Շիլիոնի կալանավորը
 Մծիրի
Թարգանիչ՝ Հովհաննես Թումանյան




ՍՈՆԵՏ ՇԻԼԻՈՆԻՆ

    Ո՜վ ազատություն, շունչ հավերժական,
Բանտերումն ես դու շըքեղ ճաճանչում,
Այնտե՜ղ, ուր սիրտը՝ քեզ բընակարան
Եվ քո սերըն է միայն ճանաչում։

    Եվ երբ որդիքըդ զարկած շըղթայի,
Անլույս բանտերում նահատակվելով,
Փառավորում են երկիրն հայրենի,
Ծավալվում ես դու հողմի թևերով։

    Շիլիո՛ն, քո բանտը սըրբավայր է միշտ,
10 Եվ քո տըխրալի հատակը՝ սեղան.
Բոնիվարն այնտեղ տանջվեց բազմավիշտ,
Թողեց հետքերը քարերի վըրան։

    Եվ թող միշտ մնան նըրանք անջընջում,
Որ բըռնությունից աստվա՜ծ են կանչում։

1

    Գորշ են մազերըս, բայց ոչ տարիքից,
Ոչ էլ մի գիշեր



Դարձա այսպես ծեր,
Որ պատահում է հանկարծ երկյուղից։
    Ձեռք ու ոտներս էլ այսպես չորացան
20 Ոչ թե բանելուց, այլ գարշ հանգըստից,
Խավարչտին բանտին երբ ավար դարձան,
Զըրկված արևից, աշխարքից, օդից։
    Իմ հայրը այրվեց խարույկի վըրա,
Չուզեց իր պաշտած հավատն ուրանա,
Իրեն որդիքն էլ նույն բանի համար
Օթևան գըտան բանտումը խավար։
    Յոթ հոգի էինք, մընացել եմ ես։
Մեկը տարիքով, վեցն երիտասարդ,
Ինչպես սկըսան, վերջացրին նույնպես,
30 Հալածանքների սաստկությամբ հըպարտ։
    Մինը կըրակում, երկուսը կըռվում
Կընքեցին իրենց հավատն արյունով,
Իրենց հոր նըման մեռան անկոտրում
Թըշնամու մերժած աստծու անունով։
Վերջին երեքը բանտն էին ձըգված,
Որոնցից ես եմ մընացել հիմի,
Հիվանդ բեկորըս մեր անբախտ տոհմի։

II

    Այնտե՜ղ, հին ու խոր բանտում Շիլիոնի
Յոթը հատ սյուներ գոթական ձևի,
40 Յոթը հա՜ստ սյուներ, ծանր ու գորշագույն,
Երևում են թույլ մի շողով տըժգույն,
Որ, ասես իրեն ճամփան մոլորել,
Պատի արանքից պատահմամբ ընկել,
Խոնավ հատակին խաղում է տըխուր,
Ինչպես ճահճային աղոտ մոլեհուր։
    Ամեն սյունի մեջ այնտեղ մի օղ կա,
Եվ ամեն օղակն ունի մի շըղթա։
Սոսկալի բան է երկաթի շըղթան.
Ուտում են նըրա ժանգ–ժանիքները.



50 Նըրանք մաշելով մարմնիս մեջ մըտան
Ու չեն ջնջվելու երբե՜ք հետքերը,
Մինչև չըթողնեմ օրվան լույսը վառ,
Ծանը՜ր, ատելի աչքերիս համար,
Որոնք չըգիտեմ, թե քանի տարի
Չեն տեսել պայծառ երեսն արևի։
Այդ տարիների չեմ հիշում թիվը.
Թողեցի նըրանց տըխուր հաշիվը
Այն օրից, ինչ որ եղբայրս վերջին
Թոշնեց ու մեռավ աչքիս առաջին։

III

    60 Նըրանք սյուներին մեզ շըղթայեցին։
Մենք ջոկ-ջոկ էինք, թեև միասին,
Մենք չէինք կարող ոչ մի քայլ անել,
Ոչ իրար երես խավարում տեսնել։
Աղոտ, կապտավուն այն լույսն էլ որ կար,
Մեզ մեր աչքերում դարձըրեց օտար,
    Այսպես միասին, բայց ջոկ-ջոկ կապած,
Աշխարքի ամեն բարիքից զըրկված,
Մի մըխիթարանք միայն ունեինք,
Որ իրար ձայներ իմանում էինք։
70 Ու սըրտով կըպած, իրարից հեռու
Մենք ըսկըսեցինք սիրտ տալ իրարու
Նոր-նոր հույսերով կամ թե հին վեպով,
Կամ հերոսական անվեհեր երգով։
Սըրանք էլ սակայն պաղեցան վերջում.
Տըխուր էին մեր ձայները հընչում,
Տըխո՜ւր ու խըռպոտ, խուլ ու ահռելի՝
Պաղ արձագանքը բանտի քարերի…

IV

    Մեր փոքրը, որին հայրըս սիրում էր,
Որ մեր հանգուցյալ մոր ճակատն ուներ,



80 Ու աչքերն ինչպես կապույտը երկնի,
Նա էր իմ հոգին տանջում ավելի։
Իրավ, տեսնելիս մարդ չէր դիմանում.
Այնպիսի՜ թըռչնակ այսպիսի՜ բընում…
Գեղեցիկ էր նա, պայծառ ու մաքուր,
Եվ ուրախ, զըվարթ սըրտով բընատուր։

V

     Մյուսն էլ նըրա պես հոգով անարատ,
Ծընված էր սակայն հուժկու տըղամարդ։
Ուրախ ու պատրաստ ամեն ժամանակ
Աշխարքի ընդդեմ խիզախել մենակ,
90 Միայն թե չըհեծեր շըղթայի տակին.
Շըղթայի ձայնից մարում էր հոգին։
Նա լուռ, անմըռունչ ընկնում էր արդեն։
Ես էլ թերևս ընկճըված նույնքան,
Ճիգ էի անում, որ սըրտապընդվեն
Վերջին հույսերը թանկագին մեր տան։
Իզո՜ւր. նա ընկավ, նա մեռավ… տեսա…
Ես տանջվում էի թեև, աշխատում,
Շըղթաս կըրծոտում, շըղթաս կըտրատում,
Տագնապի Ժամին իրեն չըհասա…
100 Նա մեռավ… Եկան, կապանքը վերցրին,
Հենց այնտեղ, բանտում, աչքիս առաջին
Մի փոս փորեցին սառն ու երեսանց…
Աղաչանք արի, խընդրեցի նըրանց,
Որ շընորհ անեն՝ թաղեն այնտեղում,
Ուր որ արևի ճաճանչն է խաղում…
Այս խենթ, խելագար տըխմար մի միտք էր,
Բայց այն ժամանակ գըլուխս էր մըտել,
Թե ազատ ծընված, ազատ սովորած
Իմ եղբոր հոգին, թեկուզև մեռած,
110 Չէր հանգըստանա գերության բանտում…
Զուր էի սակայն այնպես պաղատում.
Նըրանք ինձ վըրա քահ-քահ խընդացին,



Եվ մեր սիրելի եղբայրը կըրկին
Այն պաղ, անդալար հողումն է թաղված,
Ու գըլխի վերև անբաժան կախված
Բըռնակալներին վայել հուշարձան՝
Եղբորըս կըրած ու թողած շըղթան։

VI

    Իսկ մեր ծաղիկը, փոքրը մեզանից,
Ամենքից սիրվածն իր ծընված ժամից,
120 Իր սիրուն դեմքով մեր մոր պատկերը,
Մեր գերդաստանի մանկական սերը,
Նահատակ մեր հոր ցնորքը նվիրական
Եվ իմ հոգսերի վերջին առարկան,
Որի համար միայն ինձ պահում էի,
Որ նըրան ազատ գեթ մի օր տայի.
Նա, որ դեռ հոգին պահել էր այնպես
Տակավին զըվարթ, գուցե առերես,
Նա էլ խորտակվեց, օրեցօր և նա՛
Սկըսավ թոշնել ցողունի վըրա։
130 Բայց այնքա՜ն խաղաղ էր նա թառամում,
Լո՜ւռ, մեղմիկ հալվում, ուժերը քամվում,
Առանց արցունքի, քնքույշ ու բարի…
Ինձ համար էր միայն հոգում ու ցավում…
Եվ ոչ մի տըրտունջ, մի «ա՜խ» չարավ նա
Իրեն վաղաժամ օրհասի վըրա։
Մի փոքըր խոսեց մեր լավ օրերից.
Մի քիչ ըսփոփեց, հույսեր տըվավ ինձ,
Քանզի ես անհուն վըշտից քարացել,
Կորուստիս առջև լուռ էի կացել.
140 Ապա թառանչը, որ զըսպում էր նա,
Արդեն երկարեց, նըվազեց ահա…
Ականջ դըրի ես… չէր լսվում իսպառ,
Ձայն տըվի նըրան ահից խելագար…
Կանչեցի… կարծես մի ձայն լըսեցի…



Ուժգին ցընցումով շըղթաս կըտրեցի,
Ընկա նըրա մոտ. նըրան չըգըտա…
    Ես էի մենակ մըթնումը շարժվում.
Ես էի ապրում, ես էի շընչում
Անիծված օդը մեր խոնավ բանտի։
150 Սա գետնի վըրա, նա գետնի տակին,
Երկու եղբայրս էլ վախճանված էին։
Ընկած չոր ձեռքը բըռնեցի, ավա՜ղ,
Նըրա պես նույնիսկ իմ ձեռքն էլ էր պաղ։
Ուժ չըկար շարժվեմ կամ մի ճիգ անեմ,
Բայց զգում էի, որ դեռ ապրում եմ…
Կատաղի մի վիշտ, երբ գիտենք, որ նա,
Ում սիրում էինք, այլևս չըկա…
Չըգիտեմ ինչպես,
Չէի մեռնում ես.
160 Երկրում ինձ համար էլ ոչինչ չըկար…

VII

    Իսկ հետո այնտեղ ինձ ինչ պատահեց,
Այդ ես չըգիտեմ ու չեմ իմացել.
Նախ օդը հատավ, լույսը պակասեց,
Ապա թե մութը չըքացավ հանկարծ։
Զգացում ու միտք՝ էլ ոչինչ չըկար։
Չէի հասկանում, ինչ էի զգում,
Քարերի միջին կանգնած մի լեռ քար,
Մի լերկ ապառաժ՝ գագաթը միգում…
170 Ամեն բան դատարկ, մըռայլ ու գորշ էր։
Ոչ ցերեկ էր այն և ոչ էլ գիշեր,
Եվ ոչ իմ բանտի նըսեմ լույսը կար,
Այնքան ատելի աչքերիս համար։
Մի տարածություն՝ դատարկությամբ լի,
Եվ հաստատություն՝ առանց մի տեղի…
Չըկային աստղեր, ժամանակ, աշխարհ,
Ոչ փոփոխություն, ոչ բարի, ոչ չար.



Խորի՜ն լռություն… և կանգնած օդում
Ոչ մահվան նշույլ, ոչ կյանք էր նկատվում.
180 Այն անգործության մի ծով էր կանգուն,
Անշարժ ու համըր, խավար ու անհուն…

VIII

    Բայց ահա մի շող ցոլաց իմ գըլխում.
Այն մի գեղեցիկ թըռչունի ձայն էր,
Մերթ լըռում էր նա, մերթ նորից երգում.
Այնպես քընքույշ երգ լըսած չէի դեռ։
Մինչ լըսում էի կախարդված հոգով,
Լըցվեցին աչքերս ուրախ արցունքով
Եվ ես միառժամ չէի նըկատում
Թըշվառությունըս այն խավար բանտում։
190 Բայց շուտով միտքըս սովոր ընթացքով
Երբ վերադարձավ, իրական աչքով
Շուրջըս, վերևըս ես տեսա կըրկին
Պատերն, օճորքը, նըկուղը մըթին,
Առաջվա նըման ուր որ հազիվ հազ
Արևի շողքը ընկնում էր նըվազ։
Բայց և այն ճեղքում, որ ընկնում էր նա,
Ավելի հանգիստ քան ծառի վըրա,
Նըստած էր թըռչնակն ուրախ ու անփույթ,
Մի սիրո՜ւն թըռչնակ, թևերը կապույտ։
200 Հազար զանազան բաների վըրա
                                 Գեղգեղում էր նա.
Ու ինձ էր ասում կարծես բոլորը։
Դեռ ոչ մի անգամ մինչև այն օրը
Նըրա նըմանը տեսած չէի ես,
Ոչ էլ կըտեսնեմ։ Նա էլ էր ասես
Ինձ նըման մենակ, ընկերից զըրկված,
Սակայն ինձ նըման հույսը չէր հատած։
Նըրա համար էր նա եկել մենակ,
Որ մըխիթարի ինձ որբ ժամանակ.
210 Ու ծըլվըլալով մութ բանտիս ծայրից՝



Լըցնում էր կյանքով իմ սիրտը նորից։
    Բայց ո՞վ էր ինքը, իմ հյուրը երգիչ.
Արդյոք երկընքի ազատ բնակի՞չ,
Թե՞ իր վանդակից հենց նոր ազատվել,
Եկել էր իմիս վերևը նըստել…
Չըգիտեմ, բայց ես՝ քաշած գերություն
Չէի ցանկալ քեզ, սիրունիկ թըռչո՛ւն։
Սակայն թերևս թըռչնի կերպ առած
Մի այցելու էր դըրախտից թըռած…
220 Այս միտքը այնժամ, թող ներե ինձ Տեր,
Պատճառեց անչափ խինդ ու արցունքներ։
Մըտածում էի, թե նա իմ կարոտ
Եղբոր հոգին էր, եկել էր ինձ մոտ…
Բայց հանկարծ թըռավ, և ես իմացա,
Որ մի հողեղեն արարած էր նա.
Մի՞թե կարող էր եղբայրըս թըռչել,
Ինձ կըրկին մենակ թողնել այն բանտում,
Ինչպես պատանում փաթաթած մեռել,
Ինչպես մի սև ամպ պայծառ կապույտում։

IX

    230 Փոխվեց վիճակըս այն ժամանակից,
Պահապաններըս դարձան կարեկից։
Չըգիտեմ ինչու մեղմացան նըրանք,
Որ սովոր էին տեսնել չարչարանք,—
Բայց այսպես եղավ։ Ոչ ոք իմ կըտրած
Շըղթան չըկապեց ու մընաց միշտ բաց։
Եվ շրջում էի իմ բանտում ազատ
Ողջ երկարությամբ, մի պատից մի պատ։
    Բայց երբ թըվում էր՝ անըզգույշ քայլով
Կոխեցի նըրանց հանգիստը տըխուր,
240 Դողդողում էի սաստիկ հևալով
Ու սիրտըս ցավից ճըմլում էր ամուր։



X

Ես ոտնատեղեր փորեցի պատում.
Սակայն փախչելու չէի աշխատում,
Ես թաղել էի արդեն բոլորին,
Որոնք աշխարքում ինձ սիրում էին,
Եվ այնուհետև աշխարքն ինձ համար
Մի բանտ էր նույնպես, բայց մեծ ու անծայր։
Էլ ոչ ոք չըկար այնտեղ ինձ մոտիկ.
Հայր, մայր, կամ եղբայր, ընկեր կամ որդիք…
250 Ես ուզում էի միայն բարձրանալ
Վանդակով փակած լուսամուտներին,
Այնտեղից հանգիստ, մի անգամ դարձյալ
Նայել հըրճվանքով բարձըր սարերին։

XI

    Ես տեսա նըրանց. դարձյալ նույնն էին
Ու չէին փոխվել նըրանք ինձ նըման.
Կըրկին դարևոր ձյունը գըլխներին,
Ներքև մեծ լիճը, կապտաջուր Ռոնան…
Ջըրերը զըվարթ աղմըկում էին
Մացառուտներում, ժայռերի միջին,
260 Արևում փայլում ճերմակ քաղաքը
Ու լըճում հանդարտ սահում նավակը,
Թեթև՜, ձյունափայլ առագաստը բաց։
Ապա այնտեղ ցած
Մի փոքրիկ կըղզի մենավոր, կանաչ
Ժըպտում էր, ասես, իմ աչքի առաջ։
Բանտիս հատակից մի քիչ մեծ կըգար,
Ու բուսել էին վըրան երեք ծառ։
Լեռնային հովը շընչում էր այնտեղ,
Ափերին վըճիտ ջըրերը ծըփում,
270 Զըմրուխտ դալարի միջում գունագեղ,
Քընքույշ, վառվըռուն ծաղիկներ ծաղկում։
    Բանտի պատի տակ ձըկան մի վըտառ



Լողում էր անչափ ուրախ ու կայտառ,
Թագավորում էր արծիվն վերևում,
Ու թափն ավելի ուժգին էր թըվում,
Երբ որ նա հանկարծ ուղղում էր դեպ ինձ։
Աչքերս արցունքով լըցվեցին նորից
Ու այնպե՜ս թախիծ տիրեց իմ սըրտին,
Ասես ցավեցի, որ լուսամուտին
280 Եկա մոտեցա իմ շըղթան թողած։
Շտապով իջա դարձյալ դեպի ցած
Ու մըռայլ բանտիս խավարը ահա
Ծանըր ճընշելով չոքեց ինձ վըրա։

XII

    Ամիսներ, տարիք թե օրեր անցան,
Ես ոչ հաշվել եմ և ոչ իմացել.
Մութն էր իմ բանտը, տըխուր մըշտական
Ու երբեք պայծառ հույս չեմ ունեցել։
Եկան վերջապես ինձ ազատելու.
Չէի հասկանում՝ ո՜ւր եմ գընալու,
290 Ոչ էլ հարցըրի՝ է՛ր են ազատում.
Մին էր ինձ համար՝ ազատ թե բանտում.
Ու այն ժամանակ իմ բանտի միջին,
Երբ որ ձըգեցին կապանքըս վերջին,
Այնպես էր թըվում, թե նըրանք եկել,
Ուզում էին ինձ բաժանել, զըրկել
Իմ երկրորդ տանից։ Ես մինչև անգամ
Այնտեղ սարդերին դարձա բարեկամ.
Ու միշտ ուշադիր հետևում էի,
Երբ որ լըրջորեն նըրանք ձանձրալի
300 Իրենց արհեստով էին ըզբաղվում.
Կամ դիտում էի, երբ մուկն էր խաղում
Լուսնի լուսի տակ։ Ինչո՞ւ նըրանց պես
Ինձ էլ մեր տանը չըզգայի և ես…
Մենք՝ բընակիչներ ամենքըս մի տան,
Ու ես նըրանց մեջ մի պետ անսահման,



Կյանքի ու մահվան վըճիռն իմ ձեռքում,
Բայց այնպե՜ս խաղաղ էինք բընակվում…
Նույնիսկ շըղթայիս դարձա ես ընկեր…
Այսպես մընալով օրեր, տարիներ,
310 Սովորում է մարդ իրեն վիճակին,
Ու… ես ցավեցի իմ բանտի շեմքին։