Ութն օրվա կնոջ ծախսը

Ութն օրվա կնոջ ծախսը

Վահան Թոթովենց

[ 218 ]

ՈՒԹՆ ՕՐՎԱ ԿՆՈՋ ԾԱԽՍԸ

Երբ մր. Կուլինզը մտավ Նյու-Յորքի «Ուալդոլֆ-Աստորիա» հյուրանոցը իր անունն ստորագրելու և սենյակ ստանալու մի շաբաթվա համար, նրան մոտեցավ 30 տարեկան, սև մետաքս հագած մի գեղեցիկ կին, բարևեց և ուզեց հետը խոսել: Մր. Կուլինզն իր 40 տարվա առևտրական և քսանուհինգ տարվա ամուսնական կյանքում ճանաչել էր միայն երկու տեղ իր առևտրական վիթխարի տունը, 13 հարկանի որի մեջ աշխատում էին ավելի քան 10000 ծառայող, և իր ընտանեկան տունը կինը և երեխաները Մր. Կուլինզն ուներ երկու ամուսնացած որդի,որոնք ապրում էին առանձին:

Մր. Կուլինզը 60-ից քիչ մի առույգ ծերունի էր,քսան տարեկամից սկսել էր ծառայել այն միևնույն առևտրական տան մեջ, որի սեփականատերն էր հիմա: Սկսել էր նա իր ծառայությունը շաբաթական 4 դոլլար վարձով պլատֆորմի վրա իբրև ամեն բանի հասնող ճարպիկ մի երիտասարդ, և հասել էր այդ հսկա առևտրական տան տիրոջ դիրքին: 40տարվա ընթացքում կարողացել էր նա այդ առևտրական տան տերը դառնալ, նվիրելով իր ամբողջ կյանքն այդ տան տերը դառնալուն, մոռանալով ծաղիկները և կանանց:

--Ի՞նչ կարող են անել ձեզ համար,- հարցրեց մր. Կուլինզը գեղեցիկ կնոջը, երբ կինն արդեն բռնել էր նրա սպիտակ ձեռքը և հաղորդել էր նրա մարմնին այն միևնույն դողը, որն ստացել էր մր. Կուլինզը 35-36 տարի առաջ, երբ հանդիպել էր իր կնոջը:

-Ոչինչ,-պատասխանեց գեղեցիկ կինը երգող [ 219 ] ձայնով,- ուզում էի ձեզ հետ ծանոթանալ, իմ ամուսինն էլ ձեզ նման հայտնի առևտրական էր, երբ նա դեռևս ապրում էր:

Մր. Կուլինզը մի պահ երևաց, իր կարճ հասակից դիտեց սլացիկ հասակով կնոջը, ժպտաց և՝

--Գնանք դուրս,- ասաց:

--Գնանք,- պատասխանեց գեղեցիկ կինը:

Երբ փակ ավտոն սլանում էր Հըգսըն գետի ափերով, մր. Կուլինզը և գեղեցիկ կինը ավտոյի մեջ ոչ մի խոսք չէին փոխանակում: Գեղեցիկ կինը կծկվել էր մարմնով փոքրիկ ծերունու գրկում: Երբ վերադարձան «Ուալդորֆ-Աստորիա» հյուրանոցը, մր. Կուլինզը մոտեցավ ստորագրության տետրին և ստորագրեց.

--Տեր և տիկին Ու.Ա. Կուլինզը:

Նրանք բարձրացան սենյակ:

Երկու ժամից հետո մր. Կուլինզն իջավ դահլիճ, մի հեռագիր խմբագրեց և ուղարկեց կնոջը ըստ տարիների սովորություն.

«Առողջ եմ, գործերս մի շաբաթից կվերջացնեմ և կվերադառնամ.

Բյուրավոր համբույրներ

Ուալդո»

Ինքն անձամբ տարավ հեռագիրը դիմացի դեղատան մեջ գտնված հեռագրական բաժինը, որպեսզի հյուրանոցի ծառայողները չիմանային, թե իր կինը հետը չէր գտնվում հյուրանոցում: Մի քիչ հետո գեղեցիկ կինը, որ տիկին Ջեպմեն էր կոչվում, շորերը փոխած իջավ դահլիճը, մի գաղտագողի շնական ակնարկ նետեց հյուրանոցի կառավարչին: Կառավարիչը ժպտաց: Տիկին Ջեպմենը դուրս եկավ, նստեց ավտոն և կորավ վիթխարի քաղաքում:

Մր.Կուլինզը հեռագիրը տալուց հետո շտապեց իր առևտրական գործին:

Նա ավելի քան 2000000 դոլլարի ապրանք էր գնելու իր առևտրական տան համար Նյու-Յորքի զանազան մեծաքանակ ընկերություններից: Երբ նա առաջին անգամ մտավ ՈՒուլուորթ շենքը 5 և 10 սենտանոց ապրանքներ գնելու, զգաց, որ տիկին Ջեպմենը մտքից չի հեռանում, հիշում է նրա [ 220 ] ձայնը: Սիրտն ուզեց անմիջապես վերադառնալ հյուրանոց, բայց սովորությունը նրան մղեց դեպի առևտուրը, և թեկուզ նա կարծում էր, որ դեպի հյուրանոց է վերադառնում, բայց խոսում էր ՈՒուլուորթի վաճառողի հետ: Իր որոշման համաձայն մր. Կուլինզն շտապեց երեք ընկերությունն այցելել:

Տիկին Ջեմպենի ավտոմոբիլը կանգնեց Հըդսըն գետի ափի մի վիլլայի առաջ, դրսի երկաթյա դուռը բաց արեց, ծաղիկներով եզերված փոքրիկ կածանից անցավ և երբ մոտեցավ վիլլայի մեծ դռանը, երկու նեգր դուռը լայնորեն բաց արին, և տիկին Ջեմպենը մտավ ներս ու բարձրացավ ուղիղ մր. Հոպկինսի ննջասենյակը:

Մր. Հոպկինսը մի ծերացած կապիտալիստ էր, որ քաշված առևտրական կյանքից ապրում էր այդ վիլլայում և տառապում էր անքնությունից: Մր. Հոպկինսը իր կնոջը և երեխաներին ուղարկել էր Գերմանիա,Վիսբադեն քաղաքը և ինքն այդ վիլլայում որոնում էր քնելու միջոցներ:

Տիկին Ջեպմենը գնում էր մր. Հոպկինսի մոտ, օրական երկու ժամ նրա գլուխը շփում, որպեսզի շփման այդ հեշտանքի տակ մր. Հոպկինսը քնի: Տիկին Ջեպմենը մեկ-մեկ մր. Հոպկինսի չորացած և ոսկրացած մարմնին ալկոհոլ էր քսում: Այդ բոլոր գործողությունը կատարվում էր պրիմիտիվ անմեղությամբ, որովհետև մր. Հոպկինսը վաղուց մոռացել էր իր անասուն լինելը:

Երբ երկու ժամը վերջացավ, տիկին Ջեպմենը ոտի կանգնեց, հոգնած և ձանձրացած, առանց աղմուկի վերցրեց սեղանի վրա դրված 1000 դոլլարի չեկը և հեռացավ չխանգարելու համար մր. Հոպկինսի քունը:

Մր. Հոպկինսն իր քարտուղարի միջոցով նամակ էր գրում Վիսբադեն, իր կնոջը, որ բժիշկներին հաջողվեց մի քնաբեր դեղ գտնել, և ինքը վերջերս քնում է:

Երբ տիկին Ջեպմենը վերադարձավ «ՈՒալդորֆ-Աստորիա» հյուրանոցը, մր. Կուլինզն արդեն վերադաձել էր և իրեն անհանգիստ էր զգում Ջեպմենի ուշանալու համար:

Մր. Կուլինզը գրկեց տիկին Ջեպմենին, և մինչև կեսգիշեր չքնեցին նրանք: [ 221 ] Տիկին Ջեպմենը մր. Հոպկինսին քնեցրեց, իսկ Կուլինզին չթողեց, որ քնի:

Մի շաբաթը լրանալուց հետո մր. Կուլինզը հայտնեց տիկին Ջեպմենին, որ իր առևտրական գնումները վերջացել են, և պետք է մեկնի: Տիկին Ջեպմենն առանց պատասխան տալու տխրեց, և մր. Կուլինզը նշմարեց, որ տիկինը երկու կաթիլ արցունք է կախել սև և խոշոր աչքերից: Մր. Կուլինզը խոստացավ նրան շուտով վերադռնալ առևտրական գործերի պատրվակով ու մի քանի օր ևս անցկացնել իր հետ և խնդրեց նրանցից իր հասցեն:

— Հասցեի կարիք չկա, — պատասխանեց տիկին Ջեպմենը, — ես կիմանամ, թե դուք երբ կլինեք Նյու-Յորքում:

Մր.Կուլինզը չստիպեց, որովհետև ճիշտ էր տիկին Ջեպմենը: Երբ մր. Կուլինզը Նյու-Յորք էր գալիս, իր գալուց երկու օր առաջ իր պատկերն էին հրատարակում Նյու-Յորքի թերթերը և հայտարարում նրա գալը:

Տիկին Ջեպմենը հրաժեշտ տվեց մր. Կուլինզին և հեռացավ հյուրանոցից:

Մր. Կուլինզն իր փոքրիկ պայուսակի մեջ տեղավորեց շապիկները, օձիքները,գուլպաները, թաշկինակները և թղթերը, էլեկտրական կոճակը սեղմեց,որից հետո անմիջապես նեգր տնկվեց իր առաջ:

— Տար պայուսակը ներքև, ես գնում եմ:

— Շատ լավ, — ասաց նեգր բռավ:

Մր. Կուլինզը մի քանի րոպե հետո իջավ ներքև և հյուրանոցի կառավարչից խնդրեց իր հաշիվը:

Հյուրանոցի կառավարիչը ժպտուն դեմքով ներկայացրեց նրան հաշիվը — 250000 դոլլար:

Մր. Կուլինզն ապշեց. մի շաբաթ և 250000 դոլլար ծախս:

— Խնդրեմ, այս ծախսերի մանրամսները տվեք ինձ, — ասաց մր.Կուլինզը խիստ և խորապես վրդովված տոնով:

Հյուրանոցի կառավարիչը դուրս բերեց հաշիվների մանրամասնությունները` «տիկին Կուլինզի» ստորագրված ստացականներով: Դրանցից հետո պարզ եղավ մր. Կուլինզի համար, որ «տիկին Կուլինզը» գնել է ադամանդներ, մարգարիտներ, մանյակներ, 15 - 20 տեսակ շորեր և այլն:

Մր. Կուլինզն ուզեց ասել, որ այդ կինն իր կինը չէր, այլ [ 222 ] մի պատահական կին, բայց հիշեց, որ ստորագրության տետրում գրել էր՝

«Տեր և տիկին Ու.Ա.Կուլինզը»:

Մր.Կուլինզը մի րոպե կծոտեց իր շրթունքները, հանեց իր գրպանից չեկի տետրը, 250000 դոլլարի չեկը գրեց և դուրս եկավ հյուրանոցից:

Հյուրանոցի կառավարչին անմիջապես մտավ հեռախոսի բուդկան և զանգահարեց տիկին Դորոթի Ջեպմենին:

-Հըլո, հըլո, Դորոթի, ծերունի հիմարը մեկնեց, չեկն ստացա,- և սկսեց շնականորեն հռհռալ հեռախոսի բուդկայում: