Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Զեղչված անդամներով նախադասություն

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Զեղչված անդամներով նախադասություն
ԶԵՂՉՎԱԾ ԱՆԴԱՄՆԵՐՈՎ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թերի նախադասության մի յուրահատուկ տեսակ է զեղչված անդամներով նախադասությունը, որը հանդես է գալիս ինքնուրույն կամ կախյալ՝ բոլոր դեպքերում էլ խոսքային միջավայրի սերտ առնչությամբ։ Այդպիսի նախադասություններն ունեն ոճական որոշակի արժեք և նման են թերի նախադասություններին՝ իրենց որոշակի անդամների բացակայությամբ, սակայն նրանցից տարբերվում են՝

ա) Թերի նախադասությունների զեղչված անդամները հեշտորեն կարող են վերականգնվել, մինչդեռ զեղչված անդամներով նախադասություններինը՝ խիստ մոտավոր...

բ) Թերի նախադասությունները կարող են լինել առավել ինքնուրույն, մինչդեռ զեղչված անդամներով նախադասությունները հիմնականում խոսքային միջավայրի արդյունք են։

գ) Ոչ բոլոր թերի նախադասություններն ունեն հուզարտահայտչական արժեք, մինչդեռ զեղչված անդամներով նախադասություններն անխտիր արտահայտում են այդպիսի նրբերանգներ։ Դրանք շատ են տարածված հատկապես գրավոր խոսքում (թե՛ պարզ, թե՛ բարդ նախադասություններում) և վերջանում են կախման կետերով։ Օրինակ՝ Ջահան Կարախանյանը Կերչում... Հազար ինը հարյուր տասնհինգ թվական... Կոմիտաս, Զոհրապ, Վարուժան... Հայ քաջորդիները հերոսաբար մարտնչում էին Ավարայրում, բայց... Զեղչված անդամներով նախադասություններն այնքան կարող են «մաշվել», որ կորցնեն բոլոր անդամները։ Պատահում են բազմաթիվ դեպքեր, որ զեղչված անդամներով նախադասությունները կազմված են լինում միայն շաղկապներից, ինչպես, օրինակ՝ Կռվեցինք, սակայն... Ձեռքը տարավ դեպի հրացանը, որպեսզի... Նա խոսում էր համարձակ, որովհետև...

Թերևս սխալ չէ այսպիսի նախադասությունները բարդ նախադասություն համարել, որովհետև շաղկապները մի այլ նախադասության մասին «են հուշում»։ Զեղչված անդամներով նախադասությունները սովորաբար գործածվում են այն դեպքերում, երբ խոսողը (գրողը) չի ուզում հիշեցնել ծանր, հոգեբանական, անմարդկային և այլ իրողություններ, երբեմն էլ չի ցանկանում անպարկեշտ արտահայտություններ ասել։