Ուշացած երկխոսություն Արարատ Ղազարյանի հետ
ԻԲՐԵՎ ՍԿԻԶԲ
|
Արարատ Եգորի (Յաշայի) Ղազարյանը ծնվել է 1967-ի հոկտեմբերի 28-ին, Ստեփանակերտում, բայց մանկության երջանիկ օրերն անց է կացրել հայրենի Սզնեք գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է Ստեփանակերտի թիվ 7 միջնակարգ դպրոցում, իսկ փոխադրվելով վեցերորդ դասարան՝ տեղափոխվել է թիվ 5 միջնակարգը։ Դպրոցում սովորելու տարիներին սիրում էր գեղարվեստական գրքեր կարդալ, բայց ավելի շատ նրա մեջ նստած էր երաժշտության սիրահարը և այդ սերն էլ դպրոցական Արարատին երաժշտական դպրոց է, իսկ 10-րդ դասարանում սովորելու ժամանակ նրա նախասիրությունների շրջանակը լրացվել է ևս մեկով, և նա սկսել է հաճախել կար ու ձևի խմբակ։ Միջնակարգն ավապտելուն համընթաց տիրապետել է դերձակի մասնագիտությանը և 1985-ից արդեն աշխատում էր կենցաղսպասարկման կոմբինատում։ Սիրում էր իր մասնագիտությունը, սակայն ունեցածով չբավարարվող երիտասարդն անընդհատ որոնումների մեջ էր և աշխատանքին համատեղ սկսել է սովորել նաև քաղաքային ավտոդպրոցում։
1986-ին զորակոչվել է Խորհրդային բանակի շարքերը։ Ծառայել է հեռավոր Մուրմանսկում։ Եղել է լավ ավտովարորդ և հայրենիքին նվիրյալ զինվոր, բայց 1988-ից հետո զինվորականի նրա հոգում աղոտացել է ՀԱՅՐԵՆԻՔ հասկացողությունը ու նա սկսել է մտածել, թե ո՞ւմ հայրենիքն է ինքը պաշտպանում Մուրմանսկի այս հեռուներում, երբ իր ծննդավայրն է պաշտպանության կարիք զգում երբեմնի բարեկամ ազերիներից։ Ու նա մի կերպ անցկացնելով ծառայության վերջին օրերը, շտապում է վերադադառնալ Արցախ ու անմիջապես նվիրվել հայրենիքի ազատության ու անկախության համար մղվող պայքարին։ Սզնեքցի իր հասակակից տղաների հետ ֆիդայական ջոկատ է կազմել և սաֆոնովապոլյանիչկոյան դժնդակ ժամանակներում պարտիզանական խիզախ ձեռնարկումներ հեղինակել։
Այնուհետև, երբ Արցախում ստեղծվել է կանոնավոր բանակ, Արարատ Ղազարյանը եղել է նախ՝ դասակի, վաշտի, իսկ 1993-ի ապրիլից՝ գումարտակի հրամանատար։ Մասնակցել է բազմաթիվ ռազմագործողությունների՝ Կրկժանից մինչև Մարտակերտի հեռուստաաշտարակ ու <<Պուշկեն յալ>>։ Վիրավորվել է երեք անգամ, երեքն էլ՝ ականի պայթյունից։ Վերջինը՝ 1993-ի հունիսի 27-ի առավոտյան, մահացու։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ <<Մարտական խաչ>> առաջին աստիճանի շքանշանով։
Ամուսնացած էր, ունի մեկ դուստր։
Հանգչում է Ստեփանակերտի Հուշահամալիրում։
...Հետագայում, պատերազմի տարբեր խաչուղիներում զոհվել են նաև Արարատ Ղազարյանի մանկության ու պարտիզանական պայքարի ընկերներից շատերը՝ համագյուղացիներ Էդուարդ Մարգարյանը, Մհեր Ահարոնյանը, Սամվել Ավանեսյանը (ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար), Էդուարդ և Արմեն Մանասյանները... Թվով՝ 14 սզնեքցի երիտասարդներ իրենց գլուքն են դրել ազատության զոհասեղանին և հիշողությունն է մնում այսօր, միակ կենդանի վկայությունը՝ անցած խիզախ, հեքիաթային և հերոսական օրերի...
- Բարև՛, Արարատ։
- Բարև՛,- ասում ու շրջում ես դեմքդ, իսկ ես ավելի եմ մոտենում։ Մոտենում եմ ու... քարե սառնությունը դեմքիդ պաղում է։
- Ուզում եմ զրուցենք մի քիչ, հիշենք։
- Ի՞նչ հիշենք, ինչ եղել՝ եղել է։
- Ինչո՞ւ ես այդպես ասում։ Եղել է ու չի մոռացվել։ Այ, օրինակ, հիշո՞ւմ ես տասներորդում էիր, չէ՞, երբ առաջին անգամ կարդացիր <<Մխիթար Սպարապետն>> ու ազդվեցիր։ Ախր ինչպե՞ս կարելի էր դավաճանել նրա պես մարդուն, միաժամանակ՝ նաև Հայրենիքին։ Հայրենասիրության զգացումը քո մեջ էն գլխից էր դեռ։
- Այո, գրքերի մեջ գտա հայրենասիրությունը, սիրում էի նման գրքեր շատ կարդալ, բայց երբ Մուրմանսկում, ուր ծառայում էի, 1988-ի փետրվարից Կենտրոնական հեռուստատեսությամբ սկսեցին Արցախի մասին անընդհատ հաղորդումներ տալ՝ ես հանկարծ զգացի, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։ Իսկույն զանգեցի Ստեփանակերտ՝ ծնողներից պարզելու իսկությունը։ Ես սկսեցի օրեր հաշվել, իսկ ծառայությանս ժամկետը լրանալուն դեռ մի քանի ամիս կար։
- Մայիսին զորացրվեցիր, գիտեմ, եկար Արցախ, եկար, տեսար ժողովրդի ընդվզումը, մարդկանցով լի հրատարակները, փողոցները։ <<Միացում>>, <<Հայաստան>> և այլ կարգախոսներից լիաթոք շնչեցիր՝<<վերջապե՛ս>>։
- Այո, բայց այդ նպատակին հասնելու համար դեռ երկար ճանապարհ ունեինք անցնելու։ Թուրքերը զինված էին մինչև ատամները, իսկ մե՞նք, մեր որսորդական հրացաններն անգամ հավաքել էին։
- Եվ դու սկսեցիր մարտական խումբ ստեղծելու գործը, և որ ամենակարևորն է՝ զինվել էր պետք, բայց ինչպե՞ս։
- Ուրիշ ելք չունեինք, ինքնաշեն պայթուցիկ նյութեր, Խորհրդային բանակի զինծառայողներից առգրաված զենք ու զինամթերք... Դա էր սկիզբը։
- Ես գիտեմ նաև, որ դու քո անձնական միջոցներով հրացան ես գնել, և այլ էլ՝ ոչ միայն քեզ համար։
- Հայրս է պատմել երևի։ Բա ի՞նչ անեի՝ ընկերս էլ զենք չուներ, իսկ Կրկժանում պահակություն անելն առանց զենքի՝ հանա՞ք ես անում։ Թուրքերն անընդհատ կարկուտ են մաղում մեր գլխներին, իսկ մեր փամփուշտները՝ հաշվված, հատ-հատ։
- Բա ձեր բարեկամ Շահեն Ասրյանը հրացաններ ու զինամթերք չէ՞ր բերում Աբովյանից։
- Բերում էր, ինչո՞ւ՝ չէ։ Մի քանի անգամ էլ ես եմ մեկնել Աբովյան ու ինքս իր մոտից բերել։ Ընդհանրապես, ինձ վրա շատ է ազդել քեռի Շահենի հայրենասիրությունը։ Նա, չնայած հասուն տարիքին, Աբովյանում թողնելով իր հարմարավետ ու հանգիստ կյանքը, երեք երեխաներին՝ մարտական խումբ է կազմել ու եկել կռվելու թուրքերի դեմ, որ իր հայրենի Զարդանաշենը թշնամու կրնկի տակ չընկնի։
- Դու էլ Գևորգի վրա ես ազդել, քո ազգականի։
- Ի՞նչ անեի, լինելով Երևանում՝ այցելում էի նըրանց, դե՝ բարեկամներ ենք, չէ՞։ Սա էլ մի օր կանգնեց՝ թե ես էլ եմ գնում Արցախում կռվելու։ Եկավ, կռվեց, ու... Դա հետո էր արդեն, ահագին ուշ, Օմարի լեռնանցքում մղված 1994-ի հունվարի 10-ի դաժան մարտում, 19-ամյա հասակում... Դե, գուցեև իմ մեղքըն էլ կար, չէ՞ որ ես նրան գայթակղեցի։
- Չէ, ի՞նչ ես ասում, Արարատ։ Դու նրան չես գայթակղել, նա ինքն է ոգևորվել քո հայրենասիրությամբ։ Դե, ասենք, դու էլ քիչ արյուն չես հեղել։
- Իմ պարտքն եմ կատարել։ Կռվել էլ եմ, վիրավորվել էլ։ Դե, գիտենք, կռվում չիր ու չամիչ չեն բաժանում։ Մարտական առաջին լուրջ առաջադրանքս Ջանհասանում էր, ուր մենք՝ յոթերորդ վաշտի տղաներս, պիտի կտրեինք Շուշին Քելբաջարից, որ մերոնք առանց դժվարության առաջ շարժվեն։ Ազատագրվեց մեր հինավուրց բերդաքաղաքը։ Ժողովուրդը ցնծության մեջ էր...
- Իսկ դու՝ վիրավոր, բայց մնացիր շարքում։ Այդ մարտի մասին Դանիկն ինձ պատմել է մանրամասնորեն։
...Քյոսալարի մոտակայքում դու բոլոր 11 մարտիկներին իջեցրել ես մեքենայի թափքից, ինքդ՝ մնացել <<ԳԱԶ-66>>-ի ղեկին և քիչ անց հակատանկային դավադիր ականի պայթյունից անշնչացել է շրջապատը։ Մի վայրկյան միայն, և քո երեք ընկերները՝ Վալերիկը, Վլադիկը, Սլավիկը, արդեն չկան։ Դու՝ վիրավոր, ու մնածել ես շարքում։ Եվ դրա՞ համար՝ քեզ դասակ են վստահել։ Իհարկե, ո՞չ միայն՝ դրա։ Քո մեջ մնացել է անմնացորդ նվիրումի կարողությունդ, կրակը քեզ վրա վերցնելու անձնազոհ վերաբերմունքդ։
- Թշնամին հսկայական զորք ու տեխնիկա էր կուտակել այդտեղ։ Բարձունքներում տեղադրել <<Գրադ>> կայանքներ, հրետանի։ Կատաղի մարտ տեղի ունեցավ, բայց մենք, այնուամենայնիվ, հասանք մեր նպատակին։
- Դրանից հետո ձգվել է քո մարտական ուղին դեպի Լաչին, Քյաթուկով՝ դեպի Դահրազ, Աղբուլաղ ու Նախիջևանիկ, Վաղուհասից՝ մինչև Մարտակերտ՝ հեռուստաաշտարակ ու <<Պուշկեն յալ>>։
- Այդպես թվարկեցիր ու մի ծիծաղելի դեպք հիշեցի։ Վաղուհասում ութերորդ վաշտը փոխարինել էր մեզ, բայց երբ արդեն հասել էինք Վանք գյուղը, լուր ստացանք, որ թշնամին գրավել է մեր վերահսկողության տակ գտնվող բարձունքը։ Երկընտրանքի կարիք չկար, իհարկե, պիտի վերադառնայինք։ Բարձունքում մի քանի տասնյակ թուրքեր անհոգ հանգստանում էին։ Աննկատելի մոտեցանք ու անակնկալի եկած թուրքերին մի ակնթարթում կոտորեցինք։ Բարձունքը կրկին մնաց մեր հսկողության տակ։
- Է՞լ ինչ դեպք ես հիշում։
- Սարսանգի ջրամբարի մոտակայքում 10 հոգով շրջանցել ենք թուրքերին, 17-ին ոչնչացրել, իսկ մոտ 50-ը՝ վիրավոր վիճակում, ով որ ուղղությամբ կարողացել է՝ փախել է։
- Նման դեպքերը, գիտեմ, շատ են եղել։ Բայց երբ մարտադադարներին տուն էիր վերադառնում, հետաքրքիր է, ինչպիսի՞ խոսակցություն էր ծավալվում տնեցիների հետ։
- Իհարկե, մարտերի ընթացքի մասին։ Բայց երբ իմանում էին, որ առանց զոհի մարտ չի լինում՝ սարսափում էին։ Ես տանը միայն հորս ու կնոջս հետ էի կիսվում, հակաճառում նրանց հորդորներին, համոզում, ու հասկանում էին ինձ՝ ինչպե՞ս կարող ենք թողնել, որ թշնամին գա ու անարգել մեր տները մտնի...
- Շատ հաճախ էլ՝ գալիս էիր ու շուտ էլ, դեռ կարոտդ տնեցիներից մի կարգին չառած, կրկին մարտական դիրքեր վերադառնում։
- Ճիշտ ես։ Հոգնում էի պարապությունից։ Քելբաջարից հետո մի քանի օր մնացինք տանը՝ սկսեցի դժգոհել, թե ինչու մեզ դիրքեր չեն տանում։
- Անդրանիկ Գասպարյանի հետ շատ էիր կապված։ Ինչպե՞ս զոհվեց։ Միասին էիք չէ՞...
- Հետախուզության էինք գնացել։ Մաղավուզի մերձակա դիրքերը հսկում էին Ասկերանի տղաները։ Մեր վերադարձին՝ այդ պահակակետերում արդեն թուրքերն են նստած։ Իսկույն դիրքավորվում ենք գերեզմանոցում։ Մի թևը ես եմ վերցնում իմ հսկողության տակ, մյուսն՝ Անդրանիկը։ Տղաներն օգնության են հասնում, բայց անհավասար, կատաղի մարտում երկու զոհ ենք տալիս, որոնցից մեկն Անդրանիկն էր։
- Այդ դեպքն ինչպիսի՞ ազդեցություն թողեց քեզ վրա։
- Ծանրագույն։ Հոգեբանական նման իրավիճակից դուրս գալը երկար ժամանակ է պահանջում։ Շատ է դժվար, երբ մարտադաշտում կորցնում ես ամենամոտ ընկերոջդ, ավելին՝ վաշտի հրամանատարին, ում տեղակալն ես դու։ Դրանից հետո արդեն ողջ ծանրությունն ընկավ իմ ուսերին։
- Կարծեմ երկրորդ վիրավորվելովդ էր, չէ՞, դեռ կարգին չապաքինված, ցավազրկիչ դեղերը գրպանումդ, կրկին շարք վերադարձար։
- Այո, երկրորդ։ 1993-ի հունիսի 17-ին, Ղարաչիլարում։ Ու կրկին... ականի վրա։ (Ի միջի այլոց, մի նախազգացում ինձ հանգիստ չէր տալիս։ Մահից չէի վախենում, բայց ասես զգում էի, որ եթե մի բան լինի՝ ականի պայթյունից է լինելու...
- Տղերքն ինչպե՞ս դիմավորեցին քեզ։
- Փշերով։ <<Ինչո՞ւ եկար>>,- ասացին։ <<Ես առանց ձեզ ո՞նց մնամ, ո՞նց մենակ թողնեմ ձեզ>>,- հարցին հարցով պատասխանեցի ու միացա ընկերներիս մարտական շարքին։
- Գումարտակի հրամանատարն էիր, բայց՝ միշտ առաջին գծում։ Ե՛վ կռվում էիր որպես զինվոր, և՛ որպես հրամանատար՝ մարտական գործողությունն էիր ղեկավարում։ Այդ մասին քո մարտական ընկերներն են վկայում՝ Բենիկ Սահակյանը, Արթուր Գրիգորյանը, Վարուժան Գրիգորյանը։ Ի դեպ, Բենոն նույնպես չկան։ Նա էլ, քեզ նման,<<կռվի գիժ>> էր, վիրավորվե՞լս որն է, առողջություն պահպանե՞լը՝ որը, երբ առաջին հերթին հայրենիքի պաշտպանության խնդիրն էր դրված։ Ու գնաց...
Բենիկ ՍԱՀԱԿՅԱՆ (մարտական ընկեր, գումարտակի հրամանատարի տեղակալ).- 92-ի մայիսից միասին ենք։ Արարատն այն ժամանակ դասակի հրամանատար էր։ Մեր միջև իսկական ընկերություն ծնվեց մարտական գործողությունների ընթացքում, որովհետև հենց նման իրավիճակներում ես ճանաչում ընկերոջդ։ Մենք դացձանք իսկական բարեկամներ։ Միասին էինք գնում հետախուզության, մարտերի...
Ազնվության ու համեստության համար բոլորը հարգում էին նրան։ Երբեք ոչ մեկին չի վիրավորել, ցանկացած հարցում արդարամիտ էր։ Խմիչքի նըկատմամբ էլ՝ չափավոր էր, բացի մի քանի բաժակ գինուց՝ ոչինչ չէր խմում։ Իսկ երբ նկատում էր, որ տղաներից որևէ մեկը փորձում էր չափն անցնել՝ արգելում էր։ Նման դեպքերում՝ վերցնում էր շիշն ու թափում... Նրա նկատմամբ հարգանքն էր պնտճառը, որ գումարտակի առաջին հրամանատար Սամվել Հարությունյանի մահից հետո (ի դեպ՝ նա նույնպես ականի զոհ էր դարձել)
տղաները միաձայն հրամանատար ընտրեցին Արարատին։
Արարատը կատակով ասում էր. <<Կռիվը պրծնի, պիտի գնանք առողջարան՝ բուժվելու։ Երևի մեզ լրիվ բուժեն՝ բացի մեր գլուխներից, որ այնքան պայթյուններ ու դղրդյուններ են լսել՝
շարքից դուրս են եկել>>։
Իսկ Քելբաջարից հետո, երբ մի քանի օր հանգստանում էինք՝ ասաց. <<Հոգնել ենք, ինչո՞ւ չեն տանում կռվի>>... Ասում էր. <<Ամուսնացեք, որ, եթե Աստված չանի՝ մի բան պատահի, տոհմը շարունակվի>>...
- Հը՛մ։ Բենոն լավ տղա էր, սրտացավ ընկեր ու բարեկամ։ Ընդհանրապես, մեր տղաները, բոլորն՝ անխտիր,<<նույն հիվանդությամբ>> էին տառապում։ Դա հայրենասիրություն կոչվող հիվանդությունն էր, որը մեկ-մեկ կլանեց բոլորիս... Վրեժ Հովսեփյանը, Կամո Հայրապետյանը, Արթուր Գասպարյանը... Որի՞ն հիշես, կամ՝ որի՞ն մոռանաս, և ինչպե՞ս մոռանաս, ի՞նչ իրավունքով։
... <<Պուշկեն յալում>> կատաղի մարտեր էին ծավալվել, դրա համար էլ չէի կարող տանը նստել։ Դեռ լրիվ չապաքինված՝ կրկին մարտադաշտ եկա։ Դե, ի՞նչ լրիվ։ 5-10 օրում ապաքինվե՞լ է լինում։ 1993-ի հունիսի 26-ին, իմ երկրորդ վիրավորվելուց ուղիղ ինն օր հետո զոհվում է Գասպարյան Արթուրը։ Դիակն անմիջապես քաղաք ենք ուղարկում, և ընկերներով որոշում հաջորդ օրն անպայման ներկայանալ հուղարկավորությանը։ Վաղ առավոտյան ես Վրեժը, Կամոն, Բենոն, Գրիգորյան Արթուրը, Վարուժանը նստում ենք իմ հրամանատարական <<ՈՒԱԶ>>-ն ու ճանապարհվում դեպի Ստեփանակերտ։ Մոտենալով Մեհմանային՝ որոշում ենք ճանապարհը կարճել։
- Գիտեմ, դա էլ հենց ճակատագրական դառնում ձեզ համար։ Անտառային այդ հայտնի ճանապարհով նոր էր տեխնիկա անցել, ու, ասես՝ առանձնակի անհանգստանալու կարիք չկար։ Անընդհատ տեղացող անձրևներից գոյացած ցեխը կասեցնում էր մեքենայի ընթացքը, դժվարացնում ճանապարհային խոչընդոտների հաղթահարումը։ Իսկ դու քո սովորության համաձայն տղաներին առաջարկում ես իջնել մեքենայից և մի որոշ ճանապարհահատված գալ ոտքով, որ հանկարծ եթե ական պայթի՝ վնաս չտա իրենց։ (Վերահաս վտանգից այդպես մի քանի անգամ փրկել ես քո մարտական ընկերներին)։ Տղաներից երեքն իջնում են՝ մեքենայի անիվների տակ ցախ լցնելու, իսկ երկուսը՝ Վրեժն ու Կամոն մնում են քեզ հետ, մեքենայի մեջ։ Բենոն, Արթուրն ու Վարուժանն անիվների տակ ցախ լցնելուց հետո սկսում են հրել ցեխի մեջ խրված մեքենան։ Առջևում ջրափոս կար, որն ականի պայթյունից էր գոյացել։ Ցախ են բերում և լցնում ջրափոսը, որ մեքենան անցնի։ Հետո, երբ մեքենայի անիվը հենց որ մտնում է ջրափոսը՝ ակնթարթորեն գործում է դավադիր ականն ու պայթյունի ալիքը ձեզ շպրտում է տարբեր կողմեր։
- Չեմ ուզում հիշել։ Բայց, դե, ի՞նչ արած, իմ կյանքն է և այն էլ... վերջին րոպեներին... Տղաները սկսում են մեկը մյուսին ձայն տալ։ Ես էլ եմ ձայն տալիս։
- Մեքենայից գրեթե ոչինչ չէր մնացել։ Վրեժն ու Կամոն, որ քեզ հետ էին, մեքենայում, մահանում են ակնթարթորեն, իսկ Բենոն, Արթուրն ու Վարուժանը՝ վիրավորվում են։ Դու էլ վիրավոր էիր, և քո վիճակը երևի թե ամենաահավորն էր։ Դրանից էլ՝ տարակուսանքը. <<Մի՞թե այսքան շուտ, չէ՞ որ դեռ շատ գործ կա անելու>>,- ասում ես Բենոյին։ Նա էլ սիրտ է տալիս քեզ և ռադիոկապով փորձում կապվել արտաքին աշխարհի հետ։ Ուղղաթիռը երկար է պտտվում անտառի վրա, բայց ձեր գտնվելու վայրը հայտնաբերել չի կարողանում, իսկ <<շտապ օգնության>> մեքենան խափանվում է ճանապարհին, երկրորդը նույնպես տեղ չի հասնում։ Բենոն ստիպված մի կերպ դուրս է գալիս ավտոխճուղի, որ պատահական մեքենայով գնաք դաշտային հոսպիտալ։
- Բայց ես հոսպիտալ չհասա։ Թե՞ հասա։ Այնքա՛ն արյուն էի կորցրել, որ գլուխս մշուշվել էր, էլ ոչինչ չեմ հիշում...
- Դու, Արարատ, հոսպիտալ չհասար։ Դու, դեռ ճանապարհին, արդեն գնում էիր ուրիշ ճանապարհով, որին կոչում են ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ, ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ և նման այլ անուններով։
- Այո, լսել եմ, ինձ նաև շքանշան են տվել ու հայրս ստանալիս շնորհակալական խոսք է ասել, որ մեր արյունն իզուր չի կորել և կառավարության կողմից մեր արածն ըստ արժանվույն է գնահատվում։
- Բայց հայրդ պարզ ու հասկանալի լեզվով ասել է նաև այն, որ զոհված ազատամարտիկների ընտանիքներն այսօր բարվոք վիճակում չեն, որ դժվարությամբ են լուծվում սոցիալական խնդիրները, և, միաժամանակ, խնդրել է կառավարությանը՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։
- Հասկանում եմ, ծանր է դրությունը, կառավարության վիճակն էլ՝ երևի թե այն չէ. տարիներով շրջափակման մեջ գտնվող երկրամասում անկախ պետություն կառուցելն այնքան էլ հեշտ բան չէ։ Դա էլ այն դեպքում, երբ դամոկլյան թրի պես շարունակ գլխիդ կախված է պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը։ Ես էլ ապրողներիդ հետ լինեի՝ տանը չէի նստի։ Չէի կարող հանգիստ ապրել. ախր այնքա՛ն ընկերներ եմ կորցրել պատերազմի խաչուղիներում։ Պատերազմն ինձ կոշտացրել է, նյարդայնացրել։
- Հայրդ էլ էր նկատել դա։ Ասում է՝ մի տարում 10-15 տարով մեծացել է, առնականացել, հասունացել։ Զարմանում էր, թե ինչպես այդքան շուտ փոխվեցիր։
- Ի՞նչ ասեմ։ Ի՞նչ անի խեղճ հայրս, ավելի է ծերացել երևի, պատերազմն է մեղավոր, պատերազմը...
- Ձերոնց երևի շատ եմ կարոտել, մորդ, կնոջդ, քույրերիդ, դստրիկիդ՝ հատկապես...
- Աստղիկս հենց լսում էր մեքենայի ազդանշանը՝ իսկույն դուրս էր վազում նկուղից ու ընկնում գիրկս։ Հիմա մեծացել է երևի, քանի՛ տարի է՝ չեմ տեսել։
- Այո, մեծացել է։ Տանը բոլորն էլ լավ են։ Նկուղներից վաղուց են բարձրացել բնակարան և ապրում են առողջ ու համերաշխ։ Բոլորն էլ կարոտում են քեզ, իսկ դու դիրքերում ես դեռ, չես վերադառնում, գոնե՝ կարճատև այցով...
- Իմ տունն այստեղ է։ Այստեղից ես հսկում եմ իմ լեռնաշխարհի խաղաղությունը, որ խաղաղ ու անամպ երկնքի տակ ապրի իմ Աստղիկ բալիկը։
- Մի՛ կասկածիր, Արարատ։ Նա կապրի հանգիստ ու ապահով։ Կապրի ու կմեծանա, և արժանի կլինի քո անվանն ու փառքին՝ միշտ հիշողության մեջ պահելով քո կենդանի կերպարանքը։ Դու կլինես նրա կյանքի ուղենիշը և ուղեկիցը՝ բոլոր լավ ու վատ օրերին...