Շիշլիի ազգային գերեզմանատունը մեռելոցի կիրակին
ՇԻՇԼԻԻ ԱԶԳԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ
ՄԵՌԵԼՈՑԻ ԿԻՐԱԿԻՆ
Վերեն վարր խաչաձևված է մաքուր ու աղվոր ճամփաներով։ Տեղ տեղ մարմարե կառուցումներ աչքի կը զարնեն ձյունե դեզերու նման զորս գարունը անտեսած է գուցե։
Պզտիկ քառակուսիներուն մեջ գետինը դահանակի շլացուցիչ փողփողումովը կը խայտա, այնքան տարօրինակ կերպով հզոր է դալար բողբոջումը, որուն մեջ երբեմն ծաղիկ մըն ալ, երիցուկը ընդհանրապես, իր խայտուցը կը դնե։
Դրախտի մը մեջ եմ որ, Վիքթոր Հյուկոյի ըսածին պես, դժոխք մը կը ծածկե։
Մինակս կը հառաջանամ ուղիներուն մեջ, տեղ տեղ ուռեցվորած հողերը, այս հետադարձ ծոցվորումները դիտելով. ամեն քայլափոխիս տեսարանն ալ կը փոխվի, փողոցները կը տարբերին, մարդիկն ալ հարկավ։
Կյանքի պայքարը, անիրավ կարգն ու սարքը, կացն ու նիստը, ընկերային ամեն վեճերը մեկ բառով, զարմա՜նք, հոս են ամբո՛ղջ, կատարյա՜լ այս մահվան միայնության մեջ։
Հարգի թաղերը զատ են և պուլվառներու հողերը թանկագին. անդին նեղ ճամփան կամ վարուն արահետը և ավելի անդին՝ այն տեղը որ ամենունն է և ոչ ոքինը։ Վերինը, Միջակը և Ստորինը ուրեմն, զարհուրելի երրորդությունը հոս է նորեն, իր պառակտումներով ու չսպիացող վերքերովը։
Հարուստին և աղքատին մշտնջենական կռիվը այս լռության մեջ ալ կը լսվի, մունջ բայց որոշ ու հստակ բողոքով մը:
Կալվածական դրությունը, «իմս»ի, «քուկդ»ի տարբերությունը հոս է. անջատումները՝ ավելի կտրուկ, վիհերը՝ ավելի լայն բացված, միությունները՝ անկարելի։
Տեղ մը միայն, ուր ես իմ մասիս պիտի ուզեի հանգչիլ, եղբայրակցությունը կատարյալ է և գիրկընդխառնումը ճշմարիտ. հոն ուր լացերը ու սուգերը շեղջակույտերով կը լեցվին, հասարակաց փոսին մեջ։
⁂
Հոս, հոն տերտերներու կը հանդիպիմ, քանի մը այցելուներու հետ, որոնք կերթան այս կամ այն գերեզմանին վրա աղոթք մը ըսելու... դրամի փոխարեն, շահավետ օրն է այս կսկիծի օրը։
Եվ անոնք որ իրենց սիրելիներուն վրա աղոթք մը ըսել տալու դրամ չունին...
Փարիզի մեջ, ամենեն ցնծահույզ և խնդամոլ ոստանը աշխարհիս, բոլոր քաղաքն է որ, Մեռելոցի կիրակին, գերեզմանատունները կը լեցնե, ծաղկի դեզերու տակ ծածկելով շիրիմները. այդ օրը Ֆրանսա իր մեռելները միայն մեծարելու նվիրած է։
Մեր պարապ ու ամայի գերեզմաննոցին ցանցառ այցելուներուն կը հետևիմ։ Ցավերու վերհիշումներով սփոփանք փնտրող այս մարդիկը կը նմանցնեմ անոնց որոնք խարանի մը կիզումեն վերքի մը դարմանումը կակնկալեն։
Հանկարծ, աջիս մարմարե կիսարձան մը, իր թմթռկած ու անհաճո ծերունիի երեսովը, մանր ու խոնջ աչքերուն մեջ սառած նայվածքովը որ իմինիս վրա կը սևեռի, կը պահանջե որ իրեն նայիմ։ Կը մոտենամ, ազգային վաստակավորի մը, ոևէ բարերարի մը անունը կը փնտրեմ և ծռած, ոսկի վերտառությունը կարդալու համար, կը շտկվիմ սրտմտած ու կռնակս կը դարձնեմ իրեն։ Շարքիս բոլոր ձյունասպիտակ մարմարներուն ու նրբակերտ շիրիմներուն վրա՝ մոռացության միայն արժանի կյանքեր, որոնք, տարօրինա՛կ բան, անուննին անկորուստ պահելու, հոս, վերջին վայրկյանին, ջանք չեն խնայած։
Ձախիս՝ մատուռի ձևով շիրիմ մը, որ այր ու կնոջ մը դեմ դեմի դրված պատկերները կը պահպանե. իբրև թե չքավեր այս հեք ամոլին անունը իմանալ, պետք էր երեսնին ալ տեսնել, էրկանր պատվանշանի խաչը ու կնոջ բեհեզե շրջազգեստը զանազանել, միամիտ ու ծիծազելի համոզում աս էրիկ կնկան համոզումը, զոր սա քարե սրսկապանը կը մարմնացնե։
Եվ այս լիրբ ու անպատկառ անձնազովությունները ու անձնապահպանումները այնքան կը հաճախեն չորս դիս ահա, որ սիրտս լեցնող զզվանքը շրթունքս կելլե մինչև, և ճշմարիտ ամոթ մը կը համարեմ, կատարյալ անվանարկություն մը, դասակցություն մը հոս՝ այս փառապանծ կոթողներուն քով։
⁂
Եկեղեցին, որ կը պնդե թե գերեզմանատունը իր մասը կը կազմն, պետք չէր թող տալ այս անպատկառ ցուցահանդեսը և զլանալու էր, հանրային սրբավայրի մը մեջ ամենեն անարժանին ըստ կամս հավերժանալու արտոնությունը։ Մենք որ ոչինչ ունինք մեր հանրային մարդոց նվիրելիք, շա՞տ է արդյոք եթե գերեզմանի մը պատիվը վերապահեինք իրենց։
Ու բնությունը, մեծագույն եկեղեցին, ինքը կուգա վրեժը լուծել այս վրդովիչ խնդիրներուն ու լրբենի շքեղության, որ վարձով կնկան մը փերևետումին պես կը պարզվի այս գերեզմանատան մեջ։
Հոն, ուր քարե ու մարմարե մահարձանները կը խրոխտա.ն գարունը բույս մը կը շինե այն ոսկերոտիքին վրա որ անոնց տակ կը ծածկվին, մինչդեռ հասարակաց փոսին ու հողին վրա լիաբուռն կը սփռե կը շռայլե իր ցնծալից ու երփներանգ երիտասարդությունը։
Մեկ դին՝ հավերժացումն է կըսեն ոմանք, անէացումն է կսեմ ես, քարի մը անշարժությանը մեջ։
Մյուս դին՝ կյանքը իր հարափոփոխ դրվագներովը. ձմեռվան ձյունին ու բուքին տակ փոս մը, այո՛, որ հիմա գարունին հետ կը ծաղկի, կը զարթնու, աչքիս ու սրտիս կը խոսի։
<1898>