Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Մուտք

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Մուտք
ՄՈԻՏՔ

Оժանդակ ձեռնարկը գրված է հայոց լեզվի ուսուցիչների համար: Շուրջ 20 տարի կապված լինելով մեր դպրոցին, սերտորեն առնչվելով մայրենի լեզվի ուսուցիչների աշխատանքին՝ նկատել ենք, որ նրանք լուրջ դժվարությունների են հանդիպում քերականական մի շարք իրողությունների ուսուցման ժամանակ՝ գործող դասագրքում դրանց ոչ պարզ ու մատչելի ձևով բացատրված լինելու պատճառով: Զգալի են դժվարությունները հատկապես շարահյուսության ուսուցման գործում, որովհետև՝

ա) Շարահյուսության գործող դասագիրքը, իր ակնառու արժանիքներով հանդերձ, ունի նաև որոշակի թերություններ, մի շարք իրողությունների ոչ ճիշտ (երբեմն էլ իրարամերժ) մեկնաբանումներ (այս մասին բազմիցս գրվել է մամուլում և այլուր)։

բ) Քերականության, այդ թվում և շարահյուսության որոշ երևույթներ արդի լեզվաբանությունը մեկնաբանում է նորովի, մինչդեռ դրանք տակավին մնում են հին ըմբռնումներով ու հայեցակետերով։ Այսպիսով՝ ուսուցիչը կանգնում է երկընտրանքի առջև, քանի որ շարահյուսական միևնույն իրողությունը գիտական գրականության մեջ և դասագրքերում լուսաբանվում է տարբեր ըմբռնումներով, երբեմն էլ իրարամերժ մոտեցմամբ։ Էլ չենք խոսում այն մասին, որ ուսուցիչները՝ երբեմնի ուսանողները, իրենց դասախոսությունների սղագրություններում հանդիպում են հենց նույն քերականական իրողությունների՝ միանգամայն տարբեր բացատրությունների և այլն։

գ) Մեզանում աղքատիկ է շարահյուսությանը վերաբերող մեթոդական գրականությունը, շատ քիչ են ուղեցույցները, որոնցից ուսուցիչը օգտվել կարողանա ըստ հարկի դասն ավելի արդյունավետ դարձնելու համար։

դ) Հրապարակի վրա, դժբախտաբար, չկա շարահյուսության ծրագրային թեմաները համառոտ, պարզ ու դյուրին ձևով ներկայացնող որևէ աշխատանք, որից ուսուցիչը կարողանա օգտվել՝ շարահյուսության ուսուցումն ավելի գործնական և նպատակասլաց դարձնելու։

Ելնելով այդ ամենից՝ կազմել ու հայոց լեզվի ուսուցիչների դատին ենք հանձնում սույն օժանդակ ձեռնարկը՝ դժվար հարցերի համակողմանի լուսաբանմամբ ու հայտնի դասանյութերի ոչ ծավալուն մեկնությամբ։

Թե որքանով ենք հասել մեր նպատակին, թողնում ենք նրանց գնահատությանը։ Հեղինակն ամենայն սիրով կընդունի բոլոր այն դիտողությունները, որոնք շահեկան կլինեն՝ ձեռնարկն առավել կատարյալ դարձնելու համար։