Շշի մեջ գտնված ձեռագիրը

ՇՇԻ ՄԵՋ ԳՏՆՎԱԾ ՁԵՌԱԳԻՐԸ

Qui n'a plus qu'un moment à vivre.

N'a plus rien à dissi nuler[1].

— QUINAULT―„ATYS“


Հայրենիքիս և ընտանիքիս մասին քիչ բան կա պատմելու։ Մարդկային խարդախությունն ու տարիների բաժանումն ինձ կտրել էին մեկից և օտար դարձրել մյուսի հանդեպ։ Ես բացառիկ կրթություն էի ստացել իմ ժառանգած հարստության շնորհիվ, իսկ մտքիս հայեցողական նկարագիրն ինձ թույլ էր տվել կարգի բերել նախկինում փութաջան ուսումնասիրությամբ կուտակած իմ գիտելիքները։ Ամենից ավելի ես հիանում էի գերմանացի բարոյագետների գրքերով, բայց ոչ այն պատճառով, որ ակնածում էի նրանց պերճախոս խենթության առջև, այլ այն հեշտության համար, որով իմ տրամաբանելու սովոր միտքը նշմարում էր նրանց սխալները։ Ինձ հաճախ էին նախատում իմ սնապտուղ հանճարի համար, երևակայությանս պակասը մեծ զանցանք էին համարում, իսկ իմ պիռոնյան մտածելակերպն ամենուր վատ համբավ էր վայելում։ Վախենում եմ, թե բնափիլիսոփայության հանդեպ հակումն ինձ իսկապես հասցրել էր մեր ժամանակի համար բավական տարածված մի մոլորության՝ բոլոր երևույթները, նույնիսկ այնպիսիք, որոնք դրա համար բոլորովին պիտանի չէին, բացատրել այդ գիտության դրույթներով։ Կարճ ասած, ես այն մարդը չէի, որին սնահավատության ignes fatui[2] կարող էին հեշտությամբ շեղել անհերքելի ճշմարտության ծիլից։ Ես հարկ եմ համարում նախապես այս ամենը հայտնել, որպեսզի իմ անելիք արտասովոր պատմությունը չհամարեք անտաշ երևակայությունից ծնված մի մղձավանջ, այլ ընկալեք որպես մի սթափ, ամեն տեսակի հորինվածք բացառող մտքի առողջ փորձի արդյունք։

Երկար տարիներ հեռավոր երկրներում ճամփորդելուց հետո, ես որևէ առիթ չունեի ինչ֊որ տեղ մեկնելու, սակայն ինձ տանջում էր ջղային մի անհանգստություն, որը, չար ոգու պես, ամենուր հետապնդում էր ինձ։ Եվ ահա 18... թվականին ես հարուստ ու բազմամարդ Ճավա կղզու Բաթավիա նավահանգստից ճամփա ընկա դեպի Զոնդյան արշիպելագի կղզիները։ Մեր նավը մոտ չորս հարյուր տոննա ջրատարություն ուներ և շինված էր Բոմբեյում, մալաբարյան տեքու պղնձե կեռերով ամրացված տախտակներից։ Նավը Լաքադիվյան կղզիներից բամբակ ու յուղ էր փոխադրում, ինչպես նաև արմավի շաքար, զտած յուղ, կոկոսենու ընկույզներ և մի երկու արկղ ափիոն։ Այս ամենը շատ անշնորհք էր բեռնված, և նավի կայունությունը դրանից մեծապես տուժում էր։

Քամին շատ թույլ էր, և մենք մի քանի օր դանդաղ սողում էինք Ճավայի արևելյան ափի երկայնքով։ Ոչինչ չէր խախտում մեր միապաղաղ ընթացքը, եթե չհաշվենք մեկ-մեկ մեզ հանդիպող երկու կայմանի մանր նավակները, որոնք գալիս էին արշիպելագից։

Մի երեկո ես, նավախելի բազրիքին հենված, նկատեցի հյուսիս-արևմուտքում երևացող շատ տարօրինակ միայնակ մի ամպ։ Այդ ամպն իմ ուշադրությունը գրավեց իր գույնով, բացի այդ, դա առաջին ամպն էր, որը ես նկատեցի Բաթավիայից մեկնելուց հետո։ Ես ուշադիր հետևում էի այդ ամպին մինչև մայրամուտ, երբ նա հանկարծ և միանգամից տարածվեց դեպի արևմուտք ու արևելք, գոլորշու նեղ շերտով պատելով հորիզոնը և նմանվելով ցածր ու երկար մի ծովափի։ Քիչ հետո ես նաև նկատեցի, որ լուսինը պղտոր արևագույն երանգ առավ, իսկ ծովը մի նոր, արտասովոր տեսք ստացավ։ Աչքիս առջև ինչ-որ բան արագ փոխվում էր ջրում, որն այժմ արտակարգ թափանցիկ էր։ Ես պարզ տեսնում էի ծովի հատակը, չնայած, խորությունը չափելով, համոզվեցի, որ այն առնվազն տասնհինգ ֆաթոմ էր։ Անտանելի շոգ էր. օդի շիթերը, շիկացած երկաթից ելնող գոլորշու նման, գալարվելով բարձրանում էին վեր։ Մութն ընկնելուն պես օդի շարժումը դադարեց, և շուրջն անհավատալի անդորր տիրեց։ Նավախելին վառված մոմի բոցը բոլորովին ուղիղ էր, իսկ մատներիս միջև սեղմած բարակ մազը նույնիսկ չէր թրթռում, բացառելով ամեն տեսակի շարժում։ Ինչևէ, նավապետն ասաց, որ ինքը ոչ մի վտանգավոր բան չի տեսնում և, քանի որ հոսանքը մեզ դեպի ափ էր քշում, հրամայեց առագաստներն իջեցնել ու նետել խարիսխը: Դիտորդ չնշանակվեց, և նավաստիները, որոնք մեծ մասամբ մալայացիներ էին, ծուլորեն փռվեցին տախտակամածով մեկ։ Ես իջա ցած, բայց սիրտս հանգիստ չէր՝ ամեն ինչ սամում էր գուշակում։ Ես նորից դիմեցի նավապետին, բայց նա իմ խոսքերն անուշադրության մատնեց և նույնիսկ չբարեհաճեց ինձ պատասխանել։ Անհանգստությունից քունս չէր տանում և կեսգիշերին մոտ ես նորից բարձրացա տախտակամած։ Դեռ չէի հասցրել ոտքս դնել վերջին աստիճանին, երբ արագ պտտվող ջրաղացքարերի ձայնին նմանվող բարձր ու անսովոր մի գվվոց լսեցի։ Մինչ ես կհասկանայի, թե ինչ է կատարվում, նավը սկսեց ուժգին ցնցվել։ Հաջորդ պահին փրփրած ջրի հսկա մի զանգված կողքի շպրտեց մեզ, և, տախտակամածի վրա գլորելով, սրբեց-տարավ ամեն ինչ։

Փոթորիկի կատաղի թափը շատ կողմերով փրկարար էր մեզ համար։ Չնայած նավն առաջին իսկ հարվածից սուզվեց, բայց քանի որ բոլոր կայմերը փշրվել էին, իսկույն ջրի երես ելավ և, մի պահ երերալով, նորից կայուն դիրք ընդունեց։

Չեմ կարող ասել, թե ես ինչ հրաշքով փրկվեցի կործանումից։ Ես կորցրել էի գիտակցությունս, իսկ երբ ուշքի եկա, տեսա, որ մնացել եմ ղեկի և նավակողի արանքում։ Ես մեծ դժվարությամբ վեր կացա և շշմած շուրջս նայելով, սկզբում կարծեցի, թե մենք խութերի մեջ ենք ընկել,— այնքան սոսկալի էր փրփրած օվկիանոսի մոլեգնող ջրապտույտը։ Քիչ հետո մի ձայն լսեցի։ Կանչողը ծերունի շվեդն էր, որը Բաթավիայից մեկնելու պահին միացել էր մեզ։ Ուժերս լարելով ես պատասխանեցի, և շուտով նա, օրորվելով, մոտեցավ ինձ։ Մենք բավական արագ պարզեցինք, որ նավի վրա մեզնից բացի ոչ մի կենդանի շունչ չի մնացել։ Ջուրը քշել-տարել էր տախտակամածի վրա եղած մարդկանց և լցվել էր նավախցիկները, այնպես որ, նավապետն ու իր օգնականները պիտի որ նույնպես խեղդված լինեին։ Առանց կողմնակի օգնության մենք չէինք կարող նավը փրկելու փորձ անել, բացի այդ, մանավանդ առաջին պահերին, մեր կամքը ջլատված էր շուտափույթ մահվան սպասումով։ Փոթորկի առաջին իսկ պահին մեր խարիսխը պահող պարանը, անկասկած, կոճի թելի պես կտրվել էր, այլապես մենք իսկույն խորտակված կլինեինք։ Այժմ մենք սոսկալի արագությամբ սլանում էինք դեպի ծով, և նավը մերթ ընդ մերթ ողողվում էր ջրի հզոր շիթերով։ Խելամասի հենքը հիմնովին ջախջախված էր, նավն ընդհանրապես լուրջ վնասվածքներ էր ստացել, բայց ի ուրախություն մեզ, ջրհան մխոցները չէին խցանվել և հակակշիռները մնացել էին տեղում։ Փոթորկի հիմնական ուժն արդեն սպառվել էր և այն այլևս մեզ չէր սպառնում։ Ընդհակառակը, մենք սարսափով սպասում էինք այն պահին, երբ քամին պիտի բոլորովին դադարեր, քանի որ համոզված էինք, որ մեր խարխուլ նավը չէր դիմանա դրան հաջորդող մեռյալ ծփանքին։ Բայց մեր այդ արդարացի ենթադրությունը կարծես թե չէր իրականանալու։ Ամբողջ հինգ օր ու գիշեր, որոնց ընթացքում մեր միակ սնունդը քթամասում մեծ դժվարությամբ ճարած մի բուռ շաքարն էր, մեզ կալանավորած տաշտակը անհամրելի արագությամբ սլանում էր քամու իրար հաջորդող ուժեղ հարվածների տակ, որոնք չնայած զիջում էին սամումի առաջին վայրենի պոռթկումին, սակայն ավելի սոսկալի էին, քան իմ երբևէ տեսած որևէ փոթորիկ։ Առաջին չորս օրը, աննշան շեղումներով, քամին մեզ քշում էր հարավ−հարավ-արևելք, և մենք հավանորեն սլանում էինք Նոր Հոլանդիայի ափի երկայնքով։ Հինգերորդ օրը սաստիկ ցրտեց, և քամին փոխեց ուղղությունը։ Դեղին, հիվանդոտ փայլով արևը մի երկու աստիճան մագլցել էր հորիզոնից վեր, բայց իսկական լույս չէր արձակում։ Երկինքը մաքուր էր, և քամին փչում էր ավելի ու ավելի սաստկացող պոռթկումներով։ Կեսօրին մոտ, ինչքան որ հնարավոր էր դատել ժամանակի մասին, արևի տեսքը նորից գրավեց մեր ուշադրությունը։ Արևը ոչ թե լույս էր արձակում այդ բառի բուն իմաստով, այլ մութ ու դալուկ մի փայլ, որն ասես բևեռացած լինելով, արտացոլում չէր տալիս։ Մայրամուտից մի պահ առաջ, նախքան փքված ծովի գիրկն ընկղմվելը, արևի կենտրոնը հանկարծ մարեց, ասես անբացատրելի մի ուժով հանգցված, և անհատակ օվկիանոս սուզվեց ընդամենը մի արծաթավուն օղակ...

Մենք ապարդյուն էինք սպասում վեցերորդ օրվա գալստյանը՝ ինձ համար այդ օրը դեռ չի եկել, իսկ ծեր շվեդի համար այլևս երբեք չի գա... Չորս կողմը սաստիկ մութ էր և նավից նույնիսկ քսան քայլի վրա ոչինչ չէր երևում։ Մեզ պարուրել էր հավերժական գիշերը: Նույնիսկ ջրի ֆոսֆորային փայլը, որին մենք այնքան սովոր էինք արևադարձային գոտում, չէր մեղմացնում խավարը։ Մենք նկատեցինք, որ չնայած փոթորիկը մոլեգնում էր նախկին ուժով, բայց ալիքների տեսքը փոխվել էր, և մինչ այդ նրանց ուղեկցող փրփուրն այլևս չկար։ Շուրջը խավար ու սարսափ էր փռված՝ սև ու հեղձուցիչ մի անապատ: Սնոտի վախը աստիճանաբար տիրում էր ծեր շվեդի հոգուն, ես ինքս անխոս զարմանքով էի լցված։ Մենք թողեցինք նավին հետևելու ավելի քան անօգուտ գործը և հնարավորին չավ ամուր կապվելով խելակայմի հիմքին, դառը սրտով սկսեցինք հետևել օվկիանոսի քմայքներին։ Ժամանակը ստուգելու ոչ մի հնարավորություն չկար, հնարավոր չէր նույնիսկ գուշակել, թե որտեղ ենք գտնվում։ Համենայն դեպս, մենք հաստատ համոզված էինք, որ շատ ավելի հարավ էինք ընկել, քան մեզ նախորդող որևէ ծովագնաց։ Առավել ևս զարմանալի էր, որ մենք դեռ չէինք հանդիպել այդ վայրերի համար սովորական սառցաբեկորներին։ Չնայած դրան ամեն վայրկյան սպառնում էր մեզ համար վերջինը լինել, ամեն աժդահա ալիք ձգտում էր կլանել մեզ։ Ալեկոծությունն իր կատաղի թափով գերազանցում էր իմ պատկերացրած ամեն հնարավորություն, և մենք միայն հրաշքով էինք խույս տալիս վայրկենական կործանումից։ Ուղեկիցս սկսեց խոսել նավի բեռների թեթևության մասին, հիշեցրեց նրա գերազանց հատկությունները, բայց ես անհանգիստ էի։ Հույսն ինքն անհույս էր նման վիճակում։ Ես մռայլորեն պատրաստվում էի անխուսափելի մահվան, մինչ մեր անցած ամեն մղոնի հետ չարագուշակ ջրերի սև կուտակումներն ավելի ու ավելի սպառնալից էին դառնում։ Լինում էին պահեր, երբ մենք շնչակտուր էինք լինում, ալբատրոսներից էլ վեր բարձրանալով, հաջորդ պահին մենք արդեն գահավիժում էինք հեղեղուկ մի դժոխք, ուր օդը լճացած էր ու ոչ մի հնչյուն չէր խանգարում ծովային հրեշի մրափը։

Նման մի անդունդի հատակում էինք մենք, երբ հանկարծ ուղեկցիս սարսափահար ճիչը պատռեց գիշերվա խավարը. «Տե՛ս, տե՛ս,− գոռում էր նա ականջիս մեջ,− Ամենազո՜ր Տեր, նայիր, տես...»։ Ես տեսա անդունդի պատերով ծորացող դժգույն կարմրավուն մի լույս, որը տախտակամածին թրթռուն ցոլքեր էր նետում։ Ես վեր նայեցի և... աչքիս առաջ բացված տեսարանից արյունը սառեց իմ երակներում։ Ուղիղ մեր գլխավերևում, սարսափելի անդունդի եզրին, վեր էր խոյանում վիթխարի, մոտ չորս հազար տոննանոց մի նավ։ Թեև նա պառկած էր իրենից հարյուրապատիկ ավելի բարձր ալիքի բաշին, բայց նույնիսկ իր տեսանելի չափերով գերազանցում էր գոյություն ունեցող ցանկացած գծային կամ Օստ-հնդկական ընկերության նավին։ Նրա հսկա սևաթույր մարմինը զուրկ էր ուրիշ նավերի համար սովորական զարդանախշերից։ Կողանցքերից դուրս ցցված պղնձե թնդանոթների փայլեցրած փողերն արտացոլում էին թոկասարքի վրա ճոճվող բազմաթիվ մարտական լապտերների լույսը։ Ամենից սարսափելին ու ապշեցուցիչը այն էր, որ այդ գերբնական ծովի գրկում վիթխարի նավն իր բոլոր առագաստներով քամուն ընդառաջ լողում էր ուղիղ դեպի անսանձ մրրիկի երախը։ Սկզբում մենք տեսնում էինք միայն քիթը, մինչ նավն այդ ընթացքում դանդաղ բարձրանում էր ահավոր ու դժխեմ խորխորատից։ Հետո նա մի զարհուրելի ակնթարթ քարացավ ալիքի կատարին, ասես զմայլվելով սեփական վեհությամբ, ապա երերաց, թեքվեց և սուրաց ցած։

Չգիտեմ, թե ինչ անսպասելի սառնասրտություն տիրեց ինձ այդ պահին։ Դժվարությամբ անցնելով ղեկի կողմը, ես աներկյուղ սպասում էի վերահաս կործանմանը։ Մինչ այդ, մեր նավը վերջապես հոգնեց ալիքների դեմ մաքառելուց և սկսեց քթով ընկղմվել ջուրը։ Գահավիժող հսկա զանգվածի սոսկալի հարվածը դիպավ մեր նավի հենց այդ մասին, և ես, որպես դրա անխուսափելի հետևանք, վայրի ուժով շպրտվեցի օտար նավի ճոպանների վրա...

Ընկնելուս պահին նավը շրջադարձ էր անում և փոխում էր ընթացքը, և այն փաստը, որ ինձ հաջողվեց խուսափել նրա անձնակազմի ուշադրությունից, ես վերագրեցի այդ պատճառով առաջացած իրարանցմանը։ Ես հեշտ ու հանգիստ մոտեցա գլխավոր վարանցքի կիսաբաց դռնակին և, հարմար պահ գտնելով, թաքնվեցի նավի ամբարում։ Հազիվ թե կարողանամ հաշիվ տալ, թե ինչու հենց այդպես վարվեցի։ Թերևս դա կարելի է բացատրել այն անորոշ երկյուղով, որը ես զգացի, առաջին անգամ տեսնելով այդ նավի ծովագնացներին։ Ես բոլորովին չէի ուզենա իմ բախտը հանձնել այն մարդկանց ձեռքը, որոնք առաջին իսկ հայացքից ինձ այդքան կասկած, վախ ու անհանգստություն ներշնչեցին։ Առայժմ հարկ համարեցի նավի ամբարում մի փոքրիկ թաքստոց պատրաստել։ Երեսպատումից մի քանի տախտակ հանելով, ես նավի հսկա ողնակողերի միջև ինձ համար մի հարմար անկյուն ստեղծեցի։

Հազիվ էի գործս վերջացրել, երբ նավամբարում քայլեր լսվեցին, և ես ստիպված օգտվեցի թաքստոցից։ Իմ կողքով տկար ու երերուն քայլվածքով մի մարդ անցավ։ Թեև նրա դեմքը չէր երևում, ինձ հաջողվեց զննել նրա արտաքինը, որը զառամյալ տարիքի և արտակարգ թուլության դրոշմ ուներ։ Նրա ծնկները դողում էին, իսկ մարմինը երերում էր տարիների ծանր բեռի տակ։ Խուլ, ընդհատվող ձայնով նա ինձ համար անհասկանալի լեզվով ինչ-որ բան մրթմրթաց և սկսեց քրքրել անկյունում դիզված տարօրինակ գործիքների ու փտած քարտեզների կույտը։ Նրաա շարժուձևերն արտառոց կերպով համատեղում էին զառամյալ տարիքին հատուկ քմահաճ համառությունը աստվածներին վայել վեհության հետ։ Վերջապես նա դուրս եկավ, և ես այլևս չտեսա նրան։

* * *

Ինձ տիրել էր մի զգացում, որին ես դժվարանում եմ անուն տալ, մի վիճակ, որը վերլուծության չի ենթարկվում և չի կարող բացատրվել ոչ անցյալի փորձով, ոչ էլ, վախենամ, ապագայի դարձերով։ Այնպիսի մտածելակերպի համար, որպիսին իմն է, դժբախտությունը հենց այս պարագայի մեջ է։ Ես երբեք, ոչ մի դեպքում, չեմ բավարարվի իմ պատկերացումների բնույթով։ Եվ բնավ զարմանալի չէ, որ այդ պատկերացումները վերջավոր չեն,— չէ՞ որ նրանք ծագում են բոլորովին նոր և անծանոթ աղբյուրներից։ Կարծես մի նոր ըմբռնում, նոր էություն է գումարվել իմ հոգուն։

* * *

Վաղուց է արդեն ինչ ոտք եմ դրել այս ահավոր նավը, և, ինչպես երևում է, ճակատագրիս շառավիղները սկսում են հավաքվել իրենց կիզակետում։ Անըմբռնելի մարդիկ, նրանք անցնում են առանց ինձ նկատելու, խորասուզված այնպիսի մտորումների մեջ, որոնք ես անկարող եմ գուշակել։ Թաքնվելը բացարձակ հիմարություն է իմ կողմից, նրանք ինձ չեն ուզում տեսնել։ Հենց նոր ես անցա ղեկապետի քթի տակով, իսկ դրանից առաջ նույնիսկ համարձակվել էի մտնել նավապետի անձնական խցիկը վերցնել այն պիտույքները, որոնցով գրել և գրում եմ մինչ այժմ։ Ժամանակ առ ժամանակ ես կշարունակեմ այս պատմությունը։ Միգուցե ես իսկապես չկարողանամ այն հասցնել աշխարհին, սակայն փորձելու առիթը, համենայն դեպս, չեմ կորցնի։ Վերջին պահին ձեռագիրը շշի մեջ կդնեմ և կնետեմ ծովը։

* * *

Պատահեց մի բան, որը ինձ նոր մտորումների առիթ տվեց։ Արդյո՞ք նման դեպքերն իսկապես անսանձ պատահարի խաղն են միայն։ Ես համարձակվել էի տախտակամած դուրս գալ և սուսուփուս պառկել էի մակույկներից մեկի հատակին թափված հին առագաստների ու ճոպանների խուրձերի արանքում։ Ճակատագրիս բացառիկության մասին խորհելով, ես ձյութոտ վրձինը մեքենայաբար քսում էի կոկիկ փաթաթված մանրառագաստի եզրին։ Հիմա այդ առագաստը կայմի վրա է,– և իմ վրձնի պատահական հարվածները կազմել են ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ բառը։

Ես բազում առիթներով ուսումնասիրել եմ այս նավի կառուցվածքը։ Չնայած այն լավ սապառազինված է, բայց, իմ կարծիքով, ռազմանավ չէ։ Նրա ձևը, թոկասարքը, ընդհանուր հանդերձանքը՝ ամեն ինչ բացառում է նման հնարավորությունը։ Ես պարզ տեսնում եմ, թե ինչ չէ այս նավը, բայց թե ինչ է՝ անհնար է ասել։ Չգիտեմ ինչու, բայց ամեն անգամ, երբ ես զննում եմ նավի տարօրինակ կառուցվածքը, նրա անսովոր կայմերը, ահռելի չափսերը, առագաստների բորբոսնած կտավը և հնազարդ խելը, մտքովս միշտ ինչ-որ ծանոթ բան է անցնում, կապված օտարերկրյա հին քրոնիկոնների ու վաղեմի ժամանակների հետ։

* * *

Քիչ առաջ ուսումնասիրում էի նավի ողնակողերը։ Ես չգիտեմ, թե ինչ նյութից են նրանք սարքված։ Ինձ ապշեցնում է այդ փայտի մի հատկությունը, որն այն բոլորովին անպիտան է դարձնում նման կիրառման համար։ Ես նկատի ունեմ այդ փայտանյութի արտակարգ ծակոտկենությունը, չհաշված այն քայքայվածությունը, որի պատճառը ժամանակն է, և որդերի կրծած այն անցքերը, որոնք այս ծովերում նավարկելու հետևանք են։ Թերևս թվա, որ ես շատ եմ մանրանում, բայց այդպիսի տեսք կունենար իսպանական կաղնին, եթե որևէ անբնական ձևով հնարավոր լիներ այն ուռեցնել։ Նախորդ նախադասությունը կարդալիս հիշեցի դանիացի մի ծեր, փորձված ծովագնացի խոսքը. «Ասածս նույնքան ճիշտ է»,— ասում էր նա, երբ որևէ մեկը կասկածում էր իր խոսքերի վրա,— «ինչքան այն, որ կա մի ծով, որտեղ նավը նավաստու մարմնի պես ինքն իրեն աճում է...»։

* * *

Մոտ մի ժամ առաջ ես սիրտ առա և խառնվեցի նավաստիների մի խմբի։ Նրանք ինձ վրա բացարձակապես ուշադրություն չդարձրին, և, չնայած ես կանգնած էի ուղիղ նրանց մեջտեղում, բոլորովին չէին նկատում իմ ներկայությունը։ Նավի ամբարում իմ առաջին անգամ տեսած ծերունու նման նրանք բոլորն էլ զառամյալ տարիքի դրոշմ էին կրում։ Թուլությունից նրանց ծնկները դողում էին, ուսերը թեքվել էին անզորությունից, իսկ թորշոմած մաշկը քամուց թղթի պես խշխշում էր։ Նրանց ձայնը թույլ էր ու դողդոջուն, աչքերն առկայծում էին անցյալի փայլով, իսկ ճերմակ մազերը ծածանվում էին փոթորկի շնչից։ Նրանց շուրջը, ամբողջ տախտակամածով մեկ, ցրված էին մաթեմատիկական բազմաթիվ տարօրինակ ու անպետքացած գործիքներ:

* * *

Քիչ առաջ ես ասել էի, որ մանրառագաստը բարձրացրել էին կայմին։ Այն ժամանակից ի վեր նավը, շուռ գալով քամու դեմ, առագաստների ամեն պատառ, գտակներից մինչև վերին թևքերը հանած, շարունակում էր իր սարսափելի ընթացքը դեպի հարավ, դեպի ամենից սոսկալի դժոխքը, որ հնարավոր է պատկերացնել: Ես իջա ցած, որովհետև տախտակամածում հնարավոր չէր ոտքի վրա մնալ, մի բան, որ անձնակազմի համար կարծես ոչ մի դժվարություն չէր ներկայացնում։ Ինձ աներևակայելի հրաշք է թվում այն, որ այս ահռելի զանգվածը դեռևս մեկընդմիշտ չի խորտակվել։ Հիրավի, մենք դատապարտված ենք անվերջ ճախրել հավերժության սեմին, առանց այն անցնելու: Մենք ճային վայել հեշտությամբ խուսափում ենք երբևէ իմ տեսածներից հազարապատիկ անգամ ավելի բարձր ալիքներից, մինչ ջրի հսկա զանգվածները հրեշների պես խոյանում են մեր գլխին, չկարողանալով սակայն իրագործել իրենց սպառնալիքը: Ես հակված եմ դա բացատրել միակ հնարավոր բնական պատճառով՝ մեր նավը պիտի որ ստորջրյա բացառիկ ուժեղ հոսանքի ազդեցության տակ լինի ընկած...

* * *

Ես նավապետին դեմ առ դեմ ելա հենց իր խցիկում, բայց, ինչպես և ակնկալվում էր, նա ինձ պարզապես չնկատեց։ Բանից անտեղյակ մարդը նրա մեջ ոչ մի արտառոց, սովորական մարդուն խորթ բան չէր տեսնի, բայց ես նրան նայում էի անընդդիմանալի վախի, ակնածանքի ու զարմանքի խառը զգացումով: Նա համարյա իմ հասակին էր՝ մոտ հինգ ոտք և ութ մատնաչափ, ամրակազմ էր, բայց ոչ հաղթանդամ, ոչ էլ տկար։ Նավապետի դեմքին կարծես դրոշմված էր նրա անհաշվելի տարիքը վկայող մի զարմանալի, շեշտված, աչքի զարկող արտահայտություն. հենց այդ դրոշմն էր, որ անմեկնելի մի զգացում էր արթնացրել իմ հոգում։ Նրա ճակատին, թեև այն առանձնապես կնճռոտ չէր, ասես բյուրավոր տարիներ էին ծանրացել, նրա ճերմակ մազերը կարծես անցյալի տարեգրությունը լինեին, իսկ գորշ աչքերը՝ ապագայի բախտագուշակներ... Սենյակի հատակին կիտված էին մետաղե փականներով բազմաթիվ հնատիպ գրքեր, գիտական մաշված գործիքներ ու վաղուց մոռացված ժամանակների ծովային քարտեզներ: Նավապետը նստած էր գլուխը ձեռքերին հենած և անհանգիստ վառվռուն աչքերով ինչ-որ փաստաթուղթ էր կարդում, հավանորեն պաշտոնական, համենայն դեպս, նրա վրա երևում էր տիրակալի կնիքը։ Ամբարում իմ տեսած նավաստու նման նա քթի տակ ինչ-որ անհասկանալի բաներ էր փնթփնթում, և չնայած ես ճիշտ նրա կողքին էի, նրա ձայնն ինձ հասնում էր ասես մեկ մղոն հեռավորությունից։

* * *
Ամբողջ նավը ներծծված է Հնության ոգով։ Նավաստիները թափառում են տախտակամածի վրա այնպես, ասես անցած դարերի ոգիներ լինեն, իսկ երբ մարտական լապտերների պայծառ լույսի տակ նրանցից մեկի ստվերն ընկնում է իմ առջև, մարմնովս սոսկալի սարսուռ է անցնում, չնայած ամբողջ իմ կյանքում հնությունների առևտրով եմ զբաղվել և այնքան եմ ներծծված Բաալբեկի, Թադմորի և Պերսեպոլիսի խարխուլ սյուների պատկերներով, որ հոգիս ինքը փլատակ է դարձել:
* * *

Շուրջս նայելով, ես ամաչում եմ նախկին սարսափներիս համար։ Եթե առաջ ես սոսկում էի մեզ խարսխից պոկած քամուց, ապա ինչ անեմ հիմա, օվկիանոսի ու քամու այս կատաղի մենամարտի պահին, որը նկարագրելու համար մրրիկ և սամում բառերը թերի են և պարզունակ։ Չորս կողմս անփրփուր ջրի քաոս է, իսկ հեռվում, մոտ մի մղոն հեռավորության վրա, երկու կողմից ժամանակ առ ժամանակ աղոտ առկայծում են սառցե, հսկայական լեռները, որոնք ասես տիեզերքի պատերը լինեն։

* * *

Նավը, ինչպես և ես կարծում էի, ակներևաբար հոսանքի մեջ է ընկել, եթե, իհարկե, այդպես կարելի է անվանել մի հեղեղ, .որը ոռնալով ու դղրդալով փշրում է սառույցները և վիթխարի ջրվեժի շռնդյունով սուրում դեպի հարավ։

* * *

Անհնար է վերապատմել իմ ապրած սարսափը, սակայն այս տարօրինակ վայրերի գաղտնիքը կորզելու տենչը գերիշխում է իմ հուսահատության վրա, և ես պատրաստ եմ համակերպվել նույնիսկ ամենից սոսկալի մահվան մտքի հետ։ Անկասկած, մենք կանգնած ենք մի ցնցող հայտնության, մի մեծ գաղտնիքի սեմին, որին տիրանալը հավասարազոր է մահվան։ Բացառված չէ, որ այս հոսանքը մեզ հենց հարավային բևեռ է տանում։ Պետք է խոստովանել, որ շատ բաներ այս վայրենի թվացող ենթադրության օգտին են խոսում։

* * *

Նավաստիներն անհանգիստ քայլերով չափչփում են տախտակամածը, բայց նրանց դեմքին ավելի շուտ հույս և անհամբերություն կա, քան անհոգություն կամ հուսահատություն։ Քամին առաջվա պես ետևից է փչում, և քանի որ կայմերին առագաստների մի ամբողջ բազմություն է ձգված, մենք երբեմն տառացիորեն սավառնում ենք օդում։ Որպեսզի՜ ահ ու սարսա՜փ... Աջից ու ձախից սառույցը ճեղքվում է, և մենք զարհուրելի արագությամբ սուրում ենք հսկայական մի ամֆիթատրոնի շրջագծով, որի պատերը կորչում են խավարի ու անսահմանության մեջ։ Եվս մի քիչ, և ճակատագրիս մասին մտածելու ժամանակ այլևս չի լինի։ Շրջաններն արագ նեղանում են, և մենք խենթի պես մխրճվում ենք վիթխարի ջրապտույտի երախը... Օվկիանոսի շառաչի, որոտի ու վնգստոցի մեջ նավը ցնցվում է և... Տեր իմ աստվա՜ծ, խորտակվում։

Ծանուցում՝

«Շշի մեջ գտնված ձեռագիրը» տպագրվել է 1831 թվականին։ Տարիներ անց ես ծանոթացա Մերկատորի քարտեզների հետ, ուր օվկիանոսը ներկայացված է չորս հսկայական հոսանքների տեսքով, որոնք սլանում են դեպի Բևեռային (հյուսիսային) խոռոչ և անհետանում երկրի ընդերքում, իսկ Բևեռը պատկերված է որպես երկինքը մխրճված սաստիկ բարձր մի սև ժայռ։


  1. Նա, ում լոկ մի վայրկյան է մնացել ապրելու, թաքցնելու բան չունի (ֆր.)։
  2. Դեգերող լույսերը (լատ.)։