Զիլֆա՛, Զիլֆա՛, Զիլֆա՛... Կորցնում եմ իմ ընտանիքը, կորցնում եմ ապրելու բոլոր իմ իրավունքները։

ԶԻԼՖԱ.— (Ետ գալով) Հայր, այստեղ եմ։

ԻՍԽԵԼ.— Մնացի՛ր այստեղ։ Մի՛ գնա։

ՍԻՄԽԱ.— (Բազկատարած և աչքերը վեր հառած) Եհովա, Եհովա, Աբրահամի, Իսահակի և Հակոբի աստվածը, լսիր ու գոռա ամպերի միջից, անիրավված է այս աշխարհում քո ընտրյալ ցեղի լավագույն զավակը, քո անվան սինագոգներ կառուցող Իսխելը։

ԻՍԽԵԼ.— Մի՛ աղոթիր, Սիմխա, երկինքը չէ, որ պիտի հատուցանե այս վրեժը, աստված չէ, որ պիտի տնօրինի, այլ այս աշխարհի մարդը՝ այս աշխարհում։

ՍԻՄԽԱ.— Այդ հավատքն է, որ այն տունը պիտի տանի աղետից աղետ։ Եհովան է, որ միայն վրեժխնդիր պետք է լինի։

ԻՍԽԵԼ.— Թո՛ղ քո եհովաներին և Եհովային։ Նա չկա, չի եղել և չի լինելու։

ՍԻՄԽԱ.— Մարգարեները ասում են, որ...

ԻՍԽԵԼ.— (Բղավում է) Սպանո՛ւմ են ինձ. ա՜, հասե՜ք, կախաղան են բարձրացնում իմ պատիվը։ Աղոթել և սպասել... Դա միայն աստուծո ընտրյալ հիմարը կարող է անել։ Հեռացի՛ր այստեղից քո Եհովայով միասին։

ՍԻՄԽԱ.— Եթե չես աղոթի, մտածի։ Կորցնում ես դու քեզ:

ԻՍԽԵԼ.— (Հանգստանալով) Դա ճիշտ է։ Պետք է մտածել, պետք է մտածել զօր ու գիշեր։

ՍԻՄԽԱ.— Փոխանակ մտածելու, ցնդած ծերունի, այնպիսի աղաղակներ բարձրացրիր, որ երիտասարդ աղջիկս անգամ իմացավ։

ԻՍԽԵԼ.— Թող իմանա։ Հոր հանդեպ եղած անարգանքը պետք է իմանա և պարտավոր է տանջվել դրա համար։

ՍԻՄԽԱ.— Է՛հ, ցնդել ես: Վերջ ի վերջո՝ ամբողջ եղածը մի ապտակ է։

ԻՍԽԵԼ.— Կին ես և կարող ես տանել։

ՍԻՄԽԱ.— (Արհամարհական շարժուձևեր:)

ԻՍԽԵԼ.— Սիմխա, մեծահարուստ հրեա Իսխելի կինը, պատրաստվի՛ր աղքատության, պատրաստվի՛ր ուրիշների դռներին լվացք անել ապրելու համար, որովհետև մեծահարուստ հրեա Իսխելը պիտի վատնի բոլոր հարրստությունը իր թշնամու մի կաթիլ արյունը տեսնելու համար։

ՍԻՄԽԱ.— Պետք է ավելի ու ավելի հարստանաս կռվելու համար։

ԻՍԽԵԼ․— Պատրաստվի՛ր աղքատության, մեծահարուստ հրեա Իսխելի կինը։

ՍԻՄԽԱ.— Ես միջոցներ ունեմ ապրելու, ուրիշների դռներին լվացք անելու կարիք չունեմ։

ԻՍԽԵԼ.— Այո, գիտեմ, կին ես դու և կարող ես ծախել սիրուն աղջիկդ։

ԶԻԼՖԱ.— Հայր...

ՍԻՄԽԱ.— Մտածի՛ր, մտածի՛ր, մտածի՛ր։

ԻՍԽԵԼ.— (Խորասուզվում է, աչքերը չռած տախտակամածին:) Մի կողմից՝ պետք է բարեկամանամ իմ թշնամու հետ, մյուս կողմից՝ իմ ամբողջ հարստությամբ, կաշառքներ բաժանեմ իսլամ մեծամեծներին, մինչև գտնեմ իմ թշնամուն դատապարտելու մի փոքրիկ առիթ։ Կաշառքը հիմքն է այս կայսրության։ (Ինքնիրեն) Իս- խել, հավաքի՛ր քո բոլոր ուժը, երկրպագի՛ր, կռացի՛ր ներքին անշիջելի ատելությամբ, ժպտա՛ արտաքուստ, իսկ ներքուստ դիզի՛ր դեղին մաղձ։

ՍԻՄԽԱ.— Ժամանակը կմոռացնի ամեն ինչ։

ԻՍԽԵԼ.— Ժամանակը անգութ կերպով բոցավառում է անպատվված լինելու զգացումը։ Խարույկի նման, նման անշիջելի մորենուն, վառվում է ապտակը իմ հոգու մեջ։

Ներս է մտնում Հալետը. Սիմխան և Զիլֆան քաշվում են վարագույրի ետև:

ՀԱԼԵՏ.— Սպասում էի քեզ, Իսխել։

ԻՍԽԵԼ.— Երանի ինձ հանդիպեիք գերեզմանում։

ՀԱԼԵՏ.— Առաջ ինձ զարմացնում էիր դու, Իսխել, քո սառնասրտությամբ և համբերությամբ, իսկ հիմա դու զարմացնում ես քո տաքարյունությամբ և անհամբերությամբ։

ԻՍԽԵԼ.— Չէի ցանկանա երբեք, որ իմ բարեկամ Հալետ էֆենդին ապտակվեր, բայց եթե ապտակվեր, այդպես չէր խոսի։

ՀԱԼԵՏ.— Ես թույլ չեմ տա Հաջի Չելեբուն, որ հեշտությամբ և անպատիժ մարսի ապտակը։

ԻՍԽԵԼ.— (Ուրախացած) Ուզում եմ նորից լսել այդ խոսքերը։

ՀԱԼԵՏ.— Մարգարեն վկա, ես կսպանեմ նրան, թեկուզ իմ գլուխն էլ կորցնեմ նրա գլուխից հետո։

ԻՍԽԵԼ.— (Ընկնելով Հալետի ոտները՝ սկսում է կոշիկները լիզել:)

ՀԱԼԵՏ.— Ես նրան կպատժեմ՝ հանձն առնելով իմ սեփական մահը։ Միայն մի բան եմ պահանջում, Իսխել, որ դու հանձն պիտի առնես իմ չվտանգվելը: Չէ՞ որ ինձ ժամանակ է պետք վրեժխնդրության համար։

ԻՍԽԵԼ.— Կանեմ ինչ որ հրամայես։

ՀԱԼԵՏ.— Արտասահմանից գալիք օսմանյան կեղծ ոսկին պետք է գա քո անունով։ Եթե իմ անունով բռնեն, դու ինձ չես կարող օգնության հասնել, իսկ եթե քո անունով բռնեն, ես կարող եմ քեզ ազատել։

ԻՍԽԵԼ.— Պատրաստ եմ, միայն փոխարենը պահանջում եմ Հաջի Չելեբու գլուխը:

ՀԱԼԵՏ.— Երկրորդ անգամ երդվում եմ մարգարեի անունով։

ԻՍԽԵԼ.— Հավատում եմ։

ՍԻՄԽԱ.— (Դուրս գալով վարագույրի ետևից և երեսը շուռ տալով դեպի պատը՝ իսլամական օրենքի նամաձայն) Ներեցեք, Հալետ էֆենդի, դուք վտանգում եք իմ ամուսնուն։

ԻՍԽԵԼ.— (Բղավում է) Լռի՛ր։ Քո գործը չէ տղամարդկանց գործին խառնվել։ Հեռացի՛ր այստեղից։

ՀԱԼԵՏ.— Սպասի՛ր, Իսխել, ես ուզում եմ հասկացնել քո կնոջը, որ այս բոլորը անում եմ իր ամուսնու պատվի համար: Ինձ ապտակող չի եղել, ապտակողը հիմա իմ իսլամ եղբայրակիցն է. մի մոռանա, որ մարգարեն հրամայում է համբուրվել նրա հետ։ Ինչ էլ որ պատահի, ես և նա պետք է բազմենք ջեննեթի մեջ։ Կրկնում եմ՝ այս բոլորը անում եմ ես իմ բարեկամ Իսխելի պատիվը փրկելու համար։

ՍԻՄԽԱ.— Թող ապտակը անվրեժ մնա, և թող չվտանգվի իմ ամուսինը։ Շուտով կմոռանա նա ապտակը, իսկ եթե բռնվեն ոսկիները, դժվար թե Հալետ էֆենդին կարողանա ազատել հրեա մաքսանենգին։

ԻՍԽԵԼ.— Լռի՛ր և դուրս գնա՛ այստեղից։ Աշխարհը պետք է փուլ գա, որ ես լսեմ կինարմատի խրատներին։ Դո՛ւրս (քաշքշում է Սիմխային և դուրս անում):

ՍԻՄԽԱ.— (Քաշքշուկի ժամանակ բղավում է) Լսի՛ր իմ խրատին։ Աղետալի է այս, աղետալի։

ԻՍԽԵԼ.— (Մոտենալով Հալետին) Կանայք երջանիկ են, երբ անպատվվում են, Հալետ էֆենդի, ուշք մի՛ դարձնեք, աղաչում եմ։

ՀԱԼԵՏ.— Դու իմանո՞ւմ էիր, որ նա պահված էր վարագույրի ետև։ Վտանգավոր են կանայք, երբ գաղտնիք են իմանում։

ԻՍԽԵԼ.— Չէի իմանում, Հալետ էֆենդի։ Ես կխեղդեմ նրան, եթե համարձակվի չլռել այդ մասին։ Հրեա կանայք խոսում են, տեր իմ, բայց նրանք չեն գործի իրենց ամուսինների դեմ։

ՀԱԼԵՏ.— Պետք է զգույշ լինես, Իսխել, ես իսլամ եմ, վտանգը կարող է քեզ պատահել։

ԻՍԽԵԼ.— Անհոգ եղեք, Հալետ էֆենդի, գաղտնիքը ավելի խորացավ, քանի որ կինս իմացավ։

ՀԱԼԵՏ.— Ես գնում եմ։ Կկարգադրեմ, որ ոսկիներն ուղարկեն քո անունով։ Կվարձատրեմ քեզ դրա համար։

ԻՍԽԵԼ.— (Համբուրելով Հալետի վերարկուի քղանցքները) Ոսկիները կստանամ և կհանձնեմ ձեզ, իսկ դուք ստացեք գլուխը և հանձնեցեք ինձ։

ՀԱԼԵՏ.— (Դուրս:)

ԻՍԽԵԼ.— (Սենյակի դռան շեմքին կանգնած, ներվային արագությամբ շոյելով միրուքը) Ոսկիների փոխարեն կստանամ գլուխը։

ՎԱՐԱԳՈՒՅՐ
ՊԱՏԿԵՐ
Սըրմայի առանձնասենյակը

ԱԸՐՄԱ.— (Ծունկ չոքած սեղանի վրա դրված մի փոքրիկ խաչելության արձանի առաջ՝ աղոթում է:)

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— (Ներս է մտնում և տեսնելով, որ Սըրման աղոթում է, լուռ և աննշմար քաշվում է դուրս:)

ՍԸՐՄԱ.— (Վերջացնելով աղոթքը ոտի է կանգնում և գնում, նստում է թախտի վրա:)

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— (Էլի ներս է մտնում) Զարմանալի լուր ունեմ քեզ հաղորդելու, տիկին:

ՍԸՐՄԱ.— Զարմանալի՞:

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Այսօր քեզ այցելության պիտի գա Հաջի Չելեբու կինը — Նազմիե հանըմը։

ՍԸՐՄԱ.— Որքան պառավում ես, այնքան ավելի սիրում ես կատակներ անել, պառավ։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Կատակ չեմ անում, տիկին, այդպիսի բանի համար կատակ չեն անի։ Գալիս է նա։ Հաջի Չելեբու ծառան քիչ առաջ լուր բերեց։

ՍԸՐՄԱ.— Լուրը ո՞վ էր ուղարկել, ամիրա՞ն, թե կինը։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Ամիրան, տիկին։

ՍԸՐՄԱ.— Ա՜հ, ինչքան եմ կարոտել նրան։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Իզուր ինձ չլսեցիր, տիկին։ Ամբողջ քառասուն տարի ապրել եմ ես այս տանը, դու, այս տունը գալուց հետո, լսել ես իմ բոլոր խոսքերը, բայց այս վերջինը չլսեցիր։ Ամիրայի իպամությունից հետո դու ևս կարող էիր իսլամանալ, փրկելով ամիրայի հոգեկան ծանր կացությունը։ Ես տեղյակ եմ նրա խոր սիրույն դեպի քեզ և իր զավակը։ Դու կփրկեիր մանավանդ նրա հոգեկան կացությունը, պատճառ լինելով որ նա կրկին չամուսնանա։

ՍԸՐՄԱ.— Ապա իմ հոգի՞ն, պառավ։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Թույլ տուր ինձ ասելու, որ մտածելով քո հոգու մասին՝ կորցրիր քո սերը։ Սերը, տիկին, հիմք է ամեն բանի։ Բարություն կարող էիր անել մինչև անգամ չդավանելով ո՛չ մեկին և ո՛չ էլ մյուսին, բարությունը կրոնի հետ կապված առաքինություն չէ։ Մեզ համար հնարավորություն չկա տեղեկանալու ամիրայի ներքին կյանքին, բայց ես գուշակում եմ, թե նա ամեն երեկո արցունքներով է անցկացնում իր կյանքը։

ՍԸՐՄԱ.— Ասում են, ոչ մի տեղ չի գնում, բացի իր պաշտոնատեղից։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Դու կարծում ես, որ նա կմեռնի իր բնակա՞ն մահով։

ՍԸՐՄԱ.— (Լալիս է:)

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Նրա իմաստությունը և նրա հոգեկան ուժը, իհարկե, դեռևս երկար կարող են նրան պահել հավասարակշռության մեջ, բայց վերջ ի վերջո... Սխալ արիր դու, տիկին, իմ սպիտակ մազերը ինձ համարձակություն են տալիս ասելու այս առանց ծածկելու։ Սխալ արիր, որ չիսլամացար։ Իհարկե, ամիրան այդ երբեք չէր խնդրի, չէր առաջարկի, բայց ես ասացի քեզ ժամանակին։ Կրոնի հանդեպ եղած անարգանքի համար հրեային ապտակելուց հետո՝ նրա քաղաքական կացությունը ուրիշ կերպ չի փրկվի։ Պետք էր իսլամանալ։ Իսլամացավ։

ՍԸՐՄԱ.— Այդ բոլորը ճիշտ է, բայց ես չէի դավաճանի իմ կրոնին։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Ասենք՝ դրա մասին մտածելու կարիք չկա։ Արդեն ուշ է ամեն ինչ, միայն ուրախ երևա պստիկ տիրուհու առաջ, որպեսզի նա գնա և պատմի ամիրային։ Ամիրան ուղարկում է նրան, ես հավատում եմ, միայն այս տան տրամադրությունը շոշափելու համար։

ՍԸՐՄԱ.— Եթե դա ուրախություն կարող է պատճառել նրան՝ ես սպիտակ քողերի մեջ կծածկեմ իմ վիշտը։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Ծածկիր, տիկին, թաղիր քո վիշտը ինչքան խորը կարող ես։

ՍԸՐՄԱ.— Գնա՛, պառավ, և կարգադրի՛ր, որ հարկ եղած պատիվներով ընդունեն նրան։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Այս առանձնասենյակո՞ւմ ես ընդունելու նրան։

ՍԸՐՄԱ.— Այո, այստեղ։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— (Դուրս:)

ՍԸՐՄԱ.— (Ոտքի է կանգնում, լուսամուտից դիտում է դուրս, հառաչում է:)

ՍՊԱՍՈՒՀԻ.— (Ներս) Ընդունելության ո՞ր զգեստն եք հրամայում, տիկին։

ՍԸՐՄԱ.— Ոչ մեկը:

ՍՊԱՍՈՒՀԻ.— (Խոնարհվելով քաշվում է դուրս:)

ՍԸՐՄԱ.— Սպասիր, աղջիկս։

ՍՊԱՍՈՒՀԻ.— (Ներս:)

ՍԸՐՄԱ.— Կանչի՛ր այստեղ Սիրանուշին։

ՍՊԱՍՈՒՀԻ.— (Դուրս:)

ՍԸՐՄԱ.— (Բարձի վրա դրված մի գիրք է բաց անում և սկսում է կարդալ:)

ՍԻՐԱՆՈՒՇ.— (Մտնում է, պառավ դայակը ետևից:)

ՍԸՐՄԱ.— Սպասում էի քեզ, աղջիկս։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Ճի՞շտ է, մայրիկ։

ՍԸՐՄԱ.— Այո, ճիշտ է։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Ե՞րբ է գալու։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Ամեն րոպե սպասում ենք։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Ինչքան ցանկանում եմ տեսնել հայրիկի կնոջը։

ՍԸՐՄԱ.— (Հառաչում է և աչքերի արցունքները ցույց չտալու համար երեսը շուռ է տալիս:)

ՍԻՐԱՆՈՒՇ.— Անպայման գեղեցիկ կլինի։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— (Նշան է անում Սիրանուշին լռել և գաղտնի ցույց է տալիս մորը:)

ՍԻՐԱՆՈԻՇ.— (Գլուխը կախում և զղջում է իր ասածների համար:)

ՍԸՐՄԱ.— Գնա՛, պառավ, ուշադրության դարձրու, որ լավ ընդունվի ամիրայի կինը մեր ապարանքում։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Շատ բարի, տիկին։ Դու անպայման այստեղ մնա, Սիրանուշ, մայրիկիդ մոտ։ (Դուրս:)

ՍԻՐԱՆՈՒՇ.— Այո, ես չեմ հեռանա։ (Գնում է և փաթաթվում մոր վիզը:)

ՍԸՐՄԱ.— (Արցունեների միջից) Ինձ մնացել ես միայն դու։ (Համբուրում է:)

ՍՊԱՍՈՒՀԻ.— (Ներս) Պստիկ խաթունը եկավ։

ՍԻՐԱՆՈՒՇ.— (Ոտի է կանգնում:)

ՍԸՐՄԱ.— (Թաշկինակով սրբում է աչքերը և ակամա ուրախ տրամադրություն է ստանում:)

ՆԱԶՄԻԵ.— (Պառավի նետ ներս է մտնամ իսյամական չարսաֆով: Քողերի տակից տեսնելով, որ տղամարդ չկա՝ բաց է անում երեսը և մոտենալով Սըրմա խաթունին՝ չոքում է առաջը:)

ՍԸՐՄԱ.— (Համբուրում է ճակատը:)

ՍԻՐԱՆՈՒՇ.— (Մոտենում է Նազմիեին, և համբուրվում են:)

ՆԱԶՄԻԵ.— Ողջույններ եմ բերել Հաջի Չելեբուց ձեզ, մեծ խաթուն, և իր աղջկան։

ՍԸՐՄԱ.— Ապրի ուղարկողը, և ապրի բերողը։ Ինչպե՞ս է ամիրայի առողջությունը։

ՆԱԶՄԻԵ.— Շատ լավ, մեծ խաթուն, միայն տանջվում է ձեզ չտեսնելով։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Հայրիկս...

ՍԸՐՄԱ.— Բարձրացեք ինձ մոտ, պստիկ խաթուն և պատմեցեք, թե ինչպես է անցկացնում ամիրան իր օրերը։

ՍԻՐԱՆՈՒՇ.— (Բարձրացնում է Նազմիեին և նստեցնում է թախտի վրա:)

ՍՊԱՍՈՒՀԻ.— (Մետաքսե բարձիկներ է շարում Նազմիեի շուրջը:)

ՆԱԶՄԻԵ.— Չելեբին ապրում է բոլորովին քաշված կյանքով։ Ամեն օր երկու ժամով գնում է մաքսատուն և ուղիղ վերադառնում տուն։ Հյուրեր չի ընդունում և ոչ ոքի մոտ հյուր չի գնում։ Տանը զբաղված է մեր փոքրիկ պարտեզի ծաղիկների խնամքով։

ՍԸՐՄԱ.— Ա՜, չի՞ մոռացել ամիրան ծաղիկները:

ՆԱԶՄԻԵ.— Ո՛չ, մեծ խաթուն, անհուն սիրով խնամում է ծաղիկները։

ՍԸՐՄԱ.— (Պառավին) Ուղարկել տուր ամիրային իր սիրած բոլոր ծաղիկները։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Շատ բարի, տիկին։

ՆԱԶՄԻԵ.— Կարդում է ինչ-որ հին, փոշոտած գրքեր։ Խոսում է այս տան մասին իբրև հին, անցած բանի մասին։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Առավոտները ե՞րբ է զարթնում հայրիկը։

ՆԱԶՄԻԵ.— Շատ վաղ։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Իսկ երեկոները ե՞րբ է անկողին մտնում։

ՆԱԶՄԻԵ.— Շատ ուշ։ (Սպասուհին արծաթե ափսեի վրա բերում է թրքական կոֆե և հրամցնում է նախ Նազմիեին): Տվեք մեծ խաթունին։ Համեցեք, մեծ խաթուն (ոտքի է կանգնում):

ՍԸՐՄԱ.— Համեցե՛ք, համեցե՛ք, դուք իմ տանն եք։

ՆԱԶՄԻԵ.— Մի ամաչեցնեք ինձ, մեծ խաթուն։

ՍԸՐՄԱ.— (Առնում է մի բաժակ և տալիս է Նազմիեին:)

ՆԱԶՄԻԵ.— (Առնում է բաժակը, խոնարհությամբ դնում է կողքին և մի բաժակ էլ առնելով ափսեից՝ տալիս է Սըրմա խաթունին:)

ՍԸՐՄԱ.— (Առնելով բաժակը) Ապրեք։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Դու սիրո՞ւմ ես հայրիկին։

ՆԱԶՄԻԵ.— Անսահման սիրով։

ՍԸՐՄԱ.— (Կիտում է հոնքերը, զգուշանալով նշմարելի չդարձնել Նազմիեին) Ասացեք, պստիկ խաթուն, ամիրայի գլխին կա՞ն ճերմակ մազեր։

ՆԱԶՄԻԵ.— Հազիվ մի քանի հատ, մեծ խաթուն։

ՍԻՐԱՆՈՒՇ.— (Անհուն ուշադրությամբ հետևում է նրա բոլոր շարժումներին:)

ՍԸՐՄԱ.— Ամիրան այս տան մեջ երբեմն տառապում էր հոդացավից։ Ինչպե՞ս է զգում իրեն հիմա։

ՆԱԶՄԻԵ.— Գարնան անձրևների ժամանակ մի քիչ զգալի եղավ։ Մոռացա ասելու, որ Չելեբին խնդրեց ուղարկել իրեն իր հոր նարգիլեն։

ՍԸՐՄԱ.— (Ուզում է խոսել:)

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Իսկույն, պստիկ խաթուն, ոչ ոք չի գործածել։ Իր գնալու օրից փաթաթված դրված է պահարանում։

ՆԱԶՄԻԵ.— (Ուշադրությամբ նայելով Սիրանուշին) Ինչ նման է հորը։ Աստված ձեզ պարգևի, մեծ խաթուն. (էլի Սիրանուշին դառնալով և ոտի կանգնելով) ինչ հասակ, նման հոր հասակին, ինչ աչքեր, նման հոր աչքերին։ (Լռություն) Ուշացա։ Պետք է գնամ, Չելեբին հիմա եկած կլինի։

ՍԸՐՄԱ.— Սպասեք, պստիկ խաթուն, մի քիչ էլ սպասեք։ (Պառավին) Բեր այստեղ իմ փոքրիկ սնդուկը։

ՊԱՌԱՎ.— Շատ բարի (դուրս):

ՍԸՐՄԱ.— Ամիրայի կյանքի երջանկությունը ձեզանից է կախված, պստիկ խաթուն։ Մենք բոլորս խնդրում ենք ձեզանից ոչինչ չխնայել նրա երջանկության համար։

ՆԱԶՄԻԵ.— Ձեր ցանկությունը իմ էլ ցանկությունն է։

ՍԸՐՄԱ.— Ապրեք։

ՆԱԶՄԻԵ.— (Պատի վրա նշմարելով մի նկար) Ա՛հ, այս նկարը երևի Հաջի Չելեբու երիտասարդության նկարն է։

ՍԸՐՄԱ.— (Խորը հառաչելով) Այո։

ՆԱԶՄԻԵ.— (Երկար և հափշտակված նայում է նկարին:)

ՍԸՐՄԱ.— Այդ նկարում Չեչեբին քսանևհինգ տարեկան է։

ՆԱԶՄԻԵ.— Ինչքան կցանկանայի տեսնել նրան երիտասարդ։

ՍԸՐՄԱ.— Քառասունևհինգը անց չէ ամիրան, պստիկ խաթուն։

ՆԱԶՄԻԵ.— Բայց նրա ճակատի վրա շատ կյանք և շատ տանջանք կա։

ՍԸՐՄԱ.— Աշխատել է իր ողջ կյանքում։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— (Ներս է մտնում փոքրիկ սնդուկով և դնում է Սըրմայի առաջ:)

ՍԸՐՄԱ.— (Բաց անելով՝ միջից վերցնում է մարգարիտների մի շարոց) Ամիրան այս շարոցը ինձ նվիրել է՝ երբ մենք նշանված էինք։ Նվիրում եմ ձեզ։ (Կախում է նրա վզից։)

ՆԱԶՄԻԵ.— Շնորհակալ եմ, մեծ խաթուն։

ՍԸՐՄԱ.— (Դուրս բերելով երկու ադամանդյա մատանիներ) Պահում էի այս երկու ադամանդյա մատանիները ապագա իմ հարսի մատը անցկացնելու համար։ Հիմա անց եմ կացնում քո մատներին։ (Անց է կացնում Նազմիեի մատներին:)

ՆԱԶՄԻԵ.— Շնորհակալ եմ, մեծ խաթուն։ Երբ դուք հարս ունենաք, այս մատանիները ես կանցկացնեմ նրա մատներին։

ՍԸՐՄԱ.— (Հանելով մի ոսկյա ժամացույց) Այս ժամացույցը ամիրայինն է, պահիր։

ՆԱԶՄԻԵ.— (Առնելով ժամացույցը՝ համբուրում է:)

ՍԸՐՄԱ.— (Սնդուկից մի ուրիշ բան դուրս բերելիս:)

ՆԱԶՄԻԵ.— Բավական է, մեծ խաթուն։

ՍԸՐՄԱ.— (Առանց ուշադրություն դարձնելու նրա խոսքերին) Այս ադամանդյա ասեղը գործածիր քո սև, սիրուն մազերի համար։ Իմն է։

ՆԱԶՄԻԵ.— (Համբուրում է լուռ Սըրմա խաթունի ձեռքերը:)

ՍԸՐՄԱ.— Բարևիր ամիրային և ասա նրան, որ մենք բոլորս էլ կաղոթենք նրա առողջության համար։ Ասա, որ հանգիստ և երջանիկ ենք, որ նա առողջ է։ (Արցունքներդ հազիվ է կարողանում զսպել:)

ՍԻՐԱՆՈՒՇ.— (Համբուրելով նրան և լաց լինելով) Համբուրիր հայրիկին։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Բարևիր ամիրային։ Ասա, որ պառավ դայակը չի մոռացել իրեն։ Աստված պահպանի նրա թանկագին կյանքը։

ՆԱԶՄԻԵ.— Մնացեք բարով։ (Դուրս:)

ՍԻՐԱՆՈՒՇ.— (Գնում է նրա հետ դուրս:)

ՍԸՐՄԱ.— (Երկար լռությունից հետո) Ինչ լավ աղջիկ է ամիրայի կինը։ (Ուզում է շարունակել, բայց արցունքները խեղդում են նրան, սկսում է դառնապես արտասվել:)

ՎԱՐԱԳՈՒՅՐ
ՊԱՏԿԵՐ
Ստամբուլի քարափի վրա զետեղված օսմանյան մաքսատանը: Մաքսատան խոշոր դուռը բացվում է խորքում, դռնից երևում է ծովը:

ՄԱՔՍԱՏԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Բեռնակիրներին) Խտացրեք ապրանքները, նավը հիմա կհասնի և շատ ապրանք է բերում։

(Բեռնակիրները սկսում են ապրանքները խտացնել և խոսակցել:)

Ա. ԲԵՌՆԱԿԻՐ.— Հեյ, հե՜յ, ասում էին Վանում, որ Ստամբոլի մեջ ավանակությունից տարբեր բան չենք անելու։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Էլ չեմ կենա էս քաղաքում, էս ձմեռս կգնամ հայրենիք։

Գ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Ի՜նչ ես տանում հետդ։ Փող ավելացրի՞ր։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Հետս տանում եմ մեջքի հիվանդություն. բոլ հազ ու բալղամ։

Ա. ԲԵՌՆԱԿԻՐ.— Թանկագին բաներ ես տանում, դրանք հայրենիքում շատ հազվագյուտ են։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Գնամ հայրենիք, որ ասեն թե՝ բողաչան ի՞նչ է, չեմ իմանա, հինգ տարի Ստամբոլի մեջ ապրեցա, բողաչայի համը չտեսա։

Ա. ԲԵՌՆԱԿԻՐ.— Հա՛յ գիտի Վարագա վանք, ջրիդ մատաղ, քո զորությամբ ես կհասնեմ հայրենիք։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Մշու սուրբ Կարապետ իր զորությունը կորցուց, Վարագա վանքը ուժ ունի։ Բո՛ւհ, փուչ է։ Ցնդեց բոլորը։ Ստամբոլի համար սուրբ չկա։

Գ. ԲԵՌՆԱԿԻՐ.— (Մի ծանր հակի տակից) Ստամբոլի սրբերը քածերն են, վա՛յ ես նրանց (նետելով հակը) տոտիկներին մեռնեմ։

Ա. ԲԵՌՆԱԿԻՐ.— Դրա համար փարա չուղարկեցիր հայրենիք։

Գ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Ո՞ւմ ուղարկեմ, հո՞րս, մի կին ունի, թող վաստըկի, ուտի։ Մեծ եղբո՞րս, հա՞, փարա ուղարկեմ, որ կնկանը ծոցը պառկի, քեֆ անի՞։ Ես էլ Ստամբոլի խաների մեջ փչանա՞մ։ Հե՛յ, խելքդ ո՞ւր է, կանչի, տուն գա։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Նրա խելքը էն գլխից ուրիշի տանն է ապրում, ինչքան կանչի՝ մեկ է, չի գա։

Գ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Մի կնիկ տար հետդ։

Ա. ԲԵՌՆԱԿԻՐ.— Մի քամբախը կա տանը, հերիք է։

Գ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Մի հատ էլ տար. ավել միսը աչք չի ծակի։ (Նավի սուլոց է լսվում շատ հեռվից:)

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Շուտ արե՛ք, նավը գալիս է, զավզակություն եք անում։

Գ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Զավզակությամբ ենք ապրում, թե չէ ձեր տված փողը ինչքա՞ն է։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Դա էլ շատ է։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ.— (Քաշում է բռունցքը) Շատ մի զրուցե, թե չէ էս սհաթին հոր հոգուդ...

Ա. ԲԵՌՆԱԿԻՐ.— Ձեռք քաշի։ Բան չունե՞ս։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Ասենք՝ դրուստ է, ի՞նչ բան ունեմ...

ԻՍԽԵԼ.— (Ներս) Հաջի Չելեբին եկե՞լ է։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Դեռևս ոչ։

ԻՍԽԵԼ.— Այս գալիք նավի վրա մի քանի արկղներ ունեմ։ Դրա մասին ուզում էի քեզ հետ խոսել։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Առանց վերատեսչի չենք դարսելու գալիք նավի ապրանքները։

ԻՍԽԵԼ.— Նա քննությա՞ն է ենթարկում բոլոր ապրանքները, ի՞նչ է։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Ոչ, այնպես՝ մեկ-մեկ նայում է։

ԻՍԽԵԼ.— Լսիր, երիտասարդ (կարգադրիչի թևից բռնելով քաշում է նրան մի անկյուն):

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Բարձր ձայնով բեռնակիրներին) Հե՛յ, նավը գալիս է, դուք եկեք քարափ և օգնեցեք։

Բեռնակիրները դուրս են գնում:

ԻՍԽԵԼ.— Լսիր, երիտասարդ, ես քեզ չեմ ճանաչում, բայց այն ծերունուն, որի պաշտոնը դու ստացար, լավ էի ճանաչում։ Դու տեսե՞լ ես Բեբեքում կառուցած նրա ապարանքը։ Այդ ապարանքը նա կառուցեց այստեղ աշխատելով և քեզ նման ողորմելի ռոճիկ ստանալով։ Հիմա իմացիր, թե նա ինչպես արավ։ Մի մտածիր, տեսնեմ։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Երկար մտածելուց հետո) Այսպիսի ռոճիկով ապարանք չէր կարող շինել. երևի մի հանք գտավ։

ԻՍԽԵԼ.— Մի հանք գտավ, ճիշտ է։ Նա մի հանք գտավ և ճարպիկ ձևով օգտագործեց այն։ Հիմա մտածիր և ասա, թե գտածը ի՞նչ հանք էր։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Երևի ոսկու հանք էր։

ԻՍԽԵԼ.— Ապրիս։ Նրա գտածը ոսկու հանք էր։ Ապա հիմա մտածիր և իմացիր, թե ուր գտավ այս ոսկու հանքը։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Մի տեղ գտած կլինի։

ԻՍԽԵԼ.— Լսիր, ուշի-ուշով լսիր ինձ։ Ծերունին այդ ոսկու հանքը գտավ այս մաքսատան մեջ, դրսից ապրանք ստացողների ափերում։ (Ափը լիքը ոսկով երկարում է կարգադրիչին) Տեսնո՞ւմ ես հանքը, երիտասարդ, արդեն գտել ես, շահագործիր։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Չորս կողմը զննելով՝ առնում է ոսկիները:)

ԻՍԽԵԼ.— Իմ անունով մի քանի արկղ ապրանք է գալիս, վրան գրված է՝ «Նուրբ տեսակի մեխեր». առանց վերատեսչին ցույց տալու՝ ուղարկիր իմ տունը։ Ուղարկելուց հետո իմ ափում կգտնես և մի ուրիշ հանք, ավելի հարուստը։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Շատ լավ, շատ լավ։ Նավը հասնում է, հեռացիր այստեղից։

ԻՍԽԵԼ.— Շահագործիր մարդկանց ափերը։ Անհատակ են դրանք։ (Դուրս:)

Նավը կանգնում է մոտիկ քարափը, մաքսատան դռնից երևում է նավը:

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Փողերը գաղտնի համրելով նետում է գրպանը:)

ԻՍԽԵԼ.— (Ներս է վազում) Լսիր, երիտասարդ. մաքսատան տեսուչը և ելմտից նազիրը կանգնած են քարափի վրա։ Նրանց ներկայությունը վտանգավոր է։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Ոչինչ, մի՛ վախենա։

ԻՍԽԵԼ.— Ես փորձառու եմ, երիտասարդ. վերատեսուչը՝ խորամանկ, նազիրը՝ անգութ, իսկ դու հանդուգն կերևիս։ Աղետավոր խառնուրդ է դա։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Կստանաս արկղները, մի՛ վախենա, ասում եմ։ Հեռացիր այստեղից։

ԻՍԽԵԼ.— Սրտումս վախ ընկավ։ Զգույշ եղիր։ (Ուզում է դուրս գնալ, բայց Հաջի Չելեբին և Նազիրը ներս են մտնում: Իսխելը խոնարհվելով բարևում է:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Իսխել էֆենդի, երկար ժամանակ է ձեզ չեմ տեսել։

ԻՍԽԵԼ.— Օրհնում եմ ձեր թանկագին կյանքը, Հաջի Չելեբի։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մի որևէ գործի համա՞ր եք եկել։ Պատրաստ եմ ծառայելու ձեզ։

ԻՍԽԵԼ.— (Թրքական խոր բարևով) Մաղթում եմ ձեզ երկար կյանք: Եկած էի ձեզ տեսնելու և իմանալու ձեր առողջությունը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ապրում եմ ալլահի կյանքով և շնորհով։

ԻՍԽԵԼ.— (Թրքական խոր բարևով կռանում է:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Պատրաստ եմ ձեզ ծառայելու՝ իբրև հին բարեկամի։

ԻՍԽԵԼ.— Հավատում եմ ձեր անկեղծության և անկեղծ բարեկամության։ Մաքսատան հետ գործ չունենալով երկար ժամանակ է ձեզ տեսնելու երջանկությունը չեմ վայելում։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մի՞թե միայն առևտրական գործերով կարելի է հարաբերություն մշակել։

ԻՍԽԵԼ.— Խնայում եմ ձեր թանկագին ժամանակը։ Հաջի Չելեբի, գիտեմ, որ պետական բարձր ծառայությունները խեղդում են ձեզ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ես միշտ ժամանակ կունենամ իմ բարեկամների համար։

ԻՍԽԵԼ. — (Թրքական խոր բարևով) Վստահում եմ ձեր բարեկամության։ (Թրքական խոր բարևով նազիրին՝ հեռանում է: Իսխելի հեռանալուց հետո՝ նազիրը և Հաջի Չելեբին իրար աչքերի մեջ են նայում երկար և ապա սկսում են բարձր ու շնական հռհռալ:)

Ա. ԲԵՌՆԱԿԻՐ.— (Ներս մի հակով:)

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Այստե՛ղ, այստե՛ղ։

Ա. ԲԵՌՆԱԿԻՐ.— (Ձգում է հակը և դուրս:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Նազիրին) Այո, կարելի է այդպես անել, դա ավելի թեթև կլինի արհեստավորների համար, իսկ պետական գանձը ավելի կշահի։

ՆԱԶԻՐ.— Ես այսօր իսկ կստանամ դրա համար սուլթանական հրամանը։ Եթե սուլթանը հայտնե ձեզ այդ մասին՝ կասեք, իհարկե, որ ես ձեզ հետ խորհրդակցել եմ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ճշմարտությունն էլ այդպես է։

Բեռնակիրները կամաց-կամաց նավի ապրանքները բերում են և դարսում մաքսատան մեջ: Դուրսը՝ նավի վրա և նավի առաջ բազմության կա. թոկերով ապրանքներն իջեցնում են վար, աղմուկով, հարայ-հրոցներով: Հաջի Չելեբին և նազիրը, նստած աթոռների վրա՝ մաքսատան մեջտեղը, ուշի-ուշով դիտում են ներս բերված ապրանքները:

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Սկսում է ջղային զգալ իրեն, մոտենում է Հաջի Չելեբուն) Գրասենյակում շատ կարևոր գրություններ կան, տեր իմ, պետք է կարդացվեն։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Հետո։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Մի քանիսի վրա գրված է՝ «շտապ», տեր իմ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ոչինչ։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Երեկվա գրությունները դեռևս չեն ստորագրված։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Զայրացած) Շատ եք խոսում։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Հեռանում է:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Նազիրին) Իսխելը խոսած կլինի այս միամտին։

ՆԱԶԻՐ.— Երևի։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Ուզում է նավ գնալ:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Սպասեցե՛ք այստեղ, կարևոր է ձեր ներկայությունը այստեղ։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Նավի վրա գողություններ կարող են պատահել։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Նավի վրա հսկող դրել եմ ես։ Գողությունը այստեղ պետք է պատահի։ Սպասեցե՛ք այստեղ։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Մնում է աներևակայելի ջղային դրության մեջ:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Մի բեռնակրի) Դեռևս ապրանք շա՞տ կա։

ԲԵՌՆԱԿԻՐ.— Չեմ իմանում, տալիս են, հա տալիս են։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ասացեք, որ մի քիչ արագ շարժվեն։

ԲԵՌՆԱԿԻՐ.— Շատ բարի։

ՄԻ ՄԱՐԴ.— (Ներս մտնելով՝ կարգադրիչին) Մեկը ձեզ դուրսն ուզում է։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ասացեք՝ ինքը այստեղ գա։ Նա զբաղված է։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Տնից կանչած կլինեն, տեր իմ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Առանց ուշադրություն դարձնելու կարդագրիչի խոսքերին՝ կանչողին) Ասացեք՝ այստեղ գա։

ՄԱՐԴԸ.— (Դուրս:)

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ.— (Բերում է մի արկղ:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Դիր այդ արկղը այստեղ։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ.— (Դնելով արկղը ցած) Այս արկղից մի քանի հատ կա։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Բերե՛ք բոլորն այստեղ։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ (Դուրս:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Զննելով արկղը և կարդալով մակագրությանը՝ նազիրին) Դրանք են, տեր իմ։ Նախ՝ հասցեագրված են Հալետ էֆենդիին, ապա՝ փոխված է Իսխելի անվան։

ՆԱԶԻՐ.— Ուրեմն Հալե՞տն էլ խառն է գործի մեջ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Նրանք երկուսը մի մարդ են, տեր իմ։ (Բեռնակիրները բերում են հետզհետե մյուս արկղները՝ թվով երեք, և դնում են Հաջի Չելեբու և նազիրի առաջ) Էլ ապրանք կա՞։

Գ. ԲԵՌՆԱԿԻՐ.— Մի հակ մնաց, տեր իմ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Շուտ արե՛ք և վերջացրե՛ք։ (Բեռնակիրները դուրս: Նազիրին) Այնուամենայնիվ, առանց տրկղներից մեկնումեկը բանալու չենք տանի։

ՆԱԶԻՐ.— Կարիք չկա։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Կարող է պատահել, որ մեր իմաստությունն են փորձում, տեր իմ։

ՆԱԶԻՐ.— Հա՞, այդպե՞ս։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Կարող է պատահել, տեր իմ։

ՆԱԶԻՐ.— Բանալուց և ստուգելուց ոչ մի վնաս։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Այո։

Բեռնակիրները բերում են մի մեծ հակ և դարսում ես մաքսատան մեջ:

Ա. ԲԵՌՆԱԿԻՐ.— Նավը դատարկվեց, տեր իմ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Շատ լավ։ (Կարգադրիչին) Փակեցե՛ք մեծ դուռը։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Փակում է դուռը, դադրում է աղմուկը, և ամբողջ մաքսատունը մթնում:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մի մոմ վառեցե՛ք։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Վառում է մոմը:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Բացե՛ք այս արկղը։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ.— (Աքցանը առնելով՝ բաց է անում մի արկղ:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Զգույշ, արկղը չկոտրես։ (Իր ձեռքով խառնում է մեջը և դուրս բերում ոսկիներ) Ահավասիկ օսմանյան կեղծ ոսկիներ, տեր իմ։

ՆԱԶԻՐ.— Տեսնում եմ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Փակեցե՛ք արկղը, շալակեցե՛ք և հետևեցեք մեզ։

Գ. ԲԵՌՆԱԿԻՐ.— (Մեխում է արկղի կափարիչը:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Կարգադրիչին) Դուք այստեղ մնացե՛ք։ Ոչ մի ապրանք դուրս չտալ՝ մինչև իմ վերադարձը։ Լսո՞ւմ եք։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Խոնարհվելով) Թե՛ լսում եմ և թե՛ հասկանում, տեր իմ։

ՆԱԶԻՐ.— (Ոտի է կանգնում և գնում է դեպի մեծ դուռը:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Այս դռնից, տեր իմ։

Հաջի Չելեբի, նազիրը և բեռնակիրներ՝ արկղները շալակած, գնում են դուրս աջ դռնով:

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Մոմը ձեռքին՝ կանգնած տեղում մնում է մեխված և շվարած:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Ետ գալով) Ես քեզ ազատեցի մի վտանգավոր արարքից. պահի՛ր ոսկիները մոտդ և ուրիշ առթիվ ոսկիները թող չշլացնեն քեզ այդպիսի վտանգավոր խոստումներ տալու։ Երիտասարդ ես և հանդուգն, բայց այդ բոլորը անարժեք և անուժ են իմաստության առաջ։ (Դուրս:)

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Երկար կանգնելուց հետո՝ փչում է մոմը, գնում, բաց է անում մաքսատան մեծ դուռը, լուսավորում է մաքսատունը: Նավը հեռացել է քարափից, ցանցառ երթևեկ քարափի վրա:)

ՄԻ ՎԱՃԱՌԱԿԱՆ.— (Ներս մտնելով) Կարո՞ղ եմ իմ ապրանքը տանել իսկույն ևեթ։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Ո՛չ։ Վերատեսուչը պետք է վերադառնա, ապա։

ՎԱՃԱՌԱԿԱՆ.— Ա՛յ քեզ բան։ Իսկ իմ ապրանքը ուշ ստանալուս և վնաս կրելուս պատասխանատուն ո՞վ է լինելու։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Ոչ ոք։ Այդպես է վերատեսչի հրամանը։

ՎԱՃԱՌԱԿԱՆ.— Վերջապես պետք է հասկանալ խնդիրը։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Ուրիշ բաներ ունեմ մտածելու, ավելի կարևոր, քան քո գործը։ Հեռացի՛ր այստեղից։

ՎԱՃԱՌԱԿԱՆ.— Մի նեղանաք։ Ասացեք խնդրեմ, ե՞րբ է վերադառնալու վերատեսուչը, ո՞ւր է գնացել։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Չեմ իմանում։

ՎԱՃԱՌԱԿԱՆ.— (Գլուխը երերցնելով՝ դուրս:)

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Երթևեկում և ջղային դրության մեջ:)

ԻՍԽԵԼ.— (Աճապարանքով ներս) Ասացեք, ամեն ինչ ճիշտ ասացեք, միայն շուտ ասացեք. ի՞նչ պատահեց, ո՞ւր մնացին արկղները։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Վերատեսուչը և նազիրը բռնեցին ապրանքները։

ԻՍԽԵԼ.— Աղետավոր է դա, մահվան չափ ծանր է այդ լուրը։ Կորած եմ, կորած եմ, կորած եմ։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Ուրիշ ոչ մի հնար չկար։ Նրանք իմանում էին արկղների գալու մասին։

ԻՍԽԵԼ.— Հատկապես դրա համար էին եկել։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Այո, բացարձակապես դրա համար էին եկել։

ԻՍԽԵԼ.— Բացի՞ն արկղները։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Միայն մեկը,

ԻՍԽԵԼ.— Ի՞նչ գտան մեջը։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Այն, ինչ դուք ակնկալում էիք։

ԻՍԽԵԼ.— Ոսկի՞, այո՞։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Կեղծ ոսկիներ։

ԻՍԽԵԼ.— Եթե ես վստահ չլինեի քո վրա, երիտասարդ, տարբեր միջոցներ կձեռնարկեի։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Ոչ մի տարբեր միջոց չկար։ Նրանք իմացել էին արկղների գալու մասին՝ գալուց առաջ, նրանք հսկիչ էին նշանակել նավի վրա, իսկ իրենք էլ ներս եկան, քննեցին բոլոր ապրանքները և բռնեցին քո արկղները։

ԻՍԽԵԼ.— Դու հիմար ես։ Կկաշառեի նավապետին, և առանց արկղները դուրս հանելու նավից՝ ետ կտաներ։

ԿԱՐԳ՛ԱԴՐԻՉ․ — Դա կարելի էր։ (Լռություն) Իսկապես որ դա կարելի էր։

ԻՍԽԵԼ.— Քո մոտ մարդ ուղարկեցի, որ դուրս գայիր, ինչո՞ւ չեկար։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Վերատեսուչը արգելեց ինձ դուրս գալ մաքսատնից։

ԻՍԽԵԼ.— Ասացեք խնդրեմ, ո՞ւր տարան արկղները։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Այդ մասին ոչինչ չգիտեմ։

ԻՍԽԵԼ.— (Զայրացած) Կաշառակերությունն էլ իր առաքինի և բարոյական կողմերն ունի, բարեկամս, ինձանից կաշառք ես կերել և պարտավոր ես գեթ մի քիչ օրենքից և պատվերներից դուրս գալու առաքինություն ունենալ։ Ո՞ւր տարան իմ արկղներր։

ԿԱՐԳԱԴՐԻՉ․— Ճշմարիտ եմ ասում։ Ոչինչ չգիտեմ։

ԻՍԽԵԼ.— (Աչքերը չռում է կիսախելագար վիճակում և հանկարծ բղավում է) Ա՜, ապրում եմ իմ վերջին օրը, ապրում եմ իմ վերջին րոպեները։ (Վազում է դուրս:)

ՎԱՐԱԳՈՒՅՐ

ՊԱՏԿԵՐ

Դահլիճ սուլթանական սարայում

ՄԻ ԾԵՐՈՒՆԻ ՆԵՐՔԻՆԻ.— (Մի ուրիշ երիտասարդ ներքինու) Այսպես է կայսրության գործը, թագավորը չի իմանում, թե ինչ է կատարվում տերության ներքին կյանքում։ Լսում է ուրիշներից, անում է ուրիշների ձեռքով։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԵՐՔԻՆԻ.— Փաշաներն ու վեզիրներն ասում են, որ թագավորը պատանի եղած ժամանակ շատ իմաստուն է եղել։

ԾԵՐՈՒՆԻ ՆԵՐՔԻՆԻ.— Վեզիրներն ու փաշաները պոկում էին նրա պատանեկան թարմ ծաղիկները և հեքիաթներ էին հյուսում նրա իմաստության շուրջը։ Այս հեքիաթները հիմա իրականություն են դառել։ (Հեգնական ծիծաղ:)

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԵՐՔԻՆԻ.— Աշխարհի մասին շատ բան գիտես, ծերունի։

ԾԵՐՈՒՆԻ ՆԵՐՔԻՆԻ.— Աշխարհի մասին մի բան անհրաժեշտ է գիտենալ, մնացածը հեշտ է. պետք է գիտենալ, որ աշխարհը կանգնած է շողոքորթության, սուտի և փառասիրության սյուների վրա. այս իմանալուց հետո՝ ամեն բան կիմանաս և ամեն գործում կլինես իմաստուն և հաղթական։ Պետք է շողոքորթես իշխանավորներին, պետք է ստես ընկերոջդ և սողոսկես ավելի ու ավելի բարձր դիրքեր։ Փողոցային հասարակ և տգետ մարդիկ այժմ նազիր և վեզիր են մեր սարայում այս երեք առաքինություններով։ Մեր երկրորդ սենեկապետը հինգ տարի առաջ Ղալաթիայում պոռնկանոցի տեր էր, սողոսկեց մինչև արքունիքի դռները, և դու կտեսնես, որ մի օր նազիրներից մեկը կանհետանա, և սենեկապետը կդառնա նազիր։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԵՐՔԻՆԻ.— Զարմանալի է, որ այդ իմաստությամբ դեռևս ծառա ես արքունիքում։

ԾԵՐՈՒՆԻ ՆԵՐՔԻՆԻ.— Մենք սևամորթ ենք, տղաս, այս բոլորը սպիտակամորթների համար է։ Մեր պաշտոնը պետք է լինի ծառայել մեր ապուշ թագավորին և ապրել ինչքան սատանան է կամենում։ Սևամորթ... դա արդեն ինքնին բնական անեծք է։ Սևամորթը, այն երեք առաքինություններից բացի, պիտի ունենա և մի ուրիշ առաքինություն՝ դավադրել, իսկ դավադրելը կլինի միայն այն ժամանակ, երբ բոլոր սևամորթները միանան։ Այդ միությունը չկա։ Մեկ-մեկ ուզում եմ խեղդել թագավորին և մի քանի նազիրների, տապալել գահը, բայց թեկուզ սպիտակամորթ, մի հոգով ոչ մի բան ձեռք չի բերվի։ Բաժանել են մեր ցեղի մի մասը զանազան երկրներում, իսկ մնացածն էլ ապրում է Աֆրիկայում՝ կիզիչ անապատներում։ Ո՛ւհ, այնպես ցանկանում եմ դավադրել։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԵՐՔԻՆԻ․— Թագավորը, թագավորը...

ԾԵՐՈՒՆԻ ՆԵՐՔԻՆԻ.— Աղոթենք մեր թագավորի արևշատության համար։ (Երկուսն էլ խոնարհվում են:)

Մտնում են և արքունի արարողապետները:

ՍՈՒԼԹԱՆ.— Ի՞նչ լուր այսօր իմ կայսրության մայրաքաղաքի կյանքից։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Մի խումբ հարբած մարդիկ աղմկելով անցել են այս առավոտ սարայի առջևից, բարեբախտաբար օգոստափառը քնած էր ծովահայաց ննջարանում։ Ձերբակալված են աղմկողները։

ՍՈՒԼԹԱՆ.— Հրամայում եմ, որ աղմկողները իսկույն ևեթ գլխատվեն։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ․— Կկատարվի, տեր իմ։ (Խոնարհվում է:)

ՍՈՒԼԹԱՆ.— Ապա կարգագրի՛ր, արարողապետ, որ ձկնորսները առավոտները աղմուկ չբարձրացնեն ծովում, սարայի լուսամուտների տակ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Հրամայեցեք և կկատարվի իսկույն, օգոստափառ։ (Լռություն:)

ՍՈՒԼԹԱՆ.— Այսօր ի՞նչ օր է։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Կիրակի է, տեր իմ։

ՍՈՒԼԹԱՆ.— Չեմ սիրում ես կիրակի օրը։ Կիրակի օրերը ես անպայման վնաս եմ հասցնում մի իսլամի։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Թող համբերատար լինի խանը ղազին և իսլամների խալիֆան։

ՍՈՒԼԹԱՆ.— Պիղծ և անպիտան օր է կիրակին։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Քավ լիցի, որ մի որևէ իսլամ մտածի, թե խալիֆան հանցավոր կարող է լինել, բայց պետք է հաղթել, օգոստափառ, չար օրվա չար բերումներին։

ՍՈՒԼԹԱՆ.— Մարգարեի անունով երդվում եմ, որ չեմ խնայի և ամենահավատացյալ իսլամին, եթե նա գործել է իմ կայսրության շահերի դեմ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Իսլամը միայն փոքրիկ սխալներ կարող է գործել, հանցանք՝ երբեք։

ՍՈՒԼԹԱՆ.— Լսի՛ր։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Լսում է միակ արքայի միակ ստրուկը, խանը ղազի։

ՍՈՒԼԹԱՆ.— Քո լեզուն շատ է բլբլում։ Կկտրեմ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Ինչպես որ իմ տիրոջ կամքը կցանկանա իր ստրուկի համար։ (Խոնարհվում է. լռություն:)

ՍՈՒԼԹԱՆ.— Գտի՛ր ինձ համար մի վրացի հարճ։ Դուր են գալիս ինձ այդ սևաչյա վրացուհիները։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Պատրաստ է նա մարգարեի հաջորդի համար։

ՍՈՒԼԹԱՆ.— Այսօր ևեթ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Պատրաստ է, տեր իմ։

ՍՈՒԼԹԱՆ.— Չեմ ցանկանում կամազուրկներին։ Կամազուրկները ինձ ձանձրացնում են։ Ուզում եմ դժվարահաճներին, հասկանո՞ւմ ես։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Լսում է արքայի ստրուկը և կկատարի նրա փոքրագույն կամքը։ (Լռություն:)

ՍՈՒԼԹԱՆ.— Ի՞նչ լուրեր են պտտվում թագաժառանգի հիվանդության մասին։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Աղոթում է ժողովուրդը նրա երկարակեցության համար։

ՍՈՒԼԹԱՆ.— Թագաժառանգի հիվանդության առթիվ մորթել տուր 500 ոչխար և բաժանել տուր աղքատներին, առանց կրոնի և ցեղի խտրության, 5 000 օխա հացով։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Կկատարվի փադիշահի հրամանը։ Բայց թող ների փադիշահը իր ամենախոնարհ ստրուկին, անհավատները իսլամի մատաղը չեն ուտի։

ՍՈՒԼԹԱՆ.— Ուտեն կամ չուտեն՝ մեկ է, բաժանել տուր, առանց ցեղի և կրոնի խտրության։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Կկատարվի փադիշահի հրամանը։

Ա. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Ներս մտնելով) Ելևմտից նազիրը և մաքսատան վերատեսուչը խնդրում են նորին օգոստափառ սուլթանից ունկնդրություն կայսերական շատ կարևոր և անհետաձգելի գործի համար։

ՍՈՒԼԹԱՆ.— Ելևմտից նազիրը և մաքսատան վերատեսո՞ւչը։

Ա. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Այո, փադիշահ, ելևմտից նազիրը և մաքսատան վերատեսուչը։

ՍՈՒԼԹԱՆ.— Երևի մի մաքսանենգություն կա։ Հ՛ը, կատաղում եմ ես մաքսանենգների դեմ։ Չասացի՞ն, թե ինչու՞ համար են ունկնդրություն խնդրում։

Ա. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Ոչ, փադիշահ, ասացին՝ կայսրության շատ կարևոր գործի համար։

ՍՈՒԼԹԱՆ.— Հրամայում եմ նրանց իմ ներկայության։

Ա. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Դուրս:)

ՍՈՒԼԹԱՆ.— Արարողապե՛տ, կատարի՛ր իմ պատվերները։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— (Խոնարհվելով քաշվում է դուրս:)

(Ներս են մտնում ելևմտից նազիրը, Հաջի Չելեբին և երեք խափշիկ ներքինիներ՝ արկղներ շայակած:)

ՍՈՒԼԹԱՆ.— Նվերներ եք բերել և ասում եք՝ կայսրության շատ կարևոր գործով ունկնդրությո՞ւն եք խնդրում։

ՆԱԶԻՐ.— Երանի թե նվերների համար մենք անհանգստություն ցանկանայինք նորին կայսերական վեհափառության։

ՍՈՒԼԹԱՆ.— Ապա ի՞նչ արկղներ են դրանք։

ՆԱԶԻՐ.— Օսմանյան կեղծ ոսկիներ՝ կտրված արտասահմանում և բերված այստեղ այսօրվա նավով։

ՍՈՒԼԹԱՆ.— Երեք արկղ ոսկի և կե՞ղծ։

ՆԱԶԻՐ.— Այո, տեր իմ։

ՍՈՒԼԹԱՆ.— Ո՛ւհ, զայրացնում են ինձ այս եվրոպացիները։ Կամաց-կամաց նրանք իրենց քթերը խոթում են և մեր գանձի մեջ։ Պետք է արգելել եվրոպացիների մուտքը օսմանյան կայսրության բոլոր սահմանների վրա։

ՆԱԶԻՐ.— Եվրոպացիներ չեն, դժբախտաբար։

ՍՈՒԼԹԱՆ.— Ապա՞։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Եվրոպացիների համար արքայի սուրը կտրուկ է, օգոստափառ, մեր երկրի հավատարիմներն են նորին վեհափառության կայսրության դավաճանները։

ՍՈՒԼԹԱՆ.— Չեմ հասկանում։ Ուզում եք ասել, որ իմ կայսրության հպատակնե՞րն են արել այս բանը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Դժբախտաբար, այո, փադիշահ։

ՍՈՒԼԹԱՆ.— Ովքե՞ր են այդ սրիկաները։

ՆԱԶԻՐ.— Օսմանյան կայսրության հավատարիմ ծառաներ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Սկսում է արկղներբ բանալ) Բանանք արկղները, և թող իր աչքովը տեսնի օսմանյան կայսրության վեհապետը։ (Բաց է անում արկղները:)

ՍՈՒԼԹԱՆ.— (Կեղծ ոսկիները տեսնելուց հետո) Ո՞վքեր են այս սրիկաները, ասացե՛ք։

ՆԱԶԻՐ.— Երկու հոգի են, օգոստափառ, մեկը՝ իսլամ, մյուսը՝ անհավատ։

ՍՈՒԼԹԱՆ.— Վերջապես ովքե՞ր են։

ՆԱԶԻՐ.— Հալետ էֆենդին և Իսխելը։

ՍՈՒԼԹԱՆ.— (Կատաղությունից երթևեկում է:)

ՆԱԶԻՐ.— Երկուսն էլ հավասար հանցավորներ, տեր իմ։

ՍՈՒԼԹԱՆ.— Ինչպե՞ս եք հաստատում, որ նրանք են։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Պոստատանը բռնված էր մի նամակ Հալետի ստորագրությամբ, որի մեջ գրում է Հալետը արտասահման՝ ուղարկել ոսկիները ոչ թե իր անունով, այլ Իսխելի անունով։ Այսօրվա նավից դուրս բերված ապրանքների մեջ նազիրի հետ միասին բռնեցինք այս արկղները, և ինչպես տեսնում եք, նախ գրված է Հալետի անունով և ապա փոխված է Իսխելի անվան։ Ոսկիները կտրված են Վիեննայում։ Հալետի նամակի՝ պոստատան նազիրի ձեռքով վավերացված պատճենը կա։ Ահավասիկ, օգոստափառ, այդ նամակը, կարող եք տեսնել անձամբ (նամակը երկարում է սուլթանին):

ՍՈՒԼԹԱՆ.— (Նամակը խլելով՝ արագ կարդում է և ձգում գետնին) Հավատում եմ այս սրիկայության։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Առնում է գետնից նամակը և դնում ծոցը:)

ՍՈՒԼԹԱՆ.— (Ներքինուն) Կանչի՛ր այստեղ առաջին սենեկապետին։

ՆԵՐՔԻՆԻ.— (Խոնարհվելով՝ քաշվում է դուրս:)

ՍՈՒԼԹԱՆ.— Պիտի պատժել այդ դավաճաններին։

ՆԱԶԻՐ.— Պիտի պատժել, տեր իմ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Համաձայն օսմանյան արդարության։

Մտնում են Ա. Սենեկապետը և ներքինին:

Ա. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Թող հրամայի փադիշահը:

ՍՈՒԼԹԱՆ.— Կանչի՛ր այստեղ մեծ վեզիրին։

Ա. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Խոնարհելով՝ քաշվում է:)

ՍՈՒԼԹԱՆ.— Այս մաքսանենգներից ո՞վ է ամենածանր հանցավորը, նազիր։

ՆԱԶԻՐ.— Հավասար հանցավոր են երկուսն էլ, փադիշահ:

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Աններելի հանցավորներ։

ՍՈՒԼԹԱՆ.— Կպատժեմ երկուսին էլ։ Մաքսանենգները գոյություն չպետք է ունենան իմ կայսրության մեջ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Զարմանալի է, որ հավատացյալները միշտ մի անհավատ բարեկամ կունենան մաքսանենգության գործում, (մի պահ լռությունից հետո) դրանից է, որ անհավատները քաջալերվում են հավատացյալներից պետական խարդախության մեջ:

ՆԱԶԻՐ.— Խարդախության մեջ հավատացյալները անճարակ են։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ինձ թվում է։

ՍՈՒԼԹԱՆ.— Խաբվող հավատացյալը ավելի հանցավոր է։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Դժվար է, վեհափառ տեր, որոշել չափերը:

ՆԱԶԻՐ.— Մեկը լրացնում է մյուսը։

ՍՈՒԼԹԱՆ.— Երկուսն էլ հանցավորներ են։ Կպատժեմ երկուսին էլ՝ գերագույն պատիժը, որ մարդկային արարածին կարող եմ հասցնել:

ՆԱԶԻՐ.— Մահվան պատիժ, տեր իմ:

ՍՈՒԼԹԱՆ.— Մի՞թե չհասկացաք իմ միտքը:

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Շփում է միրուքը և խորը ժպտում:)

ՆԵՐՔԻՆԻ.— Մեծ վեզիրը։ (Բաց է անում վարագույրը:)

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— (Ներս մտնելով) Հույս ունեմ, փադիշահ, այսպես աճապարանքով որ կանչել եք, մի մեծ ուրախության համար կլինի։

ՍՈՒԼԹԱՆ.— Այո, պիտի վայելես մի մեծ և դաժան ուրախություն։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— (Դժգունում է:)

ՍՈՒԼԹԱՆ.— Մեծ վիշտ է կայսրության դեմ դավաճաններ գտնելը, բայց գտնելուց հետո նրանց պատժելը ուրախություն է, մեծ վեզիր։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Մի՞թե նորին վեհափառության կայսրության դեմ դավաճաններ կան (նայում է Հաջի Չելեբուն, կարծելով, որ խնդիրը դառնում է նրա շուրջը):

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Խորը ժպտում է:)

ՍՈՒԼԹԱՆ.— Այո, կան զզվելի դավաճաններ։ Տե՛ս այդ արկղները։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— (Քննելով արկղները) Օսմանյան կեղծ ոսկիներ: Մայրաքաղաքո՞ւմն են կտրված արդյոք։

ՆԱԶԻՐ.— Արտասահմանում։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Այստեղ հասած է ուրեմն մաքսատան միջոցով։ (Էլի նայում է Հաջի Չելեբուն՝ հաստատ համոզված լինելով, որ Հաջի Չելեբին է բռնված այդ գործում) Միայն անհավատները կարող են այսպիսի խորամանկություն փորձել, տեր իմ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Շփելով միրուքը՝ խորը ժպտում է:)

ՍՈՒԼԹԱՆ.— Կան և անհավատ իսլամներ։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Պիտի խստիվ պատժել։

ՍՈՒԼԹԱՆ.— Մահվան պատիժ եմ սահմանում։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— (Նայելով Հաջի Չելեբուն) Թող կտրուկ լինի սուլթանի խոսքը և սուրը։

ՍՈՒԼԹԱՆ.— Բայց անհավատի հետ խառն է և մի հավատացյալ:

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Թող խալիֆան ների հավատացյալին։

ՍՈՒԼԹԱՆ.— Ոչ։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Փադիշահ...

ՍՈՒԼԹԱՆ.— Կարգադրիր, որ անմիջապես ձերբակալեն Հալետին և Իսխելին ու բերեն պալատ։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Փադիշահ...

ՍՈՒԼԹԱՆ.— Ոչ մի ավելորդ խոսք։ Կարգադրի՛ր նաև, որ ամբողջ ավագանին ներկայանա պալատ։ Աճապարի՛ր։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— (Խոնարհվելով՝ քաշվում է դուրս:)

ՍՈՒԼԹԱՆ.— Սրիկանե՛ր։ (Ներքինուն) Կանչիր այստեղ սենեկապետին:

ՆԵՐՔԻՆԻ.— (Խոնարհվելով՝ քաշվում է դուրս:)

ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Ներս:)

ՍՈՒԼԹԱՆ.— Ուղարկիր այս արկղները արքունի փողերանոց։

ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Դուրս և անմիջապես ներս: Նրա հետ մտնում են երեք ներքինի և տանում են արկղները: Սենեկապետն էլ դուրս:)

ՍՈՒԼԹԱՆ.— Շուտ պետք է կատարվեն այս բոլորը, որպեսզի կատաղությունս հագենա։

ՆԱԶԻՐ.— Հանգստացեք, խանը ղազի, ամեն ինչ կկատարվի ձեր կամքի և հաճույքի համաձայն։

ՍՈՒԼԹԱՆ.— Ցանկանում եմ, որ շուտ կատարվի։

ՆԱԶԻՐ.— Այնքան շուտ, որքան մարդը կարող է։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Խոնարհվելով) Թող թույլ տա ինձ իմ թագավորը հեռանալու պալատից։

ՍՈՒԼԹԱՆ.— Ո՛չ, դու պետք է մնաս այստեղ և տեսնես քո հավատարմության պսակը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Թող ների ինձ կայսրը, իմ հոգին տկար է արյուն տեսնելու համար։

ՍՈՒԼԹԱՆ.— Մի՛ միջամտի, չեմ կարող պատիժը մեղմացնել։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Քավ լիցի, տեր իմ, որ ես միջամտեմ կայսեր և կայսրության գործերին, միայն խնայեցեք ինձ արյան տեսարանը։

ՍՈՒԼԹԱՆ.— Կայսրության ծառան պետք է տոկա արդարության համար գործված ոճրին։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Թող ների ինձ իմ կայսրը:

ՍՈՒԼԹԱՆ.— Մնացի՛ր այստեղ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Քաշվում է մի կողմ և միրուքը շփելով՝ արտահայտում է անհուն բավականություն:)

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— (Ներս) Մի քանի րոպեից այստեղ կլինեն ձերբակալվածները։

ՍՈՒԼԹԱՆ.— Ասացեք՝ կայսրության դավաճանները։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Կայսրության դավաճանները, տեր իմ։

ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Ներս) Ամբողջ ավագանին այս րոպեիս կլինի փադիշահի ներկայության։

ՍՈՒԼԹԱՆ.— Ի՞նչ վիճակի մեջ է պալատը։

ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Կես-գիշերվա խոր և խաղաղ քնի մեջ է, տեր արքա։

ՍՈՒԼԹԱՆ.— Հսկի՛ր, որ աղմուկ չբարձրանա և չխռովի պալատի անդորրությունը։

ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Խոնարհվելով՝ քաշվում է դուրս:)

ՍՈՒԼԹԱՆ.— Ի՞նչ վիճակի մեջ է մայրաքաղաքը։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Խաղաղություն և հանգստություն, տեր արքա։

ՍՈՒԼԹԱՆ.— Կեսգիշերին միայն ես եմ անհանգիստ այս դավաճանների ձեռքում։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Ծանր է կայսրության բեռը, խանը ղազի։

ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Բանալով վարագույրը) Ավագանին, փադիշահ։

Ներս են մտնում նազիրներ և պալատականներ, խոնարհվում են և տեսնելով սուլթանին գազազած վիճակի մեջ՝ սկսում են ինչ-որ փսփսալ:

ՍՈՒԼԹԱՆ.— Ո՞ւր են հանցավորները, մեծ վեզիր, եթե փախչե՞ն։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Շուտով կլինեն նորին վեհափառության ներկայության։

ՍՈՒԼԹԱՆ.— Շուտ, կատաղությունս կարող է ավելի աղետավոր դառնալ իմ կայսրության համար։

ՆԱԶԻՐ.— Համբերեցեք, վեհապետ։

ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Ներս) Կալանավորները, տեր արքա։

Մտնում են Հալետ և Իսխել:

ԻՍԽԵԼ.— (Ներս մտնելուն պես՝ փռվում է սուլթանի ոտները) Իմ անունը միայն գործածված է, ես ոչ մի բաժին և շահ չունեմ ոսկիների մեջ:

ՍՈԻԼԹԱՆ.— Հեռացրե՛ք պետության այս դավաճանին իմ ոտներից։ Օձի պես է փաթաթվում։

ԻՍԽԵԼ.— Գթացեք, օգոստափառ։

ՀԱԼԵՏ.— (Բոլորովին լուռ է և արհամարհական:)

ՍՈԻԼԹԱՆ.— Սրանք դավաճանել են իմ կայսրության դեմ՝ օտար երկրներից փոխադրելով օսմանյան կեղծ ոսկիներ։ Սենեկապետ, կանչի՛ր արքունի դահճապետին։

ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Խոնարհվելով՝ քաշվում է:)

ՍՈՒԼԹԱՆ.— Ես իմանում էի, որ անհավատները կարող էին դավաճանել, բայց չէի իմանում, որ նրանց աջակից կարող է լինել և մի իսլամ։ Կպատժեմ ես այս դավաճաններին։

Ավագանին հուզվում է:

ԻՍԽԵԼ.— Գթացեք ինձ։

(Ներս է մտնում դահճապետը մի ահռելի բեղով և ոսկրոտ մարդ, դանակներով զինված և մի դանակ էլ խածած առաջի ատամներով):

ԴԱՀՃԱՊԵՏ.— (Բարևում է) Կտրուկ է խանը ղազիի սուրը։

ՍՈՒԼԹԱՆ.— Իսկույն ևեթ կտրիր կայսրության այս դավաճանների գլուխները։


ԴԱՀՃԱՊԵՏ.— (Անգութ համարձակությամբ բռնում է Հալետի և Իսխելի վզակոթերից և հրում է դեպի դուրս:)

ԻՍԽԵԼ.— (Գնալիս) Եհովա, Եհովա, Եհովա...

(Ավազանին հուզվում է ու շփոթվում)

ՍՈՒԼԹԱՆ.— Գիշերվա ո՞ր ժամն է։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Կեսգիշերը վաղուց անցել է, տեր արքա։

ՍՈՒԼԹԱՆ.— Ողջ աշխարհը վաղուց քնած է, իսկ այս սրիկաները վրդովում են իմ գիշերը։ Արարողապետ, ննջարան ուղարկիր վրացուհուն։ Գնա՛նք։ (Գնում է, նրա ետևից մեկ-մեկ գնում են՝ մեծ վեզիրից սկսած բոլորը):

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Մնում է մենակ, կանգնում դահլիճի մեջտեղում, շփում է միրուքը և ցինիկորեն հռհռում:)