Որպես Լայերտի որդին, որպես

***

Որպես Լայերտի որդին, որպես
Ուլիս մի, թողած և հող և տուն,
Անցա ծովեր ու ցամաքներ ես —
Ամեն տեղ օտար և անխնդում։

Ու հոգնած քայլով ահա կրկին
Վերադարձնում եմ հայրենի հող,
Դեպի քարերըրդ ազնիվ ու հին,
Եվ խրճիթներըդ ահով նիրհող։

Նվագով անուշ քանի սիրեն
Կանչում էին ինձ և կախարդում,
Բայց սիրտըս մաքուր, որպես ցորեն,
Պահեց անունըդ վշտում արթուն։

Ցուրտ հեռուներում, անլռելի
Կրկեսների մեջ սրտով մոլոր
Երազում էի քո սիրելի
Եվ մեղմ երգերը, որպես օրոր։

Ու կարոտակեզ ահա կրկին
Վերադարձնում եմ, որ առհավետ
Ունկնդիր լինեմ քո հին երգին
Եվ լամ, լամ անուշ քո երգի հետ.․․


[1916]