ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ


Լույսի արագությունը՝ հայտնաբերվելուց առաջ,
դարձյալ եղել է վերջավոր
(հետո դրան միացավ ժպիտի եւ սիրո արագությունը)։
Իսկ երբ կապիկները խուժել աշխատասենյակ եւ սկսել են
գրամեքենայի ստեղներն անընդհատ սեղմել, ասում են,
պատահաբար մեքենագրվել է Շեքսպիրի սոնետներից մեկը։

Եվ այն, որ ինքնասածի ու հաստակող շենացու
միտքն ինչքան էլ եփվի, միեւնույն է, մի ականջը
դարձյալ մնում է հում, սոսկ կատակ չէ, եթե,
իհարկե, նկատի չառնենք գրքերում գրվածը՝
Հեսուի կողմից արեւը կանգնեցնելու անիրական եւ
ամենաիրական պատմությունների վերաբերյալ։

Այստեղ պետք է հիշեցնել նաեւ Ալբերտ Է-ի
հարաբերականության տեսությունն՝ ըստ Կուքի դայու. «Մի
մազը մարդու գլխին շատ քիչ է, բայց, ահա,
կերակրի ամանում՝ ահավոր շատ»։ Այնպես որ՝
թվաբանությունը նույնպես պոեզիա է։ Այլապես, հիմար չէ
նույն Կուքի դային՝ ժամանակի եւ տարածության նոր մեկնաբանը,
երբ նստում է էշի վրա եւ,
մեծ ժամացույցի սլաքները ետ տանելով, արագությամբ
քշում է ավանակը, որ հասնի անցյալ,
այնտեղ, ուր իր կին Զառնիշանը շատ սիրուն աղջիկ է դեռ։

Թող ինձ ների Կենտավրոս Պրոքսիման, երկրից
ամենահեռու-հեռվում գտնվող աստղն ինձնից ավելի մոտիկ է։