Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Նախադասության տեսակները ըստ հնչերանգի

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Նախադասության տեսակները ըստ հնչերանգի
ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԸՍՏ ՀՆՉԵՐԱՆԳԻ

Ամեն մի նախադասության մեջ առկա է նախադասության արտատահայտված մտքի և իրականության հարաբերությունը, այսինքն նախադասություններում խոսողն արտահայտում է իր վերաբերմունքը, նպատակը, մի դեպքում խոսողը կարող է պատմել, հաղորդել որևէ իրողություն, մի այլ դեպքում նա կարող է հարցնել որևէ բանի մասին, երրորդ դեպքում՝ իր կամքը թելադրել դիմացինին, չորրորդ դեպքում՝ արտահայտել իր հոգեկան ապրումներն այս կամ այն իրողության հանդեպ։ Ըստ այսմ էլ նախադասություններն ունենում են զանազան հնչերանգներ։ Նախադասություններն ըստ հնչերանգի լինում են պատմողական, հարցական, հրամայական և բացականչական:

Այս երանգները, ճիշտ է, ունեն իրենց որոշակի հատկանիշները, սակայն դրանք միմյանցից խիստ անջատված չեն։ Եվ դա բնական է, քանի որ մարդկային խոսքը միատարր չէ, այլ հարուստ է զանազան երանգներով, ապրումներով, նպատակներով, արտահայտչական զանազան նրբերանգներով, որոնք զուգակցվում են արտահայտվող մտքին։ Այդ երանգների ակնառու դրսևորմանը հաճախ օժանդակում են եղանակավորող բառերը, կոչականները և այլ բառեր։