Նվեր «Դև» պոեմային

Միխայիլ Լերմոնտով

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի


Նվեր «Դև» պոեմային


Քեզ, ո՛վ Կովկաս, դաժան արքա մայր-երկրի,
Քե՛զ եմ նորից անհոգ երգըս նվիրում.
Օրհնի՛ր նորան, իբր հարազատ զավակի,
Տո՛ւր հովանի քո ձյունազարդ լեռներում.
Անկասելի բախտը վաղուց իմ հոգին
Շըղթայել է քեզ հետ անվերջ ցընորքով.
Ցուրտ հյուսիսում՝ քեզ խորթ, օտար բընավին՝
Քո՛նն եմ, Կովկա՛ս, ես միշտ սըրտով ու մըտքով։

Մանուկ օրից իմ թույլ, երկչոտ քայլերով
Ճըգնում էի ելնել հըպարտ քո ժայռեր,
Որ պատած են գորշ, միգագույն չալմայով,
Որպես ղորան երկրպագող մերկ գլուխներ.
Այնտեղ հըզոր արծիվներ են գիշերում,
Այնտեղ ազատ միշտ սուրում է պաղ քամին,
Այնտեղ էի ես կարոտով սըլանում,
Սըրտով նոցա ընկեր էի օդային։

Անցան ծանր շա՜տ տարիներ այդ օրից,
Դու ինձ նորից տեսար ժայռոտ քո գըրկում.
Եվ քո ողջույնն աքսորյալիս հյուսիսից՝
Քա՜ղցր էր, որպես երբեմն մանուկ հասակում.
Եվ նա վանեց սըրտիս խորքից տառապանք,
Հոգիս լըսեց մըտերմության արձագանք.
Եվ ա՛յժմ էլ, կիսախավար այս երկրում
Քո մասին եմ ես միշտ երգում ու խորհում։