Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Լրիվ և թերի նախադասություններ

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Լրիվ և թերի նախադասություններ

Վիգեն Ավագյան

ԼՐԻՎ ԵՎ ԹԵՐԻ ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅՈԻՆ

Նախադասություններն ըստ իրենց գլխավոր և երկրորդական անդամների առկայության և զեղչման լինում են լրիվ և թերի: Այն նախադասությունը, որի գլխավոր ու երկրորդական անդամները քերականորեն առկա են, կոչվում է լրիվ: Իսկ այն նախադասությունը, որի որևէ անդամը զեղչված է, բայց մտքով վերականգնվում է, կոչվում է թերի[1]: Ոճական առումով կարող են զեղչվել ենթական, ստորոգյալը, երկրորդական անդամները, ըստ այսմ էլ նախադասությունը լինում է զեղչված ենթակայով, զեղչված ստորոգյալով և այլն։

Թերի նախադասությունները լինում են անկախ և կախյալ: Անկախ են կոչվում այն թերի նախադասությունները, որոնք ունեն ինքնուրույն գործածություն և կառուցվածքով էլ պարզ են։ Օրինակներ՝ Նստեցինք: Ապա կարդա: Չխոսե՛ս: Ա. Կարպովը՝ չեմպիոն: Սրանք գործածական են հատկապես բանավոր խոսքում։ Բերված նախադասությունները, հասկանալի է, պարզ համառոտ են։ Սրանց առնվազն մեկ երկրորդական անդամ ավելացնելու դեպքում կունենանք պարզ ընդարձակ նախադասություն, ինչպես՝ Նստեցինք մահճակալին: Կարդա դասդ: Երկու խոսք՝ իմ ընկերոջ մասին...

Որքան էլ որ գործածելի են այսպիսի նախադասությունները գրավոր թե բանավոր խոսքում, այդուհանդերձ, դրանց արտահայտած միտքը երբեմն էլ հստակ ու որոշակի չի լինում։ Բացի այդ, պետք է ասել, որ զեղչված ենթակայով և զեղչված ստորոգյալով նախադասությունները նույն տեսակարար կշիռը չունեն. զեղչված ստորոգյալով նախադասություններն ավելի քիչ գործածական են, քան զեղչված ենթակայով նախադասությունները, որովհետև ամեն մի նյութական-դիմավոր բայ հաղորդակցական ոլորտում կարող է դառնալ ինքնուրույն նախադասություն, մինչդեռ ենթական անկախ գործածվել չի կարող։

Պատահում են դեպքեր, երբ նախադասությունը հանդես է գալիս առանց գլխավոր անդամների։ Այդպիսի նախադասությունները կիրառվում են հատկապես կոչերում, լոզունգներում, պաշտոնական բնույթի գրություններում, զանազան ոճերում։

Օրինակներ՝ Երկու խոսք՝ մեր սիրելի ընկերոջ մասին: Իսկ այժմ՝ ըստ էության: Հնգամյակին՝ մեր բոլոր ուժերը: Ավելի շատ պողպատ՝ հայրենիքին: Հնգամյակը՝ չորս տարում: Որակին՝ բանվորական երաշխիք:

Կախյալ թերի նախադասությունները կիրառվում են և՛ բարդ նախադասություններում, և՛ երկախոսություններում։ Ահա. Հարցնում եմ, բայց ոչինչ չի պատասխանում: Ես թատրոն գնացի, նա՝ համերգ: Դու գիտնական ես, իսկ ես՝ ուսուցիչ: Տերյանն ազգային մեծություն դարձավ, Թումանյանը՝ համաշխարհային: Եթե սովորեմ, կգնահատվեմ: Պատասխանես՝ կստանաս... Բերված բարդ նախադասություններում պարզ երևում են զեղչված անդամները, հետևաբար և թերի նախադասությունները։

Գրավոր և բանավոր խոսքում, սակայն, շատ տարածված են տրամախոսական թերի նախադասությունները։ Խոսակիցները գիտակցաբար (ոճական առումով) պատասխանում են դիմացինին հետաքրքրրող կարևորագույն պահերին առնչվող հարցին՝ զեղչելով բազմաթիվ անդամներ, որոնք տվյալ պարագայում կարևոր չեն։ Այսպես՝

— Ո՞ւր ես շտապում այդպես արագ, Արմե՛ն։

Կինո:

— Իսկ ի՞նչ կինոնկար է այսօր ցուցադրվում։

— «Մխիթար սպարապետը»:

— Այսօր երեկոյան ո՞ր ժամին տանը կլինես։

Ութին:

— Այժմ մենա՞կ ես գնում կինո։

Մենակ:

Դժվար չէ նկատել, որ պատասխանական ընդգծյալ նախադասությունները թերի են, որոնք կարող են լրացվել հարցական նախադասությունների անդամներով։ Այս պարագայում, սակայն, խոսքը դառնում է ճապաղ, ձանձրալի։ Ընդսմին, նայած ո՛ր անդամն է գործածվում պատասխանական թերի նախադասության մեջ, ըստ այդմ այդ անդամի անունով էլ կոչվում է վերջինս, տվյալ դեպքում գործ ունենք տեղի (կամ նպատակի), ենթակա, ժամանակի և ձևի պարագա թերի նախադասությունների հետ։

  1. Տե՛ս նաև Վ. Առաքելյան, Հայերենի շարահյուսություն, հ. 2, Երևան, 1964։ Ս. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1969 (1977)։