ՇԽՆՈՑ

(Պատկեր Սազի գյուղացիների կյանքից)

1

Ապրիլի սկզբներում դեռ ձյունը թանձր շերտով բռնած էր սարերն ու ձորերը, դեռ քամին փչում էր ցրտաշունչ սուլումներով, սրսփացնում երկրագործին։ Թեև ծիծառներն ու արագիլները վերադարձել էին հարավից, բայց բների մեջ դեռ չէին տաքացել։ Թեև դաշտերի երեսից անհետացել էր սպիտակ սավանը, բայց խրամատներում ձյունից կազմված սառույցները ճգնում էին դիմադրել արևի ոչ-շատ տաք ճառագայթներին։ Արդեն վաղ սպառվել էր գյուղացու անասունների պարենը, և նա քշում էր լղար ու թույլ անասուններին այս ու այն կողմ, ձյունի տակ չորացած, փտած և փափկած նախորդ տարվա խոտի մնացորդներով սովալլուկ ստամոքսներին հագեցում տալու և մի կերպ կյանքը հինգ-տասն օրով ևս քարշ տալու, մինչև նորածիլ բույսերի գետնի երեսից քիչ բարձրանալը։ Մարդ ու անասուն բոլոր ճիգերով վեց֊յոթ ամիս դիմադրել էին մահաբեր ձմռանը և հասել հուսատու գարնան, բայց այնպես ուժասպառ էին եղել, որ նրանց հուսահատեցնում էին պառավի չորս֊հինգ օրվա սառնաշունչ հովերը։ Բայց և այնպես կյանքն այնպես քաղցր էր, այնքան սիրելի ու գրավիչ, որ կսկծացնելով մկաններն ու ոսկորները, ջղերն ու կաշիները, դիտողին քստմնեցնելով, տքնում էին մի կերպ հեռացնել մահը և դիմադրելով նրան, մտնել հուսաբեր գարուն։


Գյուղի մեջ՝ Շխնոցում, առավոտ վաղ կյանքը եռում էր։ Արդեն գոմերն ու ախոռները դատարկվել, արածելու էին տարել անասուններին։ Միայն նորածին հորթերին և գյադակներին արևի ճառագայթների տակ սիփարներում էին տեղավորել, և նրանց տերերը լափով, խաշած թեփով աշխատում էին դրանց կերակրել։ Ամեն երկրագործ յուր գութանն ու արտն էր կարգի բերում և երկրագործական գործիքները դուրս հանած պակաս-պռատ էին լրացնում, որպեսզի գետինը քիչ ցամքելու պես դաշտ դուրս գան, վարուցանքն սկսին։ Պառավներն էլ իրենց քուղան ու կովկիթը, խաբի չաթալան ու խնոցին, փարչն ու բղուղը, քյաղանն ու տաշտը լվանում, սրբում, մաքրում, արևի տակ էին դնում, որպեսզի կենսատու արևը վերջ տա մեռելության և կյանք տա գործելու այդ բոլոր գործիքներին, որոնցով պատրաստվելու էր ռանչպարի ամբողջ տարեկան ապրուստը և սրա ձեռքով աշխարհի ուտեստը։

Վարդևան աղբարը ուրագն ու սղոցը ձեռքին առավոտ վաղ դուրս էր եկել և արորի պարագաները դուրս բերելով բաց օդում, միայն երկու կողմից քամուց պաշտպանված դռան առաջ, արևի անջեռուցիչ ճառագայթների տակ տաշտշում էր սեպեր և ուրիշ գործիքներ ու պատրաստվում ցանքսի գնալու։ Արորը ամբողջապես գլգլել էր․ մի կողմը կարկատելիս, մյուս կողմը քայքայվում էր։ Հերիք չէր Վարդևանի մտատանջությունը յուր փչացած արորի մասին, կինը՝ Գարանը, երկու-երեք տաշտ էր բերել, որպեսզի կարկատել տա, ջուրը դնե, որ մի կերպ ամրանա և փռելիք կաթը չսուզվի։ Վարդևանը վրդովված շարժում էր գլուխը, ծռմռում էր դիմագծերը և ինքն իրեն խոսողի նման գլխով, ուսերով և թևերով անդադար շարժումներ էր կատարում։

—Վարդևան, քա, ախար թե՛զ արա, առաջ մեկ այս տաշտերս կարգի դիր, որ տանեմ ջուրը դնեմ, ես գործ ունիմ, պիտի մաջուն շինեմ, որ կոտրած բղուղը ծեփեմ։ Դեռ հլա խոստացել եմ Մելքոնիս, որ չուխան կարկատեմ, գիշերը մալը տանում է արածելու, ցրտին զնգզնգում է։ Բախտներիցս անձրևներն էլ չեն կանգնում, թե ցերեկը մի երկու ժամ արևի երեսն ենք տեսնում, թոնը գիշերը մինչև լույս շաղ է գալիս։ Մեկ թո՛ղ արորդ, այդ շտապոք չէ, երկու գամ զարկ տաշտերիս։ — Զահլա տարար, գիտես թե քու տաշտերն ե՞ն տունը պահելու։

— Տաշտերս էլ իրենց տեղն ունին, կաթդ, մածունդ, յուղդ, պանիրդ կարգի պիտի դրվի. խո առանց կերակրի չե՞նք կարող ապրիլ: Մենք էլ մեր ուժի չափ…

— Լա՛վ, գլուխս մի՛ դանկ անիլ, կշինեմ… Չորս կովդ ու տասներկու ոչխարդ ձմեռս իմ եզների կերածից չորս անգամ ավելի կերան, դրանց տված օգուտն ի՞նչ է… Թե ես յոնջաս ու հորթս ծախեի և դրա գնով պանիր ու յուղ գնեի, բոլ-բոլ մեզ օգտելուց ջոկ, մի բան էլ փողից ետ կգցեի…

— Լա՛վ, լա՛վ, շատ վրա մի կախիլ, յոնջիդ ու հորթիդ գինը տվել եմ, չորս լիտր եղ ծախեցիր, տասներկու լիտր էլ պանիր, էլ ի՞նչ պիտի լինի։

— Ծախեցի՜ր… Ծախեցի չէ՞, փողերն էլ գրպանս, քսակս դրի ու պահեցի…

— Ինձ ի՞նչ, թե ինչ արիր, ես որ քեզ տվի, ես որ քեզ հանձնեցի, տնտեսեցի իմ աշխատությունով, դեռ տնեցոց բոլորիդ գուլպացուն, չուխացուն այդ ոչխարի բուրդից ելավ, երկու ջեջիմ գործեցի և դեռ աղջկանդ բաժինքի անկողնի բուրդը մատակարարեցի, էլ ի՞նչ պիտի լինի։

— Եղը Մեղրենց ուղարկեցի մեր պարտքի տոկոսի շահի տեղ, իսկ պանիրը, այն էլ անքաշ պանիրը, զապթիեի բինբաշին կերավ մյուդեիի (պրոկուրոր) հետ։ Կարծես թե մենք ստեղծվել ենք միմիայն այդ քաղքցոց ստրկի պես ծառայելու համար։ Արզերում չեղավ այս քաղաքը, արզուլում (այրարևիչ) մեզ համար։ Էս քաղքցիների ճանկում մինչև ե՞րբ պիտի մենք տապկվինք…

— Բարո՛վ, Վարդևան,— ասաց ու ձիուց վար իջավ մի ճանապարհորդ, որը, ինչպես երևում էր, քաղաքից էր գալիս։

Վարդևանը նրան նկատելուն պես, սիրտը տակնուվրա եղավ, մորմոքաց, բայց կրքերը զսպելով, կանչեց յուր որդուն, որը գոմի փլած պատն էր կարկատում.

— Մելքո՛ն, Մելքո՛ն, շտապիր, Կարապետ աղայի ձին ներս քաշե…

Մինչ այդ Գարանը հյուրի ձիու սանձն առած կանգնել էր դռանը և սպասում ամուսնի կարգադրությանը։ Երբ լսեց Մելքոնին եղած հրամանը, առանց սպասելու ձին ներս քաշեց: Մելքոնն էլ նրա ետևից եկավ, և Վարդևանը ուրագը վար դնելով, ձեռքերով նշան տալով՝ ասաց.

— Աղա ջան, հրամմեցե՛ք, ներս հրամմեցեք,— և բոլորը ներս քաշվեցան հյուրասենյակ։ Սենյակը բավական ընդարձակ էր, թեև առաստաղը շատ բարձր չէր և լույսը նվաղ, բայց մաքրությամբ կարող էր օրինակելի լինել քաղաքացի արհեստավորների տներին։ Փռվածքը, բարձերը և սարքը թեև չթից էին, բայց իրենց նուրբ գույները պահած և մաքրությամբ ծփծփում էին։ Երևում էր, որ տանտերը թեև աղքատ, բայց սաստիկ մաքրասեր և հյուրասեր էր։ Տանտիկինը բավական չհամարելով յուր տնական սովորական կահավորությունը պատվավոր հյուրին, անմիջապես ծալքի լայն փեղկը բացեց և մի մաքուր երեսով թանձր մինդար իջեցրեց հյուրի տակը փռելու։

Կարապետ աղան իսկույն ավելորդ շորերը հանեց և լվացվելու ջուր ուզեց։ Մարգարիտը՝ Վարդևան աղբոր աղջիկը, լվացարանը, ջրկիչը և մաքուր սպիտակ սրբիչը ուսերին, մոտեցավ Կարապետ աղային լվացվելու ջուր տալու։ Հասած էր Մարգարիտը կարմրած խնձորի նման, սպիտակ ձեռքերն ու մորթը չէր կարելի զանազանել հագած սպիտակագույն չիթ դերիայից։ Բազմահյուս մազերը, որ շարքով սփռված էին թիկունքի վրա, փայլում էին սև սաթի նման։ Խոշոր աչքերը ցոլում էին և բոցեր արձակում շուրջը, իսկ այտերը մայիսի վարդից էլ վարդագույն և է՛լ հրապուրիչ։ Կարապետ աղան գայլի նման աչքերը չռած անմեղ օրիորդի դեմքին, լվացվում և բորբոքվում էր, երբեմն-երբեմն էլ հառաչում։

Գարանը տուն էր գնացել, որ հավ մորթե ու տապակե, իսկ Մելքոնը ձիուն իրենց յոնջայի մնացորդ կապոցը տալուց հետո եկել էր հյուրասենյակ և դռան մոտ կանգնած սպասում էր հոր նոր հրամանին։ Վարդևանը հեռուն նստած դիտում էր, թե ինչպես տատանվելով և կրկնակի օճառվելով էր լվացվում վաշխառու աղան՝ հայացքով կուլ տալ ցանկանալով նրա հրեշտակատիպ աղջկան։ Երբ լվացվեցավ աղան, Մարգարիտը, արյուն-քրտինք մտած նրա դաժան հայացքի և կիզիչ շնչվածքի ազդեցության տակ, տվեց երեսսրբիչը, հեռացավ բակում երեսի քրտինքը և սրտի բաբախումները դադարեցնելու տենչով, որտեղից դարձյալ պարտավորվեցավ ներս մտնել՝ աղայի ինչ-ինչ ծառայությունները կատարելու համար։ Բայց և այնպես այս բոլորը պարտավորված էր տանել ու տոկալ Վարդևան աղբարը, քանի որ աղային պարտք ուներ և պարտքի, մուրհակի վճարման ժամանակն էլ անցել էր։

Դեռ այդ հերիք չէ, Գարանը իր վերջին վառեկն էլ մորթեց, պուտկի որքում մնացած յուղով տապակեց և շտապեց հյուրասիրել աղային։ Կարապետ աղան այդ նախաճաշը վերջացնելուց հետո վրան մի պնակ մածուն, մի անքաշ պանիր և մի քանի խաշած ձու ևս վայելելով, սեղանից ետ քաշվեցավ, կրկին լվացվելու ջուր պահանջելով։ Ւ՞նչ պիտի աներ Մարգարիտը, հոգին դուրս գար, պարտավոր էր ծառայել աստծու հյուրին, մանավանդ որ այդ հյուրը իրենց աղան էր, նրան մեծաքանակ պարտք ունեին և դեռ ավելին՝ վախենում էին, որ նա գանգատ տա և կրակ գցե Վարդևանի տունը։ Պարտքը, մուրհակով պարտքը սոսկալի բան էր, իսկ տոկոսիքը, ո՜ւհ, մկից, խոզից ավելի կատաղությամբ էին աճում… Երբ փորը կշտացուց և թիկն տվեց Կարապետ աղան, գլուխը բարձին կռթնելով, սիգարեթը ծխելով, ասաց.

— Գիտե՞ս ինչի եմ եկել, Վարդևան աղբար, դու մեզի չես փնտրում, չես երևում, ե՛ս եկա…

— Ի՞նչ, ձմեռը, բուքն ու բորանը ե՞րբ հեռացան, որ մենք կարողանայինք քաղաք գալ, գործ անել…

— Ես չգիտեմ, մենակ դու խոստացար, որ գոմեշներդ կբերես, զատկից հետո կծախես ու մեր հաշիվները…

— Այո՛, ես էլ էի մտածում, ես էլ վճռել էի, բայց գոմեշները աստված առավ ձեռքիցս…

— Ւնչպե՞ս թե։

— Երկուսն էլ սատկեցան… Ձմեռս մեր մալի կերը շատ նվազ էր, ցուրտն էլ դեռ այսօր շսւրունակվում է։ Աստված ե՞րբ է խեղճի երեսին աշել, որ մեզ աշե։ Ես որոշել էի, մտադրել գրել էի պարտքից ազատվելու, բայց աստված որ չկամենա, ես ի՞նչ կարող եմ անել… - Այդ չեղավ, մեր հաշիվը ետ գցել չի լինիլ… Դու խո ճանաչում ես մեծ եղբորս՝ Գևորգ աղային, նա չի համբերիլ, մեկ էլ տեսար մեմուրն եկավ տունդ, դուռդ գրելու։ Գործիդ աշե, գնա քաղաք իրեն տես, կարգի բեր հաշիվդ, թե ոչ դու գիտես, հետո կզղջաս։

2

Վարդևանը հնար չուներ Գևորգ աղայի հրավերը լսելու Արզրում գնալու։ Ցանքի գործի ժամանակ էր, այդ օրերի աշխատության արդյունքով պիտի կերակրեր յուր ընտանիքը, պիտի պարտքերը, հարկերը տար և կարգի բերեր տնտեսությունը։ Դժվար էր, անտանելի մշակի դրությունը, փողի՝ կանխիկ դրամի, պակասությունը սպանում թողնում էր։ Դեռ լավ էր, որ Վարդևանի մեծ որդին` Գեդեոնը, Ղարսում հյուսնություն էր անում և տարեկան յոթ-ութը ոսկի էր ճամփում ծնողներին, որով վճարում էին պետական հարկերը, ապա թե ոչ սովամահ կկոտորվեր Վարդևանի ընտանիքը, և հարկահանը վաղուց կծախեր նրա անասունները, արտերն ու տունը, իրեն էլ երկար ժամանակ բանտերի խորշերում փտեցնելով։ Սոսկալի էր Վարդևանի վիճակը։ Ճշմարիտ է, որ նա բանտում չէր։ Սոված ու մերկ էլ չէր, ընտանիքն էլ ուրիշների դռները մուրալու աստիճանին չէր հասել, բայց առանց հառաչելու, առանց մորմոքալու ոչ հաց էր կարողանում ուտել և ոչ քնել անվրդով ու հանգստացնել տանջված մարմինը։ Ամբողջ տարին ցանում, գութնում, քաղում էր, կալսում, վազում, ձգվում, բայց և այնպես էլի կիսակուշտ, էլի կիսամերկ, էլի կարիքի մեջ խեղդված, էլի պարտատերերի ճանկում։ Գեդեոնը նշանված էր։ Երեք տարի էր սպասում էին խնամիները, որ կգնա Վարդևանը հարսին տանելու, բայց տարեցտարի հարսանիքը ետ էր ընկնում, մինչև իսկ Գեդեոնը չէր կարողանում Ղարսից վերադառնալ։ Աշխատանքը այնչափ քիչ էր, որ հարկերը ծածկելու հազիվ էր բավում, էլ ինչպե՞ս գար Ղարսից Արզրում , ծախսեր աներ, հարսին նվեր տար և կամ հարսնիք թռներ։

Գալարվում էին հոր ու մոր սրտերը, երբ մտածում էին, որ չեն կարողանում հարսը տուն բերել։ Ծնողական սիրուց ավելի տանջում էր ամոթը, այն միտքը, թե դուռ–դրացի ծիծաղում է նրանց վրա, որ չեն կարողանում հարսը իրենց շեմքից ներս գցել։ Ամեն տարի հույս էին դնում իրենց բերքի, կալի վրա, բայց կալի մեջ այնպես էր ցրվում, այնպիսի ավարի էր մատնվում նրանց հույսը, որ մնում էին շվարած ու ապշած։

Ցանքսերը շարունակվում էին։ Վարդևանը Մելքոնի հետ իրենց երկու լուծ արջառներով չէին կարողանում արտից ու հանդից դուրս գալ։ Անձրևն էլ կարծես թշնամի էր ընկել չարատանջ երկրագործին, բարակ մաղում էր, թրջում գետինը և ուժասպառում լղարած արջառներին ու տերերին։ Դանդաղ էր ընթանում նրանց գործը, մինչև ապրիլի քսանը, տասնհինգ օրվա մեջ հինգ օրավար տեղ (հավասար մոտավորապես հինգ դեսյատինի) հազիվ էին ցանել և տափնել։ Ունեին մի֊երկու օրավար տեղ ևս, բայց հուսահատվել Էին, չէին իմանում ցանել, թե թողնել… Բայց երբ կարող էր երկրագործը ձեռք քաշել հողից, մի օրավարը հաջող տարում տասնևհինգ սոմար (30 չետվերիկ) ցորեն կարող էր տալ, իսկ այդ բերքի գնով ոչ միայն պարտքերը, հարկերը, այլ մինչև անգամ նոր լծկանների կարող էին վճարել… Բայց ռանչպարի հույսը լոկ երազ էր մնում հաճախ և համարյա երկար տարիներում նա յուր ցանածի կրկնապատիկը, եռապատիկն էր հավաքել, որով հազիվ յուր անասունների կերն էր դուրս եկել և իր ընտանիքի սովամահ չլինելու չափ պարենը, իսկ հաջորդ տարվա ցանքսի սերմացուն միշտ կիսատ էր մնացել։

Այդ բոլորը աստծու պատիժն էին համարում, քանի որ ժամանակին անձրևից, կարկտից, չորությունից նեղվում էին ցանքսերը և կամ մորեխը, մանավանդ մուկը կտրատում ու փչացնում էին ռանչպարի դառն աշխատության պտուղը։ Բայց փորձված ծերուկները միշտ կրկնում էին. աղբա՛ր, առաջ էլ կային մորեխ, մուկ, առաջ էլ պատահում էին ամեն տեսակ փորձանքներ, բայց մենք մեկին տասը, գոնե ութը անպատճառ ժողովում էինք, դեռ չեմ ասում հաջող, բերրի տարիների մեկին տասներկուսն ու տասնհինգը, որին շատ ու շատ անգամ դիմավորել ենք։ Այս աստծու պատիժ չէ՛, աստված յուր ստեղծածին տառապանքի մեջ ինչի՞ պիտի թողնե, այս մեր խելքի պատիժն է, մեր անփորձության հետևանքն է։ Տասը-քսան տարի շարունակ ցանում ենք ու ցանում, առանց մտածելու, որ Երկիրը պառավել է, թուլացել է, պետք է նրան պարարտացնել, որ մենք էլ բերք ունենանք։ Տեսեք, լավ տեսեք գութնվար արտերը, խոպանից ետև ցանված հողերը կամ աղբով պարարտացրած հանդերը, բոլորն էլ կարգին բերք են տալիս: Եթե մենք երկար խոպան թողնենք կամ աղբենք, ինչի՞ պիտի առաջվա նման բերք չստանանք։ Պապերի ժամանակ հողը պարարտ էր, ուժեղ և միշտ չորրորդ տարին արտը խոպան էին թողնում, իսկ մենք, հողերս այնքան քչացել են, ոք ոչ միայն խոպան չենք թողնում, այլ մինչև անգամ չենք աշխատում աղբով պարարտացնել և մեջընդմեջ կտավատ, ոսպ և ուրիշ հատիկներ ցանել, որ հողը գիրանա։ Ամեն տարի ցորեն, գարի որ ցանենք, բերքն էլ նրա համեմատ կքաղենք։

Վարդևանը ցանում էր և մտածում, մտամոլորվում։ Հույսը անչափ մեծ էր սրտում և վստահաբար վարում էր գործը, վարում և երբեմն էլ վարանում, թուլանում, դառն մտքերի մեջ խորասուզվում։ Հապա թե հույսը չիրականանա՞ր, կարկուտը կամ մուկը նորից փշրեին նրա հույսե՞րը… Այո՛,— ասում էր նա յուր մտքում,— հողս շատ է հալից ընկել, պարարտության կարոտ է, բայց ինչո՞վ պարարտացնել… Աղբը իրեն կարևոր է, աղբով էլ շատ դժվար էր ութ-տասն օրավար հողը պարարտացնել, մանավանդ որ աղբն էլ տնտեսության մեջ յուր որոշ դերն էր կատարում, յուր տան վառելիք աթարն էր թխում, որից մի մասն էլ ծախում էր քաղաքացուն, ինչ-ինչ պետքերը հոգում… Արտը պարարտացնելով կարող էր ավելի վաստակել և տան վառելիքը գնել, բայց և այնպես հակառակ պարագան էլ կար. կարող էր մուկը ամենալավ արտն էլ ոչնչացնել, հետևաբար նա ձմեռը առանց վառելիքի կմնար… Իր անասունների աղբով նա չէր կարող ամբողջ յուր հողերը պարարտացնել, բայց եթե մեկը-երկուսը պարարտացներ, էլի մեծ օգնություն էր, միայն թե տատանվում էր, կասկածում էր։ Պապերը այդ բանը չէին արել, դրացիները չէին անում, ինքը աշխարհի առաջ ինչպե՞ս մինակ օրինակ դառնար և անհաջող դեպքում բացի զրկանքից և ծաղրի մատնվեր։


Եղանակը ամպամած էր, և արջառները հալից ընկել, թուլացել, արորը չէին կարողանում քաշել։ Դիտում էր մտամոլոր Վարդևանը, թե ինչպես տաժանելի տանջանքներով էին շարժվում, փոփոխում քայլերը ուժասպառ անասունները, և ինքն էլ նրանց հետ հալվում էր ու տանջվում, առանց կարողանալու վշաի առաջացրած թմրությունից սթափվել։ Մելքոնը երբեմն—երբեմն հառաչելով, կրկնում էր. հո՛, օհո , հո ,— և ճիպոտը օդի մեջ շարժելով վախեցնում էր արջառներին և առաջ մղում։ Սա տեսնելով, որ հայրը սաստիկ մտատանջվում է և մ՛ոռացել է անասուններին, ասաց․


— Ապար, արջառները չարձակե՞նք, անասունները կա¬ րողությունից ընկան։


— Արձակե՛նք, արձակե՛նք,— ասաց Վարդևանը և շուռ տվեց արորը։


Արջառները քշեցին արտամեջը արածելու, իրենք էլ՝ հայր ու որդի, իրար դեմ նստան, որ հաց ուտեն։ Բայց հացերը պարպել էր, Գարանն էլ հաց չէր ուղարկել, ուշացել էր։


— Մելքո՜ն, տոպրակի մեջ ո՜չ հաց կա, ո՛չ էլ մածուն։ Գարանն էլ չեկավ։


— է՛հ, ով պիտի հիմի տուն երթա ու հաց բերե, ես սաստիկ դա դրել եմ։ Քիչ նստենք, հիմի ուր որ է կերևնա։ Գարանս կամ Մարգարիտը հացերս կբերեն։


Հենց այղ միջոցին հեռուն՝ խրամատի մոտ, երևցան Մարգարիտը և Վարդևանի դրացու՝ Մանուկի աղջիկը, որոնք իրար հետ կապոցներով հաց էին բերում։ Երկուսի միասին երևալը նոր մտքեր ծագեցրեց Վարդևանի սրտում, մանավանդ որ հանդարտ քայլերով և իրար հետ շարժումներով խոսակցում էին երկու թշվառ արարածները։ Անպայման նրանց խոսակցության նյութը իրենց սրտերին շատ հաճելի առարկայի մասին էր և հոգով այնքան վրդովված էին երկուսն էլ, որ մինչև անգամ ակնարկները չէին ուզում հեռուն, շրջապատները ձգել ու դիտել: Վարդանի աչքը պլշած մնաց նրանց վրա, մինչև եկան, արտը մտան:

— Աղջիկ, ինչի՞ այսքան ուշացար, մեզ քաղցած թողիր,- ասաց Վարդանը ուրախ դեմքով, դուստրից մի աներկյուղ պատասխան ստանալու մտքով:

— Գարանս ուշացուց: Մեկ էլ որ Մարջանը ասաց «Սպասի՛ր, միասին գնանք»: Ես էլ վախենում էի մենակ գալու, քիչ կեցա, ու մեկտեղ եկանք:

— Վախենալու ի՞նչ կա, ճվաս՝ ձայնդ գյուղ կհասնի, հանդվորները կիմանան, էլ ինչի՞ ես վախենում…

— Մարթան էլ շատ ճվաց, բայց մինչև գեղացվոց հավարի հասնելը, Մահմեդը խեղճ աղջկան լեցաճաք արավ:

Վարդևանը չկարողացավ պատասխանել, նա իսկույն կապոցն առավ աղջկա ձեռքից ու բաց անելով՝ նշխարքի նման բարակ ու սպիտակ հացից բերանը գցեց: Մելքոնը մոտեցավ և մի պատառ հացով մածնի պատկի երեսից սերը քաշեց և կուլ տվեց: Մարջանը հանդի մեջ կանգնած սպասում էր, որ Մարգարիտը նրան ընկերացի մինչև իրենց արտը: Մարգարիտը նրան ընկերակցի մինչը իրենց արտը: Մարգարիտը նրա սպասողական հայացքը զննելուց հետո սիրտ արավ և ասաց դողդողալով.

— Ապա՛ր, Մարջանի հետ գնամ նրանց արտը, մենակ վախենում է…

— Գնա՛, աղջի՛կս, գնա՛, շուտ էլ դարձեք, մի՛ մնաք: Մի վախենաք, գնացեք, աչքս ձեր ետևից է:

Երկու ընկերակիցներն արագ քայլելով հեռացան: Վարդևանը նրանց ետևից դիտելով մնաց նստած տեղը արձանի նման և սրտի խորքից մի դառն հառաչանք արձակեց: Ամպերը հետզհետե կուտակվեցան, մռայլեցին Վարդևանի թախծալի դեմքը, անձրևի բարակ կաթիլների հետ խոնավությունը թափանցեց ռանչպարի մարմնի, ոսկերների ծուծը, և նրա վշտացած սիրտը կսկծացրեց ու մղկտացրեց: Նա երբ յուր լղար արաջառներով կրկին փորձեց ցանքը առաջ տանիլ ու վերջացնել գործը, արոտի կապերը քայքայվեցան ու ցրվեցան, և Վարդևանը շվարած մնաց անձրևի տակ, առանց մի կտոր թաղիքի կամ կարպետի ծածկոցի: Գիշեր էր անցել։ Վարդևանը արորը հազիվ մի քիչ կարգի էր բերել և Մելքոնին հանդի մեջ լծկանների քով թողած, եկել էր տուն հանգստանալու։ Փոշենման թոնը սփռվում էր, և դաշտերը ամեն կողմ թրջվել, խխմել, այնպես էին կակղել, որ ման գալն անհնար էր դարձել, մարդիկ քայլելիս մինչև ծնկները խրվում էին ցեխի մեջ։ Այնպես թանձր ամպերով էր պատել երկինքը, որ ոչ միայն ոչ մի աստղ չէր նկատվում, այլև խավարը կատարելապես տիրապետել էր, դաշտում ոչինչ չէր տեսնվում։ Շխնոցը անհայտացել էր մառախուղի մեջ և բացի շների երբեմն ակի տխուր ոռնոցից, ոչ մի շշուկ չէր լսվում։ Աղջամուղջը կարող էր կատարելապես հուսահատեցնել, եթե մարդիկ զարթուն և սթափման վիճակի մեջ նրանում գտնվեին, բայց քնի ժամանակ տպավորություն չէր կարող գործել այդ մառախուղը մարդկանց սրտերում։

Շների ոռնոցը աստիճանաբար սաստկանում էր, և գյուղի սահմանից լսվում էին սոսկալի հաչոցները։ Մարդիկ՝ գյուղացիք, այնպես էին հոգնել ու դադարել, այնպես էին լքանել ու թմրել, քնել ու խորթացել, որ ոչ ոք ուշք չէր դարձնում այդ հաչոցներին։ Բայց հավատարիմ կենդանիները իրար հետ բոլոր ուժերով հաչում էին անընդհատ։ Հեռվից լսվում էր ևս ձիերի ոտնաձայներ, որոնք աստիճանաբար մոտենում էին գյուղին, և կարծես ձիերն էլ հոգնած, ուժասպառ գյուղի շների ոռնոցի ձայնից քաջալերված, աշխատում էին ժամ առաջ հասնել իջևան և հանգստանալ։ Ձիավորները շատվոր չէին, լորս հոգի էին և բոլորն էլ զինված։ Նրանց բարձրացրած աղմուկը բորբոքում էր Շխնոցի շներին։

Վերջապես մտան գյուղ և այս ու այն կողմ ոլորվելուց հետո եկան իջան Վարդևանի դռանը։ Մի քանի անգամ դուռը զարկին և ձիավորներից ավելի համարձակը իջավ ձիուց, բարձրացավ կտուրը և ձեռքի մտրակով շների հետ կռվշտելով երդիկից ձայն տվեց.

— Վարդևան՛ն, Վարդևա՛ն, դուռը բաց։

Մի քիչ հետո Վարդևանը ճրագը ձեռքը դուրս եկավ և բակից ինչ-ինչ հարցեր տալուց, պատասխաններն ստանալուց հետո դուռը բացեց և ներս քաշեց անկոչ հյուրերի ձիերը։ Չորս ձիավորներից երկուսը դատաստանական ատյանի ծառայող էին, մինը ոստիկան և չորրորդը Վարդևանի պահանջատերը՝ Գևորգ աղան էր։ Հենց այդ միջոցին ամպերը սաստիկ գոռգոռում էին, և օդը փայլատակում էր, բայց Գևորգ աղայի անակընկալ գալուստը միայն շանթահարեց Վարդևանին։

Հյուրերին ներս առաջնորդեց Վարդևանը, ձիերը ախոռը կապելով, բայց դրանց կերակրելու ոչինչ չուներ տանը։ Ո՛չ կաթ ուներ, ո՛չ մածուն, եղն ու պանիրը վաղուց էր սպառել, իսկ հացը առավոտ միայն թխելու էր Գարանը։ Խոտ, գարի, դարման, յոնջա՝ նշույլն անգամ չէր մնացել։

— Ձիերին յոնջա տո՛ւր,- ասաց ոստիկանը հրամայական եղանակով։

— Յոնջա՞,- ասաց ապուշ-ապուշ Վարդևանը,- այս տարվան բքերն ու ցրտերը տունը երգ շատ թողի՞ն, որ ես մարագի անկյուններից ձեր ձիերի համար յոնջա գտնեմ։

— Խոտ բե՛ր,- ասաց վրդովված ոստիկանը։

— «Ես ասում եմ, թե ներքինի եմ, նա կրկին հարցնում է, քանի՞ որդի ունիս»։

— Ահա, էֆենդի, թե ի՞նչ անխիղճ են այս գյուղացիք… Ես որ ձեզ պատմում եմ, դուք չեք հավատում,- ասաց բորբոքված Գևորգ աղան։ Կեսգիշերին, այս անձրևին, փայլատակումներին ու ցեխին ես ու՞մ դուռը գնամ և պարեն գտնեմ մեր ձիերին։ Դադրած անասունները հիմի տանջանքից կկոտորվեն։

— Ինչի՞ չեք հավատում, աղա՛, ինչի՞ եք ամբաստանում, ահա ճրագը, ահա մարագներս… Հրամմեցե՛ք, ես ձեզ կառաջնորդեմ ամեն տեղ, դուք խոտանս լավ ծանո՞թ եք։ Եթե մի բան գտնեք, ես արժանի եմ ձեր նախատինքին ու մեղավոր, ապա թե ոչ, դուք ինչ եք պատասխան տալու ձեր խղճին…

— Ծո՛, հիմի հավատա՞մ, որ մի բուռը խոտ կամ դարման էլ չունիս։ — Արևս վկա՛, գլուխդ վկա՛, աղա՛, ինչի՞ ես անհավատացել:

— Ախար անլեզու անասուններին խո չե՞նք կարող սպանել:

— Ւ՞նչ անեմ, ո՞ր ջուրն ընկնիմ:

— Դրկիցից փոխ ա՛ռ, պարտք վերցրու, գնա փողով գնե, ես կվճարեմ:

— Այո՛, եթե լինի, եթե ունենան, — ասաց Վարդևանը հառաչելով:

— Ծո՛, փողն որ ցույց տաս, հոգիներն անգամ կծախեն, — ասաց Գևորգ աղան:

— Չկա, չունին… Հավատա՛ խոսքիս։

— Գնա՛,— ասաց պաշտոնապես էֆենդին Վարդևանին, — այս ոստիկանին էլ տար և ձեր քեհյային ասա, որ մեզ համար խոտ, գարի գտնի և ինքն էլ գա, նա մեզ անմիջապես հարկավոր է։

Վարդևանը ոստիկանի հետ գնաց և բավական ուշացան, մինչև մի խուրձ հոտած ու ապականած խոտ գտան ու բերին։ Մինչ երկուսով էին մնացել սենյակում՝ վաշխառուն ու պաշտոնականը, առաջինն ասաց.

— Էֆենդի՛, սաստիկ համառ է այս անիծածը, դուք պիտի աշխատիք սրան վախեցնել, հետո քիչ–քիչ համոզել, որ գրավ դնե ինձ մոտ հողերը, մինչև փողիս վճարելը։ Հակառակ պարագայ՛ում դուք սպառնացեք, որ աճուրդով ծախել կտաք ինչպես շարժական, նույն պես անշարժ կալվածները:

— Դու անհոգ կաց, Գևորգ աղա՛, ես նրան մեղրամոմից փափկացնեմ:

— Դուք չգիտեք, էֆենդի, սրանք ի՜նչ սերունդից են. որ կտրտես, դարձյալ իրենց խոսքը չեն փոխիլ: Պետք է խիստ վարվել և դաժան դեմք ստանալ: Հակառակ պարագայում զուր կանցնի մեր այցելությունը…

— Զուր կանցնի՞: Դու շնորհքս չտեսա՞ր այսօր այնտեղ, այստեղ էլ միևնույն բանը կպատահի…

— Այնտեղ ուրիշ էր դրությունը, այնտեղ ձեռքումդ հրամանագիր ունեիր դատարանից, այնտեղ կարգադրված էր նել այն բոլորը, իսկ այստեղ պետք է հանգամանքից օգուտ քաղել և նենգությամբ, երկյուղի ազդեցությամբ գործ տեսներ։ Դուք վստահ եղեք, ես կարող եմ երեք-չորս օրից կարևոր թղթերը դուրս բերել հուգուգից (դատարան) և սրա համար, բայց ասում եմ, որ առանց այդ ծախսին այս գործն էլ կարգի բերենք։

— Դու խոստացածդ երկու լիրան պատրաստիր, ես քու գործդ, ինչպես խոսք տվի, գլուխ կբերեմ։ Գրավականով մուրհակ չես ուզում, կալվածների ապահովագրության թերթը չէ քու կամեցածը, ես կարգի կբերեմ, էլ ինչ ես ուզում։

Վերջապես քեհյան եկավ Վարդևանի հետ։ Գյուղում դեսից-դենից քիչ գարի էին գտել, հավի կուտից, բունկալների խոտից հավաքել, բերել էին ձիերին։ Էֆենդին երկար-բարակ գյուղապետ քեհյային նախատելուց, անարգելուց և հայհոյելուց հետո ասաց․

— Քեզ կանչել եմ, քեհյա՛, որ վկա լինիս այստեղ։ Գիշերս ես, Արզրումի հուգուգ մեջլիսի կարգադրության համաձայն, ցուցակագրելու և գրավելու եմ Վարդևանի կայքը Գևորգ աղային ունեցած պարտքի հաշվին։ Թե՛ շարժական և թե՛ անշարժ, ինչ որ ունի, բոլորը պիտի ցուցակագրեմ։ Քեզ կանչելուս պատճառն այն է, որ ինչ որ ունի, չունի, բոլորը մեկ—մեկ մեզ հայտնես, առանց ծածկելու, որպեսզի ապագայումն էլ պատասխանատու մնաս ծածկված ապրանքների համար։

— Իշխանության հրամանին հնազանդելու պարտավոր ենք, բայց խնդրում եմ թողե՛ք այդ գործը մինչև լույս։ Մինչև այն ժամանակ գուցե աղան հաշտվի մի կերպ Վարդևան աղբոր հետ։ Եթե չհաշտվեն, գոնե ես միջոց կունենամ առավոտ դրացիներից նրա ունեցած չունեցածի մասին տեղեկություններ հավաքել և ձեզ լիովին, ճշգրիտ զեկուցում տալ։

— Այդ ես չգիտեմ,— ասաց էֆենդին,— եթե Գևորգ աղան համաձայնի, ես արգելք չունիմ։ Ես էլ կխնդրեմ, որ եթե հնարավոր է հաշտվի…

— Վարդևան աղբար, ախր գործդ ինչի՞ ժամանակին կարգի չես դնում,— ասաց քեհյան,— որ դուռդ կեսգիշերին պաշտոնյա գա։ Ամոթ է, մենք հայ քրիստոնյա ենք, ես կխնդրեմ Գևորգ աղայից, որ ներողամիտ լինի քու պակասությանը։ Մենք առանձնանանք ու կարգի բերենք հաշիվդ, առանց դրացիներդ բանը լսելու։ Առավոտ վաղ վեր կենան ու գնան, պատիվդ էլ դուռ-դրկից ի մոտ հողի հետ չհավասարվի։

- Չգիտեմ ինչ պատասխանեմ… Մի՞թե այս քրիստոնեություն է, մի՞թե այս մարդկություն է… Մի՞թե աստված չկա, խիղճ չկա,- ասաց հեկեկալով Վարդևանը և ձայնը կոկորդի խորքերում խեղդվեց։

- Անխի՛ղճը, անաստվածը, դո՛ւ, դո՛ւ ես, ապերախտ,— ասաց կատաղած Գևորգ աղան:- Փող ուզելու գալիս հրեշտակ եք դառնում, ողորմելի, անմեղ արարածներ, իսկ մենք երբ փողերս ետ պահանջելու լինենք, օձի նման աղուն ու թույնը բերաններդ, մոտենում եք մեզ խայթելու։ Մեղավոր եմ, որ փողս ետ եմ պահանջում, հանցավո՞ր եմ, երբ իրավունքս եմ պաշտպանում…

— Փողդ պահանջելու իրավունք ունիս, քեզ բան ասող չկա, բայց պաշտոնյայով դուռս գալդ օջախս քանդեց, կրակս մարեց…

— Ես տասնևհինգ օր առաջ աղբորս ուղարկեցի, քեզ կանչեցի քաղաք, բայց դու անտարբեր, մի պատասխան անգամ չճամփեցիր։

— Ես խոստացա գալ, բայց ցանքից չպրծա։

— Ո՛չ, ո՛չ, դու փախս ես տալիս, դու երեք տարի է ինձ մատի վրա խաղացնում ես, խաբխբում ես…

— Ւ՞նչ երեք տարի, ի՞նչ խաբխբել, աշունքը քեզ մոտ չէի՞, որ երկու լիրա տվի, կալին ինձ մոտ չէի՞ր, որ երկու սոմար գարի տարիր. անցյալ գարնան մատակներս չծախեցի և քեզ չհանձնեցի՞ երեք լիրա։ Ախր, խի՛ղճ ունեցիր։ Հինգ լիրա հինգ տարի առաջ փող ես տվել, քանի տարի է վճարում եմ, տալիս եմ, չեմ պրծնում, հիմա էլ…

— Անօրենի լեզվին աշե՛. խոսածն իմացիր և զրպարտությունները լսե… Թե մուրհակդ մոտս չլիներ, պիտի ուրանայիր և կուլ տայիր փողերս։ Երեք տարի առաջ տասներկու լիրա եմ տվել կանխիկ փողով, ահա՛, կարդա մուրհակդ… 4 — Այո՛, այո՛ ես չեմ ուրանում, ճիշտ է, այդ մուրհակը ես եմ տվել, միայն հինգ ոսկի փոխարինությանս վրա երկու տարեկան տոկոսիքը, ծախսերը և տուգանքը վրա եկաք, ինձ պարտավորեցրիք, ստիպեցիք ստորագրելու այդ մուրհակը։ Նեղն էի, հանգամանքից օգտվեցիք և հարյուրին քառասունութ տոկոս վեր առիք, տոկոսի էլ տոկոսը վրա եկաք, գլորեցիք ինձ հորը և այժմ ի՞նչ է մտքերինդ, աղա՛, եկել եք ձեր ոչխարին մորթելու, ահա՛, մորթեցեք․․․ Բայց առաջ մանր ու խոշորիս խեղդեցե՛ք, սպանեցե՛ք, հետո էլ ինձ ուզում եք բութ դանակով…

— Այդ հիմար ցնդաբանություններիդ մարդ չի հավատալ, ես քեզ հինգ ոսկի տվել էի, նորն էլ չգիտեմ որքա՜ն տվի, տոկոսն էլ վրա եկանք ու մուրհակ ստացանք…

— Անխի՛ղճ, անհոգի՛, դու էլ ե՞րբ ես ինձ փող տվել, բացի հինգ ոսկին… Երդվի՛ր, մի երդվի՛ր զավակներիդ արևովը, ես, ես ոչ թե տասներկու-քսանչորս ոսկի էլ կտամ։ Շատ բանդ իմացել էի, բայց երես-երես ստելու աստիճան աներեսությունդ չէի գիտեցել։

— Ես սո՞ւտ եմ խոսում։ Երբ քեզ նման զզվելի արարածին հանում, կարմիր ոսկի փոխ եմ տալիս, ցավում վրան, օգնության հասնում, աներե՞ս եմ դառնում։ Հայտնի բան է, տոկոս էլ պիտի ստանամ։ Հապա որտե՞ղ ես իմացել, որ առանց տոկոսի փող տան։

— Տոկո՞ս, անխիղճ, անհոգի, երկու տարվան մեջ հինգ ոսկին ինչպե՞ս տասներկու ոսկի դարձավ, իսկ երեք տարի է տալիս եմ, տալիս եմ, փողը փող, կալի մեջ՝ ցորենը, եղն ու պանիրը, հավն ու գառը, էլի չե՞մ պրծնում…

— Դե՜հ տեսե՛ք, տեսեք ի՞նչ խայտառակն է եղել։ Մի պուտուկ յուղ է բերել կամ տոպրակով մածուն, կամ մեկ-երկու կաժ պանիր և ուզում է դրանցով պարտքը վճարած համարել։

— Ինչպես թե մի պուտուկ եղ. ախար տաշտով չորս լիտր դուռդ բերի անցած տարի, չորս լիտր այս տարի։ Հերու տասը լիտր անքաշ պանիր բերի, դու մանր-մունր բերածներս ինչի՞ ես հիշեցնում և խոշորները մոռանում․․․

— Հապա իմ փողս տոկոս չունի՞, գյադա՛։ Ես խո քեզ նման էշ գյուղացի չե՞մ, որ ցորեն ցանեմ, գարի ցանեմ և տարեկան մեկ անգամ քաղեմ։ Ես յոնջա եմ ցանում, յոնջա, որ քեզ նման իշաներիս ջրել տամ և տարեկան չորս-հինգ անգամ ժողովեմ։ Եղն էլ պիտի տաս, պանիրն էլ, խոտն էլ, ցորենն էլ, գարին էլ, գառն էլ ու ձին էլ և այդ բոլորը տոկոսի տոկոսի մեջ․․․ Չեք ուզում վճարել, ինչի՞ եք գալիս վիզ ծռում ու փոխ ուզում։ Ով որ ինձանից փոխ ուզե, պիտի ամեն բան աչքն առնե։ Ես ոչխար, կով չեմ պահում, ինձ մատյան պետք չէ, իմ փողերս խոզի նման տարեկան երեք-չորս անգամ են ցնգնում և ամեն անգամ տասնյակներով․․․

— Հապա տվածս երկու լիրան մեկ անգամ, երեք լիրան անցած տարվան, երկու սոմար գարին, հերու չէ առաջին տարվան երկու սոմար ցորենը, երինջներս գլխից չե՞ս իջնելու․․․

— Տոկո՛սը, շահը, շա՛հի շահը, քանի՞ տարի է․․․

— Որ այդպես է, ուժն էլ քու կողմիդ է, ահա՝ էֆենդին, ոստիկանն ու գործակալը քեզ թև ու թիկունք են կանգնած, վեր առ, մի անգամ ինչ ունեմ չունեմ, վեր ա՛ռ, մեզ էլ բոլորիս մորթե ու տար․․․ Տա՛ր, տա՛ր, ամենն էլ քեզ լինի, աստծու կրակն էլ, գուցե կշտանաս․․․

— էֆենդի, սա այնպես հաստակող անիծվածն է, այնքան համառ ու անկոտրում, որ մինչև ուժ ու բռնության չենթարկվի, չի փափկիլ։ Ես խնդրում եմ հենց գիշերս անմիջապես գրեցեք սրա ունեցածն ու չունեցածը, ցուցակագրեցեք, պահ տվեք ու գնանք։ Ես այս գեղի մեջ քառասուն մարդու վրա պահանջ ունիմ, ոչ մեկին սրա նման դիմադարձ ու համառ չեմ տեսել, ոչ մեկից այս պատասխանները չեմ ստացել։ Սազի գյուղերում չորս հազար մարդու հետ գործ եմ բռնել, լավ ու գեշ եմ եղել, ոչ մեկը ինձ այս պատասխանները չի հանդգնել տալ։ Ես ամբողջ կարողությունս կփչացնեմ և չեմ թույլ տալ, որ սրա նման հաստակողերն իմ ո՛չ թե փոխս, այլ նրա տոկոսի տոկոսը և ո՛չ պոչն անգամ կուլ տան։ Սրանք անխիղճ, անհոգի գյուղացի են, եթե իրավունք ձեռք ձգեն, մարդու կաշին առանց մորթելու կքերթեն։ Գրեցեք, խնդրում եմ, մի՛ Ժամանակը կորցնե՛ք, ես մինչև որ սրա ունեցածը չունեցածը, պապենական մնացած արտերը աճուրդով չծախել տամ, չեմ հանգստանալ։ Սրա նման օձերի գլուխը պետք է փշրել, որ մնացյալները իրենց պարտականությունը ճանաչեն և ուրիշի իրավունքը կուլ տալու աչք չտնկեն։

− Աչքդ ես գիտեմ, որ արտերիս վրա է, բայց ականջիդ ետևը կտեսնես, իսկ մյուլքերիս կոչանը (купчий) չես տեսնիլ… Անխիղճ, անհոգի, խելքդ, միտքդ խեղճ գյուղացու մի թիզ հողի վրա է։ Աշխարհք շորթեցի՛ր, չկշտացա՛ր, ո՛րի հետ հաշիվ ունեցար, տունը, տեղը, հանդն ու մարգը խլեցիր, մոխրի վրա մանր ու խոշորին թողիր, իրենց էլ առանց ծախու գնելու գերեցի՛ր ու վարեցի՛ր… հիմի էլ հերթն ի՞նձ հասավ: Առաջ ես կտանեմ, իմ ձեռքով որդիքս, կնիկս կմորթեմ և հետո դու էլ ինձ սպանիր ու այնպես զավթիր Վարդևանի հողերը…

− Ի՞նչ ես շատ լեզվիդ տալիս,− ասաց քեհյան խոսքի մեջ մտնելով,− նա քու արտի վրա ինչի՞ պիտի աչք տնկե։ Հող չունի, հողի կարոտ է՞, մարգ չունի, մարգի պետք ունի՞, թե աշխարհի վրա նրան մարաբա՞ է պակաս։

− Ծո՛, դու իմ փողս տուր, ծո՛, դու կարմիր ոսկիս տուր, գլուխդ խռով մնա քու հողդ Էլ, մյուլքդ էլ, բեր փողերս տուր, ես գնամ…

− Ավելորդ խոսակցությունների ժամանակ չէ,− ասաց էֆենդին, − հիմի քեզ հարցնում եմ, այս մարդուն ունեցած պարտքդ անմիջապես կարո՞ղ ես կանխիկ դրամով վճարել, ավելացնելով դրա վրա դատաստանական ծախսերը և իմ ճանապարհի ծախսը վարձիս հետ։ Հակառակ դեպքում, ես համաձայն Արզրումի բիդայեթի վճռի, գիշերս պարտավոր եմ իսկույն գրել և գրավել բոլոր կայքդ ու կարողությունդ։

− Ես բան չունեմ ասելու,− պատասխանեց հառաչելով Վարդևանը,− միայն խնդրում եմ, որ այդ վճռի պատճենը տաք ինձ, առավոտ մեր մոլլային կարդալ տամ և բովանդակությունը հասկնամ, ապա դուք էլ կատարեցեք ձեր պարտականությունը։ − Ես մինչև առավոտ չեմ կարող սպասել, իսկույն պետք է սկսեմ ցուցակագրել։

− Ես, էֆենդի, ձեզ դեմ բան չունիմ, կարող եք իսկույն կատարել ձեր գործը. բայց ես կասկածղում եմ Գևորգ աղայի վրա… Նա շատ անգամ կեղծ վճիռներով և սուտ պաշտոնականներով այս ու այն գեղն է գնացել և խաբեություններով ժողովրդին կեղեքել։ Ես չեմ ասում, որ ձեզ նման մի մարդ կարող է խարդախել, բայց Գևորգ աղան ձեզ էլ կարո՛ղ է խաբել մի սուտ թղթով։ Առաջ կարդանք, վճռի բովանդակությունը լսենք, հետո։

− Անհավ ա՛տ, անօրե՛ն, շո՛ւն, կարծում ես ես քեզ խաբում եմ, թե ես գիր չգիտե՞մ և կամ չե՞մ ճանաչում բիդայեթի վճռի իսկությունն ու կեղծությունը։ Հիմի թևերդ կապել կտամ, այնքան կթակեմ, որ կաշիդ կպոկեմ… Առաջս կխառնեմ, շղթայակապ ջարդելով քեզ քաղաք կտանեմ և բանտ գցել տալով տարիներով ոսկորներդ կփտեցնեմ… Ղու տերության պաշտոնականին դիմադրում ես, նրան խարդախ ես անվանում…

− էֆենդի՛, ախր…

− Լի՛րբ, անզգա՛մ, կարծում ես չգիտե՞մ, որ անցյալ շաբաթ ութ օր հինգ ջանֆիդան (անձնազոհ) տունդ պահեցիր, մյուզիր (վնասակար) ավազա՛կ, ես քու գլուխդ փշրել կտամ։

− էֆենդի՛, ներողություն եմ խնդրում, ես ձեզ անպատվելու ոչ մի միտք չունեի, ես միայն խնդրում եմ վճիռը, վճռի պատճենը տվեք, կարդանք…

− Ես քեզ այդ դասերը տվող ջանֆիդանների տեղն էլ գիտեմ, ես քեզ նրանց քով գցել կտամ, բանտում թող էլի քեզ նորանոր դասեր տան։

− էֆենդի՛, մի՛ ինձ վրա զայրանալ, ես մեղավո՞ր եմ, եթե իրավունքս ցանկանում եմ պաշտպանել։ Եթե կամենում եք, գնամ խնդրեմ, անկողնից բարձրացնեմ մեր գյուղի մոլլային, գա, կարդա վճիռը և ապա արե՛ք, ցուցակագրեցեք ինչ որ կամենումեք։

− Ղու, անօրե՛ն, անհավա՛տ, ուզում ես փախչել, որպեսզի ես գործս չկարողանամ առաջ տանիլ, Գևորգ աղայի գործք ետ մնա և ինքդ ազատվիս դատավորների ձեռքից։ Բռնեցեք այդ անօրենին, մի՛ թողնեք շեմքից դուրս գնալու։

− Ո՛չ մի տեղ չեմ գնալ, բայց թող վկա լինի քեհյան, որ դուք առանց բիդայեթի վճիռը ներկայացնելու եք ցուցակագրում իմ կայքս։ Ես արդեն գիտեմ իմ անելիքս, տարե՛ք քաղաք, այնտեղ դատարանի առաջ կխոսիմ ես Գևորգ աղայի հետ, թող նա այս գիշեր յուր ցանկությանը հասնի, իսկ վաղը․․․

− Ահավասիկ բիդայեթի վճիռը, կարգադրությունը,− ասաց էֆենդին կակազելով և ծոցի վճիռքի պատճենը ցույց տվեց ու կրկին ծոցը դրեց։

Վարդևանը դատարանի պաշտոնականի թույլ շարժումներից և բորբոքումներից զգացել էր, որ նրա ձեռքում վճիռ չկա, իսկ երբ իբրև վճիռ ցույց տվեց մի թուղթ ու կրկին ծոցը դրեց, բոլորովին գյուղականի համար պարզվեց, որ դա մի շինծու գործ էր և դրանով ցանկանում էին իրեն նեղը գցել և ձեռքից մի բան կորզել։ Այդ իսկ պաճառով նա ավելի համառեց և պնդեց յուր խոսքը։

− Վարդևան աղբա՛ր, − ասաց մեկ կողմ քաշելով քեհյան թշվառ պարտապանին, − մի՛ պնդիլ և զայրացնիլ անհավատներին, կարող են քեզ վնասել։ Չտեսա՞ր, չիմացա՞ր անօրենը, անխիղճը ինչը զրպարտությունների պոչից բռնեց։ Իսկ խո Գևորգ աղայի գիդե՞ս, նա ամբողջ կարողությունը կդնե, ամեն աղայի գիտե՞ս, նա ամբողջ կարողությունը կդնե ամեն ցած միջոցի կդիմե և քու հախից կգա։

Վարդևանը, վրդովված, թույլ հառաչանքներ արձակելով, լսում էր յուր դրացուն, որի խոսքերը թունավորված սլաքի նման մտնում, թափանցում էին նրա հոգու խորքերը։

− Արի՛, համառությունը բաց թո՛ղ, մի կերպ յոլա գնա՛, խաղաղվիր, պրծի՛ր։ Դու խո չե՞ս կարող Գևորգ աղայի դեմ ասպարեզ դուրս գալ։ Այն գործը, որ լավությունով կարելի է վերջացնել, քանի՜−քանի տեսակ պիտի վնասվիք, որ գեշությունով իրարից վրեժ լուծեք։ Բե՛ր մի բանի կապենք։

− Չեմ կարողանում դատել, ուշքս վրաս չէ, քեհյա, արա ինչ որ կամենում ես։

− Բե՛ր, բե՛ր մի նոր մուրհակ գրենք, մեկ էլ գրավականի թուղթ տուր Գևորգ աղային, ու գործը վերջանա։ Ինչ որ է, ես կերթամ, կխնդրեմ, որ հաշվե ու վրան գալով նոր մուրհակ գրե, մինչև կալ կամ մի տարի ժամանակի…

— Այնքան տվածներից ջոկ նորի՞ց վրան տոկոս գա… Արտերս գրավ դնեմ, որ տունս-տեղս քանդե՞, ինձ էլ մարաբա շինե, յոթ պորտիս իրեն լակոտներին առանց գնելու գերե ու ստրկացնե: Ո՛չ, ո՛չ, թող ինչ ուզում է անե, ես նրան, քանի որ ողջ եմ, և ո՛չ մի ականջ հող կտամ, ո՛չ էլ ճորտ կդառնամ…

5 Գևորգ աղան նպատակին չհասավ, Վարդևանը համառեց և թեև մտրակի տակ ընկավ, ոստիկանն ու դատավորի ներկայացուցիչները նրան մի լավ գզեցին, բայց առանց կարողանալու արձանագրություն կազմել, լուսադեմին պարտավորվեցան հեռանալ։ Քեհյան էլ ձեռքը մնաց դատարկ, թեև պատրաստվել էր մատնել ճշտությամբ Վարդևանի ինչքը: Դառն տանջանքով, վիրավորված և ջարդված մարմնով Վարդևանին յուր տարած հաղթությունը այնքան վսեմ, այնքան բարձր էր թվում, որ չէր էլ զգում մարմնի կապտածների ցավը։ Այդ հաղթանակի քաղցրությունն ու փառքը նրան այնպես էր ոգևորել, որ նա ավելի մի բերդի տիրող զորավարի էր նմանվում այդ օրը, քան թե հասարակ հողագործի։

Ճշմարիտ որ նա այդ օրը Շխնոցի հերոսն էր։ Հերոս, որը ոչ միայն ոստիկաններին, դատարանի գործակալներին դատարկ էր ճամփել յուր դռնից, այլ մինչև անգամ Գևորգ աղայի նման տզրուկին, որ քամել էր ամբողջ Սազի դաշտեցոց արյունը, խայտառակ ետ էր դարձրել։ Որքա՜ն սրտեր այդ օրը հրճվել էին, որքան հոգիներ ոգևորվել և մխիթարվել… Նրանք, որոնք տնքում և տնքացել էին Գևորգ աղայի վաշխառուական ճանկերի տակ, հույսի հառաչներով էին լսել դեպքի մանրամասնությունները։ Որքա՜ն բերաններ օրհնել էին Վարդևանին և այդ անցքի պատճառով անիծել ու երկնքից պատիժներ ու պատուհասներ հայցել անօրենի համար։ Գևորգ աղայի ճնշած ու հարստահարված ոգիների սրտում զարթնել Էր մի միտք, մի զգացմունք. ուժով ընդդիմանալու այդ արյուն քամող հարստահարիչին, պաշտպանվել նրա գազանային ժանիքների դեմ։ Բայց շատերի համար շատ ուշ Էր, արդեն դրանք կորցրել Էին ոչ միայն իրենց կարողությունը, հողը, այլև դարձել Էին մարաբա… Իսկ մարաբան ի՞նչ կարող Էր անել իր տիրոջ դեմ, որին պատկանում Էին յուր տունը, կայքը, անասունները, գործիքները, երկրամշակության բոլոր պարագաները և հողը… Զայրացած տերը՝ աղան, եթե վեր առներ այդ բոլորը, չէ՞ որ սոված ու քաղցած կկոտորվեր նրա ընտանիքը։ Իսկ անունը կոտրված, դուրս հանված մարաբային ո՞վ հաց կտա, ո՞վ գործ կտա…

Որքա՜ն կանայք այդ օրը երնեկ էին տալիս Գարանին, որը Վարդևանի նման մարդ ուներ, որր կյանքի այնքան դառը բովերի մեջ ամեն նեղություն քաշել, բայց մի թիզ հող չէր ծախել, ամեն թակարդ քանդել էր և ծուղակներից ազատվել… Խեղճ կանայք լալիս էին իրենց վիճակը, որ անզգայաբար իրենց ամուսինների թուլության ու մեղկության, տգիտության ու կարճատեսության պատճառով ամբողջ գերդաստաններով մարաբա էին ընկել և տարեկան սոսկալի տանջանքների արդյունքը, ձնին, բքին ու տոթին, քամուն ու փոթորկին դիմագրելով ձեռք գցած բարու կեսը, ձեռքերն ու ոտքերը ջարդելով, գլուխն ու զբունը դառն քրտինքի մեջ ողողելով ու ծնկները փետացնելով ժողոված պտուղը կիսելու էին իրենց տերերի հետ, իրենց աղաների հետ։ Առանց գնի, առանց վաճառքի հանվելու, առանց սակարկվելու և առանց դաշնագրի ծախվել էին, մատնվել էին հավիտենական գերության, և մատնողները չէին էլ զգացել, որ մարաբա մտնելով ի՞նչ սոսկալի անարգ վիճակ էին պատրաստել իրենց տան համար։

Մարաբայի աղան հանդում ցանված բարու բերքը կիսում է, խոտն ու հերթը պարտավոր է ժողովել մարաբան, տանել քաղաք և աղայի ցույց տված վայրը հանձնել։ Կովերը, մատակները կամ ոչխարները կթել, յուղ պանիր պատրաստել և աղայի որոշված, հայտնի բան է, կեսից շատ բաժինը նրա տունը տանել։ Հավից հավ, ձվից ձու, գառն ու հորթը, գյադակն ու քուռակը, ամեն բերքը կիսում էր աղան։ Դեռ այդ հերիք չէ, ասրեկտուրից ժողովված բրդից մարաբայի կինն ու աղջիկները պարտավոր էին մանել ու ներկել կարպետ կամ խալի, շալ թե ջեջիմ գործել և տանել աղային հանձնել, սայլերը լծել, անտառ գնալ փայտ բերել, աղային տանել։ Աղբը «բասմա» գցել և աթար կտրել ու կեսը տանել աղային հանձնել։ Դեռ այդ հերիք չէ, մարաբայի հարսն ու աղջիկը գարնան թե աշնան սարն են բարձրանալու՝ ժախ ու զոխ, երիժնակ թե սունկ ժողովելու և ջվալներով աղայի տունը կրելու։ Չի կարելի նկարագրելով հասկացնել, թե ինչ սոսկալի և տաժանելի աշխատանքով ժողովում են գազը, որ տանեն հանձնեն առատարար վառելու աղայի տան թոնիրը։

Բազմապահանջ աղան չբավականանալով այս ծառայություններից, ոչ միայն տեղի-անտեղի առաջարկներ է անում, որ մարաբայի կինն ու հարսը, տղան կամ աղջիկը գնան իրեն տունը, ցորենը լվան, չորացնեն, տանեն ջրաղաց, բնաղունը աղան, կորկոտը թեփից հանեն և դեռ ամբարների ցորենը մաղեն և մաքրեն։ Էլ չգիտեմ ինչ-ինչ ծառայություններ կատարեն, դեռ պահանջում է գյուղացուն հանձնված կայքի, անասունների, գործիքների ու կալվածքի արժեքի փողի տոկոսիքը վճարել իրեն… իսկ ընտանիքը օդով և ջրով կերակրել, ափսոսալով, որ չի կարող և դրանց վրա հարկեր սահմանել։

Այս վիճակից էր խույս տվել Վարդևանը և երբեք մարաբայության հետ չէր կարողանում հաշտվել, չնայելով, որ իրենց գյուղի բնակության մեծ մասը արդեն մարաբա էր դարձել և օրեցօր մարաբա դառնալը անխուսափելի պահանջ էր դարձել գյուղացու համար, կյանքը մի կերպ պաշտպանելու և անկումը քիչ հեռացնելու դիտմամբ։ Վարդևանի սկզբունքն էր, և նա համառությամբ չէր բաժանվում այդ մտքից՝ կամ անկախ գործել և կամ իսպառ չլինել։

Հենց այդ օրերում, երբ ցանքսից ու տափանելուց նոր էին ազատվել գյուղացիք, երբ դեռ բախտ փորձուկ չէին մտել, մի իրիկուն Մանուկը՝ Վարդևանի հարևանը, գյուղի տերտերի և ուրիշ երկու դրացու հետ դիմեցին Վարդևանի տունը։ Գարանն ու Մարգարիտը բանից խաբար էին, իսկ Վարդևանը հանկարծակիի եկավ։ Տաք օրեր էին, անուշ եղանակներ, աստեղազարդ կապուտակ երկինքը պարզ և լուսնկան առաջի իրիկվորե յուր նորամահիկը ցույց տվել ու աներևութացել էր։ Ներսը գուբ սենյակում կամ ախոռի կողքի սյաքուներում նստելու կարիք չկար բաց օդում, դռան առաջի երկու կողմից տան պատերով պաշտպանված շվաքում էին նստել քարի նստարանների վրա և խոսակցում դրացիները դեսից-դենից:

Վարդևանը այդ օրերը շատ այցելություններ էր ընդունել: Յուր դրացիները դաս-դաս եկել ուրախակցություններն էին հայտնել՝ Գևորգ աղային խայտառակ դռնից ճանապարհելու համար։ Ոչ միայն շխնոցիները, այլ մինչև անգամ մոտակա գյուղացիները, Գևորգ աղայից վառվածները մեկ-մեկ եկել խնդակցել և մանրամասնությունների հետ ծանոթանալով, հեռացել էին։ Արդեն ոչ միայն Սազում, այլ մինչև անգամ Արզրում քաղաքում ամեն փողոցում ու սրճատներում խոսակցում էին Գևորգ աղայի անհաջող խաբեության և Վարդևանի դռնից խայտառակ հեռանալու մասին։ Բանը այն դրության էր հասել, որ Գևորգ աղան ոչ միայն գանգատ էր սկսել Վարդևանի վրա ունեցած տասներկու լիրա պահանջի մասին, այլ տքնում էր օր առաջ պաշտոնյա տանել ու խայտառակել, ստորացնել և քարուքանդ անել մի այդպիսի ըմբոստ շինականի, որպեսզի պատիվը վերականգնի, և մյուս պարտապանները նույնանման քայլեր անելու սիրտ չանեն։ Բայց գործը օրեցօր հետաձգում էին պաշտոնականները, որպեսզի մի բան կարողանան պոկել ժլատ վաշխառուից, որի քսակի բերանը անհամեմատ նեղ էր դրամ դուրս հանելու դեպքում:

Վարդևանը սկզբում սովորական մի այցելություն կարծեց այդ դեպքը, բայց երբ առակներով ու օրինակներով տերտերն սկսեց Մանուկ աղբոր դիտավորությունը հայտնել Մարգարիտին իրենց տունը հարս խնդրելու մասին, մռայլեցավ Վարդևանը, դառն մտքերը և ծանր վշտերը նորոգվեցան նրա սրտի խորքերում, և նա մոլորված չէր իմանում ինչ կերպ պատասխան տալ իրեն այցելուներին։ Տերտերն ու ընկերակիցները այդ բանը վերագրելով Վարդևանի պատրաստակամության, կամաց-կամաց իրենց պատգամավորության նպատակը պարզեցին և հայտնեցին, թե իրենք վստահ են, որ Վարդևանը չի մերժիլ յուր դրացու հետ այդ խնամիական կապը կապելու։

Բայց այդ առաջարկը սրտի խորքերից խոցեց Վարդևանին։ Նախ, որ նա հիշեց, որ ինքը որպես հայր մի մեծ հանցանք էր գործել յուր անդրանիկ որդու՝ Գեդևոնի նկատմամբ, նրան ամբողջ երեք-չորս տարով նշանած թողնելով և ապա երկրորդ որդու վերաբերմամբ, որի ընկերակցին-տարեկցին արդեն ուզում էր նշանել յուր դրացի Մանուկը։ Բացի այդ, որ նրա աղջիկը արդեն վաղուց էր հասել և յուր նեղությունների պատճառով այնքան տունն էր մնացել, որ շեյխի մարաբա Մանուկը եկել էր, նրան հարս էր խնդրել… Ինքն, որ մարաբայությունից այնքան խորշում էր, եկել էին մարաբաների տուն աղջկան հարս խնդրելու։ Կտրատվեցավ հոր սիրտը, մտածելով յուր զավակների տարաբախտ վիճակի մասին, բայց հնար չէր գտնում դրանց այդ անել վիճակից ազատելու… Հողը պառավել էր, պարարտացնելու միջոց չուներ, անասունները կոտորվել էին, ծախվել, լծկանները ավելացնելու հնար չուներ, փող չկար, գտնելու էլ ո՛չ հնար կար, ո՛չ էլ ցանկություն, իսկ դաժան պահանջատեր-վաշխառուն քիչ թե շատ եղած-չեղածը տանելուց հետո դեռ սպառնում էր…

Մոլորվել էր Վարդևանը, ո՛չ այո և ոչ էլ ո՛չ ասելու սիրտ չէր անում, իսկ Գարանը դռան ետևից, Մարգարիտը պատուհանից անհամբեր սպասում էին պատգամավորների հետ նրա վճռին։ Գոռոզ մշակը չզիջավ, չընկճվեց և հաստատ մնաց յուր գաղափարին։ Երկար երերումներից հետո համառությամբ ասաց.

— Մանուկ աղբար, զուր տեղ ես նեղություն քաշել և այս բարեկամներիս էլ ծանրություն պատճառել։ Ես քեզ մի տարի առաջ ասացի, որ ես ժամանակ չունիմ հարսնիք անելու։ Դեռ նախ իմ որդուս եմ կարգելու, հարսիս տուն բերելու և ապա աղջկաս մասին վճիռ կայացնելու։ Բայց քանի որ բանը այդտեղ հասավ, ես քեզանից խնդրում եմ, որ քու տղիդ համար դու աղջիկ ուրիշ դռնում ման արի, ես աղջիկ չեմ կարող տալ մարաբայի տան։ Եղբայր, ես ճշմարիտը խոսող մի մարդ եմ, հա՛ անասունը, հա՛ մարաբան, երկուսն էլ նույն բանն են ինձ համար։ Քանի որ դու աղաներ ունիս, ո՛չ տունդ քուկդ է, ո՛չ արտդ, ո՛չ լծկանդ, ո՛չ կթանդ, նույնպես քուկդ չեն ո՛չ աղջիկներդ, ո՛չ հարսներդ և ո՛չ էլ կնիկդ։ Ուզում եք ելեք բերանիս զարկեք, բայց տեր ունեցողը, իմ կարծիքով, իրեն սեփականություն չի կարող ունենալ։ Ավելի լավ է աղջիկս դնեմ մորթեմ, քան թե մարաբայի տուն հարս տամ…

Այնպես սառը տպավորություն գործեցին այս բառերը պատգամավորների վրա, որ նրանցից ոչ ոք չկարողացավ պատասխանել։ Երբ դրանք երկար լուռումունջ, միայն տխուր ու աղեկեզ հառաչում էին՝ հանկարծ Գևորգ աղան պաշտոնականներով և ոստիկաններով եկավ, իջավ Վարդևանի դռանը։ Տունը շրջապատեցին և սկսեցին ցուցակագրել նրա կարողությունը…


6 — Խոփը ժայռի դեմ առավ,— ասաց Վարդևանը, երբ սկսեց դատարանի գործադիր վարչության գործակալը մեկ-մեկ արձանագրել նրա կայքն ու անասունները։ Նա թեև ջանում էր դիմանալ և այս հարվածին, բայց մորմոքի սաստկությունից չէր կարողանում զսպել այլայլությունը և արդեն նկատվում էր, որ մոլորությունը նրան տիրել էր։ Երբ գործակալը արձանագրությունն էր կազմում, Վարդևանը բոլոր ճիգը թափեց, մոտեցավ նրան ու ասաց.

— Ինչի՞ եք արձանագրում իմ կայքերս, էֆենդի՛։

— Կգաս քաղաք, բիդայեթում կիմանաս պատճառները։

— Բայց ինձ պետք չէ՞, որ հայտնեք, թե ինչ պատճառով կազմեցիք այս ցուցակը։

— Գևորգ աղային ունեցածդ տասներկու լիրա պարտքի, նրա տոկոսների ու դատաստանական ծախսերի համար։

— Լավ, բայց չէ՞ որ ես այդ տասներկու ոսկի պարտքիս դեմ վճարել եմ կանխիկ փողով երկու անգամով երեք և երկուս, ընդամենը հինգ լիրա։

— Ստացական ունի՞ս։

— Բայց նա չի կարող ուրանալ, քանի որ ութ օր առաջ ձեզ մոտ, այսքան մարդու մոտ խոստովանեցավ, թե ստացել է։

— Ես ոչինչ չեմ ստացել,— ասաց լրբաբար Գևորգ աղան։— Այն տվածդ ուրիշ հաշիվ էր, ուրիշ գործի համար էր։

— Երկու սոմար գարի, սոմար ու կես ցորեն է տարել, որ նույնպես չորս լիրա արժե։ Չոր լիտր յուղ եմ տարել այս տարի, չորս լիտր անցյալ տարի և տասը լիտր պանիր, որ արժեր երեք լիրա։ Էլ ես քեզ ի՞նչ եմ պարտք։

— Քու հաշվովդ,— ասաց դատարանի գործակալը,— պարտքդ ամբողջապես տվել ես, հապա ինչի՞ մուրհակդ ետ չես ստացել կամ վրան վճարածներդ գրել չես տվել․․․

— Ա՜խ, էֆենդի, մի՞թե դուք չգիտեք, մի՞թե դուք չեք ճանաչում այս անօրենի հոգին։ Միանգամից փող չես ճարում, որ տանես և մուրհակդ ստանալով վճարես և դուրս գաս, օձիքդ ազատես այս տզրուկի ճանկից։ Գյուղացի-մշակ մարդ, կտոր-կտոր փող է ձեռքներս անցնում, իսկույն տանում ենք տալիս, որ պարտքերից ազատվինք, վախենալով քովերս պահել այդ փողը, քանի որ միշտ նեղության և կարիքի մեջ ենք։ Իսկ սրանից խո չե՞նք կարող կտոր-կտոր փող հանձնելիս մուրհակը ետ պահանջել։ Մենք դիր չգիտենք և հավատում ենք յուր խոսքին, թե վճարածներս արձանագրում է որտեղ որ պետք է։ Ես իմ հաշվով, բացի տոկոսից, մի բան պարտք չունիմ այդ անխիղճ ձրիակերին։

— Այդ իմ գործս չէ,— ասաց էֆենդին,— եթե վկաներ ունիս, եթե կարող ես հաստատել, որ այդ փողերը և ապրանքը հանձնել ես Գևորգ աղային, հաստատիր բիդայեթի առաջ, ապացուցիր, այն ժամանակ պահանջատերերիցդ ոչ միայն կստանաս անտեղի ծախսերիդ վնասը, առանց նրան մի փարա վճարելու, այլ մինչև անգամ նրան կարող ես պատժել տալ, բանտարկել տալ։

— Այո՛, ունիմ վկաներ, բայց եթե գան, վկայեն դատարանի առաջ։ Գևորգ աղայի երկյուղից ո՞վ կարող է գալ և նրա դեմ վկայել։ Կա՞ ամբողջ Սազի դաշտում մի հայ, որը պարտքով կամ ուրիշ խնամիական կապերով կապված չլինի այդ արյունարբու աղայի հետ։ Կամ եթե գան, արդյո՞ք դատավորները կլսեն այդպիսի վկաներին։

— Դու վկա բեր կարգին և պատվավոր մարդիկ, դատավորները քու պահանջիդ բավականություն կտան,— ասաց էֆենդին և հրամայեց, որ անկողինները պատրաստեն, որպեսզի հանգստանան։

Քեհյան հյուրերին յուր տունը տարավ և առավոտ վաղ ճանապարհ գցեց դեպի քաղաք։ Ամենքի խոսակցության նյութը դարձյալ Վարդևանն էր, նա գյուղի մեջ ամենքի ապշության և արմանքի նյութ էր մատակարարում։ Վարդևանը առավոտից մինչև իրիկուն խոսում էր այս դրացու, այն բարեկամի, ծանոթի ու անծանոթի հետ, բայց երկու լուրջ, վստահելի մարդ չէր գտնում, որ տանի, ներկայացնի դատարան և պատժել տա հանցավոր վաշխառուին։ Ամենքն ասում էին, որ գիտեն, տեսել են, համոզված են Վարդևանի լույսի նման պարզ վճարումների ճշմարտությանը, բայց ինչ-ինչ պատճառներով, վրեժխնդրությունից վախենալով, չեն կարող մտնել դատարան և ճակատ-ճակատի դիմաց բացատրել արդարությունը։ Կային այնպիսինները, որոնք այրված սրտով խոստանում էին Վարդևանին այդ պարտականությունները, իսկությունը վկայելու պարտքերը կատարել, բայց դրանց էլ վստահել չէր կարողանում Վարդևանը, քանի որ դրանցից յուրաքանչյուրը Գևորգ աղայի հետ ինչ-ինչ դատաստանական վեճեր էին ունեցել, և դատավորները նրանց վկայությունները չէին կարող լսել։

Բայց ամենից գլխավորը փաստաբանի կարիքն էր։ Քաղաքի ամենահայտնի փաստաբանը պաշտպանում էր Գևորգ աղայի գործերը։ Իսկ սրա դեմ մասնակցող և անվանի մարդ էր հարկավոր, որպեսզի խոսքը կարողանար առաջ տանել և դատավորներին ստիպել լսելու Վարդևանի վկաներին։ Մի այդպիսի մարդ էլ հեշտ չէր ձեռք բերվի, տասը-քսան լիրայի հազիվ հանձն առնեին մտնել դատարան և պաշտպանել Վարդևանին, իսկ Վարդևանին ո՞վ կտար այդքան գումար։ Գործն էլ այնքան չնչին գումարի էր, որ դրա համար ոչ ոք չէր զիջանիլ դատարան մտնել, թշնամություն ունենալ և հակառակություն ծագեցնել Գևորգ աղայի կամ մանավանդ նրա փաստաբանի հետ։

Վարդևանի վիշաը օրեցօր սաստկանում էր։ Գեդևոնը Կարսից չէր կարողանում ազատվել, իսկ խնամոնք, զայրացած այդ անտարբեր դանդաղկոտությունից, վեր առին և խեղճի նշանածին մի ուրիշի խոոսք տվին, որը խոստացել էր, իսկույն մի ամսից, նոր պսակին հարսանիք անել։ Այս բանը թեև ծածուկ էին ուզում պահել Վարդևանից նրա հին խնամիները, բայց ասած է՝ «Հալղի բերան-ջվալի բերան», ե՞րբ կպահվի այսպիսի գաղտնիքը։ Գարանը կանանցից ծածուկ լսել էր, վիրավորվել և բանը հայտնել էր ամուսնին։ Երկու ամուսիններ որքան խորհել էին, ճար չէին գտել, հնար չէին կարողացել մտածել, որ ազատեն իրենց հարսնացուին և իրենց այդ սպառնացող վտանգավոր խայտառակությունից։ Գեդևոնին էլ գրել էին, որ անմիջապես գործը թողնե ու գա, բայց թշվառ գործավորը ե՞րբ կարող էր դալ։

Ամբողջ ապրիլ, մայիս և հունիս ամիսներում բանել էր Գեդևոնը և ստակ չէր ստացել։ Պետք էր շարունակել գործը, որ կապալառուները փող ստանային գործարանից և վարձերը բաժանեին։ Հարկավոր էր ևս մի ամիս դիմանալ, հակառակ դեպքում, եթե թողներ ու հեռանար, այն ժամանակ չարատանջ բանվորը կզրկվեր ամբողջ երեք ամսի աշխատանքից, իսկ արդեն Կարսի բանվորների ամենալավ աշխատության օրերը գարնան վերջին ու ամռան սկզբի ամիսներն են, դրանից զրկվիլը սովի մատնվելու հետ հավասար է։

Թեև Վարդևանը անճարացած դիմել էր խնամիներին և բացատրություն պահանջել, բայց նրանք, առանց այլևս ծածկելու, բողոքել էին նրա ու որդու անտարբերությունից, անվախ հայտնել, պարզել ճշմարտությունը։ Շատ էր աշխատել համոզել խնամիներին մինչև աշուն սպասելու, բայց զուր, նրանք հարսանիքը բռնեցին գալստյան առաջի շաբթուն։ Հենց հարսանիքի օրը հրավիրված էր Վարդևանը քաղաք, Մեղրանց Գևորգ աղայի հետ դատը վարելու։ Իսկ Գևորգ աղան յուր որդուն ուղարկել էր գյուղ, որ քավոր լինի Վարդևանի հարսնացուին, որին հարս տանում էր վերջինի հակառակորդը, Գևորգ աղայի դրդմունքով և օժանդակությամբ։ Այս բանը ավելի սոսկալի կերպով ազդեց Վարդևանի վրա, և նա թեև մի քանի վկաներ տարած էր դատարան և ինքը նախապես լավ պատրաստված խոսելու ու պաշտպանվելու, բայց դատավորները անողոք գտնվեցան, նրանք չզիջան լսելու թշվառին, հարստահարվածին ու զրկվածին և վճռեցին, որ Վարդևանը վճարե տասներկու ոսկի Գևորգ աղային, տոկոսով և դատաստանական ծախսերով:

— Վարդևան աղբար, մի՛ համառիլ, մի՛ հաստակողություն անիլ, արի, ինձ լռիր, և ես գործը կարգի բերեմ,— ասում էր քեհյան փսրտալով մի գիշեր հովանոցում Վարդևանին, բոլոր ճիգը թափելով նրան համոզելու։— Դու որքան համառիս, որքան հակառակիս, պիտի քեզ վնասեն։ Դու խո գիտե՞ս, թե ինչ հաստատամիտն է Գևորգ աղան, որ միտքը դրեց, քեզ տնով-տեղով կփչացնե։ Դու արի ինձ լսի՛ր, վնասի կեսից ետ դառնալն էլ մեծ օգուտ է, արի արտերդ տանք ու պրծիր։ Ես այնպես կանեմ, որ էլի քու ձեռքը մնան հողերդ, էլի դու ցանիր ու քաղիր արտերդ…

— Ծո անխի՛ղճ, անհոգի՛, ի՞նչ ես ասում, ի՞նչ ես խոսում… Նրա ուզածն ի՞նչ է, Գևորգ աղան ի՞նչ է երազում, մի՞թե նրա երևակայությունը գիշեր-ցերեկ իմ արտերի հետ չէ։ Ես իմ հողերս ծախեմ, այն էլ թշնամուս հանձնեմ։ Կտանիմ թուրքին կտամ, մեր Մանուկ աղային, շեյխին կտամ, թող մեր Շխնոցը շեյխին փայ դառնա, ես այդ անօրենին ոչ թե արտ, մի թիզ հող էլ չեմ տալ։ Արդեն շեյխը աչք ունի և ինձ քանի անգամ մարդ է ուղարկել։ Թե ծախեմ, շեյխին կտամ, թող դուրս գա Գևորգ աղայիդ աչքը և չտնկե խեղճ մշակի երկու օրավար հողի վրա։ Ես, կյանքս ողջ, արևս վրաս, գնամ ինձ Գևորգ աղայի՞դ ծախեմ, նրան մարաբա՞ դառնամ, մանր ու խոշորիս նրան ստրկությա՞ն մատնեմ… Դու, որ գնացել անձնատուր ես եղել, քառասուն հոգվով աշխատում եք և մի փոր կուշտ հաց չեք կարողանում ուտել, հերիք չէ՞: ուզում ես, որ ես է՞լ քու օրն ընկնեմ։ Թե՞ քեզ քեհյա է անել տվել, այդ բանից ուրախանում ես։ Ո՛չ, ո՛չ, ես փող կգտնեմ, ես նրա պարտքը կտա՛մ, ես իմ հողերս, քանի ողջ եմ, չե՛մ ծախիլ։ Իմ մահվանից հետո ինչ ուզում է թող լինի։ Ասա, ասա տեսնեմ, ահա՝ ինչքան ուզում ես փող վաստակիր, կարո՞ղ ես սրանից հետո քաղաքացուց ծախսածդ հողերը ետ առնել։ Թե կուզես տասն անգամ ավելացրու ծախսածդ գնից, տես քեզ մի բուռ հող ետ կտա՞ն։ Գյուղի մեջ որքան որ բերրի արտ, շնորքին մարդ կար՝ տիրեցին․ հայ, թուրք, բոլորի աչքը մեր հողերի վրա է, էլ մեկ անգամ ձեռքից հանելուց հետո ե՞րբ կարող ես նորից հողեր ձեռք բերել։ Մի քանի գյուղացի կան, որ ունին իրենց հողերը, բայց ե՞րբ կծախեն։ Անխղճություն չէ՞ նրանց հողին աչք տնկելը։ Չէ, քեհյա՛, ավելի լավ է, որ ես ինձ սպանեմ, ես իմ մանր ու խոշորին դնեմ դանակի տակ մորթեմ, քան թե մի թիզ հող ծախեմ։ Հող չկա, սահմանը քեզ հայտնի է, ամբողջ Սազում մի թիղ թաց հող չկա, իսկ մենք այս պապենական դաշտից չենք կարող դուրս գալ։ Հինգ ոսկով նա ինձ գերեց ու ստրկացրեց, հինգի փոխարեն տասնևհինգ լիրա է ստացել, տասնևհինգ լիրայի էլ ձեռքում վճիռքն առած, ուզում է տունս-տեղս բրիշակ անել, հողերս տիրել… Ո՛չ, ո՛չ, այդ թանը նա չի՛ տեսնիլ… Ես նրա փողերը կվճարեմ, կտամ, չեմ թույլ տալ, որ նա աճուրդի հանե իմ կալվածները…

7 Մութն էր, գիշերային խավարը առանց լուսնյակի պատել էր երկիրը։ Երկնակամարի կապուտակը մթագնել էր, և աստղերը ավելի բոցավառված շողշողում էին։ Աստղերի միջից պարբերաբար ասուպներ գլորվում էին զանազան ուղղությամբ, հետքից շողալեն գիծեր բաց թողնելով, որոնք իսկույն անհետանում էին։ Թեև զեփյուռը մեղմ սուլումներով սահում էր դաշտի երեսով, Սազի մակարդակով, բայց այնքան թույլ էր, որ ուռիների ճյուղերն անգամ չէին թեքվում և հանդերի կիսահաս ցորենի ու գարու կաթնազեղուն հասկերը հազիվ ճոճվում էին։ Լուռ էր երկինքը, և մնջած երկիրը, մարդ ու անասուն, մինչև անգամ գյուղացու միակ հավատարիմներն անգամ ուժասպառ մրափում էին երկար օրվա տևողության մեջ տանջված մարմինները կարճ գիշերում հանգստացնելու համար։ «Հոգնած֊քնած ու մեռածը տարբերություն չունի»,— ասում է շինականի առածը։

Բայց հոգնածությունը կարող է ընկճել զորականին, դադրածությունը կարող է թուլացնել մշակին, քունը կարող է թմրեցնել գիտնականին, իսկ ոչ մի ուժ չի կարող մարել սիրո կայծերը, որը քանի առաջ է գնում, բորբոքվում է, որքան արգելքների է պատահում, արծարծվում է, ինչքան ճնշման է ենթարկվում, այնքան զորեղանում է և նրա համար քունն ու հանգիստը կտրվում են, զօր ու գիշերը հավասարվում։ Այդպես էր Մարգարիտի վիճակը Մանուկի որդու Մնացականի հետ։ Կարծես թե Մնացականը աշխարհի երեսին միայն Մարգարիտի համար էր մնացել և Մարգարիտից ջոկ էլ աղջիկ չէին նկատում Մնացականի աչքերը։ Արգելված պտուղը, անհասանելին, դժվարինը միշտ յուր աստիճանով ամենաքաղցր և ցանկալի դառնալով, իդեալի ձև է ստացել և ձգել, քաշել է մարդկանց սիրտը և բարձրացրել, թռիչքներ է գործել տվել։ Աշխարհի վրա Մնացականի սիրո աչքերով ու կարծիքով Մարգարիտի նման գեղեցիկ, քնքուշ, բարեմասնություններով և ազնիվ հոգվով ուրիշ աղջիկ չկար։ Իսկ Մարգարիտի հոգեկան աշխարհը բովանդակում էր ամբողջապես Մնացականին։ Վարդևանի խստությունը, անողոքությունը և բռնակալությունը միայն սաստկացրել էր սիրահարների սերը, նրանք էլ ջերմ սիրով կապվել էին և ավելի հետամտել իրար հետ ժամեր, երկար ժամեր անցկացնելու, վշտակցելու և մխիթարվելու։

Մեջգիշեր չեղած սիրահարները դուրս էին գալիս և այնպես վարժվել էին որոշ ժամերին, որ Մնացականը դեռ չհասած որոշված վայրին, Մարգարիտը լուսամուտից դուրս էր գալիս նրան դիմավորելու։ Օրեցօր կարծես գեղեցկանում էր Մարգարիտը, և տխրության քողը, արտասվախառն աչքերը նրան ավելի բոցավառում ու քնքշացնում էին։ Վիշտը նրա լեզուն ճկունացրել էր, տանջանքը նրա մտքերը խորացրել, հեծեծանքը նրան բլբուլ էր դարձրել և սերը՝ բանաստեղծ, այնպես որ նա առանց կանգ առնելու ասում էր, խոսում էր, երգում, պատմում և յուր գուրգուրանքով քաջալերում ու մխիթարում Մնացականին։ Իսկ վերջինս դյութված, հոգվով դրախտ փոխված, առյուծ դարձած, բաժանվում էր յուր սիրեկանից, վստահ լինելով, որ նա յուր սիրեկանի շնորհիվ աշխարհի ամենաբարեբախտ արարածն է։ Մնացականը յուր տանջանքը երջանկություն էր համարում և յուր սիրեկանի համար ոչ միայն տանջվիլը, այլ կյանքից զրկվելն անգամ՝ երանություն։

Թե ինչ էին զգում և թե ինչ աստիճանի բախտավորության մեջ էին երկու սիրահարները, կարող են միայն այդպիսի ջերմաջերմ սիրո հարվածներն ընդունողները ըմբռնել, բայց այդ անմեղ սիրո վայելքը շատ երկար չտևեց… Մի գիշեր Վարդևանը, երբ զբաղված էր յուր մտքերով, երբ անքուն մտածում էր հնար գտնել և ազատել յուր ընտանիքը, յուր օջախին սպառնացող մոտալուտ սոսկալի հարվածից, նկատեց Մարգարիտի սողալով դուրս գնալը։ Հայրը հետևեց յուր անմեղ աղջկան, ինչպես որսորդը եղնիկին կամ բարակը նապաստակին և աղվեսի նման հեռուն պպզեց, սպասելով տեսակցության հետևանքին։

Բայց բացի անմեղ տրտունջներից, բացի իրավացի բողոքներից, ի՞նչ կարող էին ունենալ անարատ հոգիները։ Գանգատվում էին իրենց անողոք վիճակից, իրենց դաժան բախտից և այդ գանգատները սրտակեզ հառաչներով դեպի վեր բարձրացնում, դեպի երկինք ուղղում և բոցափայլ աստղերի վրա նախանձելի հայացք գցելով, դողդողում էին, երբ մի որևէ ասուպ սահում էր երկնքում, գլորվում և հետքի գիծն անգամ աչքի նկատելի դառնալու չափ չէր մնում, այլ իսկույն անհետանում էր և չքանում։

— Արդյոք այդ գլորվող աստղը իմը չէ՞ր, Մացակ ջան,— ասում էր Մարգարիտը հառաչելով,— որ այնպես թույլ երևցավ ու մարեցավ, կարծես գետնի տակ թաղվեցավ…

— Բան չունի՞ս, Մարգարիտ ջան, գեշ բան ինչի ես մտածում, ինչի՞ պիտի մարի քու աստղը ու թաղվի, դեռ նա շատ-շատ է բորբոքվելու ու բոցափայլելու ինձ համար, Մացակիդ համար։

— Այո՛, փլփլալու է, փլփլալու և հանգչելու։ Ո՞վ մեզի կտա բոցերով ու շողքերով աստղ։ Լավ աստղ որ ունենայինք, քաղաքում կծնվեինք և բախտավորների նման կցոլայինք, շողք կտայինք, բայց պարտքատեր մշակի աղջիկն ու մարաբայի որդին ինչի՞ պիտի բոցերով փայլատակին… Սև սուգն էլ մեզի շատ է տեսել անողորմ բախտը, լացն ու կսկիծն է մեզ բաժին ընկել…

— Ես մեղավո՞ր եմ, հոգիս, որ մարաբայի զավակ եմ դարձել, ես մեղավո՞ր եմ, որ հայրս չկարողանալով պապենական մյուլքը պաշտպանել, տարել ծախել է շեյխին և ինքն էլ նրա մոտ ստրուկ է դարձել։ Հորս մեղքի համար ե՞ս պիտի տուժեմ… Հորս սխալանքի, թե հիմարության համար ի՞նձ պիտի դատապարտեն, քեզ գրկիցս խլեն… մեր սերը խեղդեն…

— Բանն այնտեղ է, որ իրենք գործել են սխալը, իրենք իրենց աններելի հանցանքով գլորվել են խորխորատը, վրեժները իրենց նենգամիտ հակառակորդից ու թշնամիներից չեն կարողանում լուծել, եկել են մեզ տանջում, մեզնից են ուզում, կարծես, վրեժները լուծել։ Ո՞վ ասաց քու հորդ, որ օդան ու ախոռը շինելու համար երթա քաղաք, շեյխից հազար ղուրուշ պարտք անե, թե ինչ է Շխնոցի մեջ գլուխ ցույց տա, խոսացնել տա, թե Մանուկը մի այնպես օդա, մի այնպես ախոռ շինեց, որ մեր գյուղում նմանը չկա… Բայց հետո մեկ օդա ու ախոռի համար մեկ օջախ կործանեց, պապենական մյուլքերը շեյխին հանձնեց։ Ահա այսօր մեր տունն էլ այդ օրը չէ ընկնելու։ Գարանս հարյուր անգամ ասաց. Վարդևան, մենք մի լուծ գոմեշի կարիք չունինք, մեզ պետք չէ՛, որ դու պարտքով լրացնես գութանիդ պակասորդը։ Համբերի՛ր, աստված երբ գործիդ հաջողություն կտա, կալերդ լիբ-լիքը բարով կլցվի, հաջող կծախես ամբարիդ ցորենը, փողը գրպանումդ կլցվի, այն ժամանակ մեկի տեղ երկու լուծք առ։ Բայց չէ՛, կնկախոսքը տղամարդը ինչի՞ պիտի լսե։ Լուծը ծախվեց, մյուս լուծն էլ հակառակի նման քաղցից կոտորվեց, կալը դատարկեց պարտատերը, կթանի եղն ու պանիրն էլ վրա գնաց, բայց անկուշտ պարտատիրոջ ճանկից չխալսեցանք։ Ես առանց գութանի չեմ կարող ապրել,— ասում էր մեծ-մեծ կոտրտելով հայրս, բայց այժմ գութանից ջոկ մյուլքերն էլ պիտի տա…

— Օ՛ֆ,— սրտի խորքերից հառաչեց Մնացականը, որին իսկույն արձագանք տվեց Մարգարիտը, և լռեցին երկուսն էլ մի պահ… Բայց Մնացականը հորն ու աներոջ սխալը այնքան մեծ չնկատելով, չկարողացավ սրտում դատածը չարտահայտել իսկույն յուր սիրեկանին։

— Բայց նրանք քու ցույց տվածի չափ էլ մեղավոր չեն, առանց ախոռի ու օդայի ապրելն անհնար է, վնասակար է, պետք էր դրանք շինել, իսկ առանց գութանի գյուղացին միայն չոր հաց կարող է կրկտել և միշտ պարտքի տակ տոկալ: Այս ահագին խարաջին ու փեշքյաշներին միայն գութանով կարելի է բավարարություն տալ:

Մարգարիտը չպատասխանեց և լռելյայն գրկվեցին երկուսն էլ, թիկն տվին պատին։ Նրանց նստարանը քար էր, նրանց հենարանը՝ կոշտ քարի պատը և բազուկներով իրար գրկած, անմռունչ ու լուռ իրենց վիշտն էին արտահայտում և այն լռությունով շատ ու շատ մտքեր էին փոխանակում, քան թե բառերով։

Ւսկ Վարդևանը արձանացած, դարանի մեջ տարածված, լսեց նրանց ու դառն մտքերի մեջ սուզվեց։ Սկզբում շատ վրդովվեց, երբ լսեց ծնողների արարքների քննադատությունը, ուզեց խզել այդ խոսակցությունը և իսպառ բաժանել սիրեկաններին, բայց մտածելով ըմբռնեց նրանց ճշգրիտ նկատողությունը, հոգվով խռովեցավ, դառնացավ և անզգայանալով թմրեց, չկարողացավ անգամ սթափվել…

Թմրությունը այն աստիճան ծանրացել և թուլացրել էր Վարդևանին, որ նա մինչև անգամ չզգաց, թե ինչպես սիրահարները բաժանվեցին և վերադարձան իրենց բները, խոստանալով հետևյալ օրը ժամադրած վայրը ներկա գտնվել և իրար պարզել օրվա անցկացրած դեպքերը։ Երբ սթափվեց Վարդևանը և նրանց չգտավ իրենց տեղում, սկզբում սոսկաց, քիչ-քիչ երբ համոզվեցավ, որ նրանք արդեն չկան, շտապեց տուն մտավ և Մարգարիտին յուր վերմակի մեջ պլլված, պառկած նկատելով, հանգստացավ, գնաց ինքն էլ տարածվեց յուր անկողնում, բայց խաղաղ քունը չմոտեցավ Վարդևանի աչքերին, և նա մինչև լույս ալեծուփ թափառեցավ երևակայությունների մեջ, կամա֊ակամա զիջավ, ընկճվեց հանգամանքների առաջ։

Օրերը իրար ետևից գլորվում էին, և ցերեկը աստիճանաբար երկարում։ Հորդ անձրևները ողողեցին և սար ու ձոր դալարներով ծածկեցին, այնպես որ տարին մեծ հունձ էր խոստանում։ Մշակը, հողագործը հրճվում էր դիտելով յուր քրտնաթոր վաստակով ցանած արտերը։ Այնպես ցողուն էին տվել ցորենն ու գարին, այնպես լիք հասկեր էին տվել ու լցվել, որ անցորդի քեֆն էր գալիս և գննելուց չէր կշտանում։ Վարդևանի արտերը մեծառատ բերք էին խոստանում, այնպես որ ընկճված ու միջավայրի առաջ խոնարհած երկրագործը դարձյալ ձգվեցավ, նորից հպարտացավ, կրկին երազեց յուր անկախությունն ու ազատությունը։

֊ Մի քսան սոմար ցորեն, պարտքից էլ կպրծնիմ, խարշից էլ։ Գեդևոնիս բերեմ, այնպես աղջիկ առնեմ, այնպես հարսանիք անեմ, որ խնամիներիս սիրտը ճաքի։

Վարդևանի ոտքը արտերից չէր կտրվում, թեև մոտկամ էր մտել և հերկ էր վարում դրա ցիների հետ, բայց ազատ ժամանակները անցնում էր հանդով, հասնում էր յուր արտերը և նրանց կողքով անցկենալիս այնպիսի վեհ դիրք էր բռնում, որ կարծես ինքն ստեղծած լիներ այդ բոլորը։

— Ա՜խ, մեկ քաղեի, մեկ կալս կրեի այս բարին, ես ցույց կտայի Գևորգ աղային, թե ի՞նչ է նշանակում արտերս գրել տալը։ Ինչի՞ չունենա մարդ տասը֊տասնհինգ ոսկի, տանե առաջը գցե ու ասե. շու՛ն, առ, այս է քու ուզածդ, ա՛ռ կե՛ր, ա՛յս էլ կեր, աստծու կրա՛կն էլ։ Հինգ ոսկու փոխարեն տասնևհինգ ոսկի կերել Է, չէ կշտացել, աչքը դրել է արտերիս։ Անիծված, փողի խնդիր չէ՞, փո՛ղ չէ՞ ուզածդ, առ տասնևհինգ ոսկի էլ, և թող քեզ ու քու ընտանիքի համար այդ փողը դեղի ու դեղտուրի բաժին դառնա։ Իմ դառն քրտինքով դատածս, իմ մանր ու խոշորի աղի արտասուքով ժողովվածը ի՞նչ սրտով պիտի լափես… Բան չեմ ասում, փուշ դառնա, բուկդ մնա, հավիտյան դեղի դիմես, ճար չգտնես։ Հալբաթ որ ամեն հինգ ոսկու փոխարեն եթե երեսնականներ ստանան, նրանց ոսկին չի տեղավորիլ ո՛չ ամբարներում, ո՛չ քիլարներում, և աշխարհը կտիրեն իրենց փողով։ Բայց այդ ստակը, այդ հարստությունը իրենցը չէ, մերն է, մեր, մշակներինս է, մեզնից են խլել, գջլել ու դարսել…

Արշալույսը պարզվել, արևն արդեն հորիզոնից մի նիզակաչափ բարձրացել էր, Շխնոցի նախիրը հեռացել, հորթերի-կովերի բառաչոցը, ոչխարների֊գառների մայոցը, այծերի֊ուլերի կտկտոցը դադարելու վրա էին, երբ Վարդևանը մալերի ետևից Գարանի վերադառնալը նկատելով, ասաց.

- Այդ ոչուփուչիդ խելքը գլուխը բեր, ասա, որ եթե նա մեկ էլ գիշերը դռնից դուրս գա, Մանուկի լակոտի հետ տեսնվի, երկուսին էլ մի մահակով շանսատակ կանեմ…

Գարանը մի այնպիսի կերպով ծամածռեց դեմքը, որ կարծես ուզում էր ասել. «Մարդ, գժվե՞լ ես, ինչե՞ր ես խոսում, ո՞վ… ի՞նչ է պատահել» և ամբողջ մարմնով մի հարցական նշան դառնալով՝ ամուսնին ոտքից գլուխ զննեց, հայացքը քննեց և նրա դեմքից ասածների շարունակությունը րոպեական կերպով կարդալուց հետո ներս մտավ. Վարդևանը, մի խոժոռ հայացք նրա ետևից ուղղելով՝ ասաց.

— Անզգա՛մ, իբրև թե չես իմանում և ջանում ես անմեղ հրեշտակ երևալ աչքիս և ինձ մոլորեցնե՞լ։

Արևը աստիճանաբար բարձրանում էր, կիզելով լեռ։ դաշտ, հետզհետե սաստկացնելով ջերմությունը։ Գյուղացիք արդեն մտել էին մարգերը խոտերը հնձելու և մեծ ջանքով էին գերանդին շարժում, հուսալով իրենց բերքով ոչ միայն նույն և հետևյալ ձմեռը իրենց անասուններին կերակրել, այլ մինչև անգամ մի մասն էլ ծախելով կարիքները հոգալ։ Հարս-աղջիկ, պառավ թե դեռահաս, կանայք անգամ մասնակցում էին հնձին։ Ուրախությունը ընդհանուր էր։ Խուրձ կապողները թռչկոտելով հասնում էին գործի և դաշտի մեջ կարգավ բլուրների նման բարձրացնում էին քաղված խոտի դեզերը։ Հուսահատ մշակը ոգևորված առատ բերքով, ոչ միայն քրտնաթոր վազում էր գործին, այլև ընկճված, մորմոքած սրտերը ուրախությամբ զեղված, դուրս էին մղում հոգու խորքերից զգացածները օդը թնդացնող երգերի ձայներով։ Մրմունջները, հառաչանքները արտահայտելը արգելված էր, իսկ ցնծությունները սանձելու կարիք չունեին մշակները։ Մի՞թե կարող է մշտաչարչար հոգին հուսալի րոպեներում զսպվել մանավանդ դեռահասի կրծքում, որը հուսախաբ բախտի տատանմունքներին չէ մատնվել և չէ փորձվել։ Երբ որոտընդոստ ձայնով երիտասարդներն ու պատանիները զնգզնգացնում էին ամբողջ դաշտը և նրանց արձագանք էին տալիս հեռավոր լեռները, մի փորձառու ծերուկ հնձվոր ասաց․

— Արևը սաստիկ կծում է, երևի անձրև և հորդ անձրև է գալու։ Աղջիկնե՛ր, թան չունի՞ք կամ մի թաս մածուն չունի՞ք, տվեք, չախլամա անեմ ու խմեմ։

Ծերուկին տվին պահանջածը, և շատ չանցած սկսեցին մռայլ ամպերը Գյավուր-Դաղից դեպի հարավ շարժվել և շուտով ծածկեցին հորիզոնը։ Մռայլեց երկինքը, կուտակվեցին ամպերը, բայց արևը կարծես բոլոր ուժը ամփոփած, ուզում էր աներևութացնել այդ արծաթափայլ երկնային քուլաները և անընդհատ ամպերի ճեղքից տարածում էր յուր ոսկեփայլ ճառագայթները։ Մեկ-մեկ կաթկթում էր թաթավը, տեղ-տեղ հոսում էին անձրևի լիք-լիք գնդիկները, և քամին ընդհատում էր նրանց։ Հանկարծ նորից դիզվեցին ամպերը, փայլատակեցին, մռայլեցին և սոսկալի մռնչյուններով որոտացին ամպերը, սարսափ սփռելով կենդանի աշխարհում։ Կաթկթեց թոնը, ընդհատվեց, հորդ սահեցան և անձրևի հետ վար թափվեցան կարկտի խոշոր հատիկները։ Եվ ի՜նչ սոսկալի կարկուտ, ամեն մի հատը կակալի, ձվի չափ, կապարի նման ծանր, սայթաքում և դիպածին ջարդուփշուր էին անում։ Ամբողջ ժամ չտևեց, բայց դաշտումն էլ բարի չթողեց, ցանքսերը հողի հետ հավասարեցրեց, տրորեց ու փշրեց։ Ամբողջ Սազը սպիտակ սավանով կարծես ծածկվեց, դաշտը ողողվեց ջրով ու կարկուտով։ Հանդում գյուղացիք պատսպարվեցին իրենց խոտերի դեզերի մեջ, բացօթյա մնացողներից շատերը, մինչև ապաստանի հասնիլը, վիրավորվեցին կարկտի հատիկներից։ Կարկուտի դադարելուց կես ժամ անցած դեռ ոչ ոք սիրտ չէր անում դուրս գալ խոտերի դեզերի միջից, իսկ այնտեղից դիտելով արտերի սոսկալի վիճակը՝ սկսեցին մորմոքալ։ Շխնոցի արտերը մեծ մասամբ անխնա տրորվեցին այդ անողորմ հարվածով, և կենդանի զոհվեց թշվառ շինականը, այնպես որ ապրուստի միջոցը կտրվեց, և ամենքն էլ սկսան անմիջապես ողբալ իրենց զարհուրելի վիճակը։ Հուսահատվեցին ծերերն ու պառավները, լքան դեռահասները, և տխրությունը պատեց բոլորի սիրտը։

Տղմի, ցեխի ու ապականության մեջ է՛լ չէր կարելի աշխատել, դատելու էլ սիրտ չմնաց։ Առին գերանդիներն ու գործիքները և թախծալի դեմքով, համր քայլերով ուղղվեցին դեպի գյուղ լռիկ, մնջիկ։ Հուսահատ, փորձանքը այնպես էր ազդել, այնպես վհատեցրել և կյանքը դառնացրել թշվառ հողագործի որ չապրողներին երանի էին տալիս իրենց մտքում։ Վարդևանը այնպես էր թուլացել և մոլորվել, որ կորցրել էր խելքը, միտքը, չէր իմանում, չէր զգում շուրջը անցած-կատարվածները։ Երբ աղիողորմ հառաչներ էր բարձրացնում ու շնչասպառ տքում, մոտեցավ նրա հարևան Մանուկն ու ասաց․

— Հա՛ն, Վարդևան աղբար, ա՞յս էլ քրդերն արին, ա՞յս է թուրքերն արին, այս էլ վաշխառուներն արին… Աստված մեզնից ձեռք է քաշել, ձեռք… Եթե աստված չի կամենում մեր գործի հաջողությունը, ես ի՞նչ անեմ, դու ի՞նչ անես։ Բացի տանջանքից, բացի սովամահ ու ցրտահար չարչարանքից, ուրիշ բաժին մեզ չի թողել։ Դու ի՞նչ ուզում ես արա, որ կողմն ուզում ես ձգվիր, նա, որ չկամենա, մեկ էլ տեսար մի կողմից թրըմփ՝ գլխիդ զարկեց ու տեղոց-տեղ քեզ չորցրեց։ Ես ի՞մ կամքովս մարագա եղա, քո՞ւ կամքովդ դու Գևորգ աղայի ճանկն ընկար… Ո՛չ, ո՛չ, նա մեզ պատմելու համար գլորեց այդ բոցերի մեջ և պիտի մնանք, քանի որ նրա բարկությունը չի իջել… ― Է՜հ, ի՞նչ ես դուրս տալիս, ի՞նչ ես հիմար-հիմար քարոզներ կարդում։ Նա մեզ խելք է տվել և ազատ կամք, որ մենք մեր գործերը կարգադրենք ու կառավարվինք։ Մենք որ հիմար ենք, մենք որ տգետ ենք և գլորվում ենք անդունդը, նրա դեմ էլ ինչի՞ մեղանչենք և մեր բոլոր տանջանքները նրան վերագրենք։ Եթե դու փառասիրությանդ համար չգլորվեիր շեյխի դուռը, պարտք չառնեիր, ինչի՞ այսօր պիտի նրա մարաբան դառնայիր։ Եթե ես չագահանայի, գութանս մեծացնելու չձգտեի, համբերեի, ինչի՞ պիտի Մեղրենց լակոտները ինձանից հինգ լիրայի փոխարեն տասնևհինգ լիրա առնելուց ջոկ՝ տասնևհինգ լիրայի էլ վճիռք ձեռք բերեին։ Մենք միշտ մեր խելքի ծայրից ենք կործանված և պիտի կործանվինք։ Եթե աստծու մեզ տված շնորհքը խելացի կերպով բանեցնենք, ինչի՞ պիտի հուսահատ օրերի մեջ մնանք։ Դեռ հինգ տարի առաջ ամերիկական ընկերության մարդը եկավ, խնդրեց, աղաչեց, համոզեց, որ մենք տարեկան մի թեթև հարկ տանք, մեր արտերը, կարկտի ու մկի դեմ ապահովենք։ Ես այս տարին քիչը քսանևհինգ սոմար ցորեն ունեի վերցնելու։ Եթե մի սոմարի գինը՝ մի լիրա, ամերիկացուն տայի, այսօր կգնայի, նրան կբերեի և արտերիս վիճակը ցույց տալով, քսանևհինգ լիրաս կանխիկ կստանայի։ Բայց մենք իրար աշելով նորությունից փախչում ենք, պապերի ճամփից դուրս չենք գալիս և այս տեսակ դեպքերում միշտ մեղքը բարդում ենք մեր բախտի վրա։

Նրանք էլ ամեն բան խոստանում և ոչինչ չեն տալիս, բոլորը խաբեություն է։ Մակարյանը կյանքը ապահովցուցած է եղել երկու հազար լիրայի, ահա հինգ տարի է ժառանգները մի ստակ էլ չեն ստացել։

— Այդ սխալ է, նա տասը տարի շարունակ վճարել է ապահովավճարը, վերջին տարին տված չի եղել, հայտնի բան է, չէին էլ տալ։ Թող վերջին տարվանը վճարած լիներ, տեսնեիր, թե ինչպե՜ս պիտի լվլվաիյին նրա աղջիկները այդ հազարների մեջ։ Մերոնք, անհամբեր կովի նման, կաթը կտան, կկթվին, երբ կովկիթը կլցվի, կից կտան ու կաթը կթափեն։

Ինձ Յանգյանն ասաց, որ եթե ուզենամ ո՛չ թե մինակ կարկուտի մուկի, այլ մինչև անգամ հրդեհի դեմ կարող եմ ապահովել բերքս, մինչև տուն կրելս։ Արդեն քրդերը, թրքի լամուկները քանի՜-քանի՜ անգամ արտերիս կրակ են տվել, դեզերս են վառել և կալերս են մոխիր դարձրել։ Այն որ պիտի տանք աշարին, էղնամին, պահապանին, բեգին ու շեյխին, իրիցուն ու միանձնին, տանք մի փոքր էլ ամերիկացուն և հանգիստ ապրենք, սրտերս խաղաղենք, ի՞նչ կորուստ կունենանք։ Բայց չէ, մեկ որ մարդու թամահ է, մեկ էլ որ պապս չի արել, դրացիս չի արել, ես ինչի՞ պիտի անեմ։

— Տա՛նք, տա՛նք, բայց մեզ ի՞նչ պիտի մնա, որ տուն պահենք, մանր ու խոշոր կերակրենք, հագցնենք և ցանքսի էլ բաժին պահ ենք։ Թողնու՞մ են, որ ազատ շունչ առնենք և մի բան ետ գցենք սև օրվան չմնալու համար։

— Ա՛յդ ասա, այդ մասին գանգատվե, տե՛ս, դրա դեմ բան չունիմ ասելու։ Օրենքով մեր բերքի տասից մեկն ենք տալու աշար, մյուլթեզիմը հնգից մեկը վեր է առնում ու էլի չի կշտանում։ Դեռ հլա պիտի կերակրենք մյուլթեզիմի հինգ-տասը ծառաներին և ձիաներին ամիսներով։ էղնամը ամեն անասունից պիտի տանի երկու ղուրուշ, երեք ղուրուշ, տանում են հինգ-տասը, էլի աչք են տնկում մեր մատակների, հորթերի և գառների վրա։ Հազար խնդիր տուր, թե հայրդ մեռել է, եղբայրդ կորել է, ծնված երեխան յուր երրորդ ամսում մահացել է, հարկահանը չի լսում, հիսունհինգ ղուրուշի փոխարեն վաթսուն է պահանջում ամեն մի մեռած, թե կենդանի արարածի համար։ Կաշիդ դուրս գա, տանջվի՛ր, այրվի՛ր և մորմոքա, մինչև չտաս, դռնիցդ չի հեռանալ անհոգի պաշտոնականը։ Քեհյային տու՛ր, հոգեբաժինը տո՛ւր, տուր ու տուր։ Հապա վաշխառուն․․․․ մեկին տասը տուր․․․

— Տո՛ւր ու տո՛ւր, հիմի էլ ապահովության համար ամերիկացուն տո՛ւր…

— Չես տալ՝ չե՛ս ապրիլ, կտաս՝ սովա՛ծ կմնաս, տկլո՛ր կմնաս…

Դարձյալ լռեցին դրացիները, դարձյալ մնջեցին, մտքերով խորասուզվեցան վշտերի դաշտը և ընկղմեցին։ Միայն շնչառություններն էր լսվում և երբեմն-երբեմն էլ տխուր ու թույլ հառաչում էին։ Վերջալույսի վերջին ճառագայթներն էլ թռան Սաղի դաշտավայրից, Փալան-Թեոյանի լանջերից ու գագաթներից և արևն էլ Բլիշայի սարերի ետևը ընկղմելով, խավարի ու մթության մեջ թողեց վշտահար և հուսակտուր սազեցի մշակներին․․․

9 Էլ հույսը բոլորովին կտրվել էր։ Արդեն մի ամբողջ շաբաթ անցել էր կարկտի օրից, և արևի ջերմությունը, գիշերվա ցողը, հողի ուժը չէին կարողացել փշրված և տափակացած ցորեն ի ու գարու եղեգները բարձրացնել։ Մինչև անգամ որպես խոտ կամ դարմանցու չէր կարելի քաղել արտերից, որոնք օրեցօր փչանում էին։ Գյուղացին մնացել էր ձեռքերը ծալած, ո՛չ հորում ցորեն, ո՛չ ամբարում ալյուր և ո՛չ էլ տաշտում հաց ուներ։ Սովի սոսկալի պատկերը յուր քստմնեցուցիչ տեսարաններով նկարվում էր շինականի մտքում և նա դողդողում, սարսռում էր, մտածելով չարատանջ աշնանը հաջորդող տաժանելի ձմռան մասին։

Պարբերաբար քաղցին ու տկլորությանը դիմադրող հողագործը վարժվել էր չարքաշ կյանքին և ամեն միջոց գործ էր դնում միշտ, մի կերպ յոլա գնալու ներկա տագնապում, բարեհաջող ապագայի հուսով։ Եթե ցորեն-գարին անգութ հարստահարիչները, վաշխառուները և կամ բնության ավերիչ ձեռքը խլում, փչացնում է, շինականին մնում էր յուր անասունների նման բույսերով, վայրի խոտերով և սրանց արմատներով կերակրվել։ Ինչպես մուկը կտրում է, փչացնում է մարդու դառն աշխատանքով ցանած ու աճեցրած ցորենն ու կրում իրենց համար գետնի տակ, այս ու այն կողմն ամբարում, ձմռան թքին իրեն պաշար պատրաստում, այդպես էլ մարդիկ բահ ու փետատ ձեռք առած, ընկնում են հանդի մեջ մկների ժողոված ատոլն ու կոճղեզը իրենց տունը կրելու։ Բայց այս բույսերով որքա՞ն էլ առատ լինին, ապրելն եթե անհնար չէ, անտանելի է։ Էլի պետք է աշխատել, ընկնել դեսուդեն և քիչ ալյուր, ցորեն, կորկոտ ձեռք ձգել և քչից-շատից տան թթխմորը գոնե չպակսեցնել, առանց որի հայ գյուղացին չի կարող ապրել։ թթխմորը գոնե չպակսեցնել, առանց որի հայ գյուղացին լի կարող ապրել։

Արդեն այս տագնապալի օրերում շինականին իր ամբողջ անցյալը յուր լավ և վատ գույներով ներկայանում է երևակայությամբ։ Այդ բանը նրան քաջալերում է և թույլ չի տալիս քաղցր կյանքից ձեռք քաշելու, ապագայի քաղցրագույն հույսով։ Հիշում է, որ նա ունեցել է բարեհաջող տարիներ, լիքն են եղել հորերը ցորենով և քիլարները՝ բարով։ Բաց է եղել նրա պահեստը ո՛չ միայն անցորդի, աղքատի, այլ մինչև անգամ սարի այս ու այն կողմի ազգակիցների համար, որոնք իրեն պես պատահարներից ընկճված, եկել ու պարկերը լցնելով առատությամբ, տարել ու ապրել էին։ Հիշում է, օր ինքն էլ փոխադարձաբար գնացել է, բերել ու սև օրերը անցկացրել։ Ավելի ևս այդ օրերը հիշում է, թե ում փոխ է տվել և ում ցորեն կամ մի ուրիշ նյութ պարտք ունի։ Նեղ օրում պահանջները ուզելը ամոթ չէ, պարտապանը, պահանջատիրոջ կարոտությունը աչքի առաջ ունենալով, ձգտում է վերադարձնել պարտքը և փոխարինել բարիքը։

— Վարդևան աղբա՛ր,— ասաց մի օր նրա հարևան Մարուքը,— թե կարելի է թոխլիների գինը տաս, գիտես մեր հալը։ Գիտեմ, որ քու էլ միջոցդ շատ լավ չէ, մանավանդ որ թոխլիներն էլ տարիր քաղաք, այն դատարանի անդամների բերանը ոսկոր գցեցիր, քեզ էլ օգուտ չբերեց, բայց մեր վիճակը խո՞ լավ գիտես, մի թիզ արտերս չազատվեց… Փառք աստծո՜ւ, էլի քու արտերից մեկ-երկուսը կքաղվի, հերկերդ փրկվեցին խշմից։

— Մարուք աղբա՛ր, աստված գիտե, մոլորվել եմ․․․ Մտքիցդ չանցնի, թե Վարդևանը մոռացել է պարտքը կամ քեզ խաղցնում է… Միտքս դրել եմ մոզիկներս ծախել և նախիրն եմ ուղարկել, որ լավ գիրանան։ Ուզում ես հիմիկուց գին դնենք, վեր առ, չես ուզում, մնա՛, աշնանը ծախեմ և թոխլիներիդ գինը տամ։

— Ինչպես ուզում ես, այնպես արա, միայն մի՛ մոռանալ, որ շատ նեղության մեջ ենք։

— Խոսքս խոսք է, վստահ գնա գործիդ։ Դեռ հազիվ ճանապարհել էր Վարդևանը Մարուքին, ինքն էլ շշմած մտածում էր անելիքի մասին, երբ նրա դուռը կտրեց մի ուրիշ հարևան, որից մի լիրա էր փոխ առել Վարդևանը ու դատաստանական գործադիր մարմնի ներկայացուցչին տվել որպես վարձ։

— Այն մի լիրան, Վարդևան աղբար, հոգուդ մատաղ։ Մուտուրկանցուց մի սոմար ցորեն գնեցի, կալին պիտի տա, այսօր նեղություն ունի եկել է, պահանջում է։

— Մի լիրա՞ն․․․ Բայց փող չունե՛մ, ճար չկա։ Չի սպասել մի տասնևհինգ օր. Ղարսից՝ Գեդևոնիցս փող պիտի գա, իսկույն կտամ։

— Հավատացի՛ր,շատ նեղն եմ, մարդը եկել է դուռս, չտամ, վախենամ ցորենը թանկե, հետո մանր ու խոշորս նեղության մեջ գցեմ…

— Մի տեղից գտի՜ր, Մարգար ջան,արևս վկա՛, Գեդևոնիցս փող ստանալուն պես առաջին անգամ բերեմ քեզ վճարեմ… Մի՛ վախենալ, շատ չեմ ուշացնի, մի՛ կասկածիլ, նամակ ունիմ, կարելի է, որ հիմի Պոլիս էլ եկած, քաղաք հասած լինի։

Իրար ետևից, կարծես միախորհուրդ, գալիս էին Վարդևանի պարտատերը, և նա մոլորված ամեն մեկին մի-մի պատասխան տալով ճանապարհում և մորմոքալով հառաչում էր։ Քանի որ արտերը ցոլում էին, առատ բերք խոստանում, մարդ չէր հիշեցնում Վարդևանին յուր պարտքերը։ Երբ կարկուտը ոչնչացրեց և փչացրեց նրա աշխատության պտուղը, ամենքն էլ կասկածեցան նրա պարտաճանաչության մասին (գոնե Վարդևանը այդպես էր բացատրում), սկսեցին խստիվ իրենց պահանջները ուզել։ Մարդ է, դրացիություն է, կարիք է, ամենքն էլ ունին պարտք ու պահանջ, բայց պարտապանը չունեցածից ի՞նչ կարող է տալ։

Հենց այդ դառը մտքերը Վարդևանին պաշարած օրերը քաղաքից մի պաշտոնական եկավ և մի հայտարարություն ևս հանձնեց, թե օգոստոսի մեկին աճուրդով ծախվելու է Վարդևանի շարժական կարողությունը։ Եթե այդ կարողությունը չլրացներ նրա Գևորգ աղային ունեցած պարտքը, այն ժամանակ հետևյալ ամսում ծախվելու էր ևս անշարժ կալվածքը։ Բավական չէր այս գույժը, Վարդևանը պարտավոր էր գուժկանին կերակրել, պատվել և մի փեշքյաշ տալով, արձակել։ Քեհյան և նրա խորհրղականները այդպես էին խորհուրդ տալիս։ Թեև Վարդևանը հակառակվեց, բայց պաշտոնականը բռնությամբ մինչև չկորզեց մի մեջիդիե (մոտ 2 ռ.), չհեռացավ, դեռ առանց հաշվելու կերած հավերն ու ձվերը, տարած մածունն ու կարագը, վառեկներն ու գառը։

Հարվածը սարսափելի էր, Մեղրենց արյունարբու լակոտը մտադրածը պիտի կատարեր։ Գեղի մեջ պարծեցածը պիտի գլուխ բերեր․․․ Վարդևանի կայքը, արտերը պիտի Արզրումի մեջ մունետիկի ձեռքով աճուրդով ծախել տար։ Այս միտքը սպանում էր Վարդևանին, այս հարվածը խելաբժուժ արավ հողագործին, որը գիշեր և ցերեկ հանգստությունը կորցրեց։ Քեհյան ու տերտերը անընդհատ հետևում էին Վարդևանին և երկուսն էլ քննում էին նրա բոլոր արարքները ու տեղեկացնում մանրամասնաբար Գևորգ աղային, որի մարաբաներն էին։ Գևորգ աղան խոստացել էր աճուրդից գնել Վարդևանի կալվածները և հանձնել նրանց մշակելու մարաբայական կարգով։ Այս բանից մասամբ տեղեկություն ստացել էր և ինքը՝ Վարդևանը։

— Ողջո՛ւյն,— ասաց մի իրիկուն տուն մտնելով տերտերը Վարդևանին և անցավ բազմեցավ բազմոցի գլխին, առանց սպասելու տանտիրոջ բարի «հրամ մեցեքներին»։ Շատ չանցած նրան հետևեց քեհյան, որը նույնպես տեղ բռնեց տերտերի դիմաց։ Վարդևանը անմռունչ նստած էր, առանց լսելու և մասնակցելու անգամ նրանց խոսակցությանը։ Տրտնջում էին գյուղի ջոջերը իրենց վիճակից, անողորմ բախտից և հուսահատությունները արտահայտում։ Վարդևանը միայն երբեմն-երբեմն հառաչում էր։

― է՛հ, Վարդևան աղբար,— ասաց տերտերը խրատչի տոն տալով յուր ձայնին,— ի՞Նչ շատ հառաչեցի՛ր, ի՞նչ շատ մնջեցիր։ Աշխարհ է, մի օր այսպես, մի օր այնպես կմթնեցնենք, կանցնի, կերթա։ Աշխարհի համար ի՞ևչ ես այդքան հոգս քաշում։ Այս անցավոր կյանքն ի՞նչ է, որ մարդ դրա Համար այդքան մտատանջվի, դառն ցավերի ու հոգսերի մեջ մոլորվի։ Ինչ ուզում ես արա, կերածդ մի փոր հաց, հագածդ մի ձեռք հալավ է։ Դու հավիտենականի համար մտածի՛ ր, որ կամ մշտնջենավոր երանություն է կամ անվերջ տանջանք։ Վախենաս այս փուչ աշխարհի վրա մի աղքատ ապրուստ չճարե՞ ս։ Մի լինիլ մյուլքատեր, եղի՛ ր մեզ նման մարաբա․ ի՞նչդ կպակսի։ Մյուլքատեր, թե մարաբա. զանազանությունն ինչի՜ մեջ է։ Ամեն դեպքում էլ մի ապրուստ, մի աղքատիկ կեցություն։ Քանի որ մեզ այնպես է վիճակվել, որ մեզ պիտի թալանեն մյուլթեզիմները, էղնամի մեմուրները, վաշխառուները, չարչիները և մեր բերքի մեծ մասը պիտի կողոպտեն, տանեն, ավելի լավ չէ՞, որ մենք էլ մտնենք մի - մի ուժեղ աղայի հովանու տակ, որ նա մեզ պաշտպանե… Ի՞նչ անենք, թե աղան պիտի կիսե մեր բերքերը, խո՛ գոնե մեր բերքի կեսը մեզ կմնա և մեզ ամեն պատահական չի կարող ճզմել ու ճխլել։ Արի ինձ լսե՛, գնանք, չթողնենք, որ հողերդ աճրդով ծախվեն, տանք Գևորգ աղային, պայման անենք, դարձիր մարաբա, պրծավ գնաց…

— Ի՞ նչ ես ասում, տերտե՛ ր… Ես գնամ ու լիզեմ իմ թշնամուս ոտքե՞րը, այն անգութի՞, որը ինձ քարուքանդ արավ… Ես մարաբա դառնամ, ինքս ինձ իմ ձեռքով գերության մատնեմ և ամբողջ ընտանիքս աղային ճորտ շինեմ…

— Մարաբան չե՞ս. իբր թե ստրկությունից ազա՞տ ես։ Ի՞նչ տարբերություն կա մի մարդու կամ տասը մարդու ճորտ լինելու մեջ։ Եթե մարաբա լինես, մի մարդ պիտի քեզ դատեցնե ու լափե քու վաստակը, եթե անձնիշխան լինես, ոչ թե մեկ, այլ գուցե և հարյուր մարդ քեզ պիտի կեղեքե և առանց զգալու պիտի դրանց անուղղակի ճորտը լինիս։

— Մարաբա լինելով էլ կողմնակի կեղեքողներից չե՛ն ազատվում… Բայց հազար անգամ նախապատիվ եմ համարում հարյուրներից կեղեքվել, քան թե տանս, ընտանիքիս իշխանությունը հակառակորդիս հանձնել։

— Մեկ է, առաջ թե վերջը, կալվածներդ ծախվելու են։ Կարող է պատահել, որ աճուրդում մի թուրք կամ մի քուրդ գնե արտերդ և այն ժամանակ… — Ավելի լավ է թուրքի, քուրդի մարաբա լինել, քան թե հայի, արյունակցիս, որն ինձ կործանեց և աշխատում է գիշեր-ցերեկ կործանել իմ դրացիներիս էլ։

— Այն, որ կորցնելու ես հողերդ, ավելի լավ չէ՞, որ համկրոնակիցդ առնե։

— Ո՛չ, ո՛չ, ես ուրախությամբ քուրդին կտամ, մոլլին կտտամ, թուրքին կտամ հողերս և նրանց ստրուկ կդառնամ, քան թե հայի, որ փափուկ-փափուկ օրորելով պիտի ծծե արյունս, ապականե կյանքս։ Քուրդը, զանազան կամ յուր շահի համար ավելի լավ կպաշտպանե ինձ, կամ մի հարվածով կսպանե և չի տանջիլ բութ, սղոցի նման դանակով…


10 Գիշեր էր, մառախլամած գիշեր, նման աշնան գիշերներին, որոնք ձմռան շուտափույթ մերձենալն են բոթաբերում։ Անձրևի, թոնի շատ մանրուք էր թափվում և ավելի գարնան, քան ամառային գիշերվան էր նմանում։ Խոնաված, թորված հողի երեսով չստերը ցեխոտելով առաջ էր գնում Վարդևանը համր քայլերով և մտորելով։ Գյուղում ոչ մի շշուկ չէր լսվում, ոչ իսկ քամու նշույլը կար, որ գոնե նրա սուլոցին վարժ ականջները չծակեր։ Գնում էր պատից պատ բռնելով և երբեմն-երբեմն էլ կանգ առնելով։ Նա մի երկու անգամ քայլերը ետ դարձուց և, երեք քայլ չփոխած, կրկին շարունակեց նախկին ընթացքը։ Վարդևանը ավելի գլորվում էր, քան թե գնում, նա ավելի դիականման թավալումներով էր տատանվում։ Նրա գույնը մեռելային տիպար էր ստացել, նրա խրոխտ աչքերը փոսն ընկած, հանգածի էին նմանվում և նրա անդամները սայթաքելով էին շարժվում։ Կանգ առնելով, խորհելով վերջապես նա հասավ Մանուկի դռանը և բախեց։ Ներսից երկար պատասխան չստանալով՝ կրկին բախեց, և վերջապես Մնացականը դուռը բաց արավ, առանց ճրագի մութ բակից ներս առաջնորդեց յուր ապագա աներոջը։ Մանուկը նրան ուրախությամբ դիմավորեց և նստեցրեց յուր բարձր կողմը։ Երկար տատանվելուց և սովորական խոսակցությունները կատարելուց հետո ասաց Վարդևանը.

— Մանուկ աղբա՛ր, վաղը քու աղադ՝ շեյխը, գեղ պիտի գա՞։

— Այո՛, նա ինձ այսօր խաբար էր արել։

— Ուրեմն այգվան անպատճառ կգա՞։

— Եթե մի արգելք չլինի։

- Գիտե՞ս ինչ կա, ես ուզում եմ դրանից մի տասնևհինգ լիրա վերցնել և այդ Մեղրենց լակոտների գործը վերջացնել։ Դու մեկ դրան կամաց իմացուր և տես, թե գլուխ գալու բան է՝ գամ ու վերջացնենք։

— Բայց նա առանց գրավականի և դաշնագրի չի տալ։

— Այդ էլ կտամ, ճարս ի՞նչ է… Փոխանակ թողնելու, որ աճուրդով ծախվի և այն անգութ արյուն ծծողների ձեռքն անցնի, ես ինքս գրավ կդնեմ։ Գուցե բախտս բերեց, պարտքս կտամ և կայքերս կազատեմ… Թե ո՛չ, ավելի լավ է շեյխի ձեռքն անցնի և Շխնոցը շեյխին բաժին դառնա, քան թե այն տուն քանդող, օջախ կործանող Գևորգ աղան տիրե իմ կայքերիս։ Հազար անգամ լավ է շեյխին մարաբա դառնալը Գևորգ աղային ստրկանալուց։

— Դրան կարիք չկա, մանավանդ որ շեյխը հոգվով կպած է գործի և ոչ ոքի չի թույլ տալ, որ յուր մարաբային կեղեքե, այն ինչ Գևորգը, ինչ էլ որ լինի, էլի մի հայ է և կողոպտման ենթակա։ Լավ, ես առավոտ կխոսեմ ու քեզ կկանչեմ։

Հետևյալ օրը, ճաշից առաջ, Մանուկը կանչել տվեց դրացուն և ներկայացրեց յուր աղային։ Շեյխը Վարդևանին ոտից– գլուխ քննելուց հետո ասաց.

— Տղա՛, փող ես ուզել, նեղության մեջ ես եղել, այդ անօրեն Գևորգը քեզ էլ յուր թակարդն է գցել։ Բայց ինչ օգուտ, փող չունիմ քեզ տալու։

— Աղա ջա՛ն, դու գիտես, օջախդ եմ ընկել, դու պիտի ինձ ազատես։ Տասնևհինգ լիրայով ինձ գերությունից կազատես։

— Ես փող չունիմ, այսինքն՝ հիմի ազատ փող չունիմ, բայց տասնևհինգ օրից, մի ամսից հետո կարող եմ տալ, ոչ թե տասնևհինգ, այլ հիսուն, հարյուր, որքան որ ուզես։ — Աղա ջա՛ն, քեզ մատաղ, քու զավակներիդ մատաղցուն հաշվելով, փրկի՛ր ծառայիդ մանր ու խոշորին այս գերությունից։ Որ կամենաք, կարող եք գտնել… Ի՞նչ դժվար է քեզ համար տասնևհինգ կամ երեսուն լիրա գտնելը։

— Ես մարդու դուռ չեմ գնալ և ոչ ոքից փող չեմ խնդրիր Եթե ուզում ես, կարող ես համբերել, մի չորս-հինգ օր հետո եկ քաղաք և եթե պատրաստի փող ունենամ՝ կտամ, չեմ խնայիլ. միայն գրավականով և ապահովությամբ։

— Ինչպես կամենում եք, ես պատրաստ եմ բոլոր կայքերս ձեզ մոտ գրավ դնել։

— Քու քոչաններդ (կալվածագիր) որտե՞ղ են, նրանք վեր առ և բեր։ Մինչև օրինական դաշնագիր չկապես, մինչև բոլոր քոչաններդ չհանձնես ապահովության, չեմ տալ։ Տոկոսն էլ օրինական, ես ձեր հայերի նման անխիղճ չեմ, մեկին տասը չեմ առնիլ, իմս հարյուրին քսանչորս, որոշ, կտրական, ոչ ավել և ոչ էլ պակաս։ Խոսքս էլ տղամարդու խոսք, ինչպես կտամ, այնպես կկատարեմ, ինչպես խոսք առնեմ, այնպես էլ խիստ պահանջում եմ։ Օրը-օրից չեմ անցկացնի, որոշյալ ժամին ու ժամանակին ետ կպահանջեմ։ Ինչպես տալուց երես չեմ դարձնիլ, այնպես պահանջելուց չեմ վախենա, չեմ կասկածի և չեմ մեղմանա։ Պայմանիցս մի մազ անգամ չեմ շեղվիլ և սկզբից գեշ մարդ կլինեմ, ճշմարիտը կհայտնեմ, որ ապագայում ո՛չ թե ես, այլ ինձ հետ գործ բռնող պարտազանց գտնվողը ամաչե և լեզուն չհամարձակվի առաջս շարժելու։ Ուզում ես, ա՛ռ, չես ուզում, մի՛ առնի։ Խելքդ կտրում է, մոտեցի՛ր փողերիս, թե ո՛չ, հեռու կեցիր ինձանից, որովհետև ես խոստումնադրուժի գլուխը կփշրեմ։

— Մարդն էլ այդպես է պետք, աղայի պարտականությունն էլ այդ է, որ ճշմարտությունը սկզբից խոսի և շողոքորթ շարժումներով ու խոսքերով չխաբե իրեն դիմողին։

— Ուզում ես, տա՛ր, չես ուզում՝ մի՛ տանիլ։ Որքան ժամանակի ուզում ես, այժմվանից որոշիր և հաշիվդ լավ քննե, որ վերջը չզղջաս,— ասաց խրոխտ նայվածքով շեյխը, ջանալով դեմքին աղայական միմիկաներ տալ։

Արդեն ժամանակն էր, Վարդևանը հեռացավ, հուսադրված և հինգ օր հետո քաղաք գնալով, գրավ դրեց յուր բոլոր հողերը՝ տանը հետ, շեյխի մոտ քսանվեց լիրայի: Նա ստացավ միայն տասնուվեց լիրա ու կես, որը հանձնեց Գևորգ աղային և արդարադատության պաշտոնյաներին ու ազատվեց Մեղրենց ժառանգների ճիրաններից: Կես ոսկի դրոշմաթղթի վճարեց, երկու ոսկի նոտարական ծախսերին, մի ոսկի ղադիին և մի ոսկի էլ կալվածական պաշտոնակալին, որ արձանագրություն կազմեց Վարդևանի կալվածագրերը շեյխի մոտ գրավական թողնելու մասին: Այնպես որ շեյխին, ճշմարիտ է, Վարդևանը տվեց միմիայն քսանչորս տոկոս՝ քսանմեկ լիրայի համար մի տարեկան հինգ լիրա շահ, բայց իսկապես Վարդևանը վճարեց ոչ թե քսանչորս տոկոս, այլ նա պարտավորվեց վճարելու մոտավորապես վաթսուն տոկոս:

Ուղիղ է, շեյխը քսանմեկ լիրա վճարեց և քսանվեցի մուրհակ ստացավ, այնպես որ ամեն տեղ կարող է արդարանալ, քանի որ վեր է առել լոկ յուր դրամի համար քսանչորս տոկոս, բայց Վարդևանը դրոշմաթղթի, նոտարի, ղադիի և կալվածական ատյանի ծախսերը, այդ փոխարինության պատճառով վճարելով, նրա գրպանի դուրս եկավ իրեն հարկավոր գումարի համար մոտ վաթսուն տոկոս: Հանկարծ երբ ամեն վճարումները կատարելուց հետո հաշիվը կարգի դրեց շեյխը և քննելով հայտնեց Վարդևանին տարեգլխին վճարելիք գումարի քանակը, վերջինս մնաց ապշած: Ամեն վճարում յուր ներկայությամբ էր եղել. շեյխը պարտական չէր նրա փոխարեն ծախսեր կատարել, հետևաբար ինքը պարտավոր էր դեռ համբուրել յուր շեյխ աղայի ջյուպպեի փեշերն ու հեռանալ անվերջ շնորհակալիք հայտնելով:

Բայց Արզրումից Շխնոց հինգ վերստաչափ ճանապարհը մինչև հասնելը, Վարդևանը դառն մտքերով և առաջիկայում իրեն սպասող սոսկալի ապագայի խնդրով այնքան տանջվեց, որ գունատված, մեռելատիպ հազիվ տուն ընկավ: «Քսանվեց լիրա», կրկնում էր նա անդադար, «քսանվեց օսմանյան ոսկի» և հուսահատվում: Այդքան գումար որտեղից պիտի միանվագ ձեռք բերեր և շեյխին տալով, կալվածքը գրավից ազատեր: Թեև զգում էր, հայելու նման աչքի առաջ տեսնում էր յուր սոսկալի անկումը, նկատում էր և հավատացած էր, որ պարտատերը ամենադաժան կերպով իրեն թևից բռնելով, դուրս էր վանելու հողերից ու տանից, բայց մի խաբուսիկ հույսով, մի աղոտ հույսի նշույլով նա տատանվում էր։ - Կարելի է գալ տարի աստված տվեց հերկերս քսան-քսանհինգ սոմար ցորեն բերին։ Կտամ, կպրծնեմ և կազատեմ հողերս…

Անբեր տարուն հետևեց ցրտաշունչ ձմեռը, յուր սոսկալի սառնամանիքով ու բքերով։ Վարդևանը յուր մանր պարտատերերին գոհացնելու համար շատ բանից զրկվել էր այդ ձմեռ և մեծ զրկանքի մեջ էլ մնացել էր ընտանիքով։ Ինչպես դատարկ էր նրա ամբարը, այնպես էլ պարպված էր քիլարը, մառանը։ Արդեն օգոստոսի մեջ, երբ նկատել էր, որ քաղելու բան չէր մնացել արտերում, փոքր որդուն՝ Մելքոնին, էլ ուղարկել էր Ղարս, յուր ծանոթ որմնադիրների մոտ քար տաշելու և օրական ստանալով, իրենց օգնելու։ Գեդևոնի և Մելքոնի օրականները ոչ միայն պետական հարկերը պիտի ծածկեին, այլ պիտի ընտանիքի ուտելիքն էլ մատակարարեին, քանի որ իրենց բախտից տարին ստերջ էր եկել:

Բայց գործավորի օրավարձը, բանվորի էլ վիճակը շատ մխիթարական չէր Ղարսում, նրանք նոյեմբերի սկզբներին Ղարսի սառնամանիքից ստիպված հեռացել էին դեպի Բաքու–Բաթում՝ երկաթուղու գծի վրա գործ գտնելու և Միխայլովի կայարանում կամուրջների համար քար էին տաշում։ Այդ հեռավոր անկյուններումն էլ շատ հեշտ չէր փող վաստակելը և տուն հասցնելը, այնպես որ Վարդևանը խիստ նեղության մեջն էր ինչպես մանր պարտքատերերից, նույնպես ուտելիքի կողմից։ Օրեցօր վիճակը վատթարանում էր և հուսահատություն տիրում։

Այդ դժբախտությունների վրա ավելացավ մի նոր խայտառակություն ևս. մի գիշեր Մարգարիտը Մնացականի հետ փախավ։ Այդ փախուստը ինչպե՞ս կայացրին, ոչինչ չիմացան ծնողները, մինչև անգամ տարակուսանքի մեջ էլ մնացին, կասկածելով, որ չլինի թե թուրքերի ճանկն ընկան սիրահարները և փորձանքների մատնվեցան։ Գարանը որքան ողբում էր և ինչ փաստեր ներկայացնում էր, չէր կարողանում Վարդևանին համոզել, յուր անմեղությունը հավատացնել։ Առավոտից մինչև իրիկուն լացեց թշվառ մայրը, երդվեց, ողբաց ու սգաց, բայց Վարդևանը անհողդողդ մնաց յուր կարծիքի մեջ։ Մանուկն էլ փնտրում էր յուր Մնացականին, բայց չէր համարձակվում մոտենալ յուր հարևանի դռանը։ Վերջապես երկու խնամիներն էլ մոռացան անցյալը և սկսեցին միջոցներ ձեռք առնել, որոնելու և գտնելու տարփավորներին։ Գյուղ-քաղաք, չորս կողմը մարդիկ սփռեցին, որ գտնեն իրենց կորուստը, բայց ոչ մի կողմից տեղեկություն, բացատրություն չեղավ, այնպես որ ամբողջ շաբաթն անցավ և չհայտնվեցավ, չիմացվեցավ սիրահար փախստականների հետքը։ Սազում, Օվայում գյուղ չմնաց, որ չորոնեին, Բասենից, Թորթումից ու Դերջանից անհույս վերադարձան փնտրողները և բավական չէր քաղցի, ցրտի և պարտքերի մեջ նեղվիլը, Վարդևանին պետք էր ևս հալումաշ լինել Գարանի հետ իրենց փախստականների համար..․

II Անցավ տասնևհինգ օր, անցավ և ամիս, բայց Վարդևանն ու Մանուկը իրենց զավակների տեղը չիմացան։ Եթե ձեռքերում մի քանի սև փող էր ընկնում, ախոռներում գառից, հորթից և հավից ինչ էլ որ ունեին, ծախում էին և փողը փոստի, հեռագրի և մասնավոր անհատների վրա ծախսելով, անցկացնում էին օրերը։ Սառնամանիքը օրեցօր սաստկանում էր, բուքն ու թիփին չէին կտրվում, սրանց հետ միասին չունևորությունը տանջում էր գյուղականին։ Արդեն երեք ամսից ավելի էր, որ ո՛չ մի փարա փող, ոչ էլ նամակ էին ստացել Գեդևոնից ու Մելքոնից։

Բավական չէր, որ քաղցից ու բքից տանջվում էին Վարդևանն ու հարանը, մանր պարտատերերն էլ նրանց դադարումը կտրել էին։ Օր չէր անցնիլ, որ հինգ-տասը մարդ չկտրեր նրանց դուռը և փող չպահանջեր։ Էլ ո՛չ պատիվ էր մնացել, ո՛չ էլ երեսի ջուր, խոսքի էլ հավատ չէին ընծայում, երդումի էլ, քանի որ անչափ անգամ խաբվել և միշտ դատարկաձեռն էին հեռացել պահանջատերերը Վարդևանի դռնից։ Հաճախ Վարդևանը աղջկան փնտրելու պատրվակով գնում էր քաղաք մի քանի օրով, այս ու այն գլուղը, գլուխը մի կերպ պահելու պարտատերերի ձեռքից, որոնք նրան յուր տան մեջ հանգիստ չէին թողնում։ Բայց ոչ մի միջոց չէր օգնում, գյուղից ձեռք չէր կարողանում քաշել, իսկ երբ վերադառնում էր, բոլոր պահանջատերերը միասին գալիս և սկսում էին իրենց պահանջներով տանջել։

Վախով ու ախով Վարդևանն անցկացրեց լուր տոները՝ ծնունդն ու մկրտությունը, չոր ու ցամաք խաշած խոտերով ու արմտիքներով կատարեցին բարիկենդանները և պահոց օրերին դիմավորեցին նվազած ու չորացած մարմնով։ Թեքվեց փետրվարն էլ, և գարնանամուտն էլ հասավ, բալց ձյուները հալչելու կամք չունեին, հյուսիսի սոսկալի քամիները փչում էին դեռ և սարսռեցնում ամեն բան։ Մարդիկ, անասունները իրենց որջերից, իրենց ախոռներից չէին կարողանում դուրս գալ։

Հենց ալդ օրերում հազիվ մի նամակ էր ստացել Մանուկը յուր որդուց՝ Մնացականից, որը ձեռքին շտապել էր Վարդեվանի քով՝ կարդալ տալու և մխիթարվելու հույսով։ Վարդևանը վշտաբեկ և հուսահատ առավ նամակը և ծանր ու հեկեկալով հեղձուցիչ ձայնով սկսեց կարդալ։ Գարանը և Մանուկի կինը՝ Մարիամը, քիչ հեռուն, մթնում կանգնած լսում էին բովանդակությունը։

«Սիրելի ծնողնե՛ր, հայրե՛ր ու մայրե՛ր։

«Մենք լսեցինք, որ դուք մեզ շատ փնտրել, շատ տրորվել և շատ էլ տանջվել եք: Լացինք ձեղ համար, ցավեցանք ու մորմոքացինք, քանի որ աշխարհում ձեզանից ավելի սիրելի, ավելի մերձավոր ցավակից և բարեկամ չենք կարող գտնել։ Որքան որ դուք մեզ համար եք տանջվել, այնքան Էլ մենք ցավերով ենք տապակվել և հառաչել ձեզ համար: Այժմ սույն նամակով ձեղ դիմելով, խնդրում ենք, որ մոռանաք անցյալը, մոռանաք մեր պատճառած բոլոր սրտմաշուք կսկիծները և օրհնե՛ք մեր ամուսնությունը։

«Գյուղից հեռանալով մենք Բասենի վրայով եկանք հասանք Վարաուրղան մի օրվա մեջ, այնպես որ երկրորդ օրը առավոտյան անցնելով ռուսական սահմանը, մենք արդեն ապահովված համարեցինք մեր կյանքը։ Հայրի՛կ ջան, ապրի՛, շատ ապրի մեր Ֆաթման մատյանը, նա կարծես զգում էր, որ մենք շտապում ենք փախչել ու ազատվել Շխնոցից, թուրքերից և աղաներից, փշրել մարաբայության շղթան, դրա համար էլ թռչում էր, թռչկոտում էր մինչև մեզ տեղ հասցնելը։ Բայց ցավում եմ, սիրտս կտրտվում է, որ ես պարտավորվեցա այդ մատյանը ծախել Բաշ-քյոյի քեհյային և նրա գնով կաշառել տեղի տերտերներին, որ մեզ պսակեն։ Առանց ձեզ մենք պսակվեցինք Բաշ-Քյո։ Խնդրում ենք օրհնեցեք մեզ, ներեցե՛ք մեր կամապաշտությունը և թողություն տվեք։

«Հարյուր ռուբլով ծախեցինք Ֆաթմայիս, բայց երկու հարյուրից ավել կտային, եթե մենք անցագիր ունենայինք, վախ չունենայինք գյուղապետից։ Լավ էր, այդ փողից մի քառասուն ռուբլի ետ պահեցինք, որով երեք ամիս գյուղերում գլուխներս պահելուց հետո, եկանք Ղարս և ահա քսան օր է Վարսում տուն բռնած աշխատում և ապրում ենք։ Գիտեմ, հայրի՛կ, շեյխը Ֆաթմայի համար քեզ շատ է տանջելու, շատ է զրկանքների մատնելու, բայց ի՞նչ անեմ, առանց Ֆաթմայի ո՛չ կարող էի Մարգարիտիս փախցնել, ոչ էլ գլուխս պահել ճանապարհին հետևիցս ընկած ստոր զապթիեներից և քուրդ ավազակներից։ Այդ ձիու գինը մեզ փրկեց, օրինական պսակին արժւսնացուց և այս օտար երկրում մեզ ապրուստ տվեց երեք ամիս ավելի, մեկ խոսքով՝ մեզ նորից գնեց։

«Դուք գիտեք, որ մենք ճարահատ դիմեցինք այս միջոցին, եթե դուք օրհնեիք մեր ամուսնությունը, եթե Վարդևան ապարը դեմ չկենար մեր միացման, եթե մենք մարաբայության ենթարկված չլինեինք, հայտնի բան է, այս բոլորը չէր կատարվիլ, բայց մեր վիճակը մեզ ստիպեց ոչ միայն ձեզ զայրացնոլ մեր փախուստով, այլև ձեզ նեղության ենթարկեք Ֆաթմայի՝ մատյանի, պատճառով։ Հաշվի՛ր, հայրի՛կ, թե ինձ բաժին տվիր, տանից հեռացրիր։ Լավ համոզված ես, որ ես այլևս չեմ կարող ետ դառնալ, քանի որ Վարդևան ապարը աոողջ է, ես նրա աչքին երևալ չեմ համարձակվիլ։ Մանավանդ որ շեյխի նման աղայի ձեռքի տակ մարաբա լինելը մեզ բնավ հաճելի չէ։ Տարին տասներկու ամիս նրա համար աշխատելուց, հոգնելուց, դադրելուց և մորմոքալուց հետո նրա և յուր տռփոտ լակոտների կրքերին զոհ դառնալու առիթներից փախչելու է…

«Ես արդեն այստեղ մտա դվնիկցի վարպետների մոտ քար տաշելու, օրական առայժմ մինչև մի ռուբլի վաստակում եմ, այնպես որ այդ փողով մենք երկուսով հանգիստ ապրելուց ջոկ, կարող ենք մի բան ետ գցել և ձեր նեղություններին էլ օգնության հասնել։ Թեև այստեղ էլ գարուն չի եկել, բայց շատ գործ կա, որոնց համար քար են պատրաստել տալիս ձմեռը, տաշում և գարունը բացվելուն պես գործերը կարգի դնում:

«Ուղիղ է, այստեղ էլ աշխատում ենք ուրիշի դռանը, այստեղ էլ մեր աշխատանքից մաս ու բաժին են հանում վարպետները, վերակացուները, կապալառուները, այնպես որ մեր աշխատության գնի կեսն էլ մեզ չի հասնում, բայց համեմատաբար այդտեղից շատ ու անչափ հանգիստ ենք և հոգիներս չի խռովում անգութ աղաների, դաժան գործակալների և դատարկապորտ ոստիկանների ներկայությամբ։ Այդտեղ պարտավորված էինք դառն աշխատելուց հետո ոչ միայն չոր ու ցամաք ապրուստով զրկանքների մատնել մեր անձը, այլ մինչև անգամ լռելու, մնջելու և գլուխներս կախած հնազանդելու այն հարվածների առաջ, խոնարհվելու այն ձեռքերի տակ, որոնք մեզ տանջում էին։ Այնինչ այստեղ մենք ոչ միայն մեր վաստակը ուտում, խմում, կարգին հագնվում ենք, այլ մինչև անգամ մեզ գործ հանձնողների դեմ բողոքում ենք, երբ մեզանից բան են ուզում քաշել, մեր պահանջներից, օրավարձերից զեղչել։

«Միայն ձեր կարոտն է մեզ տանջում, միայն ձեր սերն է մեզ հիշեցնում հայրենի օջախը, թե չէ մարաբայական լուծը այնպես է դառնությամբ լցրել սիրտներս ու հոգիներս, որ հավիտյան Շխնոցի անունը չէինք ցանկալ տալ, շեյխին չհիշելու համար։ Մեր վերադարձին մի՛ սպասեք, մեր վզին ձեր դառնության շղթան անցկացնելու մի՛ տքնիք, ո՛չ ետ կգանք, որ ոչ էլ թուրքի, բեգի և աղայի երես տեսնենք։ Հերիք է, որքան սրտերումս կուտակված մաղձը, թույնը պարտավորվել ենք փսխել ու կրկին կլանել, կուլ տալ, լռել ու համբերել։ Ավելի լավ է օրականի հույսով մնալ և այս պանդխտության մեջ չարչարվիլ, գլուխ պահել, քան թե տուն դառնալ և աղայի առաջ գլուխ թեքել ու մորմոքալ:

«Գիրս մասնավորի երկար գրել տվինք, մեր վիճակը ձեզ հայտնեցինք, որ էլ ո՛չ մեզ փնտրեք, ո՛չ էլ մեր վերադարձին սպասե՛ք։ Միայն ձեզանից կրկին ու կրկին խնդրում ենք, որ մեզ օրհնե՛ք, մեր արարքը մոռանա՛ք, մեզ թողություն տաք։

«Համբուրում ենք ձեզ բոլորիդ՝

Ձեր որդիքը՝ Մնացական և Մարգարիտ»։ «Հ. Գ. Գեդևոնն ու Մելքոնը Միխայլովո են աշխատում, գալողներից լուր ստացանք, որ առողջ են, հաջող և ինչ-որ կամուրջների վրա են աշխատում»։

Կարդացին ու հառաչեցին հայրերը, արտասվեցին մայրերը, և սրանց արտասուքը թրջեց իրենց կրծկալները, ողողելով իջավ գոգնոցները, թացցուց։ Վարդևանը տեղ-տեղ նամակը մի քանի անգամ կարդաց, մի քանի անգամ զննեց և վար դրեց։ Մանուկը մոլորված տնքում էր և խեղդված ձայնով շրթունքների միջից դուրս մղում յուր այրված սրտից բխած հառաչանքները։ Երբ ընթերցանությունը ավարտեց Վարդևանը ու վար դրեց նամակը, Գարանն ու Մարիամը հեռացան հյուրասենյակի մթությունից տան խորքերը և սկսեցին հեկեկալ։

— Հիմի բան չունիմ ասելու,— մրմնջաց Վարդևանը,— ղոչաղ տղա՛, հալալ լինի քեզ աղջիկս։ Աշխատիր ու ապրեցե՛ք։ Մարաբայությունից փախչողը աստծուն կմոտենա, խելքը գլխին մարդն էլ երթա ու մարաբա՞ դառնա։ Բայց ի՞նչ եղան այդ անխելքները։ Այդ հիմար Մելքոնը չի էլ մտածում, որ ցանքերը մոտեցան, և հայրը մենակ է, միսմենակ։ Ես այնքան հողս ինչպե՞ս կարգի բերեմ մենակ։ Հիմարը չի մտածում, որ յուր ամբողջ տարվան վաստակից իմ արտերս ութ-տասն անգամ ավելի կբերեն, եթե փորձանքի չենթարկվեն։

Լռեցին երկու խնամիները, և Վարդևանը սուզվեց յուր ցավերի մեջ, այնպես որ իսկույն մոռացավ աղջկան։ Նրա աչքերի առաջ ներկայացան Գևորգ աղան, շեյխը, պարտատերերը, որդիքը և նա թմրած, ինչ անելիքը չէր կարողանում վճռել։ Մանուկն էլ նույնպես խրված էր յուր ցավերի մեջ։ Որդուց հավիտյան բաժանվելու հարցը բաց արեց նրա աչքի վրայից այն քողը, որը թույլ չէր տալիս իսկությամբ զննելու յուր վիճակը։

Խնամիները իրարից շուտով բաժանվեցան, առօրյա հացի խնդիրը, տիրող սովը, քաղցից առաջացած մորմոքը նրանց ստիպեց առժամանակ մոռանալ նույնպես իրենց սիրելիների կորուստը, որոնց մասին նամակի առթիվ քիչ փղձկացել ու լացել էին։ Իսկույն նրանք ընկան այս ու այն դատարկ ամանները, ողողեցին պտուկներն ու բղուղները, ավլեցին ամբարների անկյուններն ու արանքները, որպեսզի այդ օրն էլ լցնեն իրենց անհատակ ստամոքսները, մինչև հաջորդ օրվան մի կերպ հասնելու…

12 Օր-օրի վրա Վարդևանը գնում էր Արզրում և ետ գալիս, բայց ո՛չ միայն փող, այլ մինչև անգամ նամակ էլ չկար։ Որտե՞ղ էին Գեդևոնն ու Մելքոնը, տեղեկութլուն անգամ չուներ Վարդևանը։ Ցանքսի օրերը մոտենում էին, մոլորությունը տիրել էր թշվառ պարտապանին։ Շեյխի պարտքի ժամանակամիջոցին մնացել էր և ոչ իսկ վեց ամիս, եթե արտերը չցանվեին, արդեն պետք էր ձեռք քաշել ամեն բանից։ Ղարսից դարձողները ոչ մի տեղեկություն չէին բերում Գեդևոնից, իսկ համբերությունը համարյա թե կտրվել էր։

Այդ բոլորի վրա ավելացավ ևս զինվորական տուրքի (բեդելեթ ասքերիեի) խնդիրը, գործակալները գյուղ էին եկել և բռնադատում էին երեք օրվան մեջ հավաքել հանձնել տուրքը։ Քեհյա ու գզիր, զապթիե ու զաբիթ ընկել էին դռնեդուռ, մտրակի հարվածներով գանակոծում, հայհոյում և անհամբեր պահանջում էին անմիջապես լրացնել գումարը։ Այդ բոլոր նախատինքի հետ դեռևս ստիպում էին, որ իրենց հյուրասիրեն դառներով, հավերով, կարագով, շաքարով ու մեղբով։

— Անօրեննե՛ր,— գոռում էր զապթիեն,— գարունը մտաք, դեռ տասը-քսան օր էլ անցավ, ինչի՞ չեք շտապում գլխագիններդ վճարել, որ ազատ ապրիք։ Անհավատներ, ինչի՞ եք տանջում մեզ, ինչի՞ եք ստիպում գոռգոռալ ու պահանջել։ Գուք ձեր կյանքերը փրկելու համար պարտավոր եք ինքներդ օր առաջ, ամեն գործից առաջ փրկանքներդ պատրաստել և վճարել։ Այս ի՞նչ հարկ է, որ խաղ եք անում, ձեր գլխից ձե՞ռք եք քաշել, ի՞նչ է…

Ամեն մարդ ճար-ճուր էր անում, գրավական էր գտնում, պարտք անում, որպեսզի ազատվեր անօրենների ճիրաններից, գլուխը փրկեր փրկանք պահանջողներից։ Ուղիղ է, սուլթանները եվրոպացիներին խաբելու համար գլխագնի փրկանքի (ջեղիե) անունը փոխելու զինվորական տուրքի էին վերածել, բայց նրանց գործակալների համար, հարկը վճարողների համար դարձյալ այս տուրքը գլխագինն էր։ Դեսից-դենից ոլոր-մոլոր գալարվելով գալիս էին շինականները և քառասուն կապոցների մեջ հանգուստած ոսկիներն ու արծաթները թափում հարկահավաքների առաջ։

Եկավ Վարդևանն էլ, բայց ճար չուներ, փող չուներ, մոլորվել էր ու մնացել։ Վրա հասավ զապթիեին ու մտրակով լեռդին, գլխին ու ազդրերին սկսեց մտրակել ու գոռգոռալ.

— Անհավա՛տ, այս երեք օր է խաբում ես, խաբում ու մինչև անգամ չես էլ գալիս աղային (պաշտոնյային) տեսնելու։ Մենք ձեր գերի՞ն ենք, որ գանք այստեղ սպասենք, օրեր մթնեցնենք, թե ի՜նչ է դուք ջեզիե պիտի տաք։

Բոլորը դողդողում էին, և Վարդևանը, աչքերը արյունով լցված, չէր իմանում, թե ինչպես զսպի յուր արդար զայրույթը։ Նա բորբոքված, բայց հանդարտ ձայնով ասաց.

— Աղա, ի՞նչ իրավունքով թողնում եք, որ այս զապթիեն սուլթանի շնորհած օրենքների հակառակ բռնություններ կատարե, մարդ մտրակե, արյունլվա անե։ Այս ի՞նչ խիղճ է, այս ի՞նչ կարգ է, որ սուլթանի պաշտոնականը նրա հրովարտակների հակառակ շարժվի։ Ես, աղա, հիմա գնալու, բողոքելու եմ վալիին, հեռագիր եմ տալու սադրամազին… Ես այս անարգանքը չեմ կարող տանել… ես…

— Անհավատին նայի՛ր, անօրենին մտիկ տո՛ւր, մեզ օրենք պիտի սովորեցնե,- ասաց մտրակելով զապթիեն, սարսափ սփռելով քեհյայի, գզիրի ու գյուղացիների վրա։- Անհավատ հաստակոցե՛ր, մինչև չմտրակեն, մինչև որ թոփուզը ձեր գլխին չտան, պարտքերդ չեք վճարիլ։

— Աղա, խոսք հասկացրեք այս զապթիեին, լսեցեք, ի՞նչ եմ ասում, հետո վճիռ տվե՛ք, ինչ անելու եք արեք։

— Օսմա՛ն,- ասաց գործակալը զապթիեին և նշան արավ, որ դադարի…

— Աղա՛, դուք տեղեկություն չունի՛ք, սրանք տերության պաշտոնականներին դիմադրելու համար հոգի են տալիս։ Խելքերը, մտքերը մեզ ընդդիմանալու հետ է,- ասաց զապթիեն և ետ քաշվեց, սպասելով տիրոջ ակնարկին։ Վարդևանը մոտեցավ և ասաց աղային․

— Դուք ինձանից ի՞նչ եք պահանջում։

— Քեզանից պահանջում ենք յոթ լիրա և քսան ղուրուշ։

— Պատճա՞ռը, ես քանի՞ հոգի ունիմ, խնդրում եմ, կարդացեք ցուցակը։

— Անհավա՛տ, կարծում ես քեզանից ավել են պահանջո՞ւմ, ինչ որ գրված է տոմարում, այն էլ պիտի տաս։ Տասնմեկ հոգի եք (նուֆուզ—շնչավոր) և որպես համբրա կորածների և աղքատների համար էլ մի գումար, մի նուֆուզի փող ավելի պիտի տաք, վաթսուն ղուրուշ, գումարը յոթ հարյուր քսան ղուրուշ։

— Ախր ես երեք շնչավոր (նուֆուզ) ունիմ, ինչի՞ պիտի տասնմեկ հոգու հարկ տամ։ Ախր գութ ունեցե՛ք։ Հավատի կրոնի կեսը խիղճն է կազմում։ Երեք հոգու փոխարեն ես ինչի՞ պիտի տասներկու հոգու ջեղիեն տամ։ Ես եմ ու իմ երկու որդիքս։ - Այդ մեր գործը չէ, գնա՛ բողոքիր նահանգական արձանագրության ատյանում և արձանագրությունները փոխել տուր։ Ահա քու ընտանիքի ցուցակը։ Գալո՛․․․

- Այդ հայրս է, որ մեռել է տասներկու տարի առաջ․ քանի՜ մեկ ես դրա հարկը պիտի վճարեմ, մեռածի համար էլ փրկանք կվճարե՞ն։ Ամեն տարի գնում եմ ու ջնջել տալիս ցուցակից դրա անունը, իսկ դուք ամեն տարի գալիս ու կրկին պահանջում եք։

- Այդպես չի կարելի, անհավա՛տ, ձայնդ կտրիր, մեր հիմնարկությունները մի՛ գցի կասկածանքներիդ տակ։ Դու լսիր, Վարդո, Մաքո, Մաքո։

- Աղա, Վարդոն ես եմ, բայց Մաքոն ու Սաքոն գնացին Ամերիկա և այնտեղացի են գրվել, ես ի՞նչ մեղավոր եմ, որ եղբայրներիս հարկն էլ տամ։

- Այդ մենք չգիտենք, դու լսիր։ Օհան, Արթին, Գեդևոն, Մելքոն։

- Աղա ջան, Օհանն ու Արթինը մեռան հե՜ խոլերին։

- Ձայնդ կտրի՛ր, անօրե՛ն, խոսք իմացիր։ Մանի՛կ, Փիլո և Գրիգոր։

-Աղա ջան, ալլահի սիրուն, աղա ջան, սուլթանի կյանքի արևշատության համար խնդիրքս լսեցեք ու էլի ձեր ասածն արեք։ Մանուկ, Փիլո և Գրիգոր իմ որդիքս էին, որոնք մեռել են երեք-չորս ամսական ժամանակները, ախր ես․․․

- Մենք չգիտենք, խո իմացա՞ր․ որ մենք տոմարի համաձայն ենք պահանջում քեզանից այդ փողը և տերության մատյանի մեջ սուտ չի կարող սպրդիլ։

- Չեմ ասում սուտ, մեղա, բայց կարող են սխալվել, մեռածներին չջնջել կամ մոռանալ ջնջելու․․․

- Դատարկ խոսքեր պետք չէ, փողե՛րը, թե չէ ես մարդ կուղարկեմ հիմա, բերել կտամ և աճուրդով կծախեմ քո տանդ եղածն ու չեղածը։

- Ես փող չունիմ և երեք մարդուց էլ ավելի չունիմ, որ չորս անգամ ավելի հարկ տամ, ինչպես ուզում եք արեք։

- Անհավատի համարձակությանը նայիր, զարկ այդ շանը, ձայնը կտրե, -ասաց գործակալը նշան տալով զապթիեին, որն իսկույն տեղաց մտրակի հարվածներին։

Բայց զուր, Վարդևանը փող չուներ վարկ էլ չէր մնացել, հնարք չկար, որ կաշին ազատեր հարկահնների ձեռքից գյուղում ոչ ոք նրան փոխ տալու սիրտ չէր անում, քաղաքացիք բոլորն էլ իմացել էին, որ նրա կալվածները գրավ էին դրված շեյխի մոտ։ Հարկահանները պարտավորված ծախեցին Վարևանի լծական անասունները, կովերը և փողերը, մի բան էլ ավելի գանձեցին և հեռացան։ Անասուններից զրկված, անսերմ օրական ուտելու հացի կարոտ և կարևոր կարիքներից ու գործիքներից բաժանված մնաց ապուշի նման Վարդևանը յուր տան մի անկնունում։ Ամոթից դռնից չեր կարողանում դուրս գալ, մարդու աչքի երևալ։

Բարեսիրտ և ցավակից տերտերն ու քեյան երես շուռ տվին Վարդևանից, քանի որ նրանց իղձը չկատարվեց, կլանվածները չանցան Մեղրիենց ձեռքը։ Դուռ-դրացի երես էին պահում, որ չպարտավորվեին Գարանին կամ Վարդևանին բան փոխ տալ։ Պահանջատերերն էլ հարակահաններից ավելի ագահաբար մոտեցան և Վարդևանի տանը մնացած տան կարասիներով փրկեցին իրենց հաշիվները։

Էլ հնար չգտավ Վարևանը արտերը ցանելու, էլ ոչ ոք սիրտ չարավ նրան ձեռք բռնելու, ցանքսի ժամանակը հասավ ու անցավ, և նա չկարողացավ մի բուռ ցորեն ցանել։ Գեդևոնից ու Մելքոնից խաբար չկար, իրենք էլ համարյա մուրացկանությունով էին ապրում։ Ամենքը, գյուղացիք միաբերան ասում էին․ «Շեյխը կուլ տվեց Վարդևանի կալվածները»։

Վարդևանն էլ հուզված ու բորբոքված, կրկնում էր․ Ավելի լավ է շեյխն ուտե, շեյխը տիրապետե իմ մյուլքերը, քան թե անօրեն, անխիղճ ազգակիցս։

Վերջապես անտանելի դարձավ կյանքը Վարդևանի և Գարանի համար, նրանք մի գիշեր հավաքեցին մի քանի կարևոր իրեր ու ճանապարհ ընկեն դեպի Ղարս։ Վարդևանը տարավ իրեն հետ ևս յուր հյուսնության գործիքները, հուսալով երկու զավակների հետ գարունն ու ամառը մի կերպ քսանհինգ լիրա աշխատել, գալ գույքերն ազատել։ Բայց պանդխտության մեջ վաստակածից, օրական ստացածից բան չէին կարողանում ետ գցել…

Ասում են շեյխը հետևյալ տարին Վարդևանի տունը հանձնել է Մանուկին՝ արտերի հետ և բերքերը կիսում են։ Վարդևանը հույս ունի մի կերպ քսանհինգ լիրա վաստակել, հողերը ազատել և նախկին խաղաղ ու անկախ գործը ձեռք բերել…

1898 թ.