Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Հրամայական նախադասություն

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Հրամայական նախադասություն
ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅՈԻՆ

Հրամայական հնչերանգի կամ բնույթի նախադասությունները ցույց են տալիս կտրուկ հրաման, հորդոր, մինչև իսկ՝ խնդրանք։ Նրանցում իշխողը հրամայական եղանակի բայաձևերն են՝ դրական և ժխտական (արգելական) խոնարհմամբ, եզակի ու հոգնակի թվերով։ Այսպիսի նախադասությունները շատ հաճախված են հատկապես ռազմական, քաղաքական բնույթի գործերում, պաշտոնական գրություններում և որոշումներում, կոչերում, ներբողներում, դիմումներում, ողջույններում և այլն։ Օրինակներ՝ Պրոլետարնե՛ր բոլոր երկրների, միացե՛ք: Մի՛ լինիր ուրագի պես, այլ եղի՛ր սղոցի պես...

Ջարդեցե՛ք անդուլ, անցութ, անխնա,
Ջնջեցե՛ք աշխարհն ապական ու հին,
Թող քարը քարի վրա չմնա,
Ողջը մատնեցե՛ք հրի ու մահի: (Վ.Տերյան)

Այս բնույթի նախադասություններում հաճախ էլ ենթական զեղչվում է, որն էլ ասես դարձել է օրինաչափական և ոճական իմաստով ճիշտ ու հանձնարարելի։ Օրինակներ՝ «Արի՜, հա՜, Գիքոր ջան...», «Ասացե՛ք, խնդրեմ, ինչով տնից պակաս» (Հ. Թ.)։ Ներեցե՜ք, խնդրեմ, ժամի քանի՞սն է: Հրամայական նախադասություններում հաճախ են գործածվում նաև ըղձական եղանակի երկրորդ դեմքի ժխտական բայաձևերը, մասամբ նաև պայմանականը, հարկադրականը, երբեմն էլ սահմանականի ներկան ու ապառնին։ Օրինակ՝ Այլևս չխոսե՛ս այդ հարցի մասին: Անպայման կգնա՛ս դասի ու կհայտնե՛ս ուշանալուդ պատճառը: Դու պիտի ապրե՛ս, իմ հայ ժողովուրդ: Անմիջապես գնո՛ւմ ես ու շուտ վերադառնո՛ւմ, տղա՛ս:

Ինչ խոսք, հրաման ցույց տվող բայերի (բառերի) վերջին վանկի վրա պիտի դնել ընդգծված շեշտը, առանց որի երբեմն էլ իմաստային խաթարում կառաջանա։ Հրամայական բնույթի նախադասություններում երբեմն էլ հանդես են գալիս համապատասխան եղանակավորող բառեր (անպայման, անկասկած, անտարակույս, խնդրեմ, ապա, մի, դե...), կոչական ձայնարկությունները (տո՛, ծո՛, է՛յ, հե՛յ, էհե՛յ, է՛, ա՛յ...)։ Օրինակներ՝ «Մի գարիդ գցի՛ր», «Մի անունդ հիշի՛ր», «Դե, մեռի՛ր, էլի»... «Ա՛յ տղա, դե վեր կաց, է՛» (Հ.Թ.): Այս բնույթի նախադասություններում հաճախ էլ բայ (կամ դիմավոր բայ) չի լինում, սակայն, քանի որ դրանք արտահայտում են դիմում, կոչ, հրաման, հորդոր, պահանջ և այլն, ուստի արժեքավորվում են իբրև հրամայական երանգի նախադասություններ (անդեմ)՝ Արտագրե՛լ բայերը և որոշել նրանց եղանակը և ժամանակը: Բարձրացնե՛լ ուսման որակը: Լռությու՛ն: Պիոներնե՛ր, զգաստ:

Դժվար չէ նկատել, որ այս և ուրիշ երանգի նախադասությունները և ըստ կառուցվածքի կարող են լինել թե՛ պարզ, թե՛ բարդ։