Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Նպատակի պարագա

Նպատակի պարագան ցույց է տալիս գործողության կատարման նպատակը և պատասխանում է ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով հարցերին։ Արտահայտվում է՝

ա) գոյականի տրական հոլովով՝

Աղջիկներն իջան ձորը՝ ջրի, սնկի, ուրցի:

Տղաները գնացին փայտի, որսի:

բ) Հայցական հոլովով. «Սաքուլն ուխտ գնաց», «Ղազարը գնում է պատերազմ»: Նրանք մեկնեցին ոազմաճակատ:

Հայցականով նպատակի պարագան գերազանցապես գործածվում է ժողովրդախոսակցական լեզվում (Աղջիկները գնացին գյուղ՝ հարսանիք: Գյուղացիները կռիվ են մեկնել…)։

գ) Գոյականի գործիական հոլովով (սահմանափակ կիրառությամբ). Երվանդը գործով մեկնեց Մոսկվա։ Մի կարևոր հարցով դիմեցի պրոֆեսոր Սարգսյանին։Մի խնդրով մտա նրա առանձնասենյակը։

դ) Անորոշ դերբայի տրականով. Մտանք զովասուն այգի հանգստանալու: Հոգնած աշխատավորները նստեցին բացատում ընթրելու: Մենք մտանք նրանց տուն՝ ամանորը շնորհավորելու:

ե) Թեք հոլովաձևերով ու նպատակի կապերով. Քեզ համար եմ բերել յասամանը... Գրելու համար նա թուղթ գնեց։ Զբոսնելու նպատակով մենք իջանք պարտեզը։ Հանուն խաղաղության ոտքի են ելել ժողովուրդները։

զ) Բառակապակցությամբ. Մի խումբ պատանիներ գնացին Մոսկվա՝ մասնակցելու համամիութենական մրցույթին: Երիտասարդ նկարիչների ցուցահանդեսը դիտելու համար նրանք գնացին քաղաք։