Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Բառ-նախադասություն

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Բառ-նախադասություն (Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար)
ԲԱՌ-ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅՈԻՆ[1]

Միակազմ նախադասության այս տեսակը շատ ինքնատիպ միավոր է։ Ի տարբերություն մյուս միակազմ նախադասությունների, որոնք կազմված են համապատասխան նյութական խոսքի մասերով, բառ-նախադասությունները ձևավորվում են եղանակավոր բառերով ու ձայնարկություններով և իրենց յուրահատուկ հնչերանգի ու խոսքային միջավայրի շնորհիվ են դառնում հաղորդակցական միավորներ։ Ընդորում, բառ-նախադասությունները, ի տարբերություն մյուս միակազմ նախադասությունների, գրեթե ամբողջովին գործածվում են տրամախոսություններում։ Այս յուրահատուկ նախադասությունները երբեմն շփոթվում են մեկ բառից կազմված թերի նախադասությունների հետ: Դրանք տարբեր միավորներ են։ Բավական է ասել, որ թերի կամ զեղչված անդամով նախադասությունները կազմված են նյութական իմաստ (առարկա կամ հատկանիշ) ունեցող բառերից։ Բառ-նախդասությունները, ընդհակառակն, վերաբերմունքային խոսքի մասերով արտահայտված նախադասություններ են, որոնք, բնականաբար, ոչ լրացում ունեն,ոչ կարող են լրացում դառնալ, ոչ էլ բաղադրիչ մասերի բաժանվել: Բառ-նախադասությունները բաժանվում են երկու մեծ խմբի՝ դատողական և զգացական: Առաջինն արտահայտվում է եղանակավորող բառերով, իսկ երկրորդը՝ ձայնարկություններով։ Դատողական բառ-նախադասությունները լինում են՝

ա) Հաստատական.

— Երկրագունդը պտտվո՞ւմ է իր առանցքի շուրջը:

Այ՛ո:

— Այս տեսակի ծաղիկնե՞ր կան ձեր պարտեզում:

Իհարկե:

Հաստատական բառ-նախադասությունները կազմվում են հաստատական եղանակավորող բառերով, որոնք հատկապես տրամախոսության մեջ հաստատում են նախորդ միտքը (իրավ, իրոք, հիրավի, այո, ինչ խոսք, անպատճառ, անպայման, անտարակույս, բա, ճիշտ որ):

բ) Ժխտական.

— Կարելի՞ բաժակը վերցնել:

Ո՛չ:

գ) Հարցական.

— Արմենուհին շուտով կավարտի ինստիտուտը։

Մի՞թե:

— Արդեն վերջին կուրսում է:

Արդյո՞ք...

— Այո՛, իհարկե։

դ) Երկբայական:

— Այսօր անձրև՞ կգա։

Հավանաբար:

— Նրանք միասին սա՞ր են բարձրացել։

Գուցե:

Երկբայական բառ-նախադասություները կազմվում են երկբայական եղանակավորող բառերից (թերևս, ըստ երևույթին, գրեթե, կարծեմ, կարծես թե, իբր թե...)։

ե) Հորդորական.

— Կարելի՞ է գիրքը վերցնել։

Խնդրեմ:

— Ահա ձեր պատվերը։

Կեցցե՛ս: — Բառ-նախադասություններ կարող են կազմվել նաև մասնական, զիջական, սաստկական և այլ եղանակավորող բառերով, որոնք, սակայն, քիչ գործածական են։

2. Զգացական բառ-նախադասությունները դրսևորվում են հիմնականում ձայնարկություններով։ Օրինակներ՝

— Մանուշին հիվանդանոց են տարել, գիտե՞ս։

Վա՜յ:

— Ասում են՝ վիճակը լավ չէ։

Օ՜ֆ...

Այսպիսի բառ-նախադասությունները երբեմն էլ արտահայտվում են ըղձական և զղջական եղանակավորող բառերով։ Ահա.

— Արտակը փոխադրվե՞լ է հաջորդ դասարան։

— Ո՜ւր էր թե։

— Երևի վերաքննություն ունի, հա՞։

Դժբախտաբար:

Բառ-նախադասություններ են համարվում նաև ողջույնները, մաղթանքները, ինչպես, օրինակ, Բարև՛, Ողջո՜ւյն, Ցտեսությո՜ւն, Ներողությո՜ւն, Բարի երեկո... Սրանք հավասարապես նաև անվանական անդեմ կամ թերի նախադասություններ են։

Այսպիսով՝

այն միակազմ նախադասությունը, որը ձևավորվում է վերաբերմունք

ցույց տվող բառերով և իր հնչերանգի ու խոսքային միջավայրի շնորհիվ ունի ստորոգում, կոչվում է բառ-նախադասություն ։

  1. Հմմտ. Վ. Առաքելյանի «Հայերենի շարահյուսություն» (հ. 1, 1958) և Ս. Աբրահամյանի «Ժամանակակից հայերենի շարահյուսության մի քանի հարցեր» (1962) գրքերի համապատասխան բաժինների հետ: