Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Հակառակ հիմունքի (զիջման) պարագա

Հակառակ հիմունքի (զիջման) պարագան ցույց է տալիս գործողության կամ եղելության կատարման հակառակ հիմունքը և պատասխանում է հակառակ ո՞ւմ, հակառակ ինչի՞, հակառակ ի՞նչ հիմունքի հարցերին։ Օրինակ՝ Չնայած շատ պարապելուն՝ նա արդյունքի չէր հասնում։ Լինելով խելոք ու բարեկիրթ՝ նա ըստ արժանվույն չէր սիրվում դասընկերների կողմից։

Հակառակ հիմունքի պարագան արտահայտվում է՝

ա) Անորոշ դերբայի գործիական հոլովով. Ամփոփելով՝ դարձյալ չհասկացրեց ասելիքը։ Դառնալով տարեց մարդ՝ Հայկը դարձյալ մնաց միամիտ երեխա։ Ենթարկվելով ամենադաժան տանջանքներին՝ Կամոն մի ծպտուն էլ չհանեց։

բ) Կապական կառուցվածքներով (չնայած, հակառակ, փոխանակ, փոխարեն, հանդերձ). Չնայած անտանելի ցավերին՝ հիվանդը ձայն չէր հանում։ Հասմիկը գնաց կինո՝ հակառակ մեր ցանկության: Տղան ջղայնացնում էր ծերունուն՝ փոխանակ նրան օգնելու:

Դժվար չէ նկատել, որ հակառակ հիմունքի պարագան նման է նաև ձևի պարագային։ Տարբերությունը պետք է նկատել՝ ելնելով հատկապես արտահայտման ձևից, այն յուրահատուկ կապերի առկայությունից, որոնք ձևավորում են հակառակ հիմունքի պարագան։ Հակառակ հիմունքի պարագան ձևի պարագայից տարբերվում է նաև հարցով: Ձևի պարագան ունի իր որոշակի հարցը՝ ինչպե՞ս, մինչդեռ հակառակ հիմունքի պարագան՝ հակառակ ո՞ւմ, հակառակ ի՞նչ հիմունքի: