Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Չափի ու քանակի պարագա

Չափ ու քանակի պարագան ցույց է տալիս գործողության կամ եղելության չափն ու քանակը և պատասխանում է ինչքա՞ն, որքա՞ն, որչա՞փ, ինչչա՞փ հարցերին։

Արտահայտվում է՝

ա) Մակբայով. Սարգիսը բոլորովին չի աշխատել։

Հիվանդը մասամբ ապաքինվեց:

Նա չափազանց շատ է խոսում, դա ամենևին հաճելի չէ։

բ) Ժամանակ ցույց տվող գոյականի գործիական հոլովով. Տարիներով բացակայում է հայրենի գյուղից։ Օրերով կորչում էր անտառում։ Շաբաթներով հիվանդանում էր նա։

Երբեմն նման բառերը հանդեսս են գալիս հայցականով՝ թվականների զուգադրմամբ. (Չորս տարի նա սպասեց ամուսնուն։ Երեք ժամ տևեց ժողովը)։

գ) Գոյականի տրական հոլովով և թվականով. 50 կոպեկի գնեցի մեկ կիլոգրամ խնձոր։ Նա իր գրքերը վաճառեց հարյուր ռուբլու:

դ) Գոյականի հայցականով. Ինքնաթիռը թռավ 300 կիլոմետր: Կոմբայնը օրական հնձեց 100 հեկտար:

ե) Գոյականի բացառական հոլովով և մակբայով. Մեքենան երեք կիլոմետրից շատ փորեց։ Հիսուն հեկտարից բավականին ավելի հնձեցինք։ Նրանք մեկ կիլոգրամից էլ քիչ գնեցին։

զ) Թվականով և գոյականի գործիական հոլովով. Հինգ շաբաթով բացակայեցին քաղաքից։ Հասմիկը մեկ տարում երեք սանտիմետրով հասակ էր առել, երկու կիլոգրամով՝ գիրացել։ Գիրքը վաճառվում է մեկ ռուբլով:

է) Կապով և «կապի խնդրով». Լիլիթը քայլել է Վահագնի չափ: Նա աշխատասեր է քեզնից առավել:

ը) Դերանվամբ. Այդքան մի՛ չարչարվիր, տղա՛ս։ Ինչքա՞ն պիտի փորեք հողը։ Այնքան էինք միմյանց ընտելացել, որ չէինք կարողանում բաժանվել։

թ) Բառակապակցությամբ. Մինչև ատամները զինված՝ գերմանացիները հարձակվեցին մեր խաղաղ երկրի վրա։ Տասնհինգից մինչև քսան կիլոմետր քայլած կլինեք։ Չափից ավելի գեղեցիկ է խոսում։ Նա վերին աստիճանի կիրթ է վարվում կանանց նկատմամբ։