Որոգայթ բառաց
Պարզապես ապշել կարելի է, թե ինչ նրբությամբ են հյուսած որոգայթները հայ-թուրքական չարաբաստիկ զույգ արձանագրությունների մեջ: Անդրադառնանք դրանցից հերթականին:
Շատերն անշուշտ ուշադրություն են դարձրել, որ նշյալ արձանագրությունների մեջ խորհրդարանական վավերացումների ժամկետների անհստակությունը կողմերին հնարավորություն է տալիս ձգձգելու արձանագրություններն ի գործ դնելը: Միանգամայն հիմնավորված մտահոգություններ: Առավել ևս, երբ Թուրքիայի իշխանական շրջանները բազմիցս հայտարարել են, որ արձանագրությունները կյանքի չեն կոչվի «առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ էական առաջընթացի»:
Առաջընթացը, բնականաբար, á la Turquie:
Սակայն արձանագրությունների գործադրումը ձգձգելու համար բուն արձանագրություններում առկա է ևս 2 հնարավորություն: Արձանագրությունների նախավերջին պարբերությունները հստակ ամրագրում են, որ դրանք ուժի մեջ կմտնեն «վավերաթղթերի փոխանակումից հետո» (following the exchange of instruments of ratification): Ընդհանրապես, միջազգային, որ է միջպետական փաստաթղթերի վավերացումն ունի հետևյալ գործընթացը: Խորհրդարանական հավանությունից (parliamentary approval) հետո (մեզ մոտ, չգիտես ինչու, սահմանադրության մեջ այն կոչվում է վավերացում) ըստ կարգի, արձանագրությունները պետք է վավերացվեն պետությունների ղեկավարների կողմից, ապաև փոխանակվեն վավերաթղթերը: Միջազգային իրավունքը չի նախատեսում ժամկետային որևէ սահմանափակում խորհրդարանական հավանությանն (վավերացմանն) արժանացած փաստաթղթերի՝ պետության ղեկավարների կողմից վավերացման և վավերաթղթերի փոխանակման հարցում: Եւ քանի որ այդ գործընթացը, թեկուզև ընդհանուր բառերով, հստակեցված չէ նաև արձանագրությունների մեջ, ապա ստացվում է այնպես, որ արձանագրությունների մեջ առկա է նշյալ փաստաթղթերի գործադրումը ձգձգելու եռաստիճան հնարավորություն՝ խորհրդարանական հավանություն (վավերացում), նախագահների վավերացում, վավերաթղթերի փոխանակում:
Օրինակ, տխրահռչակ Մոսկվայի պայմանագիրը (16.03.1921թ.) նախատեսում է վավերաթղթերի փոխանակում «հնարավորինս արագ»:[1] Երիցս տխրահռչակ Կարսի պայմանագիրը՝ «հնարավորինս կարճ ժամանակահատվածում»:[2]
Իհարկե, հնարավոր է, որ թուրքերը չձգձգեն արձանագրությունների խորհրդարանական վավերացումն ու վավերաթղթերի փոխանակումը: Ի վերջո, նրանք միանշանակորեն հասնում են իրենց հիմնական նպատակին՝ Հայաստանի Հանրապետության կողմից «երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի հաստատմանը»: Մնացյալը՝ ցեղասպանության հարցը, Ղարաբաղի հարցը և այլն, զուտ «բոնուս» է նրանց համար: Կստանան՝ լավ, հիմա չեն ստանա՝ նորից լավ: Միևնույն է, սրանից հետո հայոց պետության սանձերն իրենց ձեռքում կպահեն:
Եթե ոմանք այսօր պատրաստ են այդքան բարձր, չարդարացված բարձր գին վճարել Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման համար, ապա պետք է գոնե այնպես անեն, որ վճարված ապրանքի առաքումը լինի ժամանակին և առաջ չգան թաքնված ծախսեր:
Հղումներ և ծանոթագրություն
խմբագրել- ↑ Soviet Treaty Series, v. I (1917-28) (compl. & ed. by Shapiro L.), Washington, 1950, p. 100.
- ↑ Նույն տեղում, էջ 137:
24 սեպտեմբերի, 2009թ.