Որոնումներիս կախարդ ծովերում
* * *
Որոնումներիս կախարդ ծովերում
Երերումներիս գիշերն է իջել.
— Ո՞ւր է խորանում մթագնաց հեռուն,
Արդյոք կա՞ն բախտի լուսեղեն ափեր...
Աստղերն են մարում անդնդում մռայլ.
Կանգնած եմ անհույս՝ ծովիս մեջ անհուն,
Մոլորումներիս գիշերում խավար,
Իմ նավը հանձնած հոսանքին խելառ...
Ինչ էլ որ լինի՝ մեկ է ինձ համար,
Հույսեր ու արև մեռան իմ հոգում.
Ինձ համբուրում է մի մութ անորոշ,
Եվ չեմ մտածում, թե ո՛ւր եմ լողում...
Հոգնել եմ կռվից, դավերից բազում,
Ու անտարբեր եմ բարուն, չարության,
էլ ո՛չ մի փարոս ես չեմ երազում,
էլ չե՛մ ցնորում ոսկի հանգրվան...
1909