Ո՞րն է մայրը
Ո՞ՐՆ Է ՄԱՅՐԸ
I
Կինը վշտանում էր առանց զավակների։ Դա նրա կյանքում մի խոշոր բաց էր, հավասար ամայության։
Վեց-յոթ տարի հուսալուց հետո արդեն կորցրել էր հավատը։ Ոչ մի բժշկություն, ոչ մի միջոց և ոչ մի աղոթք չօգնեց նրան։
Այնինչ երջանիկ լինելու համար միայն զավակն էր պակասում։ Այսպես էր մտածում Լիդիան։ Եվ Գուրգենը հավատացնում էր, թե ինքն էլ այդպես է կարծում։ Սիրում էին իրարու յուրովի, բայց հավատում էին միմյանց հավասար։
— Նա ինձ դեռ չի դավաճանել,— ասում էր Լիդիան յուր բարեկամուհիներին,— իսկ եթե մի օր դավաճանե, ի՜նչ արտաքո կարգի հանցանք կլինի գործած։ Այժմ բոլոր տղամարդիկ դավաճանում են իրենց կանանց․․․
— Նա երբեք չի համարձակվիլ ինձ դավաճանել,— ասում էր Գուրգենը մտերիմների շրջանում,— իսկ եթե մի օր դավաճանե — կխեղդեմ։
Երբեմն կրքերը բռնկվում էին այնպես, որ նրանք գրկախառնվում էին նույն անզուսպ ավյունով, որով գրկախառնվեցին յոթ տարի առաջ այն նշանակալից գիշերը, երբ Գուրգենը Լիդիային ուղեկցեց կառքով տուն։
Պատահում էր նաև, որ հագուրդ ստացած սերը նիրհում էր։ Այդ ժամանակ նրանք օրերով չէին ժպտում միմյանց։
Բայց երբեք իրանց ընտանեկան խռովությունները ուրիշներին չէին հայտնում։ Ընդհակառակը, գիտեին իրարու հարգել շատերի նախանձը գրգռելու չափ։
Լիդան մտածում էր․
— Ինձ համար նա արհամարհեց շատ հարուստ օրիորդների և ամուսնացավ մի աղքատ աղջկա հետ։ Չէ՞ որ իմ հայրը, բացի իշխանական տիտղոսից, ոչինչ չէր թողել, և ես ստիպված էի չնչին վարձով երաժշտության դասեր տալով գլուխս պահել։
Գուրգենը մտածում էր․
— Ինձ համար նա մերժեց տասնյակ փայլուն երիտասարդների առաջարկը և ամուսնացավ մի մարդու հետ, որ խայտառակ վաշխառվի որդի է և չի կարող պարծենալ ոչ յուր գեղեցկությամբ, ոչ խելքով և ոչ բարոյականությամբ։
Կար մի ուրիշ բան, եթե ոչ ավելի զորավոր, գոնե ավելի հիմնավոր, քան սերը։
Լիդիան գեղեցիկ էր, Գուրգենը՝ հարուստ։
Երբ Լիդիան առաջնակարգ խանութները մտնելիս տերերն ու գործակատարները վազում էին ընդառաջ նրա նուրբ ճաշակին գոհացում տալու հոգացողությամբ, հրճվում էր։ Հրճվում էր այն գիտակցությունից, որ բոլոր յուր նախանձոտ ընկերուհիների մեջ իրան վիճակվեց տիրել հայտնի կալվածատիրոջ որդու հարստությանը։
Երբ Լիդիան հասարակական վայրերում կամ փողոցներում Գուրգենի հետ թևանցուկ զբոսնում էր, ընդհանուր ուշադրություն էր գրավում յուր բարձր հասակով, նուրբ կազմվածքովք դեմքի զարմանալի կանոնավոր գծերով և մանավանդ երկնագույն աչքերով։ Եվ նրա սնափառ ամուսինը զգում էր անսահման ուրախություն ու հպարտանում էր մտքում, որ իրեն վիճակվեց տիրել աննման գեղեցկուհուն։
Մի օր նա ասաց.
— Լիդիա, ես ուզում եմ կտակս գրել տալ։
Լիդիան սև ունքերի տակից կապտագույն աչքերը զարմացմամբ հառեց ամուսնու երեմին։ Եվ, տեսնելով Գուրգենի դեմքի լրջությունը, հանկարծ բարձրաձայն ծիծաղեց։ Նրա առողջ ձայնի արծաթե հնչյունները լցրին սենյակը, որ տոգորված էր գարնանային արեգակի շողերով։
— Մի՛ ծիծաղիր, Լիդիա, ես կատակ չեմ անում։
— Ահ, ահ,— շարունակեց Լիդիան,— մարդը կատակ չի անում և ուզում է, որ ես չծիծաղեմ էլ...
— Բայց ինչո՞ւ։ Չէ որ արդեն ժամանակ է այս մասին մտածելու։
— Ո՞ր հասակում։
— Օգոստոսին կլրանա քառասունս․․․
— Հետո՞․․․
— Մահը միայն ծերերի հյուրը չէ, Լիդիա, Նրա առջև բաց են բոլոր դռները ժամանակ անժամանակ։ Իսկ հարուստներին նա այցելում է հաճախ առանց զեկուցման։
— Բայց ի՞նչը քեզ ստիպեց մտածել կտակի մասին, այս է հետաքրքրականը,— հարցրեց Լիդիան և, նայելով իրան պահարանի հայելու մեջ ոտքից մինչև գլուխ, նստեց ամուսնու գրասեղանի քով։
— Քո վիճակը, Լիդիա, միայն քո վիճակը։ Եթե ես վաղը-մյուս օրը հանկարծամահ լինիմ, դու պիտի ստանաս իմ կարողության միայն յոթերորդ մասը։ Մնացյալը կանցնե իմ քրոջը, Ելենային, այսինքն՝ նրա զավակներին։ Իսկ դու գիտես, որ ես ատելով ատում եմ նրանց, ինչպես ատում էի և՛ նրանց հանգուցյալ հորը։ Նրանք մի տարում քամուն կտան հանգուցյալ հորս քառասուն տարվա արյուն քրտինքի արդյունքը... Համաձայնվիր, որ դա շատ էլ ցանկալի հեռանկար չէ քեզ համար։
— Ուրեմն, դու ուզում ես, որ միայն ես լինեմ քո ժառանգը,— հարցրեց Լիդիան ոչ առանց ներքին անհանգստության։
— Դա իմ անկեղծ ցանկությունն է։
— Շնորհակալ եմ. այդ ցույց է տալիս, որ ես դեռ իմ հրապույրը չեմ կորցրել քո աչքում։ Բայց մի օր կկորցնեմ, և այն ժամանակ կտակդ գրել կտաս սառույցի վրա։ Երեխա՜, երեխա՜, ի՞նչ ժամանակ է մահվան մասին մտածել։ Կյանքը չի կրկնվում, մտածիր ապրելու և վայելելու մասին։ —Բայց ի՜նչ գեղեցիկ ես այսօր, Լիդիա, նայում եմ և սքանչանում։ Քո թանձր մազերը, քո խոշոր նշաձև կապուտակ աչքերն երկար թերթերունքներով, քո բարակ սևաթույր ունքերը — նորից կարող են ինձ խելքից հանել: Լիդիա, այդպիսի գեղեցկություն ունեցող մի կին չպիտի հրաժարվի ճաշակել երիտասարդ և հարուստ այրիի զգացումները։ Օօ, դա երանելի վիճակ է, երազը բոլոր սնափառ կանանց։ Լինել քսանյոթ տարեկան, գեղեցիկ, ոսկեզօծ և ազատ, միանգամայն ազատ, ամենքին հաճելի, ամենքի երևակայության առարկա։ Լինել շրջապատված տափակ սրախոսներով և առաքինի անառակներով, լսել նրանց սուտ երդումները, կեղծ հառաչանքները, հույս ներշնչել յուրաքանչյուրին և ոչ ոքի հույսը չարդարացնել: Տեսնել տխմար մրցակիցների խուլ պայքարը, արտաքին հետաքրքրությամբ և ներքին արհամարհանքով լսել նրանց քողարկված զրպարտությունները միմյանց դեմ և տանջել, տանջել նրանց անվերջ, անողոք պարծենալ, ու հպարտանալ ու ծիծաղել ու սքանչանալ ինքդ քեզնով։ Լիդիա, Լիդիա, որքա՜ն կսազի սև զգեստը երազուն դեմքիդ, մելամաղձոտ հայացքիդ, Լուսինն այնքան խորհրդավոր չի լինիլ ամառային նոսր ամպերի տակից, որքան քո դեմքը սև երեսքողի տակից...
— Բավական է։ Չգիտեմ քեզ ի՜նչ է պատահել այսօր, որ բանաստեղծ ես դարձել։ Ես քեզ խնդրում եմ կատակ չանել լուրջ բաների հետ։ Քո մի ակնարկն անգամ մահվան մասին ինձ վշտացնում է։ Երդվում եմ։
— Ախ, հպվատում եմ, հավատում,— գոչեց Գուրգենը և վեր կացավ տեղից, գրկեց Լիդիայի գլուխը, որ այնպես հրաշալի պսակվել էր թանձր մազերով և ջերմագին համբուրեց։
Եվ նորից նստեց յուր տեղը։
— Այո, այո,— ասաց այս անգամ լրջորեն,— այնուամենայնիվ ես պետք է կազմեմ կտակս վաղօրոք, որպեսզի մի անգամ առմիշտ փակեմ քաղցած աղվեսների ախորժակը։ Ահ, Լիդիա, չկա ինձ համար ավելի զազրելի բան, քան այն, երբ հարուստի դագաղը շրջապատում են նրա մերձավորները՝ երեսների վրա շինծու վշտի կեղծիքը և սրտերի մեջ անկեղծ ուրախությունը։ Երբ նրանք, սևեր հագած, գլուխները կրծքներին թեքած, հետևում են հանգուցյալի դագաղին, ես ոչ միայն նրանց դեմքերի, այլև մեջքերի վրա, քայլվածքի ու շարժումների մեջ կարդում եմ. «Թողե՞լ է, արդյոք, մեզ համար մի բան այս շունը, որին տանում ենք հողին հանձնելու և, որքա՞ն»: Այսպես են մտածելու և՛ իմ քրոջ զավակները դագաղիս հետևելիս...
— Չգիտեմ, գուցե դու ունիս իրավունք այդ ենթադրություն անելու,— ասաց Լիդիան,— բայց չեմ կարող թաքցնել, որ ես էլ չեմ սիրում նրանց։ Ինձ թվում է, որ նրանք ապականված են ավելի, քան թույլ է տրված նույնիսկ մեր ժամանակում։ Նրանցից մեկը մինչև անգամ այն աչքով չի նայում ինձ, որպես պարտավոր է նայել մի օրինավոր երիտասարդ յուր քեռակնոջ վրա։
— Այդ ես գիտեմ, Լիդիա, գիտեմ, և այդ է պատճառը, որ դու ազատվել ես նրա դեմքից։
— Ինչպե՞ս, դու նրան արգելե՞լ ես այցելել մեզ։
— Այո, նրան էլ, մյուս եղբորն էլ։
— Հուսով եմ, որ պատճառը չես ասել։
— Մի՞թե իմ ինքնասիրությունը թույլ կտար ասելու:
— Ուրեմն վճռել ես նրանց զրկե՞լ բոլորովին:
— Ոչ բոլորովին։ Ես նրանց համար կթողնեմ այնքան, որքան ես եմ ուզում և ոչ այնքան, որքան իրանք են սպասում։
— Ահ, ինչո՞ւ մենք չունինք մի զավակ, Գուրգեն,— գոչեց Լիդիան խորին թախիծով,— ինչո՞ւ մենք ծերության հասակում չպիտի ունենանք մեր ապավենը։ Այդ անտանելի է, Գուրգեն, անտանելի...
Եվ, արմունկները հենելով սեղանին, գլուխը բռնեց ձեռքերով և սկսեց հեկեկալ։
— Երեխա մի՛ լինիր, Լիդիա, բավական է ինչքան մտածել ես այդ մասին և արտասվել: Չէ՞ որ մենք անզոր ենք բնության արգելքների դեմ։ Դե, դե, խելքի եկ։ Ես տանել չեմ կարող քո լացը։
— Ոչինչ, ոչինչ,— զսպեց իրան Լիդիան, աչքերը սրբելով ասեղնագործ բատիստյա թաշկինակով,— կանցնի։ Գրկիր ինձ, Գուրդևն, համբուրիր և չդավաճանես, լսո՞ւմ ես, չդավաճանես։ Վերջին խոսքը ցնցեց Գուրգենին։ Նա չհամարձակվեց համբուրել Լիդիային...
II
Անցել էին ամիսներ այդ օրից։
Առավոտ էր։ Նրանք սեղանատանն էին։
Գուրգենը լրագիր էր կարդում։ Լիդիան, սամովարի մոտ կանգնած, թեյ էր պատրաստում սպիտակ պենուարը հագին։
Նրա դեմքն արտահայտում էր անսովոր մտահոգություն։ Մերթ ընդ մերթ նայում էր Գուրգենի սևահեր գլխին, որ թեքվել էր դեպի լրագիրր։ Պարզ էր, որ մի բան ուներ ասելու, բայց չէր վստահանում խանգարելու ամուսնու ընթերցանությունը։
— Զարմանալի է,— ասաց Գուրգենը,— վերջապես, մի կողմ դնելով լրագիրը և թեյի բաժակը մոտեցնելով իրան, — այդ մեծապատիվ խմբագիրները կարծում են, թե լրագիրը նրա համար է միայն, որ մարդկանց առավոտը թունավորե։ Այս ամբողջ թերթի մեջ և ոչ մի ուրախալի լուր։ Կարծես ինձ համար շատ հետաքրքրական է, թե մեկը մի աղախնի զրկել է կուսությունից և աղախինը նրա վրա կարբոլյան թթվաջուր է ածել, և դրա պես շատ ու շատ հիմարություններ...
— Ցավում եմ,— խոսեց Լիդիան, նստելով ամուսնու դեմ,— որ ես էլ պիտի մի անախորժ լուր հաղորդեմ քեզ։
— Ի՞նչ է պատահել։
— Մի անսպասելի բան։ Մեր երիտասարդ սպասուհին տկար է...
— Տկա՞ր է,— կրկնեց Գուրգենը,— դա ինչ մի մեծ դժբախտություն է։
— Այո, բայց ուրիշ տկարություն է...
— Չեմ հասկանում։
— Եթե ուշադրություն դարձրած լինեիր նրա իրանի վրա, կհասկանայիր: Ահա երկու ամիս է, որ առանց շալի չի երևում մեր աչքին։ Իսկ այսօր խոստովանեց: Մի խոսքով, վաղը-մյուս օրը մենք կունենանք մի անկոչ հյուր։ Գուրգենը չցնցվեց և ոչ էլ նրա դեմքի մկանունքները շարժվեցին։ Նա միայն արտասանեց.
— Ահա թե ինչ, ի՛սկ որ այդ մի սյուրպրիզ է։ Բայց չէ՞ որ Զինան...
— Օրիորդ է, ուզում ես ասել,— լրացրեց Լիդիան հեգնաբար,— մեկը մյուսին չի խանգարում։ Մի՛ մոռանար, որ մենք ապրում ենք N քաղաքում, իսկ Զինան քսան տարեկան անփորձ աղջիկ է ու մի քիչ էլ հիմար։
— Ճիշտ է, բայց հետաքրքրական է ո՞վ է այցելում նրան,— արտասանեց Գուրգենն այնքան անտարբեր, որ Լիդիան նրա ձայնի մեջ չնկատեց և ոչ մի կեղծ նոտա։
— Չգիտեմ։ Գոնե ես ոչ ոքի չեմ հանդիպել նրա մոտ։
Գուրգենը կամեցավ ասել «գուցե իմ քրոջ որդին», բայց զսպեց իրան և հարցրեց.
— Դու բացատրություն պահանջե՞լ ես իրանից...
— Այո, պահանջեցի։
— Ե՞վ...
— Չխոստովանեց։
Գուրգենը զգաց որոշ թեթևություն։ Եվ որպեսզի չմատնի իրան, վեր կացավ և սկսեց անցուդարձ անել։
— Ես ավելորդ համարեցի պնդել,— շարունակեց Լիդիան։— Ի՞նչ կարիք կա կեղտը քրքրելու և խեղճին տանջելու։ Առանց այդ էլ նա ամոթից տառապում է։ Նա լաց եղավ և ինձանից ներում խնդրեց — չգիտեմ ինչու։ Հարկավոր է մտածել նրա դրության մասին։ Ամոթը մասամբ մեր տանն է վերաբերում։
— Այո, իհարկե, պետք է մտածել։ Արդյոք ի՞նչ ես մտադիր անելու։
— Կկամենայի նախ քո կարծիքն իմանալ։
Գուրգենը նեղն ընկավ։
— Իմ կարծի՞քը։ Բայց ես ի՞նչ կարող եմ ասել։ Այդպիսի գործերում տղամարդը անզոր է յուր խորհուրդներով։ Գուցե հարկավոր է արձակել նրան, իհարկե, մի քիչ ապահովելով։
— Արձակե՞լ, այդ դրության մե՞ջ,— գոչեց Լիդիան գթառատ կանանց հատուկ կարեկցությամբ,— ոչ, ես այդպես անխիղճ լինել չեմ կարող։ Մարդիկ հատուկ ընկերություններ են հիմնում ընկածներին բարձրացնելու և կորստյան անդնդից ազատելու համար։ Մի՞թե մենք չենք կարող պաշտպանել մեկին, որ հինգ տարի ծառայել է մեզ հավատարմությամբ։
— Իհարկե, կարող ենք, բայց չգիտեմ ինչպես։ Եթե խնդիրը ծախսերն են, ես ոչինչ չեմ խնայիլ: Միայն չգիտեմ հարմա՞ր է, արդյոք, նրան մեր տանը պահել։
— Հարմար չէ, իհարկե, բայց ես ուզում եմ նրան ուղարկել մերձակա գյուղերից մեկը: Այնտեղ նա կազատվի յուր հիմարության հետևանքից, հետո կմտածենք ինչ անել։
— Հիանալի է, ավելի հարմար վճիռ չէր կարելի երևակայել: Եվ որքան շուտ ուղարկես, այնքան լավ։
Ասաց Գուրգենը և, վախենալով գուցե ինքն իրան մատնել, շտապեց դուրս։ Նրա համար անսահման ծանր էր մնալ Լիդիայի մաքուր մթնոլորտում։ Նրան անհանգստացնողը ոչ այնքան սպասուհու վիճակն էր — ավա՜ղ, այս նրան հայտնի էր վաղուց — որքան Լիդիայի անգիտությունը...
— Զինա, Զինա,— լսեց նա նախասենյակում անգիտակ կնոջ արծաթահնչյուն ձայնը, որի մեջ չէր զգացվում վրդովման՝ կամ կասկածի շեշտ։— Զինա, եկ այստեղ։
Նա վազեց փողոց ամոթը ճակատին, խղճի զարհուրելի խայթը կրծքի տակ։ Այնտեղ, այդ խուռն ամբոխին խառնվելով, նա զգաց մի տեսակ թեթևություն, մտածելով, որ ինքը բացառություն չէ...
Հետևյալ օրը Զինան, Լիդիայի հրամանով, ուղևորվեց մերձակա գյուղերից մեկը և այնտեղ գտավ ժամանակավոր ապաստան յուր խայտառակության համար։
Երեկոյան Լիդիան ասաց.
— Որքան լավ է թշվառին օգնելը։ Թվում է ինձ, որ ես երբեք այսպես երջանիկ չեմ եղել, որպես այսօր։ Խեղճ աղջիկը ուրախությունից արտասվեց, որ նրան չշպրտեցին փողոց ինչպես մի թքած պատառ։
— Այո, առանց քո բարության նա կարող էր կորչել,— ասաց Գուրգենը, խույս տալով Լիդիայի հայացքից։
Զինան վերադարձավ մոտ երկու ամիս անցած՝ նիհարած, գունատ, բայց ավելի հանգիստ հոգով։ — Երեխա՞ն,— հարցրեց Լիդիան։
— Թողի գյուղում։
— Ո՞ւմ մոտ։
— Մի գեղջկուհու։ Նրա երեխան նոր մեռավ, կաթը մնում է, ինքը խնդրեց։ Ես չեմ կարող կերակրել, կխանգարե:
— Աղջի՞կ է:
— Տղա ։
— Սիրո՞ւն է։
— Աստված գիտե։
Պատասխանելով տիրուհու հարցերին, Զինան ամոթից և խղճի տանջանքից չէր կարողանում նայել նրա երեսին։
— Շատ բարի,— ասաց Լիդիան,— թող մնա այնտեղ, հետո կմտածենք։ Լավ, մի՛ ամաչեք։ Առաջ պիտի մտածեիք, այժմ ուշ է։ Միայն զգույշ, եթե կրկնվի, չեմ ներիլ... Խեղճ աղջիկ, խեղճ աղջիկ, և ո՞վ է եղել այն անգութը, որ...
Նրա խոսքն ընդհատվեց Զինայի բարձրաձայն, դառը հկեկանքով: Մի վայրկյան ևս, և սպասուհին ընկավ նրա ոտքերին...
— Տիրուհի, ներեցեք, աղաչում եմ, տիրուհի ներեցեք։ Դուք այնքան բարի եք, այնքան վեհանձն, որ չեմ կարող, չեմ կարող...
Եվ, բռնելով Լիդիայի հագստի փեշերը, ծածկեց նրանց համբույրներով ու արցունքով։
— Ի՞նչ պատահեց ձեզ, Զինա,— գոչեց Լիդիան զարմացած,— ինչո՞ւ այդպես հանկարծ։ Ես ձեզ չեմ նախատում։ Ամեն ոք ինքն է պատասխանատու յուր մեղքերի համար...
— Բայց ես մի անպիտան աղջիկ եմ, տիրուհի, երախտամոռ, գարշելի, նախատեցեք ինձ...
Դռների մեջ երևաց Գուրգենը։ Նա ձգեց Զինայի վրա մի գաղտնի սպառնողական հայացք։
Զսպելով իրան, սպասուհին արագ ոտքի կանգնեց, արտասանելով,
— Ներեցեք, տիրուհի, ես... ոչինչ... կանցնի...
Տասը ամիս անցած՝ նա երեխային գյուղից քաղաք բերեց։ III
Դա մի սևաչյա մանուկ էր, առողջ, կայտառ, ժպտուն ինչպես գարնանային առավոտյան առաջին շողը։
Նախանձի նման մի վատ զգացում վայրկենաբար պղտորեց Լիդիայի անդորրացած և թախծալի հոգին։ Զգաց մի տեսակ անզոր ատելություն դեպի սպասուհին, նրա արգանդի առողջությունը։ Ատելություն ամուլ կնոջ, որ շատ էր տառապել մի այդպիսի գանձ ունենալու տենչանքից։
Եվ նույն վայրկյանին կայծակի արագությամբ միտք հղացավ տիրել օտար արգանդի բերքին։ Նա զգաց, որ այդ միտքը հանցավոր է, դատապարտեց անմիջապես, բայց և չկարողացավ հաղթել նրան։
— Սիրո՞ւմ եք,— հարցրեց նա սպասուհուն, որ յուր զավակին այնպես էր պահում ձեռքերի վրա, ինչպես մի փխրուն ապակի և ոչ ինչպես յուր հոգու հատոր։
— Խղճում եմ, անմեղ է,— պատասխանեց Զինան և յուր մտքում ավելացրեց.— երանի ազատեիք ինձ այս բեռից։
— Չեք սիրում, այդ երևում է։
— Ահ, տիրուհի, աղքատների համար երեխաները միայն տանջանք են։ Ողորմած եղեք...
— Ողորմա՜ծ... բայց ինչո՞ւ նրա հայրը չի ուզում ողորմած լինել...
— Հայրը,— կրկնեց սպասուհին և գլուխը թեքեց կրծքին։
— Լավ, լավ, մի՛ ասեք, ես չեմ ուզում նրա ով լինելը իմանալ։ Թող նա անհայտ մնա, դա ձեր գաղտնիքն է...
Եվ Լիդիան նայեց սիրալիր հայացքով փոքրիկին, որ մոր գրկից մտիկ էր անում հավատով, ակնկալությամբ։ Կարծես այդ անլեզու էակն զգում էր, որ յուր ճակատագիրն այլևս կախված է այդ շքեղ հագնված, բարձրահասակ, գեղեցիկ, փարթամ կնոջ բարի կամքից...
Զինան շարունակ խույս էր տալիս տիրուհու հայացքներից, որ մերթ դառնում էին դեպի զավակը, մերթ դեպի մայրը։ Պարզ էր, որ մի միտք տանջում էր նրան։ Մի միտք, որից կկամենար ազատվել և չէր կարողանում։ — Թողեք երեխան այստեղ մնա.— ասաց Լիդիան քիչ խորհելուց հետո։— Ուզո՞ւմ եք։
Զինայի աչքերն ուրախությունից փայլեցին։ Եթե նրան ապտակեին և դուրս ձգեին երեխայի հետ, կհամարեր յուր արժանի վարձը։
— Չպիտի ունենայիք,— շարունակեց Լիդիան,— բայց որ ունիք, պետք է պահպանել։
— Տիրուհի, շնորհակալ եմ, ա՜հ, չեք իմանում, որքան շնորհակալ եմ,— Գոչեց Զինան և արտասվեց։
— Առանց շնորհակալության։ Մարդիկ երբեք չեն անում այն, ինչ որ իրենց համար հաճելի չէ։
— Բայց չէ որ դուք ինձ ազատեցիք մահու վտանգից։ Ես վճռել էի սրան ոչնչացնել իմ արգանդում։ Իսկ այդ, գիտեք, շատ վտանգավոր է։ Իմ քույրը դրանից մեռավ այն անիծյալ պառավի ձեռքում։ Մեռավ, անիծելով յուր ճակատագիրը։ Ես էլ կարող էի մեռնել։ Դուք ինձ ազատեցիք, հավիտյան չպիտի մոռանամ։
— Ողորմա՜ծ աստված, ի՜նչ անզգայություն,— վրդովվեց Լիդիան մինչև հոգու խորքը,— դուք վախենում էիք ձեր մահի՞ց։ Իսկ այդ անմե՞ղը։ Մի՞թե չգիտեք, որ դա կլիներ որդեսպանություն։
— Ի՜նչ արած, տիրուհի, ճակատագիրս է։ Ոչք ոչ, տիրուհի, մի՛ նեղանաք, աղաչում եմ։ Սխալմամբ ասացի։ Ներեցեք, տգետներ ենք, չգիտենք մեր խոսածը։
— Բավական է։ Տվեք ինձ այդ երեխային։ Ես նրանով կզբաղվեմ, իսկ դուք ձեր գործին կացեք։
Զինան երեխային լուռ տվեց տիրուհուն և զգաց, որ յուր կրծքից ընկավ մի ծանր քար։
Նույն օրը ևեթ Լիդիան անձամբ գնեց նուրբ կտավից պատրաստի ճերմակեղեն ու բոլոր պարագաները երեխայի համար։ Իրիկնադեմին նա օգնեց Զինային նրան լողացնելու և զուգեց ու տարավ յուր սենյակը։
Գուրգենը ոչինչ չասաց։ Նա մինչև անգամ կարողացավ ձևանալ միանգամայն անտարբեր դեպի երեխայի վիճակը:
Երբ առաջին անգամ Լիդիան համբուրեց փոքրիկին — իսկ համբուրեց մի շաբաթ անցած — գրգռվեց նրա հոգու տարիների թախիծը որդեսիրության։ Եվ զգաց իրան անբախտ ավելի, քան երբևէ զգացել էր։ Միևնույն ժամանակ, մի անծանոթ հաճելի ջերմություն պաշարեց նրա հոգին։
Այդ վայրկյանից թվաց նրան, թե մի նոր տարր մտավ նրա գոյության մեջ և բռնեց այնտեղ ամուր, հաստատուն մի անկյուն։ Մայրական զգացման անծանոթ բնազդով ճաշակեց այդ զգացումը և անձնատուր եղավ կարոտյալ հոգու ամբողջ թափով։ Սիրեց օտար արգանդի բերքը այնպես, ինչպես կարող էր սիրել միայն հարազատ մայրը։ Իսկ երբ փոքրիկը սկսեց թոթովել, նա փափագեց, որ ինքը կոչվի «մամա»։ Դա նրա նվիրական երազների մարմնացումն էր, և Զինան ոչ միայն չբողոքեց նրա դեմ, այլև կրկնակի ուրախացավ։
Օրը մինչև երեկո Լիդիան զբաղված էր նրանով և միայն նրանով։ Եվ այդ զբաղմունքը այնքան կլանեց նրան, որ մոռացավ Գուրգենին ու նրա տարօրինակ տխրությունն ու անսովոր հեզությունը։ Նա չհետաքրքրվեց իմանալ, թե ինչու ամուսինը ամեն անգամ իրան հանդիպելիս մի տեսակ աղերսական հայացքով է նայում նրան, ինչպես մի մարդ, որ րոպե առ րոպե սպասում է անողոք դատավորի դատավճիռը։ Նա միայն մտածում էր մի բանի մասին, այն է՝ մի օր կարող են նրանից խլել երեխային։ Հետզհետե այս միտքը զարգացավ և դարձավ նրա համար մի տեսակ մղձավանջ։
Նրա կարեկցությունը դեպի Զինան փոխվեց ատելությանը, ատելությունը՝ անհաղթելի թշնամության, և նա վճռեց ազատվել թշնամուց: Նա զգում էր, որ այդ միտքը դաժան է, հանցավոր և դատապարտելի ոչ միայն աստվածային, այլև մարդկային օրենքներով։ Նա չարաչար նախատում էր իրեն այդ բանի համար, միևնույն ժամանակ զգում էր իրեն անզոր՝ կռվելու նրա դեմ։
Մի անգամ նա մի վատ երազ տեսավ։ Ինչ-որ մարդիկ ոստիկանների համազգեստով հանկարծ ներս խուժեցին, խլեցին երեխային նրա կրծքից և գնացին։ Նա սարսափից արձակեց մի ճիչ, զարթնեց և խավարի մեջ ոտաբոբիկ վազեց դեպի դանթելներով զարդարված թանկագին կողովը, որ ստուգե այնտեղ է արդյոք երեխան։ Նա գրկեց փոքրիկին, համբուրեց և տարավ պառկեցրեց յուր կողքին: Գուրգենը քնած չէր։ Նա լսեց Լիդիայի ճիչը. խավարի մեջ տեսավ բոլորը, ինչ որ նա արավ և չհամարձակվեց ձայն բարձրացնել։
Լիդիան թույլ չէր տալիս Զինային երեխային համբուրելու, առարկելով, թե մեծերի համբույրն առհասարակ վտանգավոր է փոքրերի համար։ Իրոք հոգու խորքում երկյուղ ուներ միգուցե սպասուհին համբուրելով յուր զավակին, հետզհետե ձուլվի նրա հետ հոգով ու մտքով և այն ժամանակ ինչպե՞ս կռվել հարազատ մոր զգացումների հետ։ Զինան չէր վշտանում յուր մայրական շրթունքների վրա դրված արգելքից։ Ընդհակառակը, նա գոհ էր, նույնիսկ երջանիկ, որ տիրուհին փոխարինում է իրեն իբրև մայր։
Մերթ ընդ մերթ Լիդիան ուշադիր դիտում էր երեխայի դեմքը, բռնելով նրան յուր սենյակի լուսամուտի առջև։ Նրան հետաքրքրում էր. արդյոք, գեղեցի՞կ է նա, թե ոչ։ Եվ թվում էր նրան, որ օրը օրի վրա նա գեղեցկանում է։
Իսկ երեխան մտիկ էր անում նրա երեսին միշտ ժպտուն դեմքով, միշտ ակնկալ հայացքով։ Երբեմն յուր թաթիկները բարձրացնում էր և խաղում նրա ոսկեգույն գանգուր մազերի հետ. մի բան, որ առանձին հաճույք էր պատճառում Լիդիային։ Թվում էր նրան, որ այլևս այդ փոքիիկ, փափլիկ, վարդագույն ձեռնիկների մեջ է ոչ միայն յուր բախտը, այլև կյանքը։
Մի անգամ, երբ համբուրում էր նրա ձեռիկները, Լիդիան նայեց նրա սևորակ աչքերին և ցնցվեց։ Կար մի ինչ-որ ծանոթ, նույնիսկ մտերիմ շեշտ մանկան այդ օրվա հայացքի մեջ։ Արդյոք, մի ժամանակ, տարիներ առաջ նույն ակնկալությամբ չե՞ն նայել նրա երեսին մի զույգ ճիշտ այդպիսի աչքեր, աղերսելով նրա սերը, ինչպես երկնային մանանա։
Այո, այո, ճիշտ է։ Օձից խայթվածի պես նա զգաց մի սուր ցավ և, սարսափած, երեխային դրեց, ո՛չ, ուղղակի ձգեց կողովի մեջ և հեռացավ նրանից։ Մանուկը չճչաց անգամ — այնքան հեզ էր նա, այնքան լռիկ։
Չար կասկածը, մի անգամ զարթնելով, արագ-արագ զարգացավ Լիդիայի մեջ։ Նա շուտով փոխվեց համոզմունքի։ Ողորմա՜ ծ աստված, որքա՜ն կույր է եղել նա, որքա՜ն միամիտ։ Եվ կայծակի արագությամբ նրա մտքով անցավ բոլորը: ինչ որ կարող էր նրա համոզմունքն ավելի ու ավելի ամրացնել. և Գուրգենի տարօրինակ լռությունն ու տխրությունը վերջին ժամանակ, և՛ Զինայի հանկարծակի նրա առաջ չոքելը, լալը, ներում խնդրելը գյուղից գալու օրը, և ուրիշ շատ հանգամանքներ, որոնց վրա մինչև այն օրը ուշադրություն չէր դարձրել։
Նա ճիգն արավ իշխել իրեն, չկարողացավ։ Արյունը զարկեց գլխին, և թվաց նրան, որ մի աներևույթ ձեռ խեղդում է իրեն։ Եվ, ինչպես բնից հանկարծակի կտրված շուշան, նրա քնքուշ մարմինը սպիտակ պենուարի մեջ ընկավ գահավորակի վրա։
Նա հեկեկաց։ Այո, նա կույր է եղել և հիմար, որ մինչև այսօր չի տեսել ու մտածել։ Չէ՞ որ դա պարզ է, աներկբայելի։
Նա աշխատեց խեղդել հեծկլտանքը, և միայն կանացի հպարտության զգացումը ուժ տվեց նրան։ Ինչո՞ւ ստորանալ մինչև արցունք, որ ինքնասեր կինը կարող է լվանալ արտասուքով մի այդպիսի անպատվություն։
Նա ոտքի կանգնեց, արագ-արագ սրբեց արտասուքը, կարգի բերեց մազերը, նայեց երեխայի երեսին և նստեց լուսամուտի առջև յուր անելիքի մասին մտածելու․․․
IV
Մի ամբողջ շաբաթ նա լուռ էր։
Գուրգենը չէր համարձակվում նրան խոսեցնել։ Զգում էր, որ այլևս հասել է հատուցման ժամը և պետք է, վերջապես, կանգնե դատավորներից ամենաանողոքի առջև իբրև մի հանցավոր, որ չունե արդարացման ոչ մի միջոց։ Ծանր էր նրա համար ոչ այնքան պատիժը, որքան դատավարությունը, այն հարցուփորձը, որին սպասում էր Լիդիայի կողմից։
Բայց Լիդիան վճռեց արհամարհել ամեն մի բացատրություն։ Նա չկամեցավ կեղտոտ ֆարսը դրամա դարձնել և ամեն մի արդարացում Գուրգենի կողմից համարեց վիրավորական յուր իսկ պատվասիրության համար։
Եվ ահա մի օր, նա խեղդելով յուր մեջ զզվանքի, ատելության, վիրավորված ինքնասիրության խառն զգացումները, ամենայն սառնությամբ հարցրեց. — Ի՞նչ ես մտադիր անելու քո երեխային։
— Գուրգենը պատասխանեց առանց տատանվելու․․․
— Ինչ որ կամենաս։ Միայն քո կամքից է կախված նրա վիճակը։
— Դու պարտավոր ես քո ազգանունը տալ նրան։
Գուրգենը ապշեց։ Այդ արդեն նա չէր սպասում։
— Լիդիա,— արտասանեց նա,— նախ և առաջ ես կկամենայի․․․
— Առանց բացատրության,— գոչեց Լիդիան արհամարհանքով,— մենք տասնևութ տարեկան պատանիներ չենք, որ մելոդրամ խաղանք։ Ես ուրախությամբ կթողնեի այս տունը և կհեռանայի․ բայց, դժբախտաբար չեմ կարող։ Չեմ կարող տանել հասարակական բամբասանքը և իմ ընկերուհիների ու ազգականների ծաղրն ու արհամարհանքը։ Բացի այդ, ես սիրել եմ այդ երեխային և, հակառակ իմ կամքի, այսօր էլ սիրում եմ...
— Շնորհակալ եմ, Լիդիա,— գոչեց Գուրգենը դողդոջուն ձայնով,— շնորհակալ եմ, որ խնայում ես ինձ։ Հավատա, ես շատ եմ տանջվել րոպեական այդ մոլորության համար։ Բայց․․․ լռում եմ․․․ լռում եմ․․․ Դու չես ուզում որ ես բացատրեմ, ներում խնդրեմ։ Ունիս իրավունք։ Քո հպարտությունը թույլ չի տալիս։ Մի բան մի բան չեմ կարող չասել, միայն մի բան․․․
— Որ դու ինձ սիրում ես և վախենում ես զրկվիլ ինձանից,— ընդհատեց Լիդիան կծու հեգնությամբ,— այնպես չէ՞։ Լավ, լավ, գիտեմ այդ տեսակ զղջումների արժեքը։ Շատ եմ լսել և կարդացել։ Թողնենք․․․ Զարմանալի ոչինչ չկա քո արարքի մեջ․․․ Ի՜նչ արած, դա մեր խաչն է, պետք է տանենք․․․ Ես չեմ կարոտ քո զղջմանը, այլ նա, այն փոքրիկ անմեղը։ Դու ես նրան աշխարհ գցել, դու էլ պարտավոր ես հոգալ նրա վիճակը։ Ահա միակ բանը, որ ես սպասում եմ քեզնից։
— Հրամայիր, Լիդիա, և ես պատրաստ եմ կատարել քո բոլոր պահանջները,— ասաց Գուրգենը դատապարտյալի հեզությամբ։
— Վաղը կանչիր մեր քահանային և երեխային մկրտել տուր։ Ինչ վերաբերվում է նրա մորը, թողնում եմ քո կամքին...
— Ես չգիտեմ ինչ անել, իմ ուղեղը հոգնել է այդ մասին մտածելուց և ոչ մի որոշման գալ չեմ կարողանում։ Եթե թույլ տայիր հարցնել քո կամքը...
— Ես այսօր խոսեցի նրա հետ։ Նա ուրախ է ազատվել յուր մեղքի պտուղից և հրճվում է, որ երեխան ինձ է «մամա» կանչում։
— Ուրե՞մն։
— Ես ոչինչ չեմ կարող ասել այդ կնոջ մասին։ Կասեմ միայն, որ երեխան չի կարող երկու մայրերի պատկանել։ Կասեմ նաև, մի կին, որ յուր հարազատ զավակին չի սիրում, չունի իրավունք նրա մայրը կոչվելու...
Ասաց Լիդիան և հպարտ քայլերով դուրս եկավ սեղանատնից, Վերջին ժամանակները այդ սենյակն էր նրանց հանդիպման միակ վայրը։
Հետևյալ օրը երեխային կնքեցին։
Սկզբում Գուրգենը կամեցավ մի զեղծում գործել — ասել քահանային, թե երեխան Լիդիայից է։ Բայց Լիդիան չհամաձայնվեց, բարվոք համարելով անկեղծորեն պատմել եղելությունը քահանային, որքան ևս այդ ծանր լիներ նրա պատվասիրության համար։
Անունը երեխայի ընտրեց ինքը Լիդիան՝ Սերժ։ Մի անուն, որ տարիների ընթացքում փայփայել էր յուր երևակայության մեջ։ Մի անուշ անուն նրա համար, որ ընտանիքներում ու փողոցներում մայրերի բերանից լսելիս չէր կարողացել զսպել նախանձի գրգիռը։
Նույն օրը Լիդիան խոսեց սպասուհու հետ։
— Ոչ, տիրուհի,— ասաց Զինան,— անհարմար է իմ այստեղ մնալը։ Տվեք ինձ մի փոքրիկ ապահովություն, ես կհեռանամ։
Որոշվեց նրան տալ մի գումար, և Գուրգենն իսկույն այդ գումարը հանձնեց Լիդիային։
Առավոտը Զինան երգելով և թռչկոտելով կապկապեց յուր լաթերը և եկավ տիրուհուն հրաժեշտ տալու։
Լրդիան նրան սպասում էր յուր սենյակում անհամբեր։ Նա ուրախ էր։ Զինան այնպիսի դյուրությամբ համաձայնվել էր հրաժարվել յուր երեխայից։
— Տիրուհի, փո՛ղը,— ասաց սպասուհին ոսկու փայլին ծարավ չքավորի այն անհամբերությամբ, որ որքան զզվելի, նույնքան և անհասկանալի է հարուստների համար։
— Պատրաստ է։
Լիդիան դրեց նրա առջև հարյուրանոցների մի կապոց։
Զինան ագահությամբ վերցրեց և սկսեց ռամիկներին հատուկ զգուշությամբ ու թերահավատությամբ համրել փողերը, յուրաքանչյուր թղթադրամ դնելով սեղանի վրա առանձին։ Նրա ձեռքերը դողում էին հոգեկան խորին հաճույքից, իսկ դեմքն արտահայտում էր սրբազան լրջություն։
Լիդիան դիտում էր սպասուհուն և աշխատում իմանալ՝ ի՛նչն է հրապուրել Գուրգենին նրա մեջ։ Դա մի առողջ, բավական գիրուկ էակ էր։ Նա դեռ չէր կորցրել կայտառ գեղջկուհու թարմությունը։ Գեղեցիկ էին նրա աչքերը, փղոսկրյա ատամները, վարդագույն շրթունքները, բայց մի՞թե այդքանը բավական է մի տղամարդու մոլորեցնելու համար, թեկուզ րոպեաբար։ Լիդիան զզվանքով երեսը շուռ տվեց ու բնազդաբար նայեց իրեն դիմացի հայելու մեջ։ Եվ նախանձեց Զինայի դեմքի գույնին։
Զինան թղթադրամները համրեց երեք անգամ, խնամքով կապեց թաշկինակի մեջ և բաց առնելով յուր կոֆտայի վերին կոճակները, դրեց կրծքի վրա։
— Ուղի՞ղ է,— հարցրեց Լիդիան արհամարհանքով։
— Ուղիղ է, տիրուհի,— պատասխանեց Զինան ժպտալով։
Այդ ժպիտը շատ անտեղի և զզվելու չափ տխմար թվաց Լիդիային։ «Աստված իմ, մտածեց նա, որքան անզգա են այդ խեղճերը․․․»։
— Երեխային չե՞ք ուզում տեսնել,— հարցրեց նա վերջին անգամ սպասուհուն փորձելու համար։
— Ինչո՛ւ չէ, կարելի է և տեսնել,— ասաց Զինան, դարձյալ Ժպտալով։
Լիդիան անցավ մյուս սենյակը, վերցրեց դայակից փոքրիկին և բերեց։
— Բայց այդ վերջին անգամն է, լավ իմացեք,— ասաց նա ավելի խիստ եղանակով, քան հարկավոր էր և անմիջապես զղջաց։
— Դե, իհարկե, վերջին անգամն է,— համաձայնվեց Զինան և, նայելով երեխային, մատներով թեթևակի շփեց նրա երեսը,— ի՜նչ, կատարյալ տղա է։ Դե, իհարկե, այդպես էլ պետք է լինի։ Կարելի՞ է,— կամեցավ նա համբուրել նրան։
— Դուք գիտեք, որ չի կարելի։
— Հա, մոռացա։ Ես էլ կարդացել եմ մի գրքում, որ երեխաները շատ անգամ հիվանդանում են համբույրներից։ Դե, իհարկե, հիվանդ մարդիկ շատ կան։ Բայց ասում են ձեռիկը կարելի է համբուրել։ Սերժը լավ անուն է, բայց Պոլիկարպն էլ լավ է։ Ես շատ եմ սիրում Պոլիկարպ...
— Պահեցեք այդ անունը ձեր երկրորդ երեխայի համար,— ասաց Լիդիան ոչ առանց դառնության։
— Օօ, աստված մի՛ արասցե, տիրուհի, դուք ինձ անիծում եք։ Դրանից էլ ձեր ողորմությամբ ազատվեցի․ դե, բավական է, մնացեք բարով։ Չար մի՛ մտածեք իմ մասին։ Աստված վկա, ես չէի ուզում, բայց․․․ էհ սատանան խաբեց։ Շատ եմ զղջում, ամեն օր աղոթք եմ անում, որ աստված ներե։ Լավ, լավ, գնում եմ։ Թող երեխան ձերը լինի, դուք նրան ավելի լավ կպահեք։ Դե, իհարկե, ես ի՜նչ եմ․․․ Օրոր ասել էլ չգիտեմ։ Իսկ դուք այնպես լավ երգում եք, այնպես լավ, որ ես այսօր լաց եղա։ Մնացեք բարով։ Դուք բարի եք, շատ բարի։ Երբեք չեմ մոռանալ։ Թույլ տվեք ձեր ձեռիկը համբուրել, Չե՜ք ուզում։ Մեղա։ Դե, ես գնացի, մնացեք բարով․․․
Եվ նա դուրս գնաց հանգիստ, ուրախ, ինչպե՛ս հաջող առուտուր կատարած մեկը։ Նա մտածում էր միայն՝ չլինի թե տիուհին հանկարծ զղջա և տված գումարը ետ վերցնի․․․
V
Այն պահից, երբ մանուկը սկսեց թոթովել, Լիդիան օրը հարյուր անգամ հարցնում էր․
— Սիրո՞ւմ ես ինձ, Սերժ։
— Սիյում եմ, մամա, սիյում եմ։
Երջանիկ էր այլևս։ Գուգենի ապականված սիրո փոխարեն նա վայելում էր մի մաքուր, անշահ սեր, որի համար պատրաստ էր խեղդել յուր մեջ ամենալավ, ինչպես և ամենավատ զգացումները։ Ահա ինչու նա վճռեց մոռանալ Գուրգենի կոպիտ դավաճանությունը։ Ահ, դա մի չարիք էր, որից առաջացավ բարիք։ Ինչո՞ւ հանուն հետևանքի չներել պատճառը։ Բայց նա զգում էր, որ վերականգնել այն, ինչ որ եղել է, անհնարին է։ Մի կեղտոտ հոսանք եկավ անցավ և նրա կյանքը բաժանեց երկու մասի։ Չպիտի անձնատուր լինել անջնջելի վիրավորանքի դառն հիշողություններին։ Ապրել նրանով, ինչ որ տալիս է ճակատագիրը — այս է պահանջում թե՛ առողջ բանականությունը և թե անձնասիրությունը։
Նույնն է պահանջում և՛ այդ փոքրիկը, որ ամեն անգամ նրան տեսնելիս յուր թույլ ոտներով վազում, ընկնում է նրա գիրկն ու կրկնում․
— Մամա, սիյում եմ քեզ․․․
Մի անգամ Լիդիան հարցրեց․
— Սերժ, պապայի՞ն էլ ես սիրում։
— Նրան էլ եմ սիյում, քեզ ավելի եմ սիյում, շատ եմ սիյում, այ, այսքան։
Նա ձեռքերը տարածեց աջ ու ձախ, որքան կարող էր լայն։
Անթափանցելի է մանկան հոգեկան աշխարհը։ Ո՞վ կարող էր ասել, որ այդ պատասխանի մեջ չկա ավելի գիտակցություն, քան բնազդ։ Գուցե այդ փոքիիկ գլուխը հասկանում էր, որ ինքը բյուր անգամ ավելի է սիրված անհարազատ մորից, քան հարազատ հորից։ Մի մարդուց, որ նրան յուր մոր արգանդում փողոց շպրտելու դաժան միտումն էր ունեցել մի ժամանակ։
Ահ, այդ միտումը։ Ոչ միայն մանուկը, այլև Լիդիան չէր զգում, թե որքան հոգեկան տանջանք է նա պատճառում Գուրգենին այժմ, երբ հիշում է։
— Շնորհակալ եմ քեզնից, Լիդիա,— ասաց նա մի անգամ, չկարողանալով այլևս թաքցնել յուր զղջման զգացումը,— դու ինձ ազատեցիր խղճիս հավիտենական տանջանքից։ Չլիներ քո խելքը, քո տակտը, քո բարությունը, չլիներ քո վեհանձնությունը, այդ անմեղ էակը պիտի փողոցին զոհ դառնար և այսօր իմ խղճի խայթոցը պիտի լիներ ավելի սոսկալի։ — Ահ, թողնենք անցյալը,— գոչեց Լիդիան, չկամենալով դառնացնել յուր սիրտը նորանոր հիշողություններով։— Ես նրան թաղել եմ և վրեն դրել մի մեծ քար։ Եթե քո զղջումը անկեղծ է, հոգա մեր երեխայի մասին։
— Ես արդեն կարգադրել եմ նրա վիճակը,— պատասխանեց Գուրգենը։— Երեկ կտակս փոխել տվեցի։ Այժմ իմ միակ ժառանգը Սերժն է և դու նրա միակ խնամակալը։ Հուսով եմ, դեմ չես։
— Դու արել ես այն, ինչ որ պարտավոր էիր անել,— ասաց Լիդիան,— բայց կա մի բան, որ ինձ հանգստություն չի տալիս։
— Գիտեմ, դու մտածում ես նրա մասին։ Նա անհայտացել է, Լիդիա, զուր ես անհանգստանում։
— Այո, անհայտացել է, գոնե այն օրից ես նրա երեսը չեմ տեսել։ Բայց չէ՞ որ մի օր կարող է հանկարծ երևալ և խափանել փոքրիկի անդորրությունը։
— Չեմ կարծում։ Անկասկած, նա վաղուց է մոռացել և՛ մեզ, և՛ երեխային։
— Լսիր, ես չեմ ուզում չարախոսել, բայց ինձ հաղորդել են, որ քո քույրը ինտրիգներ է սարքում մեր դեմ։ Ասում են, նա շարունակ այդ աղջկա հետ հարաբերության մեջ է և աշխատում է նրան լարել մեր, կամ ճիշտն ասած, իմ դեմ։
— Ես դրանից չեմ վախենում։ Ելենայի միակ ցավը իմ հարստությունն է, իսկ ես, ինչպես ասացի, արդեն ապահովել եմ իմ ժառանգությունը։
— Ահ, դու քո հարստության մասին ես հոգում, իսկ ինձ տանջողը ուրիշ բան է։ Թող ես զրկվեմ քո հարստությունից, թող մնամ մի կտոր հացի կարոտ, միայն թե ինձանից չխլեն երեխային։ Առանց նրա ես ապրել չեմ կարող։ Պահպանել քո հարստությունը դու կարող ես, բայց երեխան միայն քոնը չէ։ Նրա ճակատագիրը ենթարկված է մի կնոջ քմահաճույքին, որի վրա կարող է ազդել ամեն մի անցորդ, մանավանդ քո քրոջ նման մի խորամանկ կին։ Ոչ, ոչ, ես նախազգում եմ, որ Սերժին պիտի խլեն ինձանից, իսկ ի՞նչ կլինի իմ կյանքը առանց նրա — չգիտեմ։
Արտասանելով այս խոսքերը, Լիդիան արմունկները հենեց ամուսնու գրասեղանին, որի քով նստած էր, և գլուխը ձեռներով բռնելով, արտասվեց մեղմիկ։
Գուրգենը ոտքի կանգնեց, մոտեցավ և կամացուկ, անվստահ ձեռքերով գրկեց նրա գլուխը։ Այն օրից հետո, երբ հայտնվեց նրա դավաճանությունը, առաջին անգամը համարձակվեց մերձենալ Լիդիային։ Նա չգիտեր՝ թույլ կտա, արդյոք, Լիդիան իրան, վերջապես, համբուրելու։ Ուստի բավականացավ միայն շոյելով նրա թանձր մազերը, որոնց մեջ առաջին անգամ նկատեց մի քանի սպիտակ թելեր։
— Մի՛ տանջիր քեզ, Լիդիա, չար մտքերով և ենթադրություններով,— ասաց նա,— ես չեմ թողնիլ, որ դու զրկվես երեխայից։ Նա ինչպես իմն է, նույնպես և քոնն է։ Ես ատամներովս կպահպանեմ նրան քեզ համար։ Ես տեսնում եմ, նա միակ կապն է քո և իմ մեջ, միակը, դժբախտաբար, քանի որ այլևս դու չես ուզում վերադարձնել ինձ քո սերը...
— Ելենան չար կին է, Ելենան ամեն ինչ կարող է անել,— արտասունի մեջ արտասանեց Լիդիան, գլուխը հանդարտ ազատելով Գուրգենի կրծքից։
— Թող լինի չար որքան ուզում է, բայց ես էլ չեմ խնայիլ նրան, թեկուզ յոթ անգամ յոթ իմ հարազատ քույրը լինի։
— Ահ, այդ կինը։ Որքա՜ն է հալածել ինձ, որքա՜ն տանջել միայն նրա համար, որ ես հանդգնել եմ զիջանել նրա եղբոր աղերսանքին և նրա կինը դառնալ։ Ահ, նա չի խնայի ոչ միայն ինձ, այլև իմ ծնողներին, իմ տոհմը, իմ պատիվը։ Նա չի խնայիլ քո պատիվն անգամ, զրպարտելով իմ մաքրությունը։
— Գիտեմ, գիտեմ, Լիդիա։ Նա ամեն կերպ աշխատել է արատավորել և ստորացնել քեզ իմ աչքում, որպեսզի մեզ բաժանե։ Բայց մի՞թե հաջողվեց։ Դու տեսնում ես, որ ոչ դու, այլ ես եմ ստորացածը քո աչքում։ Ես, որի միակ փափագը նույնիսկ միակ նպատակն է կյանքի՝ նորից գրավել քո հավատը և նորից տիրել քո սրտին։ Լիդիա, ես կերդվեմ ինչով կամենաս, որ չեմ կեղծում։ Տես, ես դարձյալ չոքում եմ քո առջև ինչպես մի զազրելի հանցավոր և աղաչում... ների՛ր․․․ ների՛ր և մոռացի՛ր․․․
Լիդիան աչքերն արագությամբ սրբեց և ոտքի կանգնեց։ — Թող, բավական է, ես դրա համար չսկսեցի։
— Ուրեմն, ես երբե՛ք չպիտի հուսամ, երբե՛ք... — ժամանակն ինքը կթելադրի մեր անելիքը։ Իսկ առայժմ իմ միտքն ու զգացումները կլանված են երեխայով, միմիայն նրանով...
Նա դուրս գնաց հանդարտ քայլերով...
VI
Ելենան բնակվում էր քաղաքի հեռավոր արվարձաններից մեկում, երեք փոքրիկ սենյակներից բաղկացած մի բնակարանում, որ այնքան էր նեղ թվում նրան, որքան շատ էր մտածում յուր եղբոր սեփական ահագին տան և այն ընդարձակ բնակարանի մասին, ուր կենում էր Լիդիան։
Դա մի եռանդուն կին էր քառասունհինգ տարեկան։ Բարձրահասակ էր, ամուր կազմվածքով, դեմքի խոշոր գծերով։ Մեկն այն էակներից, որոնց կին ծնվելը բնության քմահաճույքն է։
Յուր հանգուցյալ ամուսնուց նա ժառանգել էր երկու որդի, որոնցից մեկն այժմ քսանուհինգ տարեկան էր, անգործ, անընդունակ, շռայլ, մյուսը քսան տարեկան ուսանող էր, որ նոր էր ավարտել գիմնազիան և գնացել համալսարան:
Նա անիծում էր յուր ամուսնու գերեզմանը իբրև մի մարդու, որ ամբողջ կյանքն անց էր կացրել հաճույքների և թղթախաղի մեջ և մի օր հանկարծամահ եղել, թողնելով ընտանիքին մի քանի կիսախարխուլ խանութների վարձը։
— Է՜հ,— ասել էր նա երեք օր առաջ յուր մահից,— ես չեմ հոգում ոչ քո և ոչ մեր որդիների մասին։ Դու ունիս մի հարուստ եղբայր։ Նա երբեք ձեզ քաղցած չի թողնի և պարտավոր է չթողնել։
Այո, այդ հուսով էր ապրում Ելենան և չէր վարանում նրանով էլ կերակրել յուր զավակներին, և հանկարծ խորտակեցին նրա հույսը։ Ո՞րտեղից ասպարեզ ընկավ այդ Լիդիան և ի՛նչպես յուր թակարդի մեջ գցեց Գուրգենին։ Անկասկած, նա և միմիայն նա է պատճառը, որ Ելենան և յուր որդիները այնքան ատված են Գուրգենից։ Եվ ամեն անգամ, երբ Ելենան խոսում էր յուր ավագ որդու, Սիսակի հետ, կատաղությունը խեղդում էր նրա կոկորդը և նրա առնական շրթունքները, որոնցից վերինը ծածկված էր նոսր մազերով, արտասանում էին ամենազազրելի ածականները «այդ ավազակի աղջկա», «այդ լրբի», այդ․․․ այդ...֊ի հասցեին։ Դա էր նրա թույլ երակը, դա էր այն բևեռը, որ ցցվել էր նրա ուղեղի ու սրտի մեջ և տանջում էր նրան անհուն, անդադար...
Այն օրն Ելենան վճռական էր ավելի, քան երբևէ։ Ինչո՞ւ նա ձեռները ծալած նստած է անգործ։ Մինչև ե՞րբ պիտի լռե։ Սերժն արդեն վեց տարեկան է։ Զինան յուր զավակին Լիդիայից խլելու և ոչ մի կամք ցույց չի տալիս։ Լիդիան տիրել է երեխային բարոյապես և օրինապես ու մինչև անգամ մոռացել է նրա հարազատ մոր գոյությունը։ Եվ Գուրգենն այժմ ավելի, քան երբևէ, նրա «կոշիկների տակն է»։
Պե՞տք է, արդյոք, այլևս հրաժարվել ժառանգության հույսից։ ճշմարիտ է, Գուրգենը դեռ այնքան էլ ծեր չէ, բայց չէ՞ որ կարող է մի օր հանկարծ մեռնել։ Եվ ի՞նչ, պիտի այդ քո՞ծը լափե նրա կարողությունը ուրիշի զավակի հետ։ Ոչ, ոչ, այդ անկարելի է։ Ելենան այդ չպիտի թույլ տա։
Բшյց ինչպե՞ս, ի՞նչ միջոցով։
Նա մի կատաղի հայացք ձգեց յուր ավագ որդու վրա, որ լուսամուտի առջև նստած կարդում էր Շեռլոկ Խոլմսի արկածները։
— Քսանուհինգ տարեկան տղամարդ է,— ասաց նա, — մինչև օրս մի կոպեկ չի բերել տուն։ Գոնե այս բանում օգնե յուր մորը։
Սիսակը չլսեց նրա խոսքերը, այնքան խորասուզված էր ընթերցանության մեջ։
— Քե՛զ եմ ասում, է՛յ, ծույլ անգործ։ Ի՞նչ ես թաղվել այդ գրքի մեջ։ Եթե դու կարդացող լինեիր, գիմնազիայից քեզ չէին վռնդիլ։
Սիսակը գլուխը բարձրացրեց և նայեց մորը։ Նրա կլորիկ երեսը, փոքրիկ, սևորակ, պսպղուն աչքերը, հաստլիկ, ջրալի շրթունքները, փոքրիկ, սրածայր, վավաշոտ ծնոտն արտահայտում էին կին կյանքի բոլոր հաճույքները վայելելու հագուրդ չստացած բուռն փափագ։
— Ի՞նչ ես ասում, մամա,— ասաց նա, գրքույկը դժկամությամբ ծալելով ու մի կողմ դնելով և ոտքի կանգնելով։
— Ասում եմ, որ մի քոսոտ իշխանի աղջիկ ավելի ճարպիկ է, քան դու, ես ու ամենքս։ Վաղը մյուս օրը այդ օձը ձեռք կգցե մորդ եղբոր ահագին հարստությունը և կսկսե մեզ ծաղրել։ Իսկ դու կշարունակես փողոցները չափչփել ձեռներդ դատարկ գրպաններիդ մեջ դրած։
— Ի՞նչ արած, մեղավորը դու կլինես, ոչ ես,— ասաց Սիսակը, անցուդարձ անելով։— Ես վաղուց եմ կրկնում, որ այդ կնոջ ատամները հանելու միջոց չկա: Պետք է իմ ասածը։
— Աա, դու էլ հենց մի գլուխ ավազակության մասին ես մտածում։ Երևի ուզում ես հորեղբորդ պես բանտերում մաշել կյանքդ։
— Դա ավազակություն չէ, այլ տղամարդի քաջություն,— ոգևորվեց Սիսակը։— Ես գործն այնպես գլուխ բերեմ, որ ինքը Շեռլոկ Խոյմսն էլ չկարողանա գաղտնիքը բաց անել ու ինձ ձերբակալել: Ես ունիմ հավատարիմ ընկերներ։ Բավական է մատս բարձրացնեմ ու նրանք պատրաստ են կրակի մեջ ընկնելու։ Բացի դրանից, չէ՞ որ նրանք էլ իրենց վարձը կստանան: Մամա, թող իմ պլանը իրագործեմ...
— Ոչ, ոչ, դա երեխայություն է, անկարելի է։
— Քաջության համար անկարելի ոչինչ չկա։ Լսիր, ասեմ ինչպես կանենք։ Ամեն օր դայակն այդ երեխային դուրս է բերում զբոսեցնելու։ Մի օթոմոբիլ, որի շոֆերը կլինի մեր դավակիցը, երկու ուրիշ ընկերներ և ես բեղերս սափրած և աչքերիս կապույտ ակնոցներ։ Մի ոստում օթոմոբիլից, հափ, երեխան գրկումս է և քսան րոպե չանցած քաղաքից դուրս ենք եկել: Թող այնուհետև ամբողջ ոստիկանությունը ոտքի կանգնի յուր շներով, եթե գտնեն, կասեմ «աֆարիմ»։
— Հետո ի՞նչ կանեք երեխային։
— Ինչ կանե՞նք, հայտնի է ինչ...
— Գիժ խելքդ գլուխդ հավաքիր։ Ես կխեղդվեմ, և այդ թույլ չեմ տալ։ — Որ այդպես է, էլ ինչո՞ւ ինձ խանգարեցիր կարդալու։ Կյանքումս այս տեսակ հետաքրքրական գիրք չեմ տեսել։
Նա նստեց և շարունակեց ընթերցանությունը։ Ելենան այլևս ոչինչ չասաց։ Խոսելով յուր որդու հետ, մտքով նա զբաղված էր յուր ծրագրով, որ վաղուց նա կազմել էր և մշակել:
Նա մի քանի րոպե լուռ մտածեց, անցուդարձ անելով, հետո վերցրեց գլխարկը պահարանի վրայից և դուրս գնաց։ Նա գիտեր` որտեղ և ում մոտ է ծառայում Զինան։ Նստեց տրամվայ և քսան րոպե չանցած արդեն նրա մոտ էր։
— Վերջապես, շնորհ բերիք,— գոչեց Զինան, անկեղծ ուրախանալով, երբ տեսավ յուր նախկին տիրոջ քրոջը, որին ինքը հաճախ այցելում էր,— դուք վաղուց էիք խոստացել ինձ այցի գալ։ Շնորհակալ եմ։
Դա այլևս առաջվա Զինան չէր։ Նրբացել էր, սիրունացել։ Գիտեր հագնվել ինչպես «կրթված»։ Փոխվել էին նաև նրա խոսելու ոճը, շարժումներն ու ձևերը։
Նա հրավիրեց հյուրին յուր առանձին սենյակը, որի կահկարասուն նախանձեց Ելենան։ Նրա պաշտոնը նույնն էր, ինչ որ նախկին տերերի մոտ, բայց կատարում էր ավելի մաքուր և ավելի նուրբ գործեր, ուստի նրա ձեռքերը տաշվել էին և հղկվել, ինչպես մի քնքուշ տիրուհու ձեռքեր։
— Ինչպե՞ս են իմ նախկին տերերը,— հարցրեց նա մի տեսակ զգալի հեգնությամբ ընդգծելով վերջին բառը։— Ես նրանց ոչ մի տեղ չեմ հանդիպում։ Ուզում եմ ասել` թատրոններում։ Գիտեք, ես հիմա շաբաթը մի անգամ թատրոն եմ գնում, երկու անգամ էլ սինեմատոգրաֆ։ Իմ տիրուհին, իշխանուհի Օրբելյանին, ինձ հետ վարվում է ինչպես յուր հավասարի հետ։ Նա շատ ազնիվ կին է։ Ես էլ նրան սիրում եմ քրոջս պես։
Ելենան պատասխանեց.
— Ձեր նախկին տերերն այժմ ապրում են ավելի բախտավոր, քան առաջ։
— Այո՞,— հարցրեց Զինան նույն կիսահեգնական և կիսաբարեկամական տոնով։— Ուրախ եմ, շատ ուրախ եմ։
— Այո, շատ բախտավոր են, այն էլ ձեր շնորհով։ — Իմ շնորհո՞վ, ասացե՜ք խնդրեմ։
— Իհարկե։ Չէ՞ որ դուք տվիք նրանց մի բան, որ չունեին և սաստիկ ցանկանում էին ունենալ։
Հասկացա, դուք երեխայի մասին եք խոսում,— արտասանեց Զինան այնպիսի անտարբերությամբ, որ, կարծես, խոսքը մի չնչին առարկայի էր վերաբերում։— էհ, ի՞նչ են խոսում իմ մասին։
— Ձեր մասին նրանք ոչ միայն չեն խոսում, իսկի չեն էլ մտածում,— շտապեց օգտվել Ելենան, լավ ճանաչելով փարթամ ընտանիքների աղախինների շինծու գոռոզությունը:
Զինան վիրավորվեց։
— Բա՛հ,— գոչեց նա արհամարհանքով,— չեն մտածում:
Թող չմտածեն, շատ հարկավորս է։
Ելենան ավելացրեց.
— Դե, իհարկե, դուք նրանց հավասար չեք. աղախին և տիրուհի։
— Ներեցեք, ես այժմ աղախին չեմ, այլ տնտեսուհի, եթե կամենաք, իսկի տնտեսուհի էլ չեմ, այլ իշխանուհի Օրբելյանիի համար օգնական։ Չե՜ն մտածում։ Հարցրեք, ես նրանց մասին մտածո՞ւմ եմ։ Իսկի էլ չէ։ Ակն ընդ ական...
— Բայց երեխան ձերն է, ոչ թե այդ ավազակի աղջկանը,— աշխատեց Ելենան Զինայի արհամարհանքը փոխել ատելության։
— Ես երեխա չունիմ,— պատասխանեց Զինան, որին սարսափեցնում էր այն միտքը, թե մի օր այդ երեխային կարող են կապել յուր վզին։
Ելենան չհուսահատվեց։
— Այո,— ասաց նա սատանայական հեգնությամբ,— այդ էլ ճշմարիտ է։ Նրանք ձեր երեխային գնել են փողով և այժմ նա նրանց սեփականությունն է. այնպես, ինչպես այս կոշիկներն ինձ համար, կամ, այ, այն գլխարկը ձեզ համար։
Այս անգամ նետը դիպավ նշանին, բայց ոչ այն կողմին, դեպի ուր ուղղված էր։
— Գնել են, գնել են,— գոչեց Զինան, գրգռվելով,—բայց ո՞ւր են նրանց տված փողերը։
— Իհարկե, դրել եք բանկ և տոկոս եք ստանում։ — Դուք ծաղրում եք ինձ, Ելենա Գավրիլովնա, ես բանկում մի կոպեկ չունիմ։ Հասկանո՜ւմ եք, մի կոպեկ էլ։ Եթե կամենաք, ես մինչև օրս իսկի ոչ մի բանկի երես չեմ էլ տեսել։
— Հապա ի՞նչ արիք այն հազար ռուբլին։
— Պոլիկարպը փչացրեց,— պատասխանեց Զինան և հառաչեց տխուր։
— Պոլիկարպն ո՞վ է։
— Իմ նշանածը: Ես ձեզ չե՞մ պատմել։
— Հապա՞, հապա՞,— հետաքրքրվեց Ելենան, նախազգալով, որ այդ Պոլիկարպից կարելի է օգտվել։
VII
Զինան պատմեց յուր ռոմանը։ Հայտնվեց, որ Պոլիկարպը մի յունկեր է և նրա նշանածը «աստծու ու մարդկանց առաջ»։
— Բայց անգութը խաբեց ինձ։ Ասաց` հետո պիտի պսակվի, փողերս առավ, փչացրեց։ Անիծվի՜ նա։ Ինչպե՜ս սիրում էի նրան: Այժմ էլ սիրում եմ: Ինչքա՜ն եմ տանջվել, աստված իմ, ինչքա՜ն. թե՛ հոգով, թե՛ մարմնով։ Քանի-քանի անգամ ուզեցել եմ մկնդեղ ընդունել։ Գիտեք, ես նրա պատճառով երկու երեխա եմ փչացրել արգանդումս` մեկը չորս, մյուսը վեց ամսական։
Եվ Զինան արտասվեց։
Ելենան ուրախացավ մտքում։ Այդ նորությունը նրա համար մի անսպասելի զենք էր, որ ինքը Զինան դրեց նրա առաջ։ Նա շտապեց վերցնել այդ զենքը և անմիջապես ուղղել պարզամիտ կնոջ կրծքին։
Նա ասաց.
— Այդպես, ուրեմն, դուք այժմ ոչինչ չունեք, աղքատ եք։ Ցավալի է, շատ ցավալի։
Եվ, մի կեղծ հառաչանք արձակելով կրծքից, ավելացրեց.
— Դե, եկեք ու աշխարհիս բաները հասկացեք։ Մայրն աղքատ և ուրիշների մոտ ծառա — դե, ինչ էլ լինի` ծառա եք,— իսկ զավակն ապրում է ինչպես մի փոքրիկ իշխան և այսօր-վաղը պիտի ժառանգե ահագին հարստություն։ Աստվա՜ծ իմ, ի՜նչ անարդարություն։
Եվ շարունակեց նույն ուղղությամբ, չթողնելով Զինայի հուզմունքն անցնե։ Ոչ, ոչ, աղքատները շատ էլ անտեր ու անպաշտպան չեն։ Գոհություն՝ աստծու, օրենքներ կան և դատարանների դռները բաց են ամենքի համար հավասար։ Ահա հենց նորերս պատահեց համանման մի բան։ Մի հարուստ մարդ, վաճառական թե կալվածատեր, Ելենան մոռացել է, այո, մի հարուստ մարդ բռնաբարում է յուր սպասուհուն, հղիացնում և դուրս անում յուր տնից, գրպանը դնելով մի քանի կոպեկ։ Խեղճ կինը մնում է փողոցներում։ Գնում է հասարակաց ծննդարան ազատվում։ Ի՜նչ անե երեխային։ Դեսու-դեն է ընկնում։
— Բարեբախտաբար,— շարունակեց Ելենան, ուրախությամբ տեսնելով, որ յուր հնարած պատմությունը հետաքրքրում է Զինային,— աշխարհում դեռ բարի մարդիկ բոլորովին չեն անհետացել։ Մի ազնիվ փաստաբան նրան խորհուրդ է տալիս դիմել դատարանին և հանձն է առնում պաշտպանել նրան։
— Փողո՞վ,— ընդհատեց Զինան։
— Լսեցեք։ Այդպիսի բարի փաստաբաններ միշտ կարելի է գտնել։ Դիմում է։ Դատավորների ներկայությամբ նա երեխային դնում է հարստի առաջ ու ասում. «քոնն է, վերցրու, պահիր»։ Դատավորները կատաղում են հարստի դեմ ու վճռում, որ նա կամ պսակվի յուր սպասուհու հետ կամ երեխային ապահովե ու մորն էլ նշանակե խոշոր ամսական։
— Նշանակո՞ւմ է,— հարցրեց Զինան։
— Այո, իհարկե, ինչպե՞ս կարող էր դատարանի վճիռը չկատարել։ Նշանակում է ամսական երեք հարյուր ռուբլի։
— Երե՜ք հարյուր ռուբլի ամսական,— գոչեց Զինան հափշտակվելով մի այդպիսի հեռանկարով,— աստված իմ, մի՞թե այդ կարելի է։
— Ինչո՞ւ չի կարելի։ Ամեն մարդ պարտավոր է տալ յուր ունեցածի չափ։ Հարստի համար հարյուրները նույնն են, ինչ որ մեզ համար կոպեկները։ — Ուրեմն եթե դատարանին դիմեմ, ձեր եղբորն է՞լ կստիպեն ինձ ամսական նշանակել:
— Իհարկե, կստիպեն: Բայց ես չէի կամենալ, որ եղբորս դատարան քաշեք։ Գիտեք, ես հարազատ քույր եմ, եթե նրան տեսնեմ մեղադրյալների նստարանի վրա, շատ կտանջվեմ, շա՜տ...
— Որ այդպես է, էլ ինչո՜ւ համար այդ ասացիք,— հիասթափվեց Զինան:
— Օրինակ էր, բերեցի էլի։ Բայց դուք կարող եք դատարան կանչել նրա կնոջը։ Մեղավորն իսկապես նա է: Յուր արգանդը աստված չորացրել է, ուրիշի բերքը խլեց: Օօ՜, չգիտեք ինչ օձ է։
— Սխալվում եք, Ելենա Գավրիլովնա, տիկին Լիդիան լավ կին է։ Ես այս ամեն տեղ կասեմ, ամեն տեղ․․․
Ելենան ցնցվեց այդ պաշտպանությունից, նա հակառակն էր սպասում լսելու։ Բայց շփոթվեց։
— Զարմանում եմ,— ասաց նա արհամարհանքով,— ինչպե՞ս կարելի է լավ անվանել մի կնոջ, որ ձեզ զրկել է ձեր հարազատ զավակից։
— Նա չի զրկել, ես ինքս եմ հրաժարվել իմ երեխայից։ Ի՜նչ բան է երեխան։ Աղքատի համար գլխացավանք։ Երբ ուզենամ, կարող եմ երեխա ունենալ, դա դժվար բան չէ։
— Ախ,— կեղծեց Ելենան, անգետ ձևանալով,— ես չգիտեի, որ դուք ինքներդ եք հրաժարվել։ Էհ, որ այդպես է, մնում է ձեզ լռել ու նստել ձեր տեղը։ Դուք մի կոպեկ էլ չեք ստանա ձեր զավակի ապագա ժառանգությունից։
Բայց արդեն հեռանկարն այնքան գրավիչ էր Զինային, այլևս լռել չէր կարող։
— Եթե կարելի լիներ առանց դատարանի մի գումար ստանալ, ասաց նա, հառաչելով, — ինչո՜ւ չէ, ես չէի հրաժարվիլ։
— Առանց դատարանի ոչինչ չեք կարող ստանալ։ Ուզում եք — փորձեցեք։ Շատ կարելի է եղբայրս ուզենա մի բան տալ, բայց կնիկը չի թույլ տալ։ Նա մինչև անգամ կստիպե եղբորս ձեր վզակոթին տալ ու դուրս անել։ Վերջին դարձվածը ասվեց որոշ նպատակով։
— Ի՞նչ,— գոչեց Զինան,— մի՞թե կհամարձակվի։ Ես ձեր եղբորը ամբողջ աշխարհի առաջ կխայտառակեմ: Ո՞վ է նա։ Այ, դուք ինքներդ ասացիք, որ դատարանը այն հարստին ստիպում էր պսակվել յուր սպասուհու հետ։ Ի՜նչ։ Դուք կարծում եք, եթե ձեր եղբայրը կամենա, ես էլ կկամենա՞մ նրա հետ պսակվել: Թքել եմ։ Նա իմ Պոլիկարպի մի եղունգին չարժե։ Եթե ես համաձայնվեցի, կարծում եք սիրելո՞ւց էր։ Ինչպե՞ս չէ. թքել եմ։ Այնպես էլի, մի րոպե խելքս կորցրի։ Մեկ էլ, որ ինձ փող էր հարկավոր ծնողներիս ուղարկելու ու ասացի. «Լավ, վերցրու ինձ, բայց փող տուր»։ Նա տվեց, ես էլ... Ահա թե ինչ։ Մյուս օրը ես նրանից զզվում էի և էլ չթողեցի։ Ես այժմ ատելով ատում եմ այդ սևամորթ ասիացիներին, կարծես ծնվելիս նրանց մանկաբարձուհիների ձեռքերը մրոտ են եղել: Առաջ էլի հավանում էի, շատ էի լսել, ասացի փորձեմ... Իսկ այժմ... թյո՜ւ, ահա թե ինչ...
Եվ սկսեց վրդովված անցուդարձ անել։
Ելենան ձևացավ, թե պատրաստվում է հրաժեշտ տալու և ասաց.
— Էհ, որ այդպես է, դուք գիտեք, ես իմն ասացի։
— Սպասեցեք, ո՞ւր եք շտապում, մտածենք, տեսնենք ինչ կարելի է անել։
— Ոչ, ոչ, պետք է գնամ, առանց այն էլ ավելորդ բաներ շատ խոսեցի: Աշխարհումս ճշմարտությունը պաշտպանելը ձեռնտու չէ։ Ո՞վ գիտե, մեկ էլ տեսար մի օր գնացիք այդ իշխանի աղջկա մոտ ու ասացիք. «Ինձ ձեր մարդու քույրն է ուղարկել, ես եկել եմ ձեզ դատի կանչելու»։
Հայտնի նպատակով արված ենթադրությունը ունեցավ ցանկալի ազդեցություն։ Զինան դարձյալ վրդովվեց։
— Ի՞նչ եք ասում, Ելենա Գավրիլովնա, դուք ինձ վիրավորում եք. Մի՞թե ես այդքան հիմար եմ կամ անազնիվ։
Ի՞նչպես կարելի է ազգականների մեջ թշնամություն գցել։ Ներեցեք, ես էլ քիչ թե շատ հասկացող եմ...
— Ի՜նչ գիտեմ, կյանքումս արած լավություններիս փոխարեն այնքան սև երախտամոռություն եմ տեսել, որ այլևս ոչ ոքի չեմ հավատում։ Դեհ, ես գնացի։ Ասաց Ելենան, երերվեց աջ ու ձախ, բայց չվերկացավ։
— Ուրեմն, ի՜նչ եք ասում, դատարանին դիմել Է՞լի,—հարցրեց Զինան։
— Այ, տեսնո՜ւմ եք,— կեղծ վրդովվեց Ելենան,— ես ձեզ խորհուրդ տվեցի՜։ Չէ՞ որ ես միայն իմ կարծիքը հայտնեցի։ Աստված իմ, աստված, արի ու բարեկամական զգացումներդ հասկացրու այդ մարդկանց...
— Լավ, լավ, Ելենա Գավրիլովնա, ես ձեզ վշտացնելու համար չասացի, այլ այնպես։ Բայց ես կդիմեմ դատարանին, անպայման կդիմեմ։
Այս խոսքերի հետ Զինան աշխատեց յուր մեջ գրգռել թշնամական զգացում դեպի Լիդիան։
— Ահ, ի՜նչ հիմարն եմ ես, որ մինչև հիմա լռել եմ։ Ո՞վ է այդ կինը, ի՞նչ իրավունքով է պահում իմ երեխային յուր մոտ։ Այո, ես հենց այդպես էլ կասեմ դատարանին։ Թող ես խայտառակվեմ, բայց նա էլ կխայտառակվի։
— Այ, այդպես խոսեցեք, որ ես էլ գովեմ,— խրախուսեց նրան Ելենան,— թե չէ թշնամիներդ կարող են ասել, որ դուք պատվի զգացում չունեք։ Եվ ես ինքս ինձանից կամաչեմ, տեսնելով, որ իմ ծանոթը, որին սիրում եմ հարազատ քրոջ պես, պատվի զգացում չունե։
— Ե՞ս չունեմ պատվի զգացում,— ավելի գրգռվեց Զինան,— այդ դեռ կտեսնենք։ Ես իմ երեխային կխլեմ այդ խրտվիլակի ձեռքից և տասը հազարով էլ ետ չեմ տալ։ Նրանք կուզե՜ն, կուզե՜ն, բայց ես չեմ տալ, պրծավ գնաց։ Ի՜շ, չեն մտածում իմ մասին, կեղտոտ ասիացիներ։
— Դե լավ, Զինա, դուք ինձ էլ եք վիրավորում։ Չէ՞ որ ես էլ ասիացի եմ։
— Դուք քաղաքավարություն գիտեք, այ, եկել եք այցելյության, դուք ասիացի չեք։
Ելենան վերջապես ոտքի կանգնեց։
— Ցտեսություն,— ասաց նա,— շատ նստեցի։ Էհ, ինչ որ էլ ուզենաք անել, առանց փաստաբանի չանեք, կարող եք խաբվել: Բայց չլինի թե ջհուդ փաստաբանի դիմեք։ Ջհուդները կաշառվող են։
— Դուք հանգիստ կացեք, ինձ խաբելն այնքան էլ հեշտ չէ։ Միայն Պոլիկարպն ինձ խաբեց։ Բայց նա էլ վերջն էլ կգա, ոտքերս կընկնի։ Առայժմ այն անառակ Կատյայի ետեվիցն է ընկած։ Մի հատ խաղարկու տոմսակ ունե, այն էլ կփչացնի, կգա յուր Զինայի մոտ։ Գնաք բարով։ Այս օրերս ես կմտնեմ ձեզ մոտ և կասեմ, ինչ արի։
Ելենան գնաց։
VIII
Երբ նրանք դատարանի կոչնագիրը ստացան, կարդացին, առաջին պահ չհավատացին իրենց աչքերին։
Մոռացե՞լ էին նրանք Զինային, թե՞ միանգամայն հանգիստ էին, թե երբեք նա նրանց չի անհանգստացրել: Ոչ այս, ոչ այն. նախկին սպասուհու ուրվականը շարունակ կանգնած էր նրանց առջև։ Շատ բան էր սպասում Լիդիան Զինայից, բայց ոչ դատարան։
Ի՞նչ, նրան մեղադրում են «ուրիշի երեխան սեփականացնելու մեջ»։ Եվ ո՞վ է մեղադրողը։ Նա, որ ամենայն հանգստությամբ կամեցել էր շպրտել այդ երեխային փողոց և որ այնքան ուրախացավ, երբ մի բարի ձեռ հանձն առավ նրան ազատելու այդ ծանր բեռից: Եվ այժմ այդպիսի մի կին ետ է պահանջում այն, ինչից ազատվելու համար Լիդիայի փեշերն էր լզել: Եվ այժմ Լիդիան պիտի զրկվի՞ Սերժից։ Եվ այժմ ուզում են դաշույնի ծայրով դուրս գցլել նրա սիրտն ու դեն ձգել...
Լիդիան գունատվեց թղթի պես։ Նրա թևերն անզոր ընկան կողերին, ծնկները ծալվեցին։ Մեջքը կռթնելով պատին, նա ճիգն արավ խոսելու և միայն կարողացավ արտասանել խեղդված ձայնով.
— Ես կործանվեցի...
Մի քանի րոպե Գուրգենը ոչինչ չկարողացավ ասել։ Ամոթի զգացումը, սերը դեպի Լիդիան, սերը դեպի Սերժը, երկյուղը հասարակական դատից — մի վայրկյանում միացան իրարու և կաշկանդեցին նրա լեզուն:
Նա նստեց աթոռի վրա ընկճված, ոչնչացված, ձեռները հենած նրա կռնակին, և հայացքը բևեռեց հատակի մի կետին։
Այդպես, ուրեմն, նրան քաշում են դատարան: Եվ ոչ մենակ նրան, այլև Լիդիային։ Նա պետք է հրապարակորեն հաշիվ տա յուր հանցանքի համար: Այո, իհարկե, պետք է տա, այլապես անկարելի է գործը պարզել: Հակառակորդի փաստաբանը, դատավորները, դատախազը, բոլորը, բոլորը պիտի հետաքրքրվեն այդ գործով ինչպես մի զբաղեցուցիչ ռոմանով։ Պետք է բաց անեն նրա ինտիմ կյանքի գիրքը և կարդան ծայրեիծայր, առանց մի տող բաց թողնելու, առանց նրան խնայելու:
Բայց այդ բոլորը դեռ ոչինչ։ Ի՞նչպես պետք է կրե այդ խայտառակությունը Լիդիան։
Նա՛, որ այնպիսի վեհանձնությամբ ծածկեց ընտանեկան ամոթը օտարներից։
Առաջինը Լիդիան ժողովեց ուշքը։
— Շտապիր մնալ այդ կնոջ մոտ և ազատել երեխային։
— Բայց ես չգիտեմ նրա հասցեն։
— Գնա հասցեների բյուրոն և հարցրու։
— Արդյոք, հարմա՞ր է,— տատանվեց Գուրգենը։— Ես իմ մասին չեմ հոգում, այլ...
Լիդիան հասկացավ նրա միտքը...
— Այո,— ասաց նա, դիմելով յուր սովորական առողջամտության оգնությանը,— դու ունիս իրավունք։ Դա կարող է գործը փչացնել։ Ի՞նչ անենք, ուրեմն։
— Իմ կարծիքով՝ նախ և առաջ անհրաժեշտ է խորհրդակցել մի հմուտ փաստաբանի հետ։ Ես իսկույն կերթամ Սինոփյանի մոտ։ Նա ինձ ցույց կտա գործելու եղանակը։ Այո, այո, նա խելոք մարդ է և հմուտ փաստաբան։
— Արա, ինչ որ ուզում ես, միայն երեխայիս ազատիր։
Նա իմն է, և ոչ մի մարմնավոր մայր չի կարող նրան սիրել այնպես ինչպես ես եմ սիրում։
— Լիդիա,— գոչեց Գուրգենը,— ես նորից թողություն խնդրելու պահանջ եմ զգում։ Դու...
— Ազատիր երեխային,— ընդհատեց նրա խոսքը Լիդիան,— և ես ոչինչ չեմ ուզում, ոչինչ։ Նրա մեջ է ամփոփված իմ կյանքը։
Գուրգենը լուռ անցավ յուր սենյակը, հագուստը փոխեց և շտապեց դուրս։
Քանի մի րոպեում կառքը նրան հասցրեց փաստաբանի բնակարանը։
Բարեբախտաբար Սինոփյանը տանն էր։ Նա անմիջապես ընդունեց Գուրգենին։
— Հուսով եմ, ձեր այցելությունը կապ չունի իմ արհեստի հետ,— ասաց նա՝ ոտքի կանգնելով և սեղմելով Գուրգենի ձեռը։
— Ունի։
— Այդ ինձ չի ուրախացնում։ Նստեցեք, խնդրեմ։ Պատրաստ եմ ծառայելու։
Դա մոտ հիսուն տարեկան մի մարդ էր՝ միջահասակ, նուրբ կազմվածքով, կիրթ և մեղմ ձևերով։ Իբրև փաստաբան նա համարվում էր մեկն առաջիններից։ Իբրև մարդ հարգված էր հասարակությունից և յուր արհեստակիցներից։ Նրա խոսքը ոչ այնքան զորեղ էր, որքան նուրբ, երբեմն նույնիսկ սրամիտ։ Խոսում էր նա դատարաններում, ինչպես և կյանքում, միշտ հանդարտ, անվրդով։ Երբեք չէր դիպչում հակառակորդի անձնավորությանը, չէր գրգռում դատավորներին, որոնք միշտ նրան լսում էին հաճույքով։ Շատ քիչ էր պատահում, որ նախագահը ընդհատեր նրա խոսքը կամ որևէ նկատողություն աներ։ Կար ինչ-որ համակրելի գիծ նրա դեմքի վրա, որ մարդկանց տրամադրում էր դեպի նա բարեկամաբար։ Գուցե դա նրա մի քիչ դուրս ցցված շրթունքների մանկական ժպիտն էր, որ ցույց էր տալիս նրա առողջ, գեղեցիկ, կանոնավոր ատամները։
Գուրգենը պատմեց բոլորը, առանց մի կետ թաքցնելու, առանց իրան խնայելու։
— Է՜է, բարեկամ,— ասաց Սինոփյանը լուրջ և ուշադիր լսելուց հետո,— զուր եք ռմբակոծում ձեզ։ Դուք ոչ առաջինն եք և ոչ վերջինը։ Չէ՞ որ մենք ամենքս վավաշոտ ասիացիներ ենք․․․ Միայն մի հարց․ որքան ինձ հայտնի է, դուք սիրում եք ձեր ամուսնուն։
— Այո, սիրում եմ,— առանձին շեշտով արտասանեց Գուրգենը։
— Ի՞նչպես, ուրեմն․․․
— Մի՛ հարցնեք,— ընդհատեց Գուրգենը, ամոթից ճնշվելով,— ես ինքս էլ չգիտեմ, ինչպես պատահեց։ Խենթություն, անասնական կրքերի բորբոքում, ատավիզմ, անվանեցեք ինչ կամենաք, միայն ազատեցեք ինձ այս փորձանքից, ես ոչինչ չեմ խնայիլ․․․
— Ո՞վ է ձեր հակառակորդի պաշտպանը։
— Չգիտեմ։
— Կարդացե՞լ եք նրա խնդրագիրը։
— Ոչ, կոչնագիրը կես ժամ առաջ ստացանք։ Ոչինչ չգիտեմ։
— Մտադի՞ր եք գնալ դատարան, թե՞ կամենում եք գործը հաշտությամբ վերջացնել։
— Գերադասելի է, իհարկե, հաշտությունը, թեև ինձ համար ծանր է այդ կնոջ հետ բանակցության մեջ մտնելը։ Ես հոգում եմ ոչ այնքան իմ, որքան ամուսնուս մասին։ Նա չի կարող նստել մեղադրյալների նստարանի վրա․․․
— Երևի, ուզում եք ասել, որ տիկինը չի կարող լսել ուրիշների ներկայությամբ ձեր դավաճանության մանրամասները, որոնք անշուշտ թաքցրել եք նրանից։
— Ներեցեք, իմ կինը գիտե բոլոր մանրամասները, և պատմել եմ ես ինքս․․․
— Իհարկե, իհարկե,— ընդհատեց Սինոփյանը, ժպտալով,— իբրև ազնիվ մարդ, դուք, մի անգամ զղջալով, պարտք եք համարել խոստովանել բոլորը։ Բայց այլ է տանը դեմառդեմ, առանց վկաների, այլ է դատարանում, օտարների ներկայությամբ։ Այնուհետև, չէ՞ որ աչքի առջև պիտի ունենալ և՛ մամուլը ու նրա ընթերցողներին։ Եթե դուք լինեիք մի աղքատ զույգ, ո՞վ կհետաքրքրվեր ձեր ընտանեկան դրամայով կամ կոմեդիայով։ Բայց դուք հարուստ եք և քաղաքում հայտնի, ուստի պետք է սպասեք, որ լրագիրները կթմբկահարեն հանուն իրենց հինգ կոպեկների։
Սինոփյանը կանգ առավ, մի փոքր մտածեց և ավելացրեց․
— Շատ բարի, ես կօգնեմ ձեզ ուժերիս չափ, առայժմ ոչ իբրև փաստաբան, այլ իբրև խորհրդատու բարեկամ։
— Աղաչում եմ։
— Տվեք ինձ մի օր ժամանակ։ Այսօր ես կմտնեմ դատարան, կկարդամ այդ կնոջ խնդրագիրը։ Պետք է իմանալ ինչ է պահանջվում ձեզնից։ Հետո անհրաժեշտ է իմանալ՝ ով է հանձն առել նրա դատի պաշտպանությունը։ Կա որոշ էտիկա փաստաբաններիս համար, որին պարտավոր ենք հպատակվել։
— Շնորհակալ եմ։ Ուրեմն, վա՞ղը։
— Վաղը ճիշտ այս ժամին ես ձեզ կսպասեմ։ Բարևեցևք ձեր ամուսնուն և իմ կողմից ասացեք, որ չհուսահատվի։ Չկա տխուր դրություն, որ ելք չունենա։ Դատարանն այնքան էլ սարսափելի չէ, որքան կարծում եք։
Գուրգենը հրաժեշտ տվեց և շտապեց տուն։
Երբ նա կառքով մտազբաղ անցնում էր փողոցներով, զբոսնող ամբոխի միջից մի կին բարևեց նրան։
Ելենան էր։ Գուրգենը բնազդաբար զգաց մի ատելություն դեպի հարազատ քույրը և չպատասխանեց նրա բարևին։
Լիդիային նա հանդիպեց սեղանատանը Սերժի հետ նախաճաշ անելիս։
— Պապա,— ասաց վեց տարեկան մանուկը,— ասա մամային, որ չտխրի։ Դու որ տանը չէիր, ննջարանում լաց էր լինում։ Ինձ տեսավ, աչքերը սրբեց։ Էյ, մամա, կարծում ես, ես հիմար եմ, ոչինչ չե՞մ հասկանում։ Չէ, հիմա ես էլ երեխա չեմ։ Դայակն այսօր ինձ ասաց․ «Սերգեյ Գուրգենովիչ»։ Պապա, շուտով ես էլ քեզ պես բեղեր կունենամ։
Մանկան շաղակրատանքը մի հույզ գցեց Գուրգենի սիրտը, Նա կշտամբանքով նայեց Լիդիային և փոխարենը ստացավ նրա հարցական հայացքը։
— Համբերիր մինչև վաղը,— պատասխանեց Գուրգենը։ Եվ, գրկելով մանկանը արտասովոր ջերմությամբ և համբուրելով նրան, նստեց նախաճաշ անելու։
IX
Հետևյալ օրը որոշյալ ժամին Գուրգենը մտավ փաստաբանի մոտ։
— Բարեկամ, ձեր գործն այնքան էլ հասարակ չէ, որքան կարելի էր կարծել առաջին պահ,— ասաց Սինոփյանը, ուղղելով իր պենսնեն, որ շարունակ սահում էր ցած։
— Ես կարդացի այդ կնոջ խնդրագիրը, նա այնքան մեղադրանքներ է բարդում ձեզ վրա, որ արդարանալու համար քիչ ջանքեր չեն հարկավոր ձեր կողմից։
— Օրինա՞կ,— հարցրեց Գուրգենը անհանգիստ։
— Ե՛վ դուք նրան հարբեցրել եք, և՛ սպառնացել եք սպանելու, եթե չհամաձայնվի, և՛ ֆիզիկական ուժ եք գործ դրել։ Այնուհետև խլել եք ուժով նրա զավակին ու իրան դուրս շպրտել։ Հետո հակառակ նրա կամքի, մկրտել եք երեխային լուսավորչական։
— Այդ բոլորը սուտ է,— գոչեց Գուրգենը,— սուտ է։
— Կարո՞ղ եք ապացուցանել, որ սուտ է։
— Ապացուցանելու կարիք չկա։ Նա ինքը կխոստովանի, երբ դատարանում ճակատ-ճակատի կկանգնենք։
— Լսեցեք, բարեկամ․ այդ բոլորը, իհարկե, սուտ է և գուցե այդ կինը խոստովանի էլ դատարանում, եթե թույլ տան նրան։ Բայց բանն այն է, որ նրան թույլ չեն տալ այդ անելու։ Նա յուր դատը հանձնել է այնպիսի մեկին, որի հետ այնքան էլ դյուրին չէ գործ ունենալ։ Դա հայտնի Լազմանովն է։
Եվ Սինոփյանը նկարագրեց Զինայի փաստաբանին։ Լազմանովը կամ Լազմանյանն այն քաղցած գայլերից է, որոնք իրենց ահռելի ստամոքսը առժամանակ կերակրում են դատարանների կեղտոտ փշրանքներով, սպասելով մի չաղ որսի, որպեսզի իրանց սուր ճանկերով հոշոտեն նրա մարմինը։ Նրանք հանձն են առնում ամեն տեսակի գործեր՝ լինեն այդ գործերն արդար թե՛ անարդար, մաքուր թե՛ անմաքուր։ Միևնույն ժամանակ իրենց օրորում են դիպվածների քաղցր հուսով։ Հանկարծ կույր բախտն յուր անիվը շուռ է տալիս նրանց կողմը և հագուրդ է տալիս նրանց ախորժակին։
— Ես ճանաչում եմ մի քանիսին,— շարունակեց Սինոփյանը,— որոնք երկար տարիներ ապրել են կես-կուշտ, կես-քաղցած և մի օր հանկարծ գտել են մի միամիտ զոհ և, կողոպտելով նրան, ապահովել են իրենց զազրելի գոյությունը։ Այդ տեսակ մի զոհ կարող եք դառնալ դուք ներկա դեպքում։ Հետևաբար ձեր գրպանին սպառնում է մեծ արշավանք․․․
— Ուրեմն այդ Լազմանովին կարելի՞ է կաշառել։
— Բաա, իհարկե։ Կարելի է։ Բայց այդ երբեք չպիտի անել։
— Ինչո՞ւ։
— Առաջինը, որ նա կպահանջե մի գումար, որին չարժե գործը։ Երկրորդ, դիմել կաշառքի օգնության, կնշանակե կամավոր ընդունել բոլոր մեղադրանքների ճշմարտությունը։ Այնինչ դուք սուտ համարեցիք ձեր հակառակորդի մեղադրանքները։ Այսպես թե այնպես, կաշառքի միջոցը ամենաանհարմարն է և, միևնույն ժամանակ, ոչ անվտանգ։
— Ես վտանգներից չեմ վախենում։ Ես մտածում եմ միայն իմ կնոջ մասին։ Պատրաատ եմ ամեն բան անել, միայն թե նա ինձ հետ չնստե մեղադրյալների նստարանի վրա և չլսե այն, ինչ որ անխուսափելիորեն պիտի ասվի դատարանում։
— Ես հասկանում եմ ձեր տրամադրությունը, բայց լսեցեք։ Դուք, իհարկե, կարող եք տալ, որքան պահանջեն։ Ունիք, գոհություն աստծու։ Բայց դա կդառնա ձեր հակառակորդների ձեռքում մի սուր նշտար ձեր առատ արյունը շարունակ հոսեցնելու և, ո՞վ գիտե, միանգամայն ցամաքեցնելու համար։
— Ուզում եք ասել շանտա՞ժ։
— Իսկ և իսկ։ Վճարելով մի անգամ, դուք ստիպված կլինեք վճարել երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ և այսպես անվերջ։ Կարո՞ղ եք համբերությամբ տանել մի այդպիսի դրություն։
— Ոչ։
— Հիանալի։ Երկրորդ դրություն․ կարո՞ղ եք երեխային վերադարձնել այդ կնոջը շանտաժից ազատվելու համար։
— Այդ բոլորովին չեմ կարող։
— Զգում եմ։ Ահա հենց այդ է պատճառը, որ ես ձեր գործը համարում եմ բարդ։
— Ուրեմն ի՞նչ անեմ։ Ի՞նչ խորհուրդ եք տալիս։
— Համբերեցեք,— պատասխանեց Սինոփյանը հանգիստ,— կմտածենք, կորոշենք։ Շտապելու կարիք չկա։ Այդպիսի դեպքերում սառնությունը մարդու առաջին օգնականն է։
Եվ, վերցնելով սեղանի վրայից մի արկղիկ, առաջարկեց Գուրգենին։
— Ծխեցեք, հազվագյուտ սիգարներ են։ Իմ կլիենտներից մեկն է բերել ինձ համար արտասահմանից։
— Շնորհակալ եմ, ես սիգար չեմ ծխում,— ասաց Գուրգենը, մի ուրիշ արկղից վերցնելով մի ծխախոտ և վառելով։— Ազատեցեք ինձ այս նեղ դրությունից, և ես այդ արկղիկը կլցնեմ ոսկիներով։
Սինոփյանը ժպտաց հեգնորեն-ներողամտաբար։ Նրա խելացի դեմքն ընդունեց այնպիսի արտահայտություն, որ Գուրգենն զգաց յուր անտակտությունը։
— Էէ, բարեկամ, դուք հարուստներդ ձևված և կարված եք միևնույն չափով։ Դուք կարծում եք, թե ամեն ինչ կարելի է գնել փողով, նույնիսկ ոգևորությունը։ Ես հարուստ չեմ, ճշմարիտ է, բայց ագահ էլ չեմ։ Ես մտածում եմ, միայն՝ ո՛ր աստիճանի հետաքրքրական է ձեր գործն իբրև գործ։ Իսկական փաստաբանը նույնն է, ինչ որ արտիստը, նա միայն այն գործն է լավ պաշտպանում, որ նրան տալիս է հոգեկան հաճույք, նրան տրամադրում է, ոգևորում, հափշտակում։
— Բայց իմ դատի մեջ չկա ոգևորության նյութ։
— Կարծո՞ւմ եք։ Իսկ ինձ թվում է, որ կա և մեծ նյութ ոգևորության։ Ինձ հետաքրքրում է գործի ոչ այնքան իրավաբանական, որքան հոգեբանական կողմը և կարծում եմ, որ ես կարող եմ ձեզ, մանավանդ ձեր ամուսնուն՝ պաշտպանել ոչ ինչպես արհեստավոր, այլ իբրև արվեստագետ։
— Ձեր խոսքերն ինձ ուրախացնում են։ Կնշանակե, դուք հավատում եք, որ արդարությունը շատ էլ հակառակորդի կողմը չէ։ Իսկ ես հավատում եմ ձեր տաղանդին՝ և հմտությանը։ Պատրաստ եմ վարվեք այնպես, ինչպես թելադրեք։
— Դա ամենալավ ճանապարհն է։ Այժմ բարի եղեք լսելու իմ կարծիքը։ Նախ և առաջ անհրաժեշտ է, որ դուք և ձեր ամուսինը պահեք ձեզ սառը, անտարբեր։ Թող ձեր հակառակորդները չզգան, թե դուք վախեցած եք դատից կամ հուզված։ Զգուշացնում եմ, մենք կարող ենք գործը տանուլ տալ։
— Այսինքն ինչպե՞ս,— ցնցվեց Գուրգենը։
— Դատարանը կարող է երեխային խլել ձեզնից և տալ այդ կնոջը։ Դա ավելի քան հավանական է։
— Դուք ինձ հուսահատեցնում եք, պարոն Սինոփյան։
— Լսեցեք մինչև վերջը և չեք հուսահատվիլ․․․
Եվ Սինոփյանը, սիգարի ծուխը քուլա-քուլա բաց թողնելով գլխից վեր, սկսեց բացատրել յուր միտքը։
Եթե Գուրգենն ու Լիդիան մինչև դատը հաշտություն առաջարկեն իրենց հակառակորդին, կտուժեն ոչ միայն նյութապես, այլև բարոյապես։ Նրանց գլխին հավիտյան կանգնած կլինի երեխայից զրկվելու վտանգը ինչպես Դամոկլյան սուր։ Նկարագրից երևում է, որ Զինան բոլորովին չի սիրում յուր զավակին։ Նրա հոգսը երեխան չէ, այլ յուր գրպանը։ Չպիտի մոռանալ և նրա փաստաբանին, որին երեխայի այս կամ այն կողմին պատկանելն այնքան է հետաքրքրում, որքան Գուրգենին յուր ծխախոտի ծխի ուղղությունը։
— Թող դատն սկսվի ու վերջանա,— շարունակեց Սինոփյանը, ավելի ու ավելի ոգևորվելով,— թող երեխան անցնե այդ կնոջ ձեռքը։ Ի՞նչ նյութական շահ պիտի ունենա նա։— Շատ-շատ ամսական քսանուհինգ կամ հիսուն ռուբլի, որ դատարանը կպարտավորեցնի ձեզ վճարել երեխայի ապահովության համար։ Մի հասույթ, որով այդ կինը չի կարող գոհացնել յուր փաստաբանի ախորժակը․․․
— Հետևա՞նքը,— հարցրեց Գուրգենն անհամբեր։
— Հետևանքը կլինի տեսարանի կատարյալ հեղաշրջումը։ Այն կինը և այն փաստաբանը, որ մինչև դատը գայլեր էին, կդառնան գառներ դատից հետո։ Եվ մի գեղեցիկ օր մայրը, երեխայի ձեռքից բռնած, կգա ու կկանգնի ձեր դռների առջև ու կասե․ «ետ վերցրեք սրան և տվեք ինձ մի շոշափելի վարձ, ես բոլորովին կհրաժարվեմ իմ զավակից»։ Դուք կձևանաք, իհարկե, դարձյալ անտարբեր, իբր թե այլևս չեք հետաքրքրվում երեխայով։ Երբ վաճառողն է գալիս գնողի մոտ, ապրանքի գինն ընկնում է։ Եվ դուք այն ժամանակ կվճարեք այնքան, որքան ձեր քեֆն է․․․
— Պարոն Սինոփյան, երեխան ապրանք չէ։
— Ապրանք է, բարեկամ, ապրանք այդ կնոջ համար։ Այլապես նա մինչև այժմ լուռ չէր մնալ։ Հավատացեք, նա ձեր տված գումարը ծախսել է, վերջացրել է և այժմ փողի կարիք ունե ու դիմում է այդ միջոցին։ Իսկ փաստաբանը նրան ամեն օր տալիս է դյուրին հարստանալու հրապուրիչ հեռանկարն ու ավելի ու ավելի լարում ձեր դեմ։ Բարեկամ, իբրև հայր, դուք կարող եք ենթարկվել ձեր զգացումներին, բայց մենք՝ փաստաբաններս, իրերը վերլուծում ենք սառը բանականությամբ։
— Ահ, իմ զգացումները բևեռված են միայն մի կետի վրա,— գոչեց Գուրգենը,— դա իմ կնոջ վիճակն է։ Չեք կարող երևակայել, պարոն Սինոփյան, թե նա ո՛րքան է տանջվում։ Երեխայից զրկվելու միտքը նրան խելակորույս է արել։ Ողբում է ինչպես մի մայր, որի զավակին կախաղան պիտի տանեն։ Երեկ գիշեր երեք անգամ գոռալով զարթնեց և գրկեց ու անվերջ, անվերջ համբուրեց երեխային։
Եվ, աշխատելով զսպել յուր հուզմունքը, որպեսզի չարտասվի, շարունակեց․
— Կարո՞ղ եք երևակայել, որ մի կին օտար արգանդի բերքը սիրե այդպիսի կրակոտ սիրով։ Այնինչ այդ մանուկը մի անբուժելի վերք է նրա կանացի անձնասիրության վրա․․․ Չեմ հասկանում, չեմ հասկանում։
— Էէ, բարեկամ,— արտասանեց փաստաբանը, գլուխը շարժելով,— բարդ է, շատ բարդ կին էակի հոգեբանությունը։ Եվ միամիտ է նա, որ կհավատացնի ձեզ, թե գեթ կիսով չափ ուսումնասիրված է այդ անհատակ օվկիանոսը։
Նրանք մի քանի վայրկյան լռեցին։ Գուրգենը մտածեց և, մի վճռական շարժում անելով, ասաց․
— Ինչ լինելու է, թող լինի, ես հետևում եմ ձեր խորհրդին։
— Դատարա՞ն։
— Դատարան։
— Ես հանձն եմ առնում պաշտպանել ձեզ և ձեր գործը․․․ մինչև վերջը։
— Շնորհակալ եմ։
Գուրգենը վերկացավ, սեղմեց փաստաբանի ձեռը։
Դռների մոտ Սինոփյանը ձեռը դնելով նրա ուսի վրա, ասաց ժպտալով․
— Բարևեցեք ձեր ամուսնուն իմ կողմից և ասացեք, որ երեխան կպատկանի իրան․․․
— Այսինքն։
— Դատը տանուլ տալով միայն։
— Եվ այնուհե՞տև։
— Ո՛չ ոք չի անհանգստացնի ձեզ։
X
Դատարան։
Գործը քննվում է դռնփակ։ Այսպես կամեցան երկու կողմերն էլ։ Ներկա են միայն մի քանի երիտասարդ փաստաբաններ, որոնք եկել են Սինոփյանին լսելու։
Մեղադրողների բաժնում նստած է Զինան։ Յուր փաստաբանի խորհրդով նա հագել է սգավորի սև հագուստ և ձեռքում բռնած է մի սպիտակ թաշկինակ։ Պահում է նա իրան ոչ այնքան տխուր, որքան գոռոզ, գլուխը բարձր, քիթը ցցած օդի մեջ ինչպես կռվի պատրաստ թխսկան հավ։
Նա ձևանում է, թե իբր ուշադրություն չի դարձնում յուր նախկին տերերի վրա, բայց չի կարողանում և հաճախ նայում է այն կողմ։ Եվ նայում է թե չէ, իսկույն երեսը շուռ է տալիս, ուսերը վեր քաշելով, գեղեցիկ դեմքը ծռմռելով և աթոռի վրա պտույտ-պտույտ անելով, այնպես, որ, կարծես, պրուժինների վրա է նստած։ Նա ուզում է, որ բոլոր այդ ձևերն արտահայտեն՝ «թքել եմ»։
Նրա մոտ կանգնած է փաստաբան Լազմանյանը։ Մոտ քառասունույոթ-ութ տարեկան մի բարձրահասակ, սևահեր, թուխ կաշիով, լայն ուսերով, երկարավուն, ներս ընկած երեսով տղամարդ է, այտերը սափրած, ծնոտի վրա փոքրիկ իսպանյոլ։
Նրա ծուռումուռ կազմվածքը, թիերի չափ ոտքերը, ոսկրոտ խոշոր ձեռքերը բիրտ լեռնականի տպավորություն են գործում, իսկ քայլելիս հիշեցնում է այն բիբլիական կենդանուն, որ կոչվում է անապատի նավ։ Սովորաբար ընդունված է կարծել, թե քսությունը և մեծ խորամանկությունը փոքրիկ մարմինների մեջ են թաքնվում։ Յուր արտաքինով Լազմանովը հակառակն էր ցույց տալիս։ Չլինելով ոչ խելոք, ոչ տաղանդավոր, նա խորամանկ էր և դրա արտահայտությունը նշմարելի էր թանձր ունքերի տակից նայող փոքրիկ, սաթի պես սև աչքերի մեջ, որոնց սևությունը մի տեսակ կապտություն էր տալիս նրանց շրջանակներին։
Ուսանողության առաջին տարուց սկսած այդ մարդը տասն անգամ փոխել էր յուր հավատամքը։ Այժմ նա իրեն համարում էր սոցիալ-դեմոկրատ, բայց բոլոր նրան ճանաչողները գիտեին, որ դա նոր ժամանակին հարմարեցված մի դիմակ է և որ նա հոգով անփոփոխ է։
Իր ծննդավայրից նա բերել էր քաղաք միայն մի բան — կոպտություն, որ և պահպանում էր անխախտ, չնայելով յուր համալսարանական կրթությանը և եվրոպական ճամփորդությանը։ Ուներ թե չուներ ուրիշ սրբություններ, բայց մեկը հայտնի էր — ոսկին։ Եվ այդ մեկի համար հաճախ նա վաճառքի էր դուրս բերում յուր հանգուցյալ մոր հիշատակն անգամ, տեղի անտեղի երդվելով նրանով, երբ հարկավոր էր մեկից մի բան կորզել։ Այն մոր, որ յուր կոշտ բանվորական ձեռքերի անդուլ աշխատանքով էր նրան սնել, մեծացրել և բարձր ուսումի արժանացրել։
Հագած էր Լազմանյանը ֆրակ, օձիքը յուղոտ, փեշերը ճխլտված։ Մի լայն ոսկե շղթա նրա ներս ընկած փորը կիսում էր, անցնելով ժիլետի մի գրպանից մյուսը։ Նրա շապկի կուրծքն ու օձիքը կեղտոտ էին, իսկ սև փողկապը փայլում էր սափրիչի սրոցի պես։
Այդ անփութությունը հագուստի վերաբերմամբ գիտակցական էր։ Դրանով էր նա միամիտներին շնչում հավատ դեպի իր «դեմոկրատիզմը», լինելով ներքուստ հոգով ու մտքով բուրժուա, բառիս վատագույն իմաստով։
Մերթ ընդ մերթ մոտենում էր Զինային և, ձեռքերը պանթալոնի գրպանները դնելով, ինչ-որ խորհուրդներ էր տալիս։ Երբեմն նրա խոշոր սապատավոր քիթը բարձրանում էր օդի մեջ, կարծես, կամենալով կանխավ ճաշակել ոսկու հոտը։
— Այս, այո, իհարկե,— ասում էր Զինան ամեն անգամ լսելի ձայնով, թեև շատ բան փաստաբանի ասածներից չէր հասկանում։
Եվ ամեն անգամ նա ծուռ, թշնամական հայացքներ էր ձգում Լիդիայի ու Գուրգենի վրա, կարծես, կամենալով պարծենալ․ «Տեսե՛ք, ես էլ փաստաբան եմ վարձել»։
Տալով յուր խորհուրդները, Լազմանյանը հեռանում էր մի քանի քայլ և հպարտ դիրք ընդունում։ Երբեմն նա բարևում էր այս ու այն ծանոթ փաստաբանին և նրա երկարավուն դեմքի վրա խաղում էր ինքնագոհության ժպիտը։ Բանն այն է, որ քիչ անգամ չէր պաշտպանել նա համանման գործեր, բայց այսօր առաջին անգամ էր դուրս գալիս հարուստ և հայտնի հակառակորդների դեմ։ Նա հպարտանում էր մանավանդ, որ պիտի ճակատ ճակատի կանգներ այնպիսի մի առաջնակարգ փաստաբանի հետ, որպիսին հռչակված էր Սինոփյանը։ Արդեն մի ամբողջ ամիս էր, նա դրանով պարծենում էր ամենուրեք, միշտ կրկնելով․
— Դա մի հետաքրքրական մենամարտություն է լինելու։
Գուրգենը և Լիդիան աշխատում են հետևել Սինոփյանի խորհրդին — չվախենալ, չհուզվել, չտխրել։ Բայց չի հաջողվում։ Արդեն շատ տագնապալի են զգում իրենց վիճակը հենց միայն այն պատճառով, որ գտնվում են դատարանում իբրև մեղադրյալներ։
Լիդիան գունատ է և շարունակ ներվային մատներով խաղում է լոռնետի ոսկե նուրբ շղթայի հետ։ Մի ամսվա անքուն գիշերները, անհանգիստ ցերեկները խոր հետքեր են դրել նրա վրա։ Նիհարել է, ընկճվել է, կարծես տասը տարով ծերացել։ Նրա գեղեցիկ աչքերի տակ երևում են կապույտ խորշեր։ Նրա նուրբ շրթունքները գունատ են, արյունաքամ և դողում են, երբ շշնջյունով խոսում է Գուրգենի հետ։
Ահ, ամեն ինչ խորթ է նրա համար և ամեն ինչ և ամեն ոք երկյուղ են ներշնչում նրան — և մեղադրյալների նստարանը, և այդ բարձր փայտյա վանդակապատը, և այդ հաստավիզ ու հաստափոր պրիստավն յուր սպիտակ շղթայով, և՛ դատավորների երկայն սեղանը կանաչ մահուդով ծածկված, և մանավանդ եռանկյունի զերցալն յուր երկգլխանի արծիվով։ Ումի՞ն է հարկավոր այդ բոլորը, ինչո՞ւ։ Չէ՞ որ նա սիրում է յուր Սերժին, պաշտում, փայփայում այնպես, որ ոչ մի հարազատ մայր երբեք չի սիրել յուր հարազատ զավակին։ Ուրիշ այլևս ինչ է հարկավոր երեխային, եթե ոչ սեր, միմիայն սեր։
Մերթ ընդ մերթ նա գլուխը բարձրացնում է և մռայլ հայացքը ձգում կայսեր ահագին պատկերի վրա, որ կախված է դատավորների սեղանի գլխին։ Թվում էր, որ նա մտքում գութ է հայցում նրանից։
Երբեմն նա չի կարողանում իրեն զսպել և նայում է դեպի հակառակորդների կողմը։ Նա զղջում է, որ սև հագուստ է հագել, տեսնելով Զինային սև հագուստում։ Նախկին սպասուհին, որ մի ժամանակ նրա ոտների տակ սողում էր ու փեշերը համբուրում, այժմ նրա աչքում ամեհի գազան էր, որ եկել էր նրա սիրտը հոշոտելու։ Եվ ինչո՜ւ, ի՜նչ մեղքերի համար։ Որ նա սիրե՞լ է այդ կնոջ ամոթալի բերքը և ազատել նրան կորստից։ Չէ՞ որ այդ կինը յուր արգանդում իսկ նրան սպանելու հանցավոր մտադրությունն է ունեցել։ Ի՜նչ անարդարություն։ Խլել նրանից և տալ այդ կնո՜ջը։ Ոչ, ոչ, անկարելի է։ Դատավորները պետք է հասկանան և զգան, որ նա չէ մայր, որ ծնում է, այլ նա, որ սիրում է ու փայփայում։
Եվ որքա՜ն գարշելի է այդ բարձրահասակ փաստաբանը յուր այլանդակ կերպարանքով և գիշակեր թռչնի աչքերով։ Եվ որքա՜ն հանդուգն է նայում նա։ Ինչե՜ր պիտի ասե նա, արդյոք, ին՞չ գաղտնիքներ պիտի բաց անե Գուրգենի կյանքից և նորից քրքրե Լիդիայի վերքը։
Իսկ այդ փաստաբաններն իրենց անճոռնի ռեդինգոտներով ու ֆրակներով։ Բոլորն էլ երիտասարդներ են և ըստ երևույթին կնամոլներ։ Նրանք հաճախ նայում են Լիդիային և աշխատում նրա ուշադրությունը գրավել, զանազան դիրքեր և ձևեր ընդունելով։ Առանձնապես լպիրշ է այդ սափրած երեսով, բեղերով երիտասարդը, որի լերկ գլուխը յուր սուր գագաթով ու ցից ականջներով հիշեցնում է խոզի ճուտ, զատիկյան սեղանի համար պատրաստած։ Իսկ այն մյուսը յուր ուռած դեմքով, այն երկրորդը յուր երկայն մազերով, նեղ ճակատով։ Ահ, բոլորը ատելի են, բոլորը հակակրելի։ Եվ ինչո՞ւ են հավաքվել։ Ի՞նչ են սպասում։— Մի պիկանտ պատմություն, որ լսեն և գնան երեկոյան՝ պատմեն կլուբներում։ Դո՛ւրս, անհամեստներ, դո՛ւրս, ի՜նչ իրավունքով եք հետաքրքրվում ուրիշների ընտանեկան գաղտնիքներով։
Ա՜հ, ոչ, նրանք չեն գնալ։ Նստած են ինչպես թատերական հանդիսականներ և անհամբեր սպասում են վարագույրի բարձրանալուն։ Լավ, շատ լավ, թող բարձրանա, թող տեսարանները գան ու անցնեն միմյանց հետևից և անխնա հարվածեն Լիդիայի քայքայված ներվերը։ Թող ինչ ուզում են ասեն քննադատները, ինչ ուզում են վճռեն դատավորները։ Բոլորը կտանի Լիդիան, բոլորը և՛ ծաղր, և՛ արհամարհանք, և կարեկցություն դեպի դավաճանվածը, որ վիրավորանքներից մեծագույնն է, և՛ զզվանք դեպի դավաճանողը։
Միայն մի բան չի կարող տանել — Սերժից զրկվելը։
— Գուրգեն, Գուրգեն,— շշնջաց նա, ամուր սեղմելով ամուսնու ձեռը, մի՛ թույլ տա, որ իմ սիրտը գջլեն և ձգեն այդ կնոջ ոտքերի տակ։
— Հանգիստ կաց, սիրելիս, զսպիր քեզ, նայում են, մի՛ ցույց տա հուզմունքդ։
— Ո՞ւր է փաստաբանը, ինչո՞ւ չի գալիս։
— Նա դրսումն է, իսկույն կգա, նա գիտե յուր ժամանակը։ Ահա նա։
Ներս մտավ Սինոփյանը ֆրակով՝ պորտֆելը կռնատակին և արագ քայլերով մոտեցավ Գուրգենին ու Լիդիային։ Երիտասարդ փաստաբանները հարգանքով բարևեցին նրան։ Նա անհոգ, զվարթ, ժպտալով, մի քանի խոսքերով խրախուսեց յուր կլիենտներին։ Նրա զվարթությունը Լիդիային ներշնչեց ուժ ու հավատ։ Նա կազդուրվեց հոգեպես։
Երբեք «րոպեական մոլորությունը» Գուրգենին չէր ճնշել այնքան, որքան այսօր։ Նա իրեն զգում էր մեղավոր ոչ միայն Լիդիայի, Զինայի և Սերժի, այլև ամենքի, ամենքի առջև։ Նրան թվում էր, թե գործել է ոչ մասնավոր, այլ հասարակական մի ոճիր, որի համար արժանի է հրապարակային անողոք պատժի։
Նա չէր վախենում յուր ամոթալի վարմունքի մերկացումից։ Թող ինչ ուզում է բացվի այսօր։ Նա պատրաստ է ընդհանուր ծաղրի և արհամարհանքի տակ տառապել ու կեղեքվել — փույթ չէ, դա նրա արժանի հատուցումն է։ Միայն մի բան չի կարող տանել — Լիդիայի գարշանքն այն բոլորից հետո, ինչ-որ պիտի ասվի այսօրվա դատի միջոցին։
Ահ, սիրում է նա Լիդիային՝ այսօր ավելի, քան երբևէ, ավելի, քան այն երջանիկ օրը, երբ առաջին անգամ իրավունք ստացավ նրան համբուրելու։ Այլևս կիրքը չէ այդ սիրո ղեկավարը, այլ ուրիշ, ավելի զորավոր մի զգացում — հանցանքի գիտակցությունը և Լիդիայի հոգեկան դրությունը սեփական ոչնչության դեմ։ Սիրում է հիվանդոտ սիրով և, միևնույն ժամանակ, զգում, որ միայն մի կապ կա յուր և Լիդիայի մեջ— Սերժը։ Մի կապ, սակայն, որ այսօր ավելի ամուր է, քան Լիդիայի նախկին սերը։ Եթե քակտի այդ պողպատյա օղակը, կխորտակվի և նրանց կյանքը։ Այն ժամանակ Լիդիան այլևս նրանը չէ, և ինքը կորած է։
Նրան թվում էր, որ այս րոպեին, մյուս րոպեին Լիդիան ոտքի պիտի կանգնե և գոռա․ «Այս մարդը պղծել է իմ անկողինը, նա ատելի է, գարշելի։ Նա իմ անձնվիրությունը հրապարակ է դուրս բերել և ենթարկում է ձեր ծաղրին, ձեր արհամարհանքին։ Ես զզվում եմ նրանից, բաժանեցեք մեզ, ես չեմ կարող նրա հետ դատվել միևնույն գործով»։ Թվում էր և համոզված էր, որ Լիդիան կարող է այդ անել, եթե Սերժից զրկվի։
Ահա այս պատճառով էր նրա համար թանկ Սերժը։ Հայրական զգացումը երկրորդ տեղ էր բռնում նրա սրտում։
— Դատավորները գա՜լիս են,— հնչեց պրիստավի ձայնը։
Ամենքը ոտքի կանգնեցին։
Լիդիան ցնցվեց և միայն Գուրգենի օգնությամբ կարողացավ ոտքի ելնել։
XI
Ասացին բոլորը, ինչ որ օրենքը պահանջում էր ասել և շատ բաներ, որ բոլորովին կարիք չկար ասելու։
Տվեցին հարցեր՝ «ուրիշի երեխան սեփականացնողների» բարոյական պատկերը լուսաբանելու համար, և հարցեր, որ ամենևին կապ չունեին դատի հետ։
Օրենքի բանալիով բաց արին փակ դռները, խուժեցին նրանց ներքին աշխարհը, քրքրեցին, տակն ու վրա արին, ինչպես հաղթված թշնամու ապրանք։
Դուրս բերեցին նրանց սրտերից զգացումներ, որ եղել էին, և զգացումներ, որ երբեք չէին եղել և որ կարծվում էր, թե պետք է լինեին։ Կորզեցին գաղտնիքներ, որ նվիրական էին նրանց համար և խոստովանություններ, որ աստծուն էին միայն նվիրված։
Ամենից անողոքը դատախազն էր, ամենից չարը հակառակորդի փաստաբանը։ Բայց երկուսն էլ հավասար էին Լիդիայի և Գուրգենի աչքում իրենց չարությամբ։ Հարցերը տեղում էին աջ ու ձախից նետերի պես և խոցոտում մերթ մեկի, մերթ մյուսի ամոթի զգացումը։
Նախագահը երբեմն նկատողություն էր անում դատախազին և Լազմանովին։ Բայց այդ էլ չէր օգնում։ Կարծես նրանք խոսքը մի էին արել գանակոծել Գուրգենի վարկը անասելի սառնությամբ, ինչպես դահիճներ։
Այսպես էր մտածում Լիդիան և զարմանում ու զայրանամ, թե ինչո՛ւ մարդ էակը այդքան դաժան է մարդ էակի վերաբերմամբ։
Մի քանի անգամ նա կամեցավ բողոքել դատախազի և հակառակորդ փաստաբանի անհամեստ հարցերի դեմ։ Նախագահի զանգակը ընդհատեց նրա խոսքը։ Հայտնվեց, որ հարցերն ամենևին անհամեստ չեն և ոչ էլ ավելորդ։ Թող համբերի, կգա յուր հերթը, նա էլ կխոսե։ Օրենքը ոչ ոքի բարեկամը չէ և ոչ թշնամին։ Ճշմարտություն, ճշմարտություն և ճշմարտություն — ահա արդարադատության նպատակը․․․
Առաջին մասը քննության նվիրված էր Գուրգենի և Զինայի hարաբերություններին։
— Դա անհրաժեշտ է գործի համար,— ասաց դատախազը։
— Շատ անհրաժեշտ է,— կրկնեց Լազմանովը։
Մինչև այն պահ, երբ «նրան զրկել են կուսությունից», ունեցե՞լ է, արդյոք, սիրական։
— Ոչ։
— Դուք, իհարկե, մի անմեղ աղջիկ էիք, կյանքի աղտեղություններին անծանոթ։
— Այո։
— Հավատո՞ւմ էիք ձեր տիրոջ ազնվությանը։
— Այո։
— Գիտեի՞ք, որ կինը սիրում է նրան։
— Այո։
— Դուք, իհարկե, դիմադրել եք երկար ժամանակ։
— Այո։
— Դուք զզվել եք նրա առաջարկությունից։
— Այո։
— Հիշեցրել եք նրա պարտականությունը դեպի յուր օրինական կինը։
— Այո։ — Նա ձեզ մեծ-մեծ խոստումներ է արել։
— Այո, այո, շատ փող է խոստացել,— օգտվեց Զինան իսկույն դատախազի հարցից։
— Չե՞ք ընդունել։
— Չեմ ընդունել։
— Թախանձե՞լ է։
— Այո։
— Ընկե՞լ է ձեր ոտները։
— Այո։
— Զզվանքով մերժե՞լ եք։
— Այո։
— Սպառնացե՞լ է։
— Այո։
— Ասել է՝ կվռնդի՞ յուր տնից։
— Այո։
— Կսպանի՞ մինչև անգամ։
— Այստեղ Զինան տատանվեց, գլուխը թեքեց կրծքին և ոչինչ չպատասխանեց։
Զգաց, որ առանց այդ էլ յուր խղճի դեմ շատ մեղանչեց։
Սինոփյանն անմիջապես բողոքեց, որ դատախազը հարցեր տալով, միևնույն ժամանակ, թելադրում է մեղադրողին և՛ նրանց պատասխանները։ Օրենքն այդ թույլ չի տալիս։ Մեղադրողն իբրև տգետ կին չի զգում յուր խոսքերի պատասխանատվությունը։
— Օրենքը ոչ ոքի վրա ճնշում գործ չի դնում,— ասաց դատախազը շինծու սառնությամբ։— Ես մեղադրողին պատասխաններ չթելադրեցի։
— Թելադրեցիք, պարոն դատախազ,— պնդեց Սինոփյանը,— ապացույց, որ նույնիսկ այդ կինը ամաչեց կրկնել ձեր կամեցածը։ Պարոն նախագահ, խնդրում եմ իմ բողոքը մտցնել արձանագրության մեջ։
— Ձեր խնդիրը կկատարվի։ Շարունակեցեք։
Միակ վկան Գուրգենի ու Զինայի հարաբերությունների Լիդիան էր։ Երբ հերթը հասավ նրան, զգաց բուռն ատելություն դեպի դատախազը և անսահման կարեկցություն դեպի Գուրգենը, որին աշխատում էին այնքան ստորացնել։ Նրա մեջ վառվեց, միևնույն ժամանակ, կանացի հպարտության կրակը։ Չէ՞ որ, որքան ևս վիրավորած լինի իրան Գուրգենը, նրա կինն է։ Պետք է պաշտպանել նրան այդ մարդկանց առջև։ Պաշտպանել նույնիսկ հակառակ համոզմունքի։
— Ասացեք, մեղադրյալ, ի՞նչ գիտեք ձեր ամուսնու և Զինաիդա Պրոխորովայի հարաբերությունների մասին,— դարձավ նախագահը Լիդիային։— Ասացեք զուտ ճշմարտությունը, որովհետև նրանից է կախված ձեր մոտ գտնվող երեխայի վիճակը:
Գուրգենն ամոթից գլուխը թեքեց կրծքին։
Զինան, ուշադրությունը լարելով, նայեց Լիդիայի կողմը, այս անգամ ոչ-շինծու արհամարհական հայացքով։
— Ինձ ոչինչ հայտնի չէ նրանց հարաբերությունների մասին,— պատասխանեց Լիդիան։
— Չի՞ գանգատվել, արդյոք, ձեր նախկին սպասուհին, որ յուր տերը նրան բռնաբարել է,— հարցրեց Լազմանովը յուր կոշտ, փայտյա ձայնով։
Լիդիան նրան պատասխանի չարժանացրեց։ Լազմանովը շրթունքները կրծոտեց վիրավորանքից և վճռեց հարմար դեպքում խայթել նրա կանացի գոռոզությունը։
— Ուրեմն չի՞ գանգատվել,— հարցրեց նախագահը։
— Իմ աղախինը չէր կարող գանգատվել մի բանի դեմ, որ երբեք չի եղել։ Եվ եթե գանգատվեր էլ, ես նրան չէի հավատալ: Իմ ամուսինը նրան չի բռնաբարել։
— Հետևաբար, դուք համոզված եք, որ մեղքը գործվել է երկու կողմերի համաձայնությամբ, այնպես չէ՞,— հարցրեց նախագահը, որ զգում էր Լիդիայի հպարտությունը և հարգում։
— Ավելի քան համոզված եմ։ Իմ ամուսինը այդ աղջկան չի բռնաբարել։
— Դուք ներկա՞ եք եղել,— մեջ մտավ Լազմանովը մի հրող ժպիտ երեսին։
Լիդիան ամոթից և կատաղությունից կարմրեց, ապա գունատվեց։ Ավելի կոպիտ վիրավորանք նրա ինքնասիրությանը չէր կարելի հասցնել։
— Պարոն պաշտպան,— նկատեց նախագահը, որին նույնպես վիրավորեց անպատկառ հարցը,— ձեր հարցն անտեղի է և գործին չի վերաբերում։ Նկատողությունը զգալի հարված էր Լազմանովի համար։ Նա այն երկչոտ փաստաբաններից էր, որոնք նախագահին և դատավորներին իրենց դեմ տրամադրելուց վախենում են, ինչպես կրակից։
— Սիրո՞ւմ էր ձեզ ձեր ամուսինը,— հարցրեց դատախազը։
— Մի՞թե այդ անհրաժեշտ է իմանալ,— հարցրեց Լիդիան։
— Անհրաժեշտ է։
— Այո, սիրում էր և այժմ էլ սիրում է։
— Բայց ինչո՞վ եք բացատրում նրա դավաճանությունը։ Որքան հայտնի է, սիրող ամուսինները հավատարիմ են միմյանց։
— Ինձ թվում է, պարոն նախագահ,— միջամտեց Սինոփյանը,— որ պարոն դատախազի հարցը գործին չի վերաբերում։ Ես կխնդրեի իմ պաշտպանյալի համեստության զգացմանը չդիպչել այն չափով, որ թույլ է տալիս գործի լուսաբանությունը։ Ներկա դեպքում պարոն դատախազին ավելի զբաղեցնում է ռոմանը, քան գործը։
— Արդարադատության իրավունքն է ամեն տեսակի հարցեր տալու,— ասաց դատախազը,— իսկ մեղադրյալի իրավրունքն է պատասխանել կամ չպատասխանել այդ հարցերին։
— Պարոն նախագահ,— խոսեց Լիդիան, մի վճռական շարժումն անելով,— ներեցեք ինձ, ես օրենքներին անտեղյակ եմ։ Այդ բոլոր հարցերին ես կարող եմ միայն մի պատասխան տալ։ Իմ ամուսինն ինձ դավաճանել է, այո, բայց զղջում է, և ես ներել եմ նրան ամբողջ հոգով։ Ի՞նչ եք կամենում, որ ատեի՞ նրան, արհամարհեի՞, զզվեի՞ և փախչեի՞ նրանից։ Ներեցեք համարձակությանս, եթե դրանով խնդիրը լուծվեր, այն ժամանակ, ոչ մի կին չպիտի մնար յուր մարդու հարկի տակ։ Ահա բոլորը, ինչ որ կարող եմ ասել․․․
Այս խոսքերն այնքան ներգործեցին Գուրգենի վրա, որ նա չկարողացավ զսպել հուզմունքը, արտասվեց։ Ահ, եթե իմանար, որ ծաղրելի չի դառնալ դատավորների աչքում, կչոքեր Լիդիայի առջև և, նրա ոտները համբուրելով, մի անգամ ևս թողություն կաղերսեր։ Դատավորները նայեցին միմյանց երեսին։ Երևում էր, որ նրանք չէին սպասում մի անպատված կնոջից այդպիսի խոսքեր։
Դատախազը ժպտաց այն պաշտոնական սառը ժպիտով, որ ուզում էր ասել․ «արդարադատությունը չի կարող ենթարկվել զգացումների զեղմանը»։
Հանդիսատես փաստաբանները շարունակ նայում էին Լիդիային։ Այդ վայրկյանին Լիդիան նրանց թվաց կրկնակի գեղեցիկ։
Հարցուփորձի ենթարկվեց Գուրգենը։ Հաղթահարված Լիդիայի վեհանձնությունից, նա ոչինչ չթաքցրեց, խոստովանեց յուր մեղքը, նկարագրելով եղելությունն այնպես, ինչպես տեղի էր ունեցել, ուշադրություն չդարձնելով ոչ հակառակորդ փաստաբանի հրճվանքի, ոչ դատավորների հեգնական ժպիտների և ոչ հանդիսականների ծաղր ու արհամարհանք արտահայտող դեմքերի վրա։ Նրան թվում էր, որ դատարանի համար չի խոսում, այլ Լիդիայի և զգում էր հոգեկան անհաղթելի պահանջներից իրեն դատապարտելու, նորից զղջալու և նորից թողություն խնդրելու։
Երբ նա ավարտեց յուր անկեղծ պատմությունը, դատախազն ասաց․
— Պարոնայք դատավորներ, ես իմ կողմից գոհ եմ մեղադրյալի ցուցմունքից։
XII
Դարձան երեխայի սեփականացման խնդրին։
Դատախազը հարցրեց Լիդիային․
— Ասացեք, մեղադրյալ, ընդունո՞ւմ եք, որ դուք երեխային սեփականել եք հակառակ յուր հարազատ մոր կամքի։
— Ոչ, չեմ ընդունում։
— Մեղադրողն յուր խնդրագրի մեջ ասում է, որ դուք և ձեր ամուսինը սպառնացել եք զրկել նրան յուր պաշտոնից և վարձից, նույնիսկ սպանել, եթե երեխային չթողնե ձեզ մոտ։
— Աստված իմ, ինչե՜ր է հնարում, այդպիսի բան չի եղել պարոն դատախազ, չի եղել։
— Հապա ինչո՞ւ եք վերցրել երեխային և ահա ամբողջ վեց տարի է, պահում եք ձեզ մոտ։ — Պարոն դատախազ, ես երեխային ուժով չեմ խլել մորից։ Նա ինքն է ինձ տվել յուր հոժար կամքով։ Հարցրեք, ինքը կխոստովանի․․․
Վերջապես, Զինան գտավ, որ այստեղ է հարմար արտասանել այն, ինչ որ պատրաստվել էր արտասանելու։
— Սուտ է, սուտ է,— գոչեց նա, ձեռքերն իրարու կցելով և օդի մեջ բարձրացնելով,— նա խլել է և ինձ զրկել իմ զավակից։ Պարոնայք դատավորներ, ձեր առջև կանգնած է մի անբախտ մայր, մի խեղճ կին, պաշտպանեցեք նրան, աղաչում եմ, վերադարձրեք յուր հարազատ զավակին։ Ահա վեց տարի է՝ ես տանջվում եմ։
Նախագահը, իբրև փորձառու մարդ, զգաց Զինայի խոսքերի կեղծիքը։ Նա ասաց․
— Խնդրում եմ չընդհատեք քննությունը։ Սուտը կամ ճշմարտությունը կհաստատի դատարանը։
— Կկամենայի իմանալ,— խոսեց Սինոփյանը, դառնալով Զինային,— եթե վեց տարի տանջվել եք, ինչո՞ւ այդ վեց տարվա ընթացքում ետ չեք պահանջել երեխային։
— Դա՞ ով է, ի՞նչ է ուզում ինձանից,— շփոթվեց Զինան, դառնալով յուր փաստաբանին։
— Հարցը կարևոր է, մեղադրող․ իրավ, ինչո՞ւ ամբողջ վեց տարի ետ չեք պահանջել ձեր երեխային,— ասաց նախագահը։
— Հա՞, ինչո՞ւ,— կրկնեց Զինան, ավելի շփոթվելով,— ասեմ․․․ որովհետև, որովհետև,— և չկարողանալով մի բան գտնել, բարկացավ և դարձավ յուր փաստաբանին․— պատասխանեցեք էլի, էլ ինչո՞ւ համար եմ ձեզ վարձել։
Դատավորները ժպտացին։ Դատախազն աշխատեց յուր դեմքին ավելի լրջություն տալ, քան պահանջում էր օրենքը։ Հանդիսականները ծիծաղեցին։
Լազմանովը փորձեց դուրս բերել յուր պաշտպանյալին նեղ վիճակից։
— Պարոն նախագահ,— ասաց նա, կանխապես սաստելով Զինային լռել,— որքան ինձ հայտնի է, օրենքը թույլ չի տալիս, որ պաշտպանները դատավարության ժամանակ օգտվեն իրենց հակառակորդի տգիտությունից։
— Խնդրում եմ հիշել օրենքի այն հոդվածը, ուր ասված է այդ մասին,— միջամտեց Սինոփյանը մի արհամարհական ժպիտ երեսին, դառնալով յուր հակառակորդին։
— Օրենքը իրավունք է տալիս կողմերին,— ասաց նախագահը,— առաջարկել ամեն տեսակ հարցեր, որոնք կարող են լուսաբանել գործը։ Միայն չպիտի դուրս գալ վայելչության սահմաններից,— ավելացրեց նա կծու հեգնությամբ,— համենայն դեպս, ձեր նկատողությունն անտեղի էր։ Օրենքների պաշտպանության հոգսը դատարանին է վերապահված։
Եվ, դառնալով Գուրդենին ու Լիդիային, ասաց․
— Մեղադրյալներ, պատմեցեք երեխայի սեփականացման հանգամանքները։ Որքան անկեղծ լինեք, այնքան կհեշտացնեք արդարադատության գործը...
— Ե՛ս կպատմեմ,— ասաց Լիդիան, որ արդեն ընտելացել էր յուր վիճակին և զգում էր անկեղծ լինելու անհաղթելի պահանջ։
Եվ պատմեց բոլորը, առանց մի կետ թաքցնելու, առանց իրեն հաշիվ տալու, որ այս կամ այն դարձվածը կարող է ազդել դատավճռի վրա։ Մերթ ընդ մերթ նրան ընդհատում էին դատախազն ու Զինայի պաշտպանը զանազան հարցերով։
Երբ նա ավարտեց, նախագահը դիմեց դատախազին․
— Գո՞հ եք մեղադրյալի խոստովանությունից։
— Այո՛։
Նախագահը շշնջյունով խորհրդակցեց աջ ու ձախ նստած դատավորների հետ, որոնցից մեկը մի հաստափոր, սպիտակ դեմքով տղամարդ էր, մյուսը մի հիվանդոտ երիտասարդ։ Երկուսն էլ իրանց գըուխը շարժեցին դրականորեն։
— Քննությունը վերջացած է, խոսքը պատկանում է կողմերի պաշտպաններին և ապա դատախազին,— ասաց նախագահը և թիկն տվեց բազկաթոռի մեջքին, մատիտը ձեռում խաղացնելով։
Եվ երկար ու կանխավ գրած ու անգիր արած ճառով Լազմանովը աշխատեց ապացուցանել այն, ինչ որ կարիք չկար ապացուցանելու — Զինայի հարազատ մայր Լինելը։ Բայց նրա գլխավոր նպատակն էր տալ մեղադրյալների բարոյական նկարագրին այնպիսի գույներ, որ հակակրանք ներշնչեին դատավորներին ու հանդիսականներին։— Պարոնայք դատավորներ, ներկա գործը նշանավոր է ոչ յուր արտաքինով, այլ ներքինով, ոչ այնքան իրավաբանական, որքան հոգեբանական, հասարակական և բարոյագիտական տեսակետներից։ Պարոնայք դատավորներ, խոր մտածողի համար դա մի ամբողջ ողբերգություն է, արժանի Շեքսպիրի գրչին։ Ձեր աչքերի առջև կատարվեց այս սոսկալի ողբերգության վերարտադրությունը, դուք զգացվեցիք։ Դժվար չէ երևակայեչ, թե ինչե՜ր է կրել ու զգացել նա, որ դրամայի գլխավոր հերոսուհին է։
Գյուղից գալիս է տասնուինը տարեկան մի անմեղ աղջիկ, մաքուր, ինչպես այն լայնատարած դաշտերի ձյունը, ուր նա ծնվել է ու սնվել։ Գալիս է հեռավոր երկրից մի կիսավայրենի վայր և ընկնում է մի անկուլտուրական շրջան: Նա յուր հետ բերում է անարատ կուսության հետ և մի խորին, անմեղ հավատ դեպի մարդկանց ազնվությունը, վեհանձնությունը, բարությունը։ Նաև վարդագույն հույսեր յուր ապագայի մասին։ Նա քաղցած է, նա ուտել է ուզում, նա հեռավոր հայրենիքում թողել է օրվա պարենին կարոտ ծնողներ, որոնք սպասում են օգնության նրա կողմից և որոնց նա սիրում էր յուր անապական հոգու ամբողջ թափով։
Ո՞ւր գնա։ Կուլտուրական երկրներում, ուր այնքան լայն ծավալ են ստացել արդյունաբերությունն ու արդյունագործությունը, այդ հարցն իրեն չի տալիս գյուղացին, երբ հողից բաժանվում է: Նրա համար բաց են գործարանների ու հանքերի դռները։ Կապիտալը սպասում է նրան յուր ահռելի ախորժակով և իսկույն յուր ճանկերի մեջ առնում։ Ու սկսում է ծծել նրա արյունը, ծծել որքան կարող է և ապա շպրտել նրան դուրս անպետք արյունաքամ դիակի պես։
— Պարոն պաշտպան, դուք գործից հեռանում եք,— նկատեց նախագահը, որ վաղուց գիտեր Լազմանովի ճառերի սերտած բովանդակությունը... Ի՞նչ գործ ունի այստեղ արդյունաբերությունը, կապիտալը, էլ չգիտեմ:
— Ներեցեք, պարոն նախագահ,— չշփոթվեց Լազմանովը քննվող գործի, ինչպես և կյանքի բոլոր դրամաների հիմքը տնտեսականն է, միմիայն տնտեսականը։ Այո, պարոնայք դատավորներ, այսպես է կուլտուրական երկրներում: Այնտեղ ոչ միայն տղամարդիկ են գերի կապիտալի ձեռքում, այլև կանայք, այլև երեխաները... Այդպես չէ մեզնում: Մենք ապրում ենք մի երկրում, ուր արդյունաբերությունն ու արդյունագործությունը իրենց զարգացման աոաջին ֆազիսի մեջ են։ Նրանք հազիվհազ գոհացում են տալիս տղամարդկանց աշխատանքին։ Ո՞ւր գնան կանայք։ Նրանք չեն կարող գիտակից պրոլետարիատի շարքերը զորեղացնել և փութացնել այն սոցիալական հեղաշրջումը, որին այսօր անհամբեր սպասում է մարդկության լավագույն մասը...
— Պարոն պաշտպան, դուք բոլորովին հեռացաք գործից,— նկատեց նախագահը դարձյալ, այս անգամ վրդովված ձայնով։
Լազմանովը շփոթվեց, կորցրեց յուր սերտած ճառի թելը, մի քանի վայրկյան կմկմաց, ապա անմիջապես դարձավ յուր պաշտպանյալին։
Նա մտնում է աղախին մի հարուստ րնտանիք, որ վայելում է կյանքի բոլոր բարիքները։
Նա երջանիկ է, որ յուր աշխատանքն ընդունվեց։ Նա իրեն համարում է բարերարված, սիրում է յուր տերերին և նրանց վշտերն ու ուրախությունները համարում է սեփական։ Եվ հարուստ զույգը հարստահարում է նրա թարմ ուժերը։ Հարստահարում է ամենայն անբարեխղճությամբ, որովհետև նա էլ կապիտալի ներկայացուցիչ է, թեև բանկերում և անշարժ կալվածների ու տոկոսաբեր թղթերի մեջ նիրհող կապիտալի... Բայց զույգը դրանով չի բավականանում։ Այրը, հրապուրելով միամիտ գեղջկուհուն յուր ոսկով, սուտ խոստումներով ու երդումներով, խաբում է նրանք խելքից դուրս բերում և... լլկում նրա կուսությունը։
Լլկելուց հետո անամոթություն է ունենում յուր զոհին փողոց շպրտելու ինչպես մի լաթի կտոր։ Բայց ասպարեզ է գալիս փարիսեցիությունը բարեգործության վիժակով։ Բարեգործություն, որ կապիտալի զենքերից մեկն է յուր հանցավոր խղճի բողոքը խեղդելու համար։ Բռնաբարող ամուսնուն օգնում է դավաճանված և խայտառակված կինը։ Նա ասում է յուր հրեշ մարդու զոհին. «Մի՛ հուսահատվիր, աշխարհում ինձ նման բարի հոգիներ կան, ես ձեզ կազատեմ կորստից։ Բայց փոխարենը ինձ պիտի տաք ձեր զավակին»
Ի՞նչ կարող էր անել բռնաբարվածը, եթե ոչ իբրև երախտագետ հոգի չոքել բարերարողի առջև և համբուրել նրա փեշերը, կարծելով, որ երեխային վերցնում է այդ փարթամ բուրժուան նրան խնամելու, միմիայն խնամելու համար։ Սակայն քողն երկար ժամանակ չի մնում փարիսեցիություն երեսին։ Նա ընկնում է, և շուտով կեղծիքը մերկանում է։ Դուրս է գալիս, որ դա բարերարություն չէ, այլ մի նոր տեսակի շահագործում, մի այլանդակ ավազակություն։
— Պարոն պաշտպան, մի՛ շտապեք եզրակացություններ անելու,— դարձյալ նկատեց նախագահը,— եղելության անունը, կորոշի դատարանը։
— Ավազակություն,— կրկնեց Լազմանովը, օգտվելով նախագահի մեղմ տոնից,— ուզում եմ ասել գողություն երեխայի։ Եվ մայրը զրկվում է յուր հարազատից։ Ահ, պարոնայք դատավորներ, կարիք կա՞ բացատրելու, թե ինչ ասեք է կնոջ համար զավակը։ Դա այն է, ինչ որ արդարադատությունը ձեզ համար։ Ի՞նչ կմնա օրենքներից, եթե չլինի նրա խստությունը։ Եվ ահա անպատիվ եղած, լլկված, ստորացած կինն ու մայրը շպրտվում է սալահատակի վրա՝ գրպանում մի քանի կոպեկներ, սրտում անհուն տանջանք, ճակատին ամոթի ու խայտառակության կնիքը։ Պարոնայք դատավորներ, դուք գիտեք այդ տեսակ կանանց վիճակը այնուհետև։ Մի անգամ սայթաքելով, նրանք ընկնում են, ընկնում են և արագ-արագ թավալվում դեպի անդունդ։
Բայց ներկա դեպքում պատահում է հակառակը։ Զինաիդա Պրոխորովան սթափվում է, ոտքի է կանգնում և վտանգավոր ճանապարհից ետ դառնում, մնում է ազնիվ, մաքուր։
Պատկերը սոսկալի է, պարոնայք դատավորներ, հարուստը ոսկու զորությամբ կողոպտում է չքավորի թարմ մարմինն ու պղծում։ Կին հափշտակում է նրա զավակը։ Կրկնակի հանցանք։
— Բայց կա մի երրորդը,— շարունակեց Լազմանովը,— որի վրա ձեր առաջին ուշադրությունը կկամենայի դարձնել, պարոնայք դատավորներ։ Դա երեխայի հոգու գողությունն է։ Իշխանական մի ցեղի զավակը, որ հարստությամբ հափշտակվելով, ամուսնացել է մի վաշխառվի որդու հետ, հափշտակում է մի անլեզու, անպաշտպան էակի խիղճը և, հակառակ տիրող օրենքների, մկրտում նրան հայ եկեղեցում։ Պարոնայք դատավորներ, ձեզնից է կախված այս վարմունքն էլ համարել կամ չհամարել հանցանք, բայց ես անհրաժեշտ համարեցի ձեր բարեհաճ ուշադրաւթյունը դարձնել նրա վրա։ Ինչ վերտբերում է դատի նյութական կողմին, ես մեղադրյալներից պահանջում եմ,— երեխային մորը վերադարձնելով՝ ապահովել երկուսի ապրուստը։
— Որքա՞ն եք պահանջում,— հարցրեց նախագահը, թեթևության մի հոգոց հանելով, երբ փաստաբանն ավարտեց։
— Հարյուր հիսուն հազար ռուբլի միանվագ, կամ տարեկան տասնուհինգ հազար ռուբլի։ Նախագահը չկարողացավ զսպել հեգնական ժպիտը։ Ծերունի դատավորը յուր թմրած աչքերը խոշորացրեց։ Երիտասարդը մատիտի ծայրը կոտրեց առջևը դրած թղթի վրա։ Հանդիսական փաստաբաններից ոմանք արագ շուռ տվեցին իրենց երեսները և զարմացած նայեցին Լազմանովին։
Գուրգենն ու Լիդիան հանգիստ նայեցին Սինոփյանին, որի դեմքից սկզբից մինչև վերջը չհեռացավ անդորր հեգնական ժպիտը։
XIII
— Խոսքը պատկանում է մեղադրյալների պաշտպանին,— ասաց նախագահը։
Սինոփյանն ուղղեց պենսնեն ու մի քանի քայլ առաջ եկավ։
Նրա ճառը տևեց ընդամենը կես ժամ։ Իբրև հոգեբան, գիտեր, որ երկարաբանությունը, որքան ևս պերճ լինի, առհասարակ ձանձրալի է։
Իսկ ինչ որ ձանձրալի է, չի կարող ազդել դատավորների վրա։
Երբ մեղադրյալները ասացին ամբողջ ճշմարտությունը, նա ավելի ևս համոզվեց, որ դատը փաստորեն տարված է.— երեխան պետք է անցնե Զինայի ձեռքը։ Մնում էր մի բան — մաքրել Լիգիտյի և Գուրգենի բարոյական նկարագիրն այն արատներից, որ ձգեց նրանց վրա Լազմանովը։ Ահա այստեղ նա ոգևորվեց և գրավեց դատավորների ուշադրությունը, նույնիսկ թմրած ծերունու հետաքրքրությունը շարժելով այնքան, որ նա մի քանի րոպե գլուխը բարձրացրեց, ունքերը վեր քաշեց և ականջ դրեց։
Երբ երկու դատավորներից մեկը հարուստ է, մյուսը աղքատ, մեծ մասամբ հարուստն է տուժում բարոյապես։ Թույլերն ունին մի զորեղ զենք — ամբոխի կարեկցությունը, որի դեմ շատ անգամ աշխարհի զորավորները տկար են։ Մարդկային կանխակալ կարծիքը յուր համակրանքը աղքատին տալով, համակրանքով ճնշում է հարստին։ Օրենքների խորին իմաստն է՝ կեղևն իրենից դեն ձգել և նրանց էության մեջ որոնել ճշմարտությունը։ Եթե մեղադրյալները հարուստ են — չի նշանակում, թե անմաքուր են։ Եթե մեղադրողը աղքատ գեղջկուհի է — չի նշանակում, թե բարոյականության տիպար է։
Մեղադրողի պաշտպանն ասաց, թե յուր պաշտպանյալը շահագործվել է, և այս մասնավոր փաստը հաստատելու համար դիմեց քաղաքատնտեսական գիտությունների օգնությանը։ Մի թեթևսոլիկ թռչնի պաշտպանության համար հրապարակ դուրս բերեց շատ գործածվելուց տաշված ու մաշված թնդանոթներ և սկսեց նրանցից ռմբակոծել կապիտալի պողպատյա պատվանդանը։ Եվ նրա բարձրացրած խլացուցիչ որոտներից մնաց դարձյալ այն, ինչից պետք է սկսեր նա յուր պաշտպանողականը — մի նախկին աղախին և յուր նախկին տերերը։ Մեկը վաճառել է յուր աշխատանքը, մյուսները գնել են։ Մի առօրյա հասարակ առևտուր, որից գոհ են եղել թե գնողը և թե մանավանդ վաճառողը։ Ապացույց, որ առևտուրը տևել է ամբողջ երեք տարի։ Ո՞վ էր խլել վաճառովի կամքը՝ հեռանալ գնողներից ամեն վայրկյան, երբ տեսել է, որ իրեն հարստահարում են։ Ո'չ ոք։ Ուրեմն խոսել շահագործման մասին այս դեպքում — կնշանակե քամի ծեծել տնտեսական փիլիսոփայության մտրակով. մի բան, որ չի կարող հետաքրքրական լինել դատարանի համար․․․
Հետևաբար պետք է դառնալ մյուս մեղադրանքներին։
Բռնաբարո՜ւմ։ Դյուրին է բարդել մարդու վրա մի այդպիսի ծանր մեղք, բայց ապացուցանել դժվար է և անհնարին։ Յուրաքանչյուր բռնաբարման աոաջին և անմիջական հետևանքն է բողոքը։ Ու՞ր է ներկա դեպքում բռնաբարվողի բողոքը բռնաբարողի դեմ։ Չկա։ Պարզ է, որ մոլորությունը փոխադարձ է։ Նա թե մեկինն է, թե մյուսինը։ Այդ, եթե այդ մոլորությունը հանցանք է մեկի համար, ինչո՞ւ չպիտի լինի հանցանք և մյուսի համար։ Եթե քավում է մեկը, ինչո՞ւ չպիտի քավի և մյուսը։
Բայց քավելու կարիք չկա, որովհետև չկա և հանցանք։
Մանո՜ւկը։ Ահա այն առանցքը, որի շուրջը պտտում է ներկա դատը։ Վերցրեք նրան ասպարեզից, և դատն ինքնստինքյան կչքանա։
Ո՞վ է ավելի հարազատ մայր նրա համար. Նա՞, որ աշխարհ է բերել նրան, թե՞ նա, որ ընդունել է. նա՞, որ բերելու օրը ձգել է ճակատագրի հաճույքին, թե՞ նա, որ շպրտվածը վերցրել է փողոցային ցեխի միջից, լվացել, մաքրել, զուգել-զարդարել ու տեղավորել յուր կարոտ սրտի լավագույն անկյունում — մայրության սրբազան վայրում։ Նա՞, որ կամեցել է սպանել նրան յուր արգանդում, թե՞ նա, որ միայն այդ մտքից սարսափել է։ Նա՞, որ վաճառել է փողով, թե նա, որ գնել է ազնվագույն զգացումների արժեքով։ Վերջապես, նա՞, որ վեց տարվա ընթացքում և ոչ մի անգամ հետաքրքրվել է մանկան վիճակով, թե՞ նա, որի համար այդ վիճակն եղել է քնքուշ հոգացողության և անսահման սիրո առարկա։
Պնդել, որ աղքատությունն է ստիպել մեղադրողին հրաժարվել յուր զավակից, կնշանակե մաքրելու փոխարեն ավելի արատավորել նրա բարոյական պատկերը։ Աղքատությունը կարող է ճնշել մայրական զգացումը, բայց երբեք խեղդել և ըսպանել։ Շատ դեպքերում նա սրում է և հիվանդության աստիճանի նրբացնում այդ զգացումը։ Չե՞ն եղել մայրեր, որ իրենց ցամաքած արյունի վերջին կաթիլներով են սնել և մեծացրել իրենց զավակներին։ Ահ, աշխարհի գանձերը չեն կարող մայրերի ոսկրոտ կրծքերից կորզել հարազատներին, եթե միայն այդ կրծքերի տակ կա ծնողական զգացում։
Նայեցեք, մի թե այդ կինը մոր տպավորություն է գործում, մանավանդ այնպիսի մոր, որ վեց տարի զուրկ է եղել զավակի տեսությունից։ Այդ գեղեցիկ, բայց արտահայտիչ դեմքը, այդ շինծու ատելությամբ լի հայացքը, այդ անընդհատ հոգացողությունը՝ երևալ տխուր և կարեկցության արժանի, ինքնըստինքյան ապացուցանելու համար են՝ թե ներկա դատի մեջ կա կեղծիք։ Ո՞ւր է մայրական կարոտի դրոշմը նրա ճակատի վրա։ Ու՞ր է տառապած հոգու մռայլը նրա աչքերի մեջ: Ոչ, ոչ, Զինաիդա Պրոխորովային այստեղ բերողը մանկան կարոտը չէ, այլ ուրիշ բան։
— Ի՞նչ է այդ բանը։
— Ուշադիր լսելով մեղադրողի պաշտպանի ճառը, դժվար չէ գտնել այն մագնիսը, որ թե՛ պաշտպանյալին, թե՛ պաշտպանողին ձգել, բերել է այստեղ։ Ահ, զուր չէին կրկնվում այդ ճառի մեջ աղքատություն, հարստություն բառերը։ Մարգարե չպիտի լինել գուշակելու համար, որ եթե իմ պաշտպանյալները լինեին ոչ հարուստ, երբեք, երբեք նրանց չէին քաշիլ դատարան և նստեցնիլ մեղադրյալների նստարանի վրա։ Ոչ, պարոնայք դատավորներ, Զինաիդա Պրոխորովային այստեղ բերողը մայրական սերը չէ, այլ շահը, շահը և շահը։ Բայց ես չեմ ուզում ներկա անարդար դատի ամբողջ պատասխանատվությունը գցել նրա վրա։ Քա՜վ լիցի։ Ես գիտեմ, որ չնայելով դատի խորամանկ նպատակին, նա ինքը մի պարզամիտ կին է: Նա գործում է ուրիշների թելադրությամբ։ Թելադրողներից մեկը ձեր առջև է, պարոնայք դատավորներ, իսկ մյուսը թաքնված է կուլիսների ետևում։ Դժբախտաբար, ես չեմ կարող ասպարեզ հանել ներկա բանսարկության այդ գլխավոր հերոսուհու անունը։ Դա ընտանեկան գաղտնիք է։ Բայց առանց այն էլ, պարոնայք դատավորներ, ձեզ համար միանգամայն պարզ է, որ այսօրվա դատը չունե բարոյական և ոչ մի մեղադրանք, ուստի ես խնդրում եմ ազատել իմ պաշտպանյալներին այդ պատասխանատվությունից և գործին նայել միայն նյութական տեսակետից...
Ավարտելով յուր ճառը, Սինոփյանը խնդրեց դատավորներին մերժել Զինայի պահանջը և երեխային թողնել Լիդիայի և Գուրգենի մոտ։
Ոտքի կանգնեց դատախազը։ Խոսեց նա մի ամբողջ ժամ։ Խոսեց չոր ու ցամաք ոճով։ Կրկնեց շատ բաներ Լազմանովի ասածներից, ավելացրեց մի քանի դիտողություններ։ Խնայելով Լիդիային, չխնայեց Գուրգենին և նրա բարոյական պատկերը ներկայացրեց մռայլ գույներով։
Մեծ ուրախություն պատճառեց Սինոփյանին այն հանգամանքը, որ դատախազը չխոսեց Սերժին լուսավորչական մկրտելու մասին։ Նա ինքն էլ չխոսեց այս մասին և չխոսեց դիտմամբ։
Երբ դատախազը ավարտեց յուր խոսքը, նախագահը դարձավ Լիդիային և Գուրգենին.
— Մեղադրյալնե՛ր, արդյոք, կկամենանք ձեր վերջին խոսքն ասել։
— Ո՛չ,— ասաց Գուրգենը
— Ո՛չ,— կրկնեց Լիդիան։
Նախագահը ոտքի կանգնեց։
— Դատը ընդհատվում է տասը րոպեով։
Եվ հեռացավ։ Նրան հետևեցին մյուս երկու դատավորները։ Անցան Լիդիայի և Գուրգենի համար հավիտենականության չափ տասը րոպեները, նիստը նորից բացվեց.
Նախագահն ասաց.
— Դատարանը որոշեց, որ երեխան բերվի այստեղ։
— Ախ ոչ, ախ ոչ,— լսվեց Լիդիայի ձայնը, և նա թուլացած՝ ընկավ Գուրգենի ձեռների վրա։
Սինոփյանը շտապեց ջուր մատուցանել, և երկու հանդիսական փաստաբանների օգնությամբ, Լիդիային տարավ հարևան սենյակներից մինը։
XIV
— Պապա, ո՞ւր ես տանում ինձ,— հարցրեց Սերժը մի քանի անգամ, երբ կառքը նրանց սլացնում էր դատարան։
— Թատրոն ենք գնում, սիրելիս, թատրոն,— գտավ վերջապես Գուրգենր։
— Մամա՞ն էլ այնտեղ է։
— Այնտեղ է։
Եվ մեծ ճիգ գործ դրեց Գոլրգենը, որպեսզի չհեկեկա փողոցում, սեղմելով կրծքին յուր զավակին։ — Ահ, ի՜նչ մեծ թատրոն է,— հրճվեց Սերժը, երբ հոր ձեռը բռնած, բարձրանում էր դատարանի ընդարձակ սանդուղքով։— Մաման օթյակո՞ւմն է։
— Այո։
Սանդուղքի ծայրում կանգնած էր Սինոփյանը հանգիստ դեմքով։ Նա սպասում էր Գուրգենին։
— Ինչպե՞ս է,— Հարցրեց Գուրգենը․․․
— Բոլորովին հանգիստ։ Ի սեր աստծո, մի հուզվեք, կլինի այնպես, ինչպես ասել եմ։
— Ես ինձ կզսպեմ , սիրտ տվեք նրան...
Երբ մտան դահլիճ, Լիդիան նստած էր յուր տեղում, գլուխը կրծքին թեքած, ձեռքերը դրած ծնկների վրա։
— Ո՞ւր է մաման,— հարցրեց ՍերԺը, այս ու այն կողմ նայելով։
— Ահա նա,— ասաց Գուրգենը մոտեցնելով նրան Լիդիային ։
— Մամա, մամա, ես էլ եկա,— գոչեց Սերժը և, հոր ձեռը բաց թողնելով, վազեց փաթաթվեց Լիդիայի պարանոցին, առանց քաշվելու ներկա եղողներից։
Ըստ երևույթին, Լիդիան պատրաստված էր այդ տեսարանին։ Նա իշխել էր իրան և դատապարտում էր յուր րոպեական թուլությունը։ Սինոփյանի հուսադրիչ խոսքերը նորից կազդուրել էին նրան, նորից հույս ներշնչել։
Նա գրկեց Սերժին լռորեն, սեղմեց կրծքին ջերմագին։ Ա՜հ, ո՞վ կարող է բաժանել նրանց, ո՞ր անողոք օրենքը կամ կոպիտ ուժը։ Սերժը նրանն է, դատավորները կզգան այդ և չեն խլի նրանից յուր կյանքը․․․
Լազմանովն արդեն հրճվում էր յուր հաղթանակով։ Նա դատը տարած էր համարում։
Երեխային անպատճա՛ռ կվերադարձնեն Զինային — այս ամեն մի կասկածից դուրս է։ Բայց ո՞րքան գումարի կդատապարտեն մեղադրյալներին հօգուտ մեղադրողի — ահա գլխավորը։ Նա գիտեր, որ յուր պահանջը մեծ է, բայց դիտմամբ էր այդ մեծ գումարը նետել մեջտեղ, որպեսզի դատավորները գեթ մասամբ հարմարեցնեն իրենց դատավճիռը պահանջի քանակությանը։ Չեն որոշել ամբողջ գումարը, թող որոշեն նրա կեսը, քառորդը․․․ Միևնույն միտքն էր զբաղեցնում և՛ Զինային դատավարության սկզբից։ Նրա սիրտն սկսեց ուժգին բաբախել այն վայրկյանին, երբ Լազմանյանն արտասանեց «կամ միանվագ հարյուր հիսուն հազար ռուբլի, կամ տարեկան տասնուհինգ հազար»։ Այդքան նա ոչ միայն չէր պահանջի, եթե մնար յուր կամքին, այլև չէր երազի անգամ պահանջելու։ Նրան հարկավոր էր այնքան, որքան կարող էր Պոլիկարպին նորից յուր գիրկը գցելու,— դարձյալ մի հազար ռուբլի։ Նա ուրախությամբ կհրաժարվեր և՛ երեխայից, և՛ փողերից, եթե իմանար, որ վաղ թե ուշ Պոլիկարպը նորից կսիրե իրան, միայն այս անգամ առանց ակնկալության։
Բայց կար նրա հոգու խորքում մի անկյուն, որ տակավին անապական էր մնացել։ Դա երախտագիտության՝ զգացումն էր, այն խոր, անկեղծ համակրանքը դեպի Լիդիան, որ երբեք չէր չբացել նրա մեջ։ Նույնիսկ այժմ, երբ կանգնած էր նրա դեմ ճակատ առ ճակատ որպես թշնամի, չէր ատում նրան, և շարունակ կրկնում էր յուր մտքում.
«Նա ինձ ազատել է խայտառակությունից, փող է տվել, ծանր բեռս վերցրել է յուր վրա»։
Նա զգում էր, որ եթե առանց դատի էլ դիմեր յուր նախկին տերերի օգնությանը, մերժում չէր ստանալ։ Համենայն դեպս Լիդիան նրան դատարկ ձեռքով բաց չէր թողնիլ։ Բայց չդիմեց, որովհետև չթողեցին դիմելու՝ նախ Ելենան յուր խորհոլրդներով, ապա Լազմանովն ահագին գումար կորզելու վարդագույն հույսերով։
Դատավարությանը նրա համար սկզբից ևեթ ձանձրալի էր։ Չգիտեր, թե ինչու են հարկավոր այդ բոլոր — դատավորների հանդիսավոր մուտքը, նրանց անվերջ հարցուփորձը, փաստաբանների երկար ճառերը, վերջապես այդ լղար, բարձրահասակ երիտասարդ դատախազն յուր կոմիկական լրջությամբ։ Նա պատրաստ էր հեռանալու դատարանից, ամեն ինչ թողնելով փաստաբանին, բայց վախենում էր, որ այդ կարող է դատավորներին բարկացնել։ Այն վայրկյանին, երբ երեխայի դատարան բերվելը պահանջելիս Լիդիան ճչաց և նվաղեց, Զինայի մեջ կատարվեց վայրկենապես մի տարօրինակ բան։ Լիդիան նրան թվաց այնքա՜ն խղճալի, այնքա՜ն արժանի կարեկցության, որ ինքն էլ պահանջ զգաց նրա նման ճչալու և նվաղելու։ Նա զսպեց իրեն, որպեսզի չարտասանե որևէ հիմար խոսք։
Այլևս նրա դեմքից չքացել էր շինծու-արհամարհական ժպիտը և նրա շարժումներն ու ձևերը կորցրել էին իրենց արվեստական գոռոզությունը։ Նրա գեղեցիկ դեմքն ստացավ անսովոր լրջություն, որ խառն էր տխրության հետ։ Նրա աչքերի մեջ երևաց իմաստալի արտահայտություն, որի նմանը երբեք չէր ունեցել։
Երեխային տեսնելիս՝ նա զգաց կարեկցություն և դեպի նա, բայց ոչ իբրև մայր, այլ իբրև սոսկ կին։ Այդ սիրուն հագնված, առողջ, կայտառ մանկան «մամա, մամա» գոչելով Լիդիայի պարանոցին փաթաթվելն այնքան բնական, այնքան սրտառուչ թվաց նրան, որ նա հուզվեց ոչ իբրև մայր այլ իբրև սոսկ կին։
Լազմանովը մոտեցավ նրան և ասաց․
— Երեխային ձե՛զ կտան, այս գիտեմ. բայց թե որքան կորոշեն նրա պահպանության համար — չգիտեմ։ Թույլ տվեք բողոքել, եթե քիչ որոշեն...
Զինան ուշադրության չդարձրեց յուր պաշտպանի վրա։ Կարծես, չլսեց անգամ նրա խոսքերը։
— Ես կբողոքեմ, անպատճառ կբողոքեմ,— ասաց Լազմանովը, զարմացած դիտելով Զինային, որ շարունակ զբաղված էր յուր մտքերով։
Նա չզգաց, և չէր էլ կարող զգալ, թե այդ պահին ի՛նչ է կատարվում յուր պաշտպանյալի մեջ։
— Դատավորները գալիս են,— կրկին լսվեց պրիստավի ձայնը ընդհանուր խոսակցության ու շշուկների մեջ։ Լիդիան ցնցվելով ոտքի կանգնեց, ավելի ամուր սեղմելով Սերժի ձեռը, որ բաց չէր թողել երեխայի գալու վայրկյանից
Նիստն ազդարարվեց բացված։ Ամենքը բռնեցին իրենց տեղերը։
— Մամա,— շշնջաց ՍերԺը։
— Լռի՛ր սիրելիս, լոի՛ր,— սաստեց նրան Լիդիան։
— Մամա, սա թատրոն չէ, ես վախենում եմ,— կրկնեց մանուկը սեղմվելով մորը։ Գուրգենը գրկեց նրան մի ձեռով, շարունակ նայելով Լիդիային, որի արտաքին հանգստությունը նրան ավելի էր վախեցնում, քան նվազիլը ։ Այժմ յուր մասին նա բնավ չէր մտածում։ Զգալով, որ ինքն է այդ բոլորի սկզբնապատճառը, զգում էր իրեն կրկնակի հանցավոր Լիդիայի առջև։ Ա՜հ, որպիսի՜ գոհունակությամբ նա ինքը մեն-մենակ կկրեր խայտառակ դատի ամբողջ ծանրությունը։
— Դա՞ է ձեր մանուկը,— հարցրեց նախագահը։
— Այո ։
Տիրեց խորին լռություն։ ։
Լիդիան զսպեց յուր շունչը, ավելի ու ավելի ամուր սեղմելով Սերժի ձեռը։
Նախագահը հանդարտորեն դուրս բերեց ժիլետի գրպանից պենսնեն, դրեց քթին, վերցրեց սեղանի վրայից ձեռի տակ գտնված թուղթը և կարդաց դատավճիռը։
Երբ նա սովորական բանաձևն անցնելով, արտասանեց՝ «դատարանը որոշեց», Լիդիան անգիտակցաբար այնպես ամուր սեղմեց Սերժի ձեռը, որ մանուկը ճչաց ցավից։
— Որոշեց՝ վերցնել երեխային խորթ մորից և հանձնել հարազատ մորը, Զինաիդա Պրոխորովային ,— հնչեց նախագահի սառը, անհողդողդ ձայնը։
Այլևս Լիդիան հետևյալ խոսքերը չլսեց։ Նրա աչքերր մթնեցին, ձեռքերը թուլացան, բաց թողեց Սերժին։ Նրան թվաց, թե առաստաղը խորտակվում է յուր գլխին և, մի սուր ճիչ արձակելով, ընկավ Սինոփյանի գիրկը, որ տեսարանը նախագուշակելով, կանխավ մոտեցել էր նրան։
— Մամա, մամա,— գոչեց Սերժը և դառնագին հեկեկաց։ Թուղթն ընկավ նախագահի ձեռքից։
Զինան կանգնած էր անշարժ և դիտում էր հեռվից։ Ոչ ոք չգիտեր, թե ի՞նչ է կատարվում նրա մեջ։
— Պարոնայք դատավորներ,— լսվեց ընդհանուր շփոթության մեջ Սինոփյանի ձայնը,— դուք տեսնում եք այս երկու կանանցից ո՛րն է հարազատ մայրն այս մանկան։
Տեսարանը նախագահի վրա ազդել էր։ Արտասուքի երկու խոշոր կաթիլներ ընկան պենսնեի տակից նրա ալեխառն մորուքի վրա։ — Նիստը փակում եմ,— արտասանեց նա դողդոջուն ձայնով,— դատավճիռը վերջնական ձևով կազդարարվի մի շաբաթ հետո...
Դատավորները վերկացան տեղներից, ամենքը հուզված է։
— Ոչ, ոչ, չեմ ուզում,— լսվեց հանկարծ Զինայի ձայնը.— երեխան իմը չէ։ Ես հրաժարվում եմ նրանից էլ, փողից էլ, չեմ ուզում։
Նա վազեց դեպի Լիդիան։
— Տիրո՛ւհի, տիրուհի, ներեցեք ինձ, ես մեղավոր եմ ձեր առջև։ Ես չէի ուզում, նա՛ սովորեցրեց ինձ, Ելենա Գավրիլովնան։ Պահեցեք երեխային, նա ձերն է։ Ես ոչինչ չեմ ուզում։
Լազմանովը ապշած, զայրացած կրծոտում էր յուր շրթունքները։
Գուրգենը, Սինոփյանի օգնությամբ դուրս տարավ Լիդիային և Սերժի հետ կառք նստեցրեց։
Շաբաթն անցավ։ Ազդարարվեց միևնույն դատավճիռը։
Չնայելով Լազմանովի ջանքերին, Զինան մնաց անդրդվելի։ Նա շարունակ կրկնում էր․
— Երեխան իմը չէ, իմը չէ։ Ես չեմ ուզում նրան, ոչ էլ փող։ Ամբողջ շաբաթ Լիդիան հիվանդ պառկած էր և Սերժերն չէր թողնում հեռանալ յուր անկողնակալի մոտից։
Երբ նրան պատմեցին բոլորը, խնդրեց Զինային կանչել յուր մոտ։ Նա փաթաթվեց յուր նախկին սպասուհու պարանոցին և համբուրելով նրան, մի քանի անգամ կրկնեց,
— Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, լինենք քույրեր։ Բայց Սինոփյանը չտարվեց այդ տեսարանով։ Նա ասաց Զինային․
— Դուք դատարանի միջոցով կհրաժարվեք երեխայից, տալով ձեր ստորագրաթյունը, իսկ ես կապահովեմ ձեր կյանքը ցմահ։
Այդպես էլ արին։