Շուշաններ

Շուշաններ


Շուշաններս այս առավոտ շուտ արթնացան,
Առավոտվա կարմիր լուսով զվարթացան,
Շատի կրծքին էն վաղորդյան ցողն էր սառել,
Լալ ու ալմաստ, կարմիր մարջան ուլունք շարել,—֊
Շատի վզով արշալույսի ցողն էր փարել՝
Ալ ու ալվան, ապարանջան-փողկապ դառել։

Շուշաններս էսպես պճնված, էսպես շքեղ,
Կանգնել էին ծաղկանոցիս մարգի մեջտեղ,
Գլխիկները բռնել էին դեպի վերև.
Ու լուռ ձայնով երգում էին կարմիր արև.—
Նրանց մարգը թեև փոքր էր, բայց և ծաղկոտ
Նրանց երգը թեև անձայն, բայց ծիծաղկոտ։

Շուշաններիս վեր նայվածքում կյանք էր ցոլում.
Անթիվ, անվերջ նոր շուշաններ շուրջը ծլում,—
Շուշաններիս կարմիր երգում կյանք էր բուրում,
Ծիլ ու ծաղիկ կարմիր կյանքով հրապուրում...