Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Բացականչական նախադասություն

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Բացականչական նախադասություն
ԲԱՑԱԿԱՆՉԱԿԱՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ

Բացականչական երանգի նախադասություններն արտահայտում են խոսողի բազմազան ապրումները: Թե՛ պատմողական, թե՛ հարցական ու հրամայական բնույթի նախադասությունների երանգները փոխելով (այսինքն՝ հուզարտահայտչական նրբերանգով արտահայտելով) կստանանք բացականչական բնույթի հաղորդակցական միավորներ։ Բացականչական նախադասությունները բաժանվում են երկու մեծ խմբի՝ ինքնուրույն բացականչական նախադասություններ (Կհասնե՜մ իմ նպատակին: Դեպի վե՜ր, սարնիվե՜ր... (Մոռանալ բոլորին) և օժանդակ միջոցներով զուգորդվող բացականչական նախադասություններ (Ի՜նչ հրաշալի է Մասիսն առավոտյան):

«Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քուրի՜կ,
Վո՜ւշ քու սերին, քու յարին...
Վուշ-վո՜ւշ, Սարո՜, վուշ֊վո՜ւշ, իգի՜թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին...» (Հ.Թ.)։

Վերջին տեսակ նախադասություններում առկա են լինում հատկապես ձայնարկություն, հարցական-հարաբերական դերանուններ, ապա նաև համապասխան եղանակավորող բառեր [երանի, երնեկ (չէր), ուր է (էր), ուր էր թե, ուր մնաց թե և այլն]։