Ուղերձը Դրաստամատ Կանայանի աճյունը հայրենիքում ամփոփելու առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
Մայիսի 28-ին՝ խորհրդանշական այդ օրը, Բաշ-Ապարանի ճակատամարտի հուշակոթողի մոտ վերաթաղվելու է Դրաստամատ Կանայանի աճյունը։
Դրոն հայ նորագույն պատմության բացառիկ դեմքերից է։ Ե՛վ Հայաստանի Առաջին Հանրապետության ռազմական նախարարի դերում, և՛ վտարանդիության մեջ նա եղավ հայ պետական ու քաղաքական իմաստուն գործչի և անձնազոհության օրինակ։ Սակայն մեր ժողովրդի պատմական հիշողության մեջ նա մնաց առավելաբար, որպես Բաշ-Ապարանի ճակատամարտի հաղթական զորավար։
Դրաստամատ Կանայանի անձնական կենսագրությունն արտացոլումն էր իր ժողովրդի ճակատագրի։ Նրա կյանքի երազանքն էր ու մեծագույն պատիվը լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
Դրոյի աճյունը հայրենի հողում ամփոփելով, մենք կատարում ենք նրա կտակը և մեր պարտքը Հայրենիքի նվիրյալի առջև։
Փառք և խոնարհում նրա հիշատակի առաջ և բարի վերադարձ։
2000