Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Նախադասության երկրորդական անդամներ

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Նախադասության երկրորդական անդամներ
ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ

Նախադասության գլխավոր անդամներին ստորադասվող, լրացնող անդամները կոչվում են երկրորդական (երկրորդական են նաև, որովհետև դրանք ինքնուրույնաբար նախադասություններ կազմել չեն կարող)։ Երկրորդական անդամները լինում են գոյականական անդամի և բայական անդամի լրացումներ։ Սրանք ունեն քերականական լուրջ տարբերություններ։ Նախ՝ ճիշտ չէ ասել «ենթակայի լրացում», որովհետև ենթական կարող է արտահայտվել նաև դերանուններով (հատկապես՝ անձնական) ու ինքնանվանողական փոխանվանական այլևայլ միավորներով (Եվ-ը շաղկապ է, իրոք-ը եղանակավորող բառ է), որոնք, ասենք, որոշիչ, հատկացուցիչ կա՛մ բնավ չեն ընդունում, կա՛մ սովորական չեն դրանց մի մասի որոշիչ-որոշյալ, հատկացուցիչ-հատկացյալ կապակցությունները։

Երկրորդ՝ որոշիչ, հատկացուցիչ կարող է ունենալ ոչ միայն ենթական, այլև գոյականով արտահայտված ամեն մի անդամ։ Օրինակ՝ Կանաչ դաշտի ծաղիկը բուրավետ է, Կանաչ դաշտին մոտեցանք, Կանաչ դաշտ մտավ մեքենան, Կանաչ դաշտը հնձեցինք... Բոլոր նախադասություններում էլ կանաչ-ը դաշտ գոյականի լրացումն է, որը կատարում է զանազան պաշտոններ։ Ուրեմն՝ սխալ է ասել «ենթակայի լրացում»: Սխալ է ասել նաև «ստորոգյալի լրացում», որովհետև նախ` բայական անդամի լրացումները` պարագաները և խնդիրները, կարող են լինել նաև զանազան դերբայների լրացումներ, դերբայներ, որոնք իրենք կարող են այլևայլ լրացումների պաշտոն ունենալ, և ապա` բաղադրյալ ստորոգյալի վերադիրը, արտահայտված լինելով գոյականով, կարող է ունենալ գոյականին հատուկ լրացումներ (Գևորգը բարեխիղճ մարդ է): Այստեղ բարեխիղճ—ը, պարզ է, ոչ թե ստորոգյալի, այլ գոյական ադամի լրացում է՝ որոշիչ։