Շոպենի «Մահվան քայլերգ»-ից
Շոպենի «Մահվան քայլերգ»-ից
Հեռվում մռայլվեց հորիզոնն անամպ,
Սև, խորհրդավոր մութն է թանձրանում.
— Թվում է՝ մեկը համր տխրությամբ
Կմախք ձեռներով մի վիհ է փորում...
Աշնան ամայի դաշտերի վրա
Լալիս է հողմը աղեխարշ, տրտում.
— Թվում է՝ մեկը մի մուրճով հսկա
Խոլ հարվածներով դագաղ է շինում...
Լերկ ուռիները անորոշ շարքով
Մահաբույր քամուց դոդում են, կծկվում.
— Թվում է՝ մթնում դանդաղ քայլերով
Մերկ մեռելները դագաղ են տանում...
Հեռվում մի խենթ բու լացեց հիասթափ,
Աստղերը դժկամ ժպտով դալկացան,
Ցաված թրթիռով երգեց մի կարապ,
Ու լռությունը սգում է անձայն...
Դու հեծեծում ես անհույս ու վհատ.
— Ա՛խ, չլինի՞ սիրտս է մեռելը անհայտ.
1909