Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Նախադասության քերականական անդամներ

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Նախադասության քերականական անդամներ
ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ

Նախադասությունները, ինչպես ասվեց, բաղկացած են նախադասության մեկ անդամից կամ մի քանի անդամներից։ Ըստ այդմ էլ նրանք համառոտ են կամ ընդարձակ։ Որքան հարուստ է նախադասությունն իր անդամներով, այնքան լայն տեղեկություններ է տալիս այս կամ այն իրողության մասին։ Բայց սա իհարկե չի նշանակում, թե բոլոր նախադասություններն այդ առումով էլ պիտի լինեն ծավալուն ու բազմաբաղադրիչ։ Բոլոր կառուցվածքի նախադասություններն էլ առատանում են բնականաբար ծառայելով հաղորդակցության զանազան նպատակներին խոսքը դարձնելով շարժուն, «բազմերանգ», իսկ ոճը՝ բազմաբնույթ, սահուն ու դյուրընկալ։ Նախադասության անդամները, լայն առումով վերցրած, բոլոր այն միավորներն են, որոնցից բաղկանում է նախադասությունը, սակայն դրանք ըստ իրենց կիրառության ու գործառույթի բաժանվում են երկու խմբի՝ քերականական անդամների և վերաբերական բառերի։ Քերականական անդամներն էլ իրենց հերթին լինում են գլխավոր և երկրորդական։

Գլխավոր են կոչվում այն անդամները, որոնք նախադասություն են ձևավորում[1], նշանակում է՝ միտք արտահայտելու համար բավական են գործողությունն ու նրա կատարողը, նույնիսկ միայն գործողությունը, որովհետև կատարողն ինքնին «երևում է» գործողություն ցույց տվողի դիմային վերջավորություններում (Գնացի: Վերադարձել են): Գլխավոր են կոչվում նաև, որովհետև լրացում չեն դառնում։ Երկրորդական են կոչվում այն անդամները, որոնք օժանդակ դեր ունեն, այսինքն՝ դառնալով ենթակայի (գոյականի) և ստորոգյալի (բայի)[2] լրացումներ, լայնորեն են մեկնաբանում միտքը՝ ցույց տալով նաև զանազան հատկանիշներ, հանգամանքներ և այլն։ Այլ կերպ ասած՝ երկրորդական անդամները նախադասություն չեն կազմի ինքնուրույնաբար, մինչդեռ գլխավորները՝ կարող են կազմել։

  1. Խոսքն իհարկե չի վերաբերում միակազմ նախադասություններին։
  2. Գոյական և բայական անդամների։