Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Տեղի պարագա

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Տեղի պարագա
Տեղի պարագա

Տեղի պարագան ցույց է տալիս գործողության-եղելության կատարման տեղը և պատասխանում է ո՞ւր, որտե՞ղ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ, որտեղի՞ց, որտեղո՞վ... հարցերին։ Ըստ արտահայտման ձևի՝ տեղի պարագան լինում է երկու տեսակ՝ հոլովական՝ բառական և կապական: Հոլովականն այն է, երբ տեղի պարագան դրսևորվում է բառաձևի (բառերի միջոցով)՝ քաղաքում, մի քանիսում, իսկ կապական երբ տվյալ շարահյուսական պաշտոնն արտահայտվում է որևէ հոլով ու համապատասխան կապով (բաժակի մեջ, սեղանի վրա)։

Տեղի պարագան արտահայտվում է՝

1) Գոյականով, որն էլ՝

ա) Տրականով. Սեղանին դրված է ծաղկեփունջը։ Ճանապարհին կանգնած է մի անծանոթ մարդ։ Ծառի ճյուղին երգում է դեղձանիկը։

բ) Հայցականով. Երեխաները անտառ գնացին։ Զորքը շարժվեց դեպի Բեռլին: Չեխոսլովակիա ժամանեցին գիտաժողովի մասնակիցները։

դ) Բացառականով. Ուսանողները վերադարձան Մոսկվայից: Մենք նամակ ենք ստանում շատ երկրներից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Անգլիայից...

ե) Ներգոյականով. Գյուղում հանգստացանք մոտ մեկ ամիս։ Շախմատի աշխարհի ամենամեծ մրցույթը տեղի ունեցավ Ֆիլիպիններում: Աշխարհում ապրում է մոտ 5 միլիարդ մարդ։

զ) Սեռականով ու տարածական կապերով (կապական բառերով). Գյուղի մոտ վրան խփեցինք։ Բաժակի մեջ ջուր լցրի։ Պատի վրայով անցնում են շինարարները։ «Ամպի տակից ջուր է գալիս»... (Հ. Թ.)։

Տարածական կապերը (վրա, տակ, մեջ, մոտ, առջև և այլն) հոլովված ձևով գործածվելիս տեղի պարագա են լինում իրենց կապվող բառերի հետ միասին (սեղանի տակից, ամանի միջից, ծովի վրայով, գետակի մոտով և այլն)։ Ճիշտ է, դրանք և դրանց նմանները, լինելով կապական բառեր, տակավին հիշեցնում են իրենց նյութական արժեքը (հոլովման ձև), սակայն չպիտի արժեքավորվեն իբրև ինքնուրույն անդամներ։ Այսպես, օրինակ, ամպի տակից միավորը սխալ է գնահատել իբրև հատկացուցիչ-հատկացյալի կապակցություն (որտեղի՞ց՝ «տակից», «ինչի՞ տակից»՝ «ամպի»)։ Նախ՝ ինչպես բոլոր կապերը (կապական բառերը), սրանք ևս քերականական հարաբերություններ են ցույց տալիս, և կապական բառերն էլ ինչ-որ տեղ կապեր են՝ հենց նյութական արժեք չունենալու, ինքնուրույնաբար չգործածվելու և հատկապես նախադասության անդամ ձևավորելու կամ նրա պաշտոնը կոնկրետորեն ճշգրտելու հիմունքով։ Երկրորդ՝ անտեսվում է քերականական հարցը, որ նախադասության անդամի ամենահիմնական հատկանիշներից մեկն է (որտեղի՞ց, որտեղո՞վ)։ Սրանից ածանցյալ՝ կապերը չէ՞ որ կատարում են հոլովական վերջավորությունների դեր (ինչո՞ւմ՝ բաժակում կամ ինչի մեջ՝ բաժակի մեջ, ինչի՞ց՝ բաժակից, ինչի՞ միջից՝ բաժակի միջից)։ Դժվար չէ նկատել, որ տակից, տակով, միջից, միջում և այլ ձևեր հեշտությամբ «ձուլվում են» հոլովական թեքույթներին, քանի որ իրենք էլ հարաբերություններ են նշում։ Եվ հիրավի, հակասություն է առաջ գալիս, երբ որոշ մասնագետներ մեջ, տակ, վրա և այլ բառերի ուղիղ ձևերը (անոթի մեջ, սեղանի տակ, գրքի վրա) գոյական չեն համարում, իսկ թեք ձևերը համարում են։ Այստեղից էլ երրորդ հակասությունը, ապացուցելու համար, որ ամանի միջից, սեղանի տակից, գրքի վրայով և նման կառուցվածքներում չկա հատկացուցիչ-հատկացյալի կապակցություն, հակադրենք դրանք իսկական հատկացուցիչ-հատկացյալ կապակցություններին (ծառի ճյուղին, ծերունու մորուքից, ծովի քարով), և, որ ամենակարևորն է, հատկացյալներին ածանցենք, ասենք, որոշիչներ (չէ՞ որ նրանք գոյականներ են, հետևաբար պետք է ունենան իրենց լրացումները)։ Այսպես, եթե կարելի է ասել ծառի բարակ ճյուղին, ծերունու սպիտակ մորուքից, ծովի հղկված քարով, ապա անհնարին է ասել, դիցուք, «ամպի խոր տակից», «գրքի հաստ վրայով» և այլն...

Եզրակացությունն այն է, որ տարածական կապերի հոլովված ձևերը կապվող բառերի հետ պիտի գնահատվեն իբրև շարահյուսական մեկ միավոր։

2) Դերանվամբ. այստեղ, այդտեղ, այնտեղ, նույնտեդ, որտեղ, ուր դերանունները հակադրվում են տեղի մակբայներին՝ իրենց ոչ կոնկրետ, ընդհանուր իմաստով ու տարածական հարաբերություն արտահայտելով։ Օրինակներ՝ Այնտեղ, Ղրիմում, դուք կարող եք շատ լավ հանգստանալ։

«Որտե՞ղ է ընկած այն քարը հիմի,
Որ հողիս վրա շիրիմ պիտ լինի» (Ավ․ Իս․)։

Դերանուններն իրենց թեք հոլովների ու տարածական կապերի (կապական բառերի) հետ գործածվելով՝ նույնպես տեղի պարագա են լինում, ինչպես՝ Ինձ մոտ կանգնած էր ձեր եղբայրը։ Նրա մեջ նկատեցինք մարդկային հիանալի գծեր։ Նա ապրում է ձեզնից հեռու:

3․ Մակբայով․ հայտնի է, որ բոլոր տեղի մակբայները նախադասության մեջ տեղի պարագա են լինում։ Օրինակ՝ Սարնիվեր գնում է ոչխարի հոտը։ Գյուղեգյուղ շրջում էին նրանք։ Նարինեն կանգնել է դեմ–դիմաց: