Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Ժամանակի պարագա

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Ժամանակի պարագա
Ժամանակի պարագա

Ժամանակի պարագան ցույց է տալիս գործողության–եղելության կատարման ժամանակը և պատասխանում է ե՞րբ, երեվանի՞ց հարցերին, արտահայտվում է՝

1․ գոյականով՝

ա) Տրականով․ Սեպտեմբերին են սկսվում մեր դասերը։ Գարնանը ջրերը վարարում են։ Աշնանն Արարատյան դաշտը հեքիաթային գույներ է ստանում։

Ժամանակ ցույց տվող գոյականները գոյականաբար են գործածվող թվականների տրական հոլովաձևի հետ կատարում են ժամանակի պարագայի դեր, ինչպես՝ Ժամի 5—ին գնալու եմ կինո։ Ամսի տասին սկսվելու են մեր պարապմունքները։

բ) Հայցականով. Գիշերը լուսինը շողում էր երկնքում։ Ամառը շոգ է լինում, ձմեռը՝ սաստիկ ցուրտ։

գ) Բացառականով.Առավոտվանից աշխատում է իր արվեստանոցում։ Երեկվանից չի երևացել ինստիտուտում։ Մրցույթն սկսվելու է ամսի 1-ից:

դ) Գործիականով.Ցերեկով մեկնեցին գյուղ։ Գիշերով որսի գնացինք։ Մթնով տեղ հասանք։ Գործիականով ժամանակի պարագան ընդհանրապես քիչ է գործածական։

ե)

Ներգոյականով.«Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական» (Վ.Տ.)։
Փրկություն տեսավ երազում միայն։

Ներգոյականով ժամանակի պարագան հաճախ արտահայտվում է բառակապակցությամբ. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է չորրորդ դարում: Այս ամսում կվճարենք մեր պարտքը։ Հենց նույն շաբաթում ընդունվեցին աշխատանքի։

2) Որոշ դերանուններով՝ երբևէ, երբևիցե, երբ, Նա երբևէ մեր դպրոցում չի եղել։ Դու ե՞րբ ես եկել Երևանից։

3) Ժամանակի մակբայներով. Արդեն ավարտվել են մեր դասերը։ Ժամանակ առ ժամանակ նա բացակայում էր պարապմունքներից։ Տղաները կինոյից ուշ վերադարձան։

4) Համընթացական դերբայով. Ուտելիս մի խոսիր։ Աշխատելիս զգույշ եղիր։ Խաղալիս ընկավ։

5) Անորոշ դերբայի գործիականով (դերբ. դարձված). Տուն մտնելով՝ սկսեց կոշիկները հանել։ Արտակը, նկատելով եղբորը, վազեց դեպի նա։ Իջնելով քաղաքի կենտրոնում՝ նա կորցրեց կողմնորոշումը։

6) Կապային կառուցվածքներով, ինչպես՝ գրելու ժամանակ, գրելուն պես, մինչև գրելը, գրելուց հետո, իշխողների օրոք:

Օրինակ՝ Գրելու ժամանակ կողմնակի բաներով մի զբաղվիր: Տիգրանի օրոք Հայաստանը շատ հզորացավ։ Քեզնից հետո դահլիճ մտանք մենք։Մինչև ժամի 5—ը դեռ պիտի աշխատեմ։ Տուն հասնելուն պես նախաճաշեց ու վերադարձավ գործարան։

7) Բառակապակցություններով. Ամեն անգամ նա դժգոհում էր Արամից։Մի քանի տարի սրանից առաջ ես գնացել էի նրանց հայրենիքը։ Ուրիշ մարդկանց ներկայությամբ իրեն շատ հանգիստ է պահում (սա շատ նման է նաև դրության՝ վիճակի պարագային)։

Ծանոթություն.— Ժամանակի իմաստ արտահայտող որոշ հարաբերական ածականներ կարող են ժամանակի պարագա էլ լինել։ Նա ամսական վաստակում է 300 ռ. աշխատավարձ։ Տարեկան կատարում է մեկ հնգամյակի պլան։ Օրական աշխատում է 10 ժամ։