Ո՛չ, ընկերնե՛ր…
Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի
Ո՛չ, ընկերնե՛ր…
Ո՛չ, ընկերնե՛ր, դուք մի՛ ասեք, որ իզուր,
Որ անպտուղ կըռվի համար ձեզ երկինք
Պարգևել է ա՜յդքան փայլուն ու մաքուր
Սուրբ ձգտումներ—սիրե՜լ վաստակ ու քրտինք։
Ո՛չ, մի՛ ասեք—կյանքի ծանըր խաչի տակ
Մեր իղձերը, մեր հույսերը կը հանգչեն.
Եվ ամե՛ն ինչ—գո՜րծ, հըրապո՜ւյր, նըպատա՜կ,
Անհետ, անձայն անապատում կը կորչեն։
Ի՛նչու է ձեզ այդպես հուզում, վըրդովում
Դա՛ռն կասկած… Հառա՜ջ, հառաջ համարձակ
Դուք, սիրելի՛ք, նրանից չե՜ք, ում կըրծքում
Շո՜ւտ է մարում հըրապույրի սուրբ կըրակ։
Թո՛ղ մեր սըրտերն միշտ տառապեն, միշտ տոկան,
Կյանքի կըռվում չըզգան ո՛չ ահ, ո՛չ կասկած.
Միայն կըռվով ծանըր բովից փորձության
Նրանք կելնեն հըստա՜կ, շողո՜ւն, ամրացա՜ծ։
Օ՜, պահեցե՛ք, փայփայեցե՛ք ձեր սրտի
Անբիծ, փայլուն անուրջները սըրբազան,
Եվ նրանց մեջ ջերմ, կիսաշունչ հավատի,
Պայծառ հուրը թո՜ղ չմարե հավիտյան։