ՈՍԿԵ ՁՈՒԿԸ

Ըլնում ա չիլնում ավալ ժամանակին՝ մի թագավոր։ Էս թագավորը հենց մի մինուճար տղա ա ունենում, էլ զադ չէ։

Էս տղեն որ մենծանում ա, ըլնում ութ, իննը տարեկան՝ թագավորը տալիս ա սրան վարժատուն՝ կարդալու։ Մի հինգ, վեց տարի էդ տղեն մնում ա վարժատանը, լավ ուսում առնում, խելք սովորում, վերջը լավ գիտուն մարդ դուս գալի, որ արար աշխարքումը սրա հատը գիտուն չիլնում։

Անց ա կենում մի տարի, էրկու տարի՝ էս թագավորի աչքերը մի ղաֆիլ բռնվում ա, քոռանում։

Աշխարքումը էլ հեքիմ չի մնում բերում են՝ սրա աչքերին ճար, իլլաջ չիլնում։ Վերջը սալըղ են առնում, որ Չինումաչինա քաղաքումը մի Լողմա հեքիմ կա. թե լավացնի՝ նա կլավացնի, էլ մարդ չէ։

Թագավորը մարդ ա ղրկում Չինումաչինա քաղաքը, էն Լողմա հեքմին բերիլ տալի։

Լողմա հեքիմն ասում ա.— Թագավորն ապրած կենա, ինչքամ դեղ, դարման անեն՝ զուր ա. քու աչքերին ճար չիլնի։ Մնում ա մի բան. թե որ էն ճարեցիք՝ կլավանա, թե չէ՝ հո՛ չէ։ Ծովի միջումը մի Ոսկե ձուկը կա. թե կարացիք բռնի բերի, որ մորթեմ՝ նրա արինը քսեմ աչքերիդ՝ կլավանա, թե չէ՝ էլ սաղանալու իլլաջ չկա։ Թագավորը էն սհաթը ջառ ա գոռալ տալի սաղ իրա երկրումը, որ ինչքամ թոռչի կան՝ քոմմա հավաքվեն ծովի ղրաղը, թոռ քցեն: Սաղ նրա երկրի թոռչիքը հավաքվում են, ծովը թոռ քցում:

Քցում են քցում, մի տարի, էրկու տարի, իրեք տարի, հինգ տարի, մախլասի տասը տարի՝ էն Ոսկե ձուկը չեն կարում հանի: Վերջը մըն էլ որ թոռը քցում են քաշում, տենում են ի՛նչ՝ դուս էկավ մի ձո՛ւկը, մի ձո՛ւկը, էնքա՛մ սիրուն, էնքամ նաշխուն, որ կասենաս հրեշտակ ըլներ. կուզենայիր չուտես, չխմես՝ հենց նրա գյուլ-ջամալին թամաշ անես. էնքա՛մ մի սիրունիկ զադ էր[1]

Թոռչիքը ուրախությունից աշխարով մին էլան, որ թագավորի ուզած ձուկը հանեցին։ Համա դու արի տես՝ թագավորի տղեն սևասրտել ա՝ տխրե, թե ո՞նց էս թավուր գյոզալ ձուկը պտի տանեն մորթեն, որ ինչ ա՝ հոր աչքերը լավանա: Տղի ղմիշը չի գալի. վեր ա ունում անսաս Ոսկե ձկանը էլ եդ քցում ծովը:

Թոռչիքը դառը-տխուր գալիս են թագավորին նաղլ անում, թե.— Թագավորն ապրած կենա, մենք էս տասը տարի մեռանք չարչարվելոն՝ անջախ կարացինք Ոսկե ձուկը կալնի, տղեդ էլ եդ քցեց ծովը։

Թագավորը էս որ լսում ա՝ կատաղում ա, հրամայում՝ որ էն սհաթը տղին իրա երկրիցը սուրգյուն անեն, քշեն, որ մին էլ նրա էրեսը չտենա:

Թագավորի հրամանն էր. ի՞նչ կարային անի. ճամփի հմար ինչ որ պետքն էր տվին ու տանից դուս արին։ Թագավորի տղեն ա՝ հացից-մացից լցրեց տոպրակը ու ճամփա ընկավ։

Գնաց ծովի ղրաղովը անց կացավ, ձեն տվեց.— Ո՛սկե ձուկ, մնա՛ս բարով, ես գնացի։

Էթում ա էթում, շատն ու քիչը աստոծ գիտա, մի աղբրի կշտի սրան մի Արաբ ա ռաստ գալի։ Թագավորի տղեն ասում ա.- Բարաջողում, Արա՛բ աղպեր։

- Բարո՛վ, հազար բարին, թագավորի ցեղ. էդ ու՞ր էս էթում:

- Խեղճ մարդ եմ, էթում եմ Ստամբոլ՝ աշխատանքի. տենամ մի քանի շայի ձեռս կընկնի՞, թե չէ։ — Չե՞ս գա իրար հեննա աղպեր ըլնենք. ի՛նչ որ աշխատենք՝ հալալ աղպոր նման փայ անենք։

— Լա՛վ,— ասեց թագավորի տղեն,— արի՛ ըլնենք. ինչքամ կաշխատենք՝ կեսն ինձ, կեսը քեզ։

Էս էրկսով աղպեր էլան, գնացին։ Գնացին, գնացին, շատն ու քիչը աստոծ գիտա, հասան Ստամբոլա քաղաքը։ (Ստամբոլը էդ վախտը Ուռումի թագավորի ձեռին էր[2])։ Ըստե էրկսով մի օթախ քրեհեցին՝ միջին կացան։ Թագավորի տղեն էթում էր բանելու, Արաբը մնում էր տանը՝ կերակուր-մերակուր էփում, հազրում, որ աղպերը աշխատանքից գա՝ ուտեն։

Էդ վախտերքը սալըղ-սուլուղ էր ընկե քաղաքը, թե թագավորի աղջկա լիզուն բռնվել ա՝ չի խոսում. ո՛վ կարենա խոսացնի, թագավորը իրա աղջիկը նրան կտա, վրեն էլ օխտը ղաթրաբեռ ոսկի։ Ո՛վ գնացել ա՝ չի կարացե խոսացնի, քոմմքի գլխներն էլ կտրիլ ա տվե։

Էս բանը որ ընկնում ա Արաբի անկաջը՝ միտք ա անում, որ էթա փորձի, բալքի կարենա թագավորի աղջկանը խոսացնի։ Ու մի օր էլ, որ աղպերը առավոտը էթում ա իրա բանին, ինքն էլ նրանից թաքուն, վեր ա կենում էթում թագավորի խնամաքարի վրա նստում։

Թագավորը հարցնում ա.— Ա՛յ հողածին, խի՞ ես էկե։

— Թագավորն ապրած կենա, էկել եմ աղջկանդ խոսացնեմ։

— Էսքամ մարդիկ էկել են՝ ի՞նչ են չաթե, որ դու ինչ չաթես։ Գնա՛, ո՛րդի, մեղք ես, ջահել-ջիվան ես. գնա՛ արևիդ ձենն ածա։

— Չէ՛, թագավորն ապրած կենա, ես իմ թքածը չեմ լիզի, պտի խոսացնեմ. թե չկարացի՝ արինս քեզ հալալ ա։

— Լա՛վ,— ասում ա թագավորը,— որ ինձ չես լսում՝ մեղքն ու վարձքը քու շլինքը, արի․ համա աղաքուց պտի իմանաս, որ շարթը իրեք հետ ա, աղջկանս իրեք հետ պտի խոսացնես։

— Լա՛վ, թո՛ղ իրեք հետ ըլնի,— ասեց Արաբը,— ղա՛բուլ եմ։

Արաբը գնաց դուզ նի մտավ թագավորի աղջկա օթախը, տեհավ ի՞նչ՝ մի հուրի-մալաք աղջիկ, որ չուտես, չխմես՝ հենց նրա գյուլ-ջամալին թամաշ անես. նստել ա քարգա ա անում, համա որ ասես ձեն, ծպտոն չի հանում: Արաբը դե՛ս մտիկ արեց, դե՛ն մտիկ արեց՝ աչքովը զադ չընկավ, մի ժանգոտած շամադանից սավայի: Գնաց, էդ ժանգոտած շամադանը բերեց դրեց աղաքը, հեննեն խոսաց։

— Բարո՛վ,– ասեց,— շամադան աղպե՛ր. քե՞ֆդ, հա՞լդ: Շատ[3] վախտ ա իրար չենք տեհե. ըսկի ի՞նչ թազա խաբար:

— Ասսո՛ւ բարին, Ա՛րաբ աղպեր. փա՛ռք ասսու, լավ եմ. դու ո՞նց ես։ Ի՞նչ թազա խաբար պտի ըլնի. դո՛ւ ես դռնիցը գալիս. թազա խաբարը ի՞նձ ես հարցնում: Ես ըսկի դուս գալի՞ս եմ, որ իմանամ աշխարումը ի՞նչ ա ըլնում, ի՞նչ չէ. հենց էս ա տարեն տասնէրկու ամիս ըստե վեր ընկած եմ։

— Բաս ըսկի, շամադան աղպեր, հեքաթից—մեքաթից չե՞ս իմանոմ՝ ասես, անկաջ դնենք։

— Չէ՛, Ա՛րաբ աղպեր, ես հեքաթ չեմ գիտա, թե դու գիտաս, ասա՛:

— Լա՛վ, կասեմ. համա պտի լա՛վ անկաջ դնես, հա՛։

— Ասա՛, անկաջ կանեմ։

Արաբն ասում ա.— Կըլնի, չիլնի մի մարդ։ էս մարդն ունենում ա էրկու տղա՝ մինը պսակված, մեկելը չէ: Զատկի իրա օրը էդ պսակված տղի կնիկը մարգի հեննա էթում ա հերանց գեղը, ընդե մի քանի օր մնում։ Զատիկը որ անց ա կենում, էս ազապ աղպերը վեր ա կենում գալի՝ հարսին բերի։ Աղպերն ասում ա. «Դու կնկանս վե կալ գնա՛, ես էլ հրես եդևներիցդ գալիս եմ»: Էս ազապ աղպերն ա՝ հարսին նի'լցնում ա ձին, ինքն էլ աղաք ընկնում, գալի։ Գալիս են գալիս, շատն ու քիչն աստոծ գիտա, մի զուլալ աղբրի ռաստ են գալի։ Էս տղեն ասում ա. «Հա՛րսի, կա՛ց էս աղբրումը մի պուճուր լեղանամ, էլ եդ էթանք»։ Ձին կաննացնում ա, շորերը հանում, լեղանում։ Որդիան որ էր՝ էն դհիցը աղպերը գալիս ա, տենում՝ իրա աղպերը լեղացել ա, հրեն շորերն ա հագնում։ Մտքովը ուրիշ բան ա անց կենում. գալիս ա թուրը հանում՝ աղպորը վրա քշում, որ սըպանի։ Նա սրա՛ն ա տալի, սա նրա՛ն՝ էրկու աղպեր տալիս են իրար գլուխ թռցնում: Խեղճ կնիկը մնում ա գլխի վրեն մոլորած, չի իմանում ի՞նչ անի. չի իմանում ո՞րն ա իրա տեքոր ջամդաքը, ո՞րը՝ մարդինը։ Վեր ա ունում մարդի գլուխը տեքոր ջամդաքի վրա ա դնում, տեքոր գլուխը՝ մարդի ջամդաքի վրա: Նստում ա ընդե ասսուն էնքամ աղոթք անում, լաց ըլնում, որ աստոծ լսում ա սրա աղոթքը՝ էս էրկսին էլ ֆոգի ա տալի, սաղացնում։ Էրկու աղպեր հմի էլի կռիվ, ղալմաղալ էն անում. մինն ասում ա. «Էս իմ կնիկն ա», մեկելն ասում ա. «Չէ՛, իմ կնիկն ա»։ Թագավորն ապրած կենա, կնիկը հմի ո՞րին կհասնի:

Թագավորն ասում ա.— Հալբա՛թ որ, մարդի գլուխը ո՛ր ջամդաքի վրա էլ ա՝ նրան կհասնի։

Եննա թագավորի նազիր-վեզրին ա հարցնում.— Նազի՛ր-վեզի՛ր, կնիկը ո՞րին կհասնի[4]:

— Հալբա՛թ որ, մարդի գլուխը ո՛ր ջամդաքի վրա ա՝ նրան կհասնի։

Թագավորի աղջիկը էլ չի կարում իրան պահի, ընդիան ձեն ա տալի.— Ա՛յ ձեր դատաստանը քանդվի. խի՞ կնիկը էն ջամդաքին կհասնի, որ ջամդաքի վրա որ մարդի գլուխն ա. հազի՛ր էն ջամդաքին կհասնի՝ ո՛ր ջամդաքի վրա որ տեքոր գլուխն ա։ Ի՞նչ անենք, որ գլուխը մարդինը չի. սաղ ջամդաքը հո՞ մարդին ա:

— Թե որ էն կնիկը նրան կհասնի,— ասում ա Արաբը,— բա՛ս դու էլ ինձ կհասնես։

Թագավորը, նրա նազիր-վեզիրը քոմմա մնացին սառած, թե ո՞նց խոսացրեց աղջկանը:

— Էս մի հետը խոսացրիր,— ասեց թագավորը,— մնաց էրկու հետ, թե որ էս էրկու հետն էլ խոսացրիր, հո ի՛նչ որ խոստացել եմ՝ կտամ. թե չէ՝ իմաց կաց գլուխդ կֆը՜ռռա։

— Լա՛վ, թագավորն ապրած կենա, թո՛ղ ըտենց ըլնի,— ասում ա Արաբը։

Արաբն էթում ա տուն. կերակրից, զադից էփում, հազիր անում, որ աղպերը գա՝ հաց ուտեն։ Աղպերը որ գալիս ա տուն, Արաբը, որ ասես՝ նրան բան չի ասում, թե գնացել էր թագավորի աղջկանը խոսացնելու։

Առավոտը որ լիսանում ա, աղպերն էթում ա իրա բանին՝ Արաբն էլ վեր ա կենում դուզ էթում թագավորի խնամաքարի վրա նստում։ Թագավորը էն սհաթը դուս ա գալի, Արաբին կանչում, տանում աղջկա օթախը։

Արաբը օթախի մեջը դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի՝ տենում ա էն ժանգոտ շամադանը չկա. դու մի ասի թագավորի ա՛ղջիկն ա ղաստի վեր ունիլ տվե, որ Արաբը գա՝ հեննեն խոսալու էլ զադ չգտնի։ Էթում ա օթախները ման գալի՝ մի ժանգոտ, քնձռոտ թուր ա գտնում, բերում դնում աղաքը, հեննեն խոսում։

— Բարո՛վ, ժանգոտ թուր աղպեր. էս քանի տարի ա իրար չենք տեհե. ըսկի չես ասում՝ իմ Արաբ աղպերն էս ո՞ւր ա, չի էրևում։

— Բա՛րին արևդ, Արաբ աղպեր։ Ի՞նչ անեմ, ամեն մարդ իրա դարդովն ա մոլորե, ես էլ իմ դարդովը։ Աղաք ես ի՛նչ թավուր լավ թուր ի. թագավորը ինձ վրեն էր կապում, էթում կռիվ․․․ կռվումը ով գիտա քա՛նի գլուխ մի դըրբումն ի թռցնում։ Համա, հմի թագավորը էլ ինձ մտիկ չի անում. ժանգոտել եմ՝ էլե ղոռազա զադ. ըսկի էրեսիս թամաշ անող չկա։

— Բա՛ն չկա, թուր աղպեր. աստոծ ողորմած ա։ Դու էն ասա՛, հեքաթից, մասալից չե՞ս գիտա, ասես՝ անկաջ դնենք, օր մթնացնենք։

— Չէ՛, Ա՛րաբ աղպեր, ես զադ չեմ գիտա, թե էդ թավուր հունար ունես՝ ասա՛, հազիր պարապ եմ, անկաջ դնեմ։

— Լա՛վ, կասեմ. համա պտի լա՛վ անկաջ դնես, հա՛։

— Ասա՛, անկաջ կդնեմ։

Արաբն ասում ա.— Ըլնում ա չիլնում մի խառադ, մի դերձիկ, մըն էլ մի տերտեր։ Սրանք իրեքով աղպեր են դառնում, վե կենում էթում ղարբություն՝ աշխատանքի։ Էթում են էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, մի մեշի ղրաղի մութը վրա ա հասնում։ Ըստե վեր են գալի, որ գշերը մնան՝ առավոտը էլ եդ էթան իրանց ճամփեն։ Չունքի հենները բո՛լ փող ին վե կալե՝ ասում են. «Էկե՛ք գշերը դորեդոր ղարավուլ քաշենք, որ մեզ հարամի, զադ չմոտանա»։

«Լա՛վ,— ասում ա խառադը,— էդ շա՛տ լավ կըլնի, Ուզո՞ւմ եք, հենց իրիկնեց ե՛ս ղարավուլ կքաշեմ. եննա մի քիչ կկենամ, դերձկին կզարթացնեմ՝ ես կքնեմ. լիսադեմին նա էլ թող տերտերին վե կացնի»։ Բիրադնով էլ ռազի են ըլնում ու աղաք խառադն ա ղարավուլ քաշում։ Համա ըս էլ պտի ասեմ, որ էս խառադը շա՛տ գլուխ ուստա ա ըլնում. որ սաղ աշխարքումը սրա հատը ուստա չէր ըլնի։ Էս մեր խառադն ա՝ ուրագը մեջքն ա խրում, ղարավուլ քաշում, ընկերտիքն էլ քնում են։ Էդ գշեր էլ սատանական է՛ն թավուր ցուրտ էր, է՛ն թավուր ցուրտ, որ իմ միս կտրողին ռաստ չգա։ Խեղճ խառադը ցրտու զընգըռ-զընգըռ դողում էր. չէր իմանում ինչ անի։ Վերջը ասեց. «Արի՛ մի իշկիլ սարքեմ, եննա պառկեմ քնեմ, ո՞վ կիմանա, թե ես քնել եմ»։ Էթում ա մեշեն, լավ-լավ չամի փետեր կտրտում, բերում էնթավուր մի փետե իսան շինում, որ գշերը մարդ տենար՝ կասեր. «Էն ի՞նչ մարդ ա ընդե կաննած», էնքամ մարդի նման էր։ Ըսենց շինում ա, դիք կաննացնում, ինքը պառկում քնում։ Քնում ա, քունն առնում․ եննա գիշերվա մի վախտ զարթնում ա, դերձիկի կողքին բոթում. «Դե՛րձիկ աղպեր, վե կաց․ քու դորն ա. ղարավուլ քաշա՛»։ Ասում ա՝ ինքը քնում։ Դերձիկը վեր ա կենում, տենում ի՛նչ՝ մի մարդ ընդե դիք կաննած ա․ ոնչ ժաժ ա գալի, ոնչ էլ էն[5]․ ինքն իրան ասում ա. «Արի՛ որ սա գող ըլնի՞»։ Էլ ձեն, ծպտոն չի հանում. կամաց-կամաց մոտանում ա, թուրը քաշում՝ տալի վե քցում։ Թրի ծերովը դե՛ս, դե՛ն ա բռթում, տենում ա որ ղորթմանց իսան չի՝ փետից ա շինած։ Նոր գլխի ա ընկնում, որ էս խառադի սատանությունը կըլնի։ Ինքն իրան ասում ա. «Բա՛ ես էլ չկարենա՞մ խառադին մի ֆանդ գա»։ Էթում ա մեշեն, ծառի լեն տերևներ պոկոտում, բերում էս փետե մարդի հմար մի ձեռք շոր ա կարում[6], հագցնում։ Էս հետ որ տենայիր, իսանից չէիր ջոկի․ կասեիր՝ ղորթմա՛նց որ մարդ ա։ Լիսադեմին վեր ա կենում, տերտերին բոթում. «Տերտե՛ր, տերտե՛ր, վե՛ կաց. դորը քունն ա. մի քիչ էլ ե՛ս աչքս կպցնեմ»։ Տերտերը վեր ա կենում, տենում ի՛նչ՝ մի երկեն մարդ, շորերը սիրուն հագին՝ ընդե կաննած։ Թուքը-մուքը կպչում ա. մոտանում ա ձեն տալի. «Ո՞վ ես, ո՞վ ես, ո՞վ ես»[7]․ ձեն չի տալի։ Տանում ա բերում, որ մի դըրբ չի տալի՝ էրեսհարքի վրա փըռկվում ա, վեր ընկնում։ Նո՛ր վարավուրդ ա անում, որ փետե մարդ ա. նո՛ր որ սիրտը մի քիչ հանդարտում ա։ Իմանում ա որ խառադի ու դերձկի սատանությունն ա։ «Ա՛յ հարա՜յ,— ասում ա,— նրանք էնքամ էլան՝ էսթավուր իսան շինեցին. բա՛ ես էլ չկարե՞նամ սրան ֆոգի տա, որ էսքամ սուրբ տերտեր եմ»։ Էս մեր տերտերն ա՝ էն ցուրտ ղիամաթին չոքում ա՝ ասսուն աղոթք անում, աղոթք անում. էնքա՛մ աղոթք ա անում, որ աստոծ լսում ա նրա ձենը՝ էս փետե մարդին ֆոգի ա տալի։ Ըլնում ա ղորթմանց մարդ, հենները խոսում, զրից անում. մախլասի՝ թամամ մարդ։ Դու արի տես հմի էս իրերով իրար հեննա ղալմաղալ են քցում. խառադն ասում ա. «Էս մարդը ինձ կհասնի, չունքի ես գնացի մեշիցը փետ կտրեցի, բերի շինեցի»։ Դերձիկն ասում ա. «Չէ՛, ինձ կհասնի. չունքի ե՛ս նրա հմար շոր կարեցի՝ հագցրի. թե չէ հմի ցրտու դի՛ք չորացել էր»։ Տերտերն էլ ասում ա. «Հազի՛ր ինձ կհասնի. ես որ չչոքեի, ասսուն աղոթք չանեի, նրան ո՞վ ֆոգի կտար. դարդակ փետե մարդը որ ֆոգի չունենար՝ ընչի՞ էր պետք»։ Թագավորն ապրած կենա․ հմի էն մարդը ո՞րին կհասնի։

— Հալբա՛թ որ խառաղին. որ քոմմքից աղաք նա միտք արեց, բերեց փետից մարդ շինեց։

— Նաղիր-վեզիր, ո՞ւմ կհասնի։

— Հալբա՛թ որ դերձկին. որ նրա հմար շորեր կարեց՝ ցրտից պրծացրեց։

Թագավորի աղջկա սիրտը էլ չի դիմանամ, էն դհիցը ձեն ա տալի.— Տո՛ ձեր դատաստանը քանդվի, ո՞րդիան նրանց կհասնի. տերտերը որ չըլներ, էն փետե մարդին ո՞վ ֆոգի տալ կտար. հազի՛ր տերտերին կհասնի՞։

— Թե որ նա տերտերին կհասնի,— ասում ա Արաբը,— բա՛ս դու էլ ի՛նձ կհասնես։

Թագավորը, նրա նաղիր-վեզիրը էլի մնում են զարմացած, թե ո՞նց Արաբը էս էրկու հետ աղջկանը խոսացրեց։

— Մնա՛ց մի հետ,— ասում ա թագավորը,— թե խոսացրիր. հո խոսացրիր՝ աղջիկս քունն ա. թե չէ՝ գլուխդ պտի ֆը՜ռռա։

— Լա՛վ, թագավորն ապրած կենա,— ասում ա Արաբը,— թո՛ղ ըտենց ըլնի։

Արաբը գալիս ա տուն, աղպոր հմար կերակուր հազրում։ Հացի վախտը աղպերը գալիս ա՝ հաց են ուտում։ Համա դեռ ընչանք հմի նրան զադ չի ասում։ Առավոտը աղպերը որ էթում ա իրա բանին, Արաբն էլ վեր ա կենում գալի թագավորի խնամաքարի վրա նստում։

Թագավորը դուս ա գալի, Արաբին կանչում՝ տանում աղջկա օթախը։

Արաբը օթախի մեջը դե՛սն ա մտիկ տալի, դե՛նն ա մտիկ տալի՝ տենում օթախը լափ դարտակ ա. ըսկի զադ չկա, որ բերի հեննեն խոսա։ Էթում ա թագավորի աղջկա քարգահը բերում դնում աղաքը՝ հեննեն զրից անում։

— Ախար բարո՛վ, քարգա աղպե՛ր, բո՞լ չի բանես, մի քիչ էլ դինջացի, մե՛ղք ես։

— Է՛հ, ինչ դինջանամ, Արաբ աղպեր. տարեն-տասնէրկու ամիս իմ բան ու փեշակը հա էս ա, հա՛ էս, հո նոր չի։

— Լա՛վ. բաս մի հեքաթ, բան չե՞ս գիտա, ասես՝ անկաջ դնենք։

― Չէ՛, Ա՛րաբ աղպեր. ես ի՛նչ հեքաթ իմանամ, թե դու գիտաս՝ ասա։

— Լա՛վ, ուզում ես՝ ասեմ. համա պտի լա՛վ անկաջ դնես, հա՛։

— Ասա՛, անկաջ կդնեմ. ասա՛, տենանք։

Արաբն ասում ա.— Ըլնում ա չիլնում մի թագավոր. էս թագավորը մի հուրի-մալաք, սիրուն աղջիկ ա ունենում։ Էս աղջկանը հա՛մ թագավորի նազրի տղեն ա սիրած ըլնում, հա՛մ վեզրի տղեն, հա՛մ էլ նրա սինոթապետի տղեն։ Հմի թագավորը չի իմանում՝ ո՞րին տա։ Համա ըս էլ պտի ասեմ, որ նրա աղջկանը քոմմքից աղաք վեզրի տղեն էր սիրե։ Թագավորն ապրած կենա, քու խելքով աղջիկը ո՞րին կհասնի։

— Հալբա՛թ որ թագավորի սինոթապետի տղին,— ասում ա թագավորը։

— Նազի՛ր-վեզի՛ր, աղջիկը ո՞ւմ կհասնի։

— Հալբա՛թ որ թագավորի սինոթապետի տղին։

Թագավորի աղջիկը էս հետ էլ չի դիմանում, ընդիան ձեն ա տալի.― Տո՛ ձեր դատաստանը քանդվի. աղջիկը խի՞ պտի սինոթապետի տղին հասնի. հազի՛ր վեզրի տղին կհասնի, որ քոմմքից աղաք իրար հեննա խոսք ու զրից են ունեցե, իրար սիրե։

— Որ նա նրա՛ն կհասնի,— ասում ա Արաբը,— բա՛ս դու էլ ի՛նձ կհասնես։ Թագավորը էլ ի՛նչ պտի ասեր, որ աղջկանը չտար. ըս էլ իրեք հետ խոսացրեց։ Բերում ա աղջիկը տալի Արաբին, վրեն էլ օխտը ղաթրաբեռ ոսկի։

Արաբը աղջիկը վեր ա ունում՝ գալի տուն, աղպոր հմար կերակուր էփում, հազիր անում։ Աղպերը որ գալիս ա տուն, աղջկանը տենում՝ մնում ա զարմացած։

Հարցնում ա.— Արա՛բ աղպեր, էս աղջիկը ո՞րդիան ա։

Նո՛ր Արաբն ասում ա.— Բա՛ չես ասի, ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան,— ո՛նց որ ես ձեզ նաղլ արի, Արաբն էլ նրան նաղլ ա անում։

Արաբն ասում ա.— Թագավորի ցեղն ապրած կենա, բո՛լ ա ինչքամ աշխատանք արինք. արի՛ ըստիան վե կենանք էթանք։ Փա՛ռք ասսու, հմի էլ հո՞ քյասիբ չենք. թագավորի տված օխտը ղաթրաբեռ ո՛սկին սաղ ըլնի։

Էրկսով իրանց զադ-մադը հավաքում են՝ ճամփա ընկնում։ Գալիս են գալի, շատ ու քիչն աստոծ գիտա, հասնում են էն աղբրի կուշտը․ որդե աղաք աղպեր ին դառե։ Ըստե բեռները վեր են դնում, նստում հաց ուտում։

Հաց են ուտում՝ պրծնում, Արաբն ասում ա.— Է՞, թագավորի ցեղ, դե՛ արի մեր աշխատանքը փայ անենք. ո՛նց որ ըստե աղպերացանք, ընենց էլ հմի բաժանվենք։

— Ա՛յ ջանըմ, գյոզը՜մ, խի՞ բաժանվենք,— ասում ա թագավորի տղեն,— հազիր աղպեր ենք, էլի՞․ կէթանք իրար հեննա էլի մի տեղ կկենանք։

— Չէ՛,— ասում ա Արաբը,— պտի բաժանվե՛նք, որ պտի բաժանվենք։

Ինչքամ փող ին աշխատե՝ բերում ա Արաբը հալա՜լ կես անում. մնում ա աղջիկը։ Թուրը քաշում ա, որ աղջկանն էլ կես անի։

— Ա՛յ աղպեր,— ասում ա թագավորի տղեն,— էլ աղջկանը խի՞ ես կես անում. էդ աղջիկը քունն ա ու քունը, դրանից ես փայ չեմ ուզում, էլի՜։

— Չէ՛ որ չէ՛,— ասում ա Արաբը,— պտի էս աղջկանն էլ կես անեմ. թե փայ ենք անում՝ հա՛լալ փայ անենք։

Թուրը քաշում ա որ տա՝ էն սհաթը աղջկա բերնիցը մի եքա վիշապ ա դուս գալի, ընդե վեր ընկնում։ Արաբը աղջկանը էլ ձեռ չի տալի. հասնում ա վիշապին սըպանում, կտոր-կտոր անում։ — Ինձ ճանա՞նչում ես,— ասում ա Արաբը,— թագավո՛րի ցեղ. ես էն Ոսկե ձուկն եմ, որ չղըմշեցիր մորթես, որ ինչ ա՝ հորդ աչքերը լավանա, էլ եդ քցեցիր ծովը։ Իմ խաթեր՝ հերդ քեզ սուրգյուն արեց, տանիցը դուս արեց։ Էս որ իմացա, ես էլ ծովի միջիցը դուս էկա, էլա Արաբ, որ քու արած լավությունի տակիցը դուս գամ, ձեռիցս էկած լավությունն էլ ե՛ս քեզ անեմ։ Հրես ա՛ռ. էսքա՛մ փողն էլ քեզ, է՛ս աղջիկն էլ քեզ. ես էս ա էթում եմ էլ եդ ծովը, աստոծ շնորհավո՛ր անի. աստոծ էրկսիդ մի բա՛րձի ծերացնի։ Իմ փարիցն էլ քեզ մի հատ կտամ, տար հորդ աչքերին քսա՝ էն սհաթը կբացվի։

Արաբը էն սհաթը ըլնում ա էլի աղաքվա Ոսկե ձուկը։ Իրա փարիցը մի հատ պոկում ա՝ տալի թագավորի տղին, մնաս բարով անում հեննեն, էթում ընկնում էլ եդ ծովը։

Թագավորի տղեն բեռները կապում ա, ընկնում ճամփա՝ դպա իրանց երկիրը։ Գալիս ա գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա հոր քաղաքը։ Տենում ա, որ դեռ հլա էն Լողմա հեքիմը հոր աչքերի վրա չարչարվում ա։ Էն սհաթը հանում ա Ոսկե ձկան փարեն, քսում հոր աչքերին թե չէ՝ ա՛լբիալը բացվում ա։

Թագավորը իրա թախտիցը վեր ա գալի, տղին նստացնում։ Բերում ա աղջկանն էլ տղի հետ պսակում՝ օ՛խտն օր, օ՛խտը գշեր հարսանիք անում։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։


  1. Տպագիր տեքստում այս պարբերության վերջում բանահավաքը փոփոխություն է կատարել, դարձնելով «…էնքա՛մ սիրուն, էնքա՛մ նախշուն, որ թամաշ անելուց մարդ չէր կշտանում»: Նույնությամբ թողնում ենք տեքստում տպագրվածը (Ծ. Կ.):
  2. Փակագծում գրված ծանոթությունը ասացողինն է։ Ուռումը՝ Հռոմ բառն է հնչյունափոխված, որ նշանակում է Բյուզանդիա, բյուզանդացի (Ծ․ Կ․)։
  3. Տպագիր տեքստում նախորդում է՝ էս, որը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.):
  4. Ասացողը վրիպել է. սկզբում հայտնում է, որ Արաբը մենակ է մտնում թագավորի աղջկա օթախը, մինչդեռ այստեղ պարզվում է, որ ներկա են նաև թագավորն ու իրեն նազիր-վեզիրը (Ծ. Կ.):
  5. Տպագիր տեքստում բացակայում է, հավանաբար վրիպված է․ ուղղումը բանահավաքինն է (Ծ․ Կ․)։
  6. Տպագիր տեքստում նախորդում է՝ կտրում, բանահավաքը հանել է (Ծ․ Կ․)։
  7. Վերջին «ո՞վ ես» արտահայտությունը բանահավաքը հանել է․ թողնում ենք այնպես, ինչպես տպագիր տեսքտումն է (Ծ․ Կ․)։