Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Բառակապակցություն

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Բառակապակցություն
ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆ[1]

Հայտնի է, որ բառերով են ստեղծվում կապակցությունները։ Սրանք երկու և ավելի բառերից կազմված միացություններ են, որոնց մեջ մտնող բառերն իրար նկատմամբ ունենում են շարահյուսական ուժեղ և թույլ աննշան հարաբերություններ։ Հանրահայտ ճշմարտություն է, որ բառերն իրենց իմաստային զարգացման հետագա շրջանում, բառօգտագործման հաճախականության, իմաստային նոր երանգներ ձեռքբերելու հետևանքով ունենում են զանազան գործառույթներ. խամրում-մահանում են նրանց նախկին իմաստները՝ տալով նույնիսկ լեզվական-քերականական այլ որակներ։ Այս առումով էլ բառակապակցությունները, նայած կազմիչ անդամների շարահյուսական-նյութական ուժեղ և չափազանց թույլ կապին, բաժանվում են երկու խմբի՝ շարահյուսական[2] և ոճական-դարձվածաբանական: Ինչ խոսք, այստեղ մեզ հետաքրքրողն առաջին խումբն է։ Բառակապակցությունը միջին օղակ է բառի և նախադասության միջև։ Նա բառ չէ, քանի որ կազմված է երկու և ավելի բառերից։ Մոտ է բառին, քանի որ բառակապակցությունը կարող է նաև մեկ հասկացություն արտահայտել։ Նախադասություն չէ, քանի որ ստորոգում չունի, բայց մոտ է նախադասությանը, որովհետև նախադասությունը հիմնականում ստորոգում ունեցող յուրահատուկ բաոակապակցություն է, մանավանդ որ բառակապակցությունները ևս կարող են խոսքում անկախ գործածություն ունենալ և նախադասություն դիտվել՝ խոսքային ոլորտի ու հնչերանգային ավարտվածության շնորհիվ։ Շարահյուսական բառակապակցությունները դրսևորվում են կազմիչ անդամների սերտ, քերականական ընդգծված կապով, լրացյալ-լրացման անքակտելի միասնությամբ։ Այս առումով էլ այդ կապակցություննեը լինում են՝

ա) որոշիչ-որոշյալի (կարմիր մեխակ, հերոսական պայքար, հազար հոգի, երկրորդ դասարան, այդպիսի մարդ, խմելու ջուր, քայլող երեխա, թամբած նժույգ, հանկարծակի հայտնություն, ոտքի վրա որոշում).

բ) հակացուցչ-հատկացյալի (Վարդանի զորքը, ծառի ճյուղը, իմ եղբայրը, վաստակածի չափը).

գ) խնդիր-բայի (Արամին հանդիպած, ընկերոջը տալ, սիրել եմ մորս, հեռացա նրանից, գրում եմ մատիտով, խոսում եմ պատերազմից...).

դ) պարագա-բայի (գնալ տուն, վերադառնալ զգուշորեն, չափազանց շատ աշխատել, արդեն գնացած, հիվանդության պատճառով բացակայող...):

Ուրեմն՝ բառակապակցություններ կարող են կազմել նախ և առաջ գոյականն ու բայը (դիմավոր և անդեմ), ապա նաև ածականը, մակբայը, ինչպես նաև եզակի դեպքերում՝ թվականն ու որոշ դերանուններ։ Գոյականի և բայի ստեղծած կապակցությունները ակնբախորեն պարզ ու հասկանալի են, մյուս նյութական խոսքի մասերինը՝ ոչ այնքան, ինչպես՝ շատ սիրելի, միշտ պարտաճանաչ, եզակիորեն ազնիվ, վերին աստիճանի միամիտ, այսքան տգեղ, այսպիսի ճերմակ:

Հարկ է նշել, որ այս լրացումները (արտահայտված մակբայով, դերանվամբ) ածականի դրսևորած հատկանիշի աստիճանն են ցույց տալիս, սակայն իրենց լրացյալի հետ սովորաբար արժեքավորվում են որպես մեկ շարահյուսական միավոր՝ որոշիչ (այսքան տգեղ կենդանի վերին աստիճանի միամիտ մարդ, թեև դրանք աստիճանի պարագա կոչելը հավասարապես ճիշտ է։

Ասացինք, որ մյուս նյութական խոսքի մասերին պատկանող բառերն էլ կարող են լրացում ընդունել՝ առավել կամ պակաս չափով: Օրինակ՝ մակբայը ևս կարոող է լրացում ընդունել (շատ վաղուց, վաղ առավոտյան, ուշ գարնանը…): Ինչպես նկատում ենք, մակբայն ինքն է իր լրացումը դառնում, այն էլ՝ սակավ դեպքերում։ Ընդ որում, այստեղ ևս դրանք նախադասության մեկ անդամ են համարվում (Շատ վաղուց է եկել), թեև կարելի է նաև շարահյուսորեն արժեքավորել առանձին-առանձին։ Մակբայը կարող է ունենալ նաև դերանուն լրացում (ինչքան արագ, որքան հեշտ, այնպես սրընթաց, որչափ դանդաղ). դժվար չէ նկատել, որ այդ մակբայական դերանունները չափ ու քանակի և ձևի յուրահատուկ պարագաներ են, որոնք նախապես բայի լրացումներ են եղել, սակայն, բայի կրճատման կամ սղման հետևանքով մնացել են որպես մակբայի լրացումներ (Որքան արագ է քայլում, այդքան արագ քայլվածք…): Ինչ խոսք, եթե մակբայ է, ապա հատկանիշի հատկանիշ ցույց տալով՝ կարող է և իր լրացումն ունենալ։ Նույնիսկ բացառականով դրված որոշ բառեր ևս կարող են մակբայի լրացում դառնալ (Նա քամուց արագ էր սուրում: Քեզնից դանդաղ է աշխատում), երբեմն էլ՝ կապերի զուգորդմամբ (չափից դուրս սրընթաց, պատկերացումից վեր արագընթաց):

Կան ածականներ, որոնք յուրահատուկ լրացումներ են ընդունում: Այդ լրացումր ցույց է տալիս հատկանիշի հատկանիշ։ Օրինակ՝ Զարմանալի բարի մարդ էր Արթին պապը: Հաճելի զրուցասեր տղա էր ընկերս: Անհավատալի խելոք աշակերտ է: Անմեկնելի գաղտնի շարժում արեց և այլն։ Մակբայը ևս կարող է ածականի լրացում դառնալ (մտավորապես թույլ երեխա, հոգեպես ուժեղ մարդ, եզակիորեն ազնիվ երիտասարդ, մշտապես դժգոհ կին): Այս մակբայները նշված կապակցություններում չեն գնահատվում որպես առանձին անդամներ, այլ իրենց լրացյաի հետ են դառնում որոշիչներ։ Այսպիսի մոտեցումը ասես նախադիտության անդամի որոշակիության անտեսում է. չէ՞ որ դրանք նախ՝ դրվելով համապատասխան լրացյալի վրա, որոշակի պաշտոն են կատարում ստեղծելով շարահյուսական բառակապակցություն, երկրորդ՝ ունեն իրենց որոշակի հարցն ու խոսքամասային արժեքը և շարահյուսական գործառույթը, երրորդ՝ իրենց ձևաբանական ու շարահյուսական յուրահատկություններով պայմանավորված առանձին վերցրած որոշիչ չեն լինում. օրինակ՝ «մտավորապես երեխա», «հոգեպես մարդ», և այլ կապակցություններ չկան մեր լեզվում, բայց կան մտավորապես ուժեղ, հոգեպես տկար, ֆիզիկապես զորեղ և շատ այլ կապակցություններ, որոնք, հիրավի, արժեքավորվում են որպես շարահյուսական բառակապակցություններ: Արդ՝ դրանք ի՞նչ հիմունքով են այսպես կոչվում (լրացյալ-լրացման կապակցություն), եթե լրացումն ինքնուրույնաբար չի դիտվում որպես նախադասության անդամ։ Թերևս ճիշտը հենց այն է, որ հատկանիշները ներձուլվում են և միասնաբա՛ր կատարում շարահյուսական մեկ պաշտոն։

Ժամանակային հատկանիշ ունեցող որոշ հարաբերական ածականներ ևս կարող են լրացում ունենալ (երկու տարեկան երեխա, հինգ ամսական հորթ, վեց օրական գալ, ութ հարկանի շենք, քանի՞ ամսական ձաց, մի քանի տարեկան ոչխար): Սրանցում թիվ ցույց տվող բառերը, սերտորեն ձուլվելով իրենց լրացյալներին, երբեմն միասին են գրվում՝ հինգամսական, տասնоրական, վեցհարկանի)։ Եվ չնայած դրան՝ նրանք լրացման ու լրացյալի կապակցություններ են, թեև հանդես են գալիս նաև մեկ շարահյուսական պաշտոնով՝ որպես բաղադրյալ որոշիչ (երկու տարեկան երեխա, վեց օրական գառնուկ

Թվականներն ու դերանունները իրենց խոսքամասային (բառական, քերականական) բնույթով պայմանավորված՝ գրեթե լրացումներ չեն առնում: «Գրեթե» ենք ասում, որովհետև պատահում են նաև խիստ սակավաթիվ թվականներ ու դերանուններ, որոնք ինչ-որ տեղ յուրահատուկ լրացումներ են ունենում։ Օրինակներ՝ Մի քանի հինգերորդ դասարանցիներ գնացին Կիև։ Որոշ չորրորդ կուրսեցիներ չեն ներկայացել քննության։ Յուրաքանչյուր երկրորդ մարդ պարտավոր էր վճարել։ Դրանից վեհ ոչինչ չկա։ Այս ամենից ոչ մեկը իմ ուզածը չէ։ Գրադարանում պարապող մի քանիսը մշակում էին հանձնարարված գրքերը։

  1. Տե՛ս Վ. Քոսյանի «Ժամանակակից հայերենի բառակապակցություններ» գիրքը, Ե., 1975։
  2. Բառակապակցության դերադաս և ստորադաս բառերն իրենց պաշտոններն ստանում են միմիայն որոշակի նախադասություններով: