բնագիր
Շատ մարդ կ՚օսէ՝ յիս եարիմէն հասրաթ իմ

Շատ մարդ կ՚օսէ՝ յիս եարիմէն հասրաթ իմ՝
Լէյլի-Մէջլումն էլ չէ էլի էս հալով.
Մարդ պիտի համաշա բերանըդ տընդղէ.
Խօսք իս ասում առակաւուր-մասալով:

Լիզուդ քաղցըր ունիս՝ շաքար ու շարթին.
Մազիրըդ ռեհան է՝ փաթըթած վարդին,
Քի զարդարած տեսնիմ հիդ ծաղկազարդին՝
Հագիլ ըլիս զար-զարբաբըն՝ խաս ալով:

Եա՛ ինձի կորցըրէք, եա՛ մէ բան արէք,
Խըփե՛ցէք, մէ տիղըս մէ նըշա՛ն արէք,
Թէգուզ էստու համա քարա՛սպան արէք՝
Չիմ կըշտանում գօզալի հիդ խօսալով:

Աջաբ վո՞ւնց դիմանամ յիս էսչափ դարին,
Աչքէմէս արտասունք դուս գուքայ արին,
Օրըն իր շաբաթով կարօտ իմ եարին,
Վունցոր ղարիբ բըլբուլ՝ վարդին տիսալով:

Խիլքըս տարաւ՝ ջադուքարին չի՛մ տեսի.
Բէմուրվաթին, բէիղրարին չի՛մ տեսի.
Սայաթ-Նովէն ասաց՝ եարին չի՛մ տեսի.
Ման իմ գալի՝ արտասունքըս հուսալով:


Ղափիա, էսպէս լաւ վարսաղ. Արութինի ասած մէ սիրունի վրայ:

թարգմանություն
Շատ մարդ կասե՝ ես իմ յարին կարոտ եմ

Շատ մարդ կասե՝ ես իմ յարին կարոտ եմ՝
Լեյլի-Մեջլումն էլ չեն եղել էս հալով.
Մարդ պիտի շարունակ բերանդ տնտղի.
Խոսք ես ասում առակներով-ակնարկով:

Քաղցր լեզու ունես՝ շաքար ու շարթին[1].
Մազերդ ռեհան են՝ փաթաթված վարդին,
Քեզ զարդարված տեսնեմ ես ծաղկազարդին՝
Հագած լինես մետաքս՝ կարմիր կերպասով:

Կա՛մ ինձի կորցրեք, կա՛մ մի բան արեք,
Խփե՛ցեք, մի տեղս մի նշա՛ն արեք,
Թեկուզ սրա համար քարա՛սպան արեք՝
Չեմ կշտանում գոզալի հետ խոսելով:

Արդյոք ո՞նց դիմանամ ես էսչափ ցավին,
Աչքիցս հոսում է արտասուք-արին,
Օրն իր շաբաթով կարոտ իմ յարին,
Ոնց որ խեղճ բլբուլը՝ վարդին տեսնելուն[2]:

Խելքս տարավ՝ ես իմ փերուն չե՛մ տեսել.
Անգութին ու ուխտազանցին չե՛մ տեսել.
Սայաթ-Նովեն ասաց՝ յարին չե՛մ տեսել.
Ման եմ գալիս՝ արտասուքս հոսելով:


  1. շարթին – անհալ մեղր
  2. Բնագրի «տիսալովը» բռնազբոսիկ բառ է, որ հանգի համար օգտագործել է Բանաստեղծը: Այդպիսին է նաև վերջին «հուսալով» բառը:
    Ձեռագիր դավթարում 3-րդ տանը հաջորդում է մի անավարտ քառյակ ջնջված հեղինակի կողմից:
    Ահլի թաքավուր իս, յաղութ ալմաս իս,
    Մին արզուհալ ունիմ, աջապ ինչ կոսիս,
    Գուզիմ թե դռանըտ ծառայ դառնամ յիս,
    Չուն դիդարետ...