Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Անուղղակի խնդիրներ

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Անուղղակի խնդիրներ
Անուղղակի խնդիրներ

Սրանք ցույց են տալիս բայի հետ կապվող այնպիսի առարկաներ (կամ որպես այդպիսիք), որոնք չեն դառնում գործողության կրողը, օբյեկտր, այլ անուղղակիորեն են լրացնում նրան՝ հակադրվելով ուղիղ խնդրին (տե՛ս 4 կետերը)։ Անուղղակի խնդիրների բայ-ստորոգյալները չեզոք և կրավորական սեռի են, բայց դա չի նշանակում, թե ներգործական սեռի բայերից «օտարացված են» նրանք։ Ո՛չ։ Ներգործական (նաև պատճառական) սեռի բայերը, ճիշտ է, քերականորեն պահանջում են ուղիղ խնդիրներ, սակայն նույն նախադասության մեջ միանգամայն հնարավոր է նաև անուղղակի խնդիրների առկայությունը։ Ըստ իրենց բնույթի՝ իմաստային-շարահյուսական գործառույթի, անուղղակի խնդիրները լինում են՝

ա) Հանգման. դրվում է տրականով և ցույց տալիս այն առարկան, որին հանդում է ենթակայի գործողությունը։ Հանգման անուղղակի խնդիր են առնում մի շարք բայեր, ինչպես հպվել, դիպչել, հանգել, ձուլվել, մոտենալ, ուղղվել, նշան բռնել, հենել, կռթնել, թիկն տալ, իջնել և այլն։ Օրինակներ՝ Նա հանգեց այդ մտքին: Հարցն ուղղված է դիրեկտորին: Ես նրան դիմեցի մի հարցով։ Հաղթողին առաջարկեցին ևս մեկ խնդիր։

Հանգման խնդիրը կարող է արտահայտվել նաև կապերի (դեմ, ընդդեմ, վրա և այլն) և կապվող բառերի միջոցով։ Օրինակ՝ Սվիններն ուղղված էին թշնամիների դեմ: Շունը հաչում է անցորդի վրա:

բ) Մատուցման[1]. սա ևս դրվում է տրականով և ցույց տալիս այն առարկան՝ անձը, որին մի բան է տրվում, մատուցվում, հանձնվում։ Օրինակներ՝ Արամը ծաղկեփունջը տվեց քրոջը: Ես նրան նվիրեցի մի սքանչելի նկար։ Վիրավորվածին հանձնվեց իր տոմսը:

գ) Անջատման. դրվում է բացառական հոլովով և լիովին հակադրվում է հանգման խնդրին: Ցույց է տայիս այն առարկան, որից հեռանում, անջատվում է մի որևէ առարկա։ Օրինակներ՝ Տղաներից անջատվեցին աղջիկները։ Քեզնից հեռացա՞վ քույրդ։ Ումի՞ց ես խուսափում։

Անջատման խնդիր են առնում սովորաբար բաժանվել, հեռանալ, առանձնացնել, մեկուսանալ, փախչել, պոկվել, խուսափել, խուսանավել, ջոկել, քաշվել, շորթել, փախցնել, գանձել և նման շատ բայեր։

դ) Միջոցի, դրվում է գործիականով և ցույց է տալիս այն առարկան, որի միջոցով կատարվում է գործողությունը։ Օրինակներ՝ Ուսուցիչը հպարտանում է լավ աշակերտով: Ջուրն արյամբ չեն լվանա (ժող)։ Տիգրանը ինչո՞վ կտրեց մատը։ Դիրեկտորը նրա միջոցով ստացավ այս սարքավորումները։

Ինչպես օրինակներն են ցույց տալիս, միջոցի խնդիրները կարող են լինել և՛ ներգործական, և՛ կրավորական, և՛ չեզոք սեռի բայերի լրացումներ։ Ըստ այդմ էլ՝ մի դեպքում (ներգործական սեռ, ուղիղ խնդիր) մենք գործ ունենք խնդրառության, իսկ մյուս դեպքում առդրական կապակցության միջոցի հետ։ Օրինակ՝ Աշակերտն իր ձեոքի կավիճով գրատախտակին գրեց խնդիրն ու հեշտությամբ լուծեց: Այստեղ խնդիր բառը ներգործական սեռի բայի կրող առարկան է, մինչդեռ կավիճով, գրատախտակին, հեշտությամբ բառերը՝ միջոցի անուղղակի խնդիր, տեղի ու ձևի պարագաներ են։

ե) Ներգործող. ցույց է տալիս այն առարկան, որի կողմից, ներգործմամբ կամ ազդեցությամբ կատարվում է գործողությունը։ Ի տարբերություն ներգործական սեռի բայերի կրող խնդրի, կրավորականի խնդիրը կոչվում է ներգործող՝ դրվելով հիմնականում բացառական ու գործիական հոլովներով։ Օրինակներ՝ Վ. Համբարձումյանը բարձր է գնահատվում իր ժողովրդի կողմից: Ուսուցիչը հարգվում է աշակերտներից: Գետինը ծածկվեց ձյան հաստ շերտով: «Ներկվեցին փողոց ու գործարաններ ձեր տաք արյունով» (Հ. Հակոբյան)։

Ներգործող անուղղակի խնդիրներն իրենց «բնույթի»՝ իմաստի շնորհիվ կարող են դառնալ նաև չեզոք սեռի (կամ կրավորաձև չեզոք) բայերի լրացումը՝ Երեխան քաշվում է իր հորից: Աշակերտը ամաչում է ուսուցչից:

գ) Վերաբերության. ցույց է տալիս այն առարկան, որի մասին խոսվում է։ Դրվում է բացառական հոլովով (կամ սեռական ու կապի միջոցով)։ Օրինակներ՝ Աշակերտները խոսում էին կինոյից: Ծերունիները պատմում են պատերազմից: Բոլորը հարգանքով են արտահայտվում Արամի մասին: Կատարվածի վերաբերյալ հայտնեցինք դիրեկտորին։

Դժվար չէ նկատել, որ այդպիսի բայերը ասացական-իմացական, դատողական-մտածողական բնույթի (ասել, հայտնել, բամբասել, մտածել, դատել, խոսել, լսել, պատմել, կարծիք հայտնել, նշել, ընդգծել, կանգ առնել...) բայեր են, որոնք, սակայն, հավասարապես կարող են պահանջել նաև գործողության ուղղակի՝ կրող առարկա։ Օր՝ նա պատմում է ի՞նչ (ուղիղ խնդիր), ինչի՞ մասին (վերաբ. ան. խնդ.)։ Տղան հայտնեց լուրը և՝ Տղան հայտնեց կատարվածի մասին:

Այսուհանդերձ, սրանք տարբերակվում են կոնկրետ խոսքում (օր.՝ զրուցել, բամբասել, խորհրդակցել, խոսել, մտածել, դատել և ուրիշ բայեր հիմնականում վերաբերության խնդիր են առնում, քան ուղիղ)։

Ցուցական մի քանի դերանուններ վերաբերական հարաբերություն ցույց տվող որոշ կապերի հետ կատարում են վերաբերության անոլղղակի խնդրի պաշտոն։ Օրինակներ` Այդ մասին շատ է խոսվել։ Այս առումով շատ զրուցեցինք։ Այս կապակցությամբ դեռ պիտի մտածեք։

  1. Մատուցման անուղղակի խնդիրը սովորաբար գնահատվում է որպես հանգման անուղղակի խնդրի մի այլ դրսևորում: Լայն առումով վերցրած՝ դա ճիշտ է: