Ուրիշի հմար ֆոր փորողը ինքը կընկնի մեջը

Ուրիշի հմար ֆոր փորողը ինքը կընկնի մեջը


38. ՈԻՐԻՇԻ ՀՄԱՐ ՖՈՐ ՓՈՐՈՂԸ ԻՆՔԸ

ԿԸՆԿՆԻ ՄԵՋԸ

Լինում ա չի լինում մի մարդ։ Էս մարդը շատ հարուստ ա ըլնում. էլ մա՛լ, էլ դո՛լվաթ, էլ տա՛վար, էլ ոչխարի սո՛ւրու, էլ ձիու ի՛լխիք, ես ինչ գիտամ մեղրի փեթակնե՛ր, ջաղացնե՛ր, մախլասի՝ էնքա՜մ հարուստ ա ըլնում, որ իրանց երկրումը սրան մատով ին շանց տալի:

Էս մարդը ավալ ախըր էրկու տղա ա ունենում, էրկուսն էլ բեդոլվաթ, ասսու էրեսիցը թափած, սաղ օրը պարապ-սարապ ման ին գալի, ըսկի միտք չին անում մի բանի, մի գործի կպնեն, մի աշխատանքի տուտ բռնեն։ Սրանց հերն էլ ծերացե, հա՛յ-հա՛յը գնացե, վա՛յ-վա՛յն էր մնացե։ Օրեն մի օրը հիվանդանում ա, տեղով-բարձով թեք ընկնում, էլ չի վե կենում, տղեքանց չարը տանում ա։

Տղեքը բերում են իրանց հորը առոք-փառոք, ոնց որ կարգն ա, ժամով, պատարագով թաղում են։ Ըսենց անց ա կենում մի՛ օր, է՛րկու օր, ի՛րեք օր, մի՛ շաբաթ, է՛րկու շաբաթ, մի՛ ամիս, է՛րկու ամիս, ի՛րեք ամիս, վե՛ց ամիս, մախլասի՝ մի տարի, օրեն մի օրը մենծ աղպերը պոքր աղպորն ասում է. —Ա՛յ աղպեր, հերիք է քեզ պահեմ, վեր կաց գնա քո գործին, սրանից դենը ո՛նց ուզում ես գլուխ պահի:

— Ա՛յ աղպեր,— ասում ա պոքր աղպերը,– չէ՞ որ ես էլ քո հալալ աղպերն եմ, մի հորից, մի մորից, խի՞ ես ինձ զրկում․ էսքան մալ ու դոլվաթիցը, էսքան հարստությունից բա ինձ փայ չի հասնի՞։

— Չէ՛,— ասում ա մենծ աղպերը,— ե՛ս եմ, ի՛նչ կա չկա՝ հերս ինձ ա թողել, դու ով ես:

— Ա՛յ աղպեր,— ասում է,-դու ա՛րի մի ըլնի, մի անի, չէ՞ ես մեղք եմ, ես էլ քեզ պես կնկատեր, էրեխատեր եմ։

Համա ո՞ւմ ես ասում, մեծ աղպերը իսկի չէր էլ ուզում անկաջ դներ,աղպոր կուռը բռնեց, դափ-դարդակ տանիցը դուս արեց:

Էս պուճուր աղպերն ա՝ էթում ա գեղի գլխին մի հացատուն բռնում․ իրա ճնգլաճուտերը անում մեջը, ապրում։ Ինքն էլ էթում ա սրա-նրա կուշտը ֆահլություն անում, հոտաղություն անում, օրենը մի քանի շայի աշխատում, բերում օղլուշաղ պահում։

Է՛հ, փառք իրան, ըսենց կուչ ու ձիգ անելոն յոլա էր էթում, համա մենծ աղպոր էրեսը չէր էթում։ «Ասսու ողորմությունը շաս ա,— ասում էր,— ամեն մարդի իրա սրտովը կտա»։

Համա մենծ աղպոր սիրտը ըտ էլ չէր վեր ունում, որ իրա աղպերը շատ թե քիչ ապրուստ ունի, մի կտոր հացի տեր ա, օր աշխատում ա, օր ուտում. հերսիցը սիրտը տրաքում էր, չէր իմանում ի՛նչ անի, ո՛նց անի, որ աղպոր գլուխը մի օղիա գա, մի փորձանքի մեջ քցի, որ սիրտը հովանա։

— Ա՛րի,— ասում ա,— աղպորս ղրկեմ ֆլա՛ն սարի գլուխը խաբեմ, թե ընդե խազինա կա, որ էթա՝ էլ եդ չի գա, ընդե ջանավարների փայ կըլնի, կմնա։

Օրեն մի օրը վեր ա կենում, գալի պուճուր աղպոր տունը։

— Բա՛րով, ա՛ղպեր,— ասում ա,— ո՜նց ես, լա՞վ ես։

— Բա՛րով, ա՜սսու հազար բարին,— ասում ա պուճուր աղպերը,— կա՛մ էլի, յոլա եմ էթում։

— Ա՛յ աղպեր,— ասում ա,— ընչանք ե՞բ դու պտի ըտենց քյասիբ, օրեն հացի մուրացկան մնաս, չէ դո՛ւ էլ ես մեղք, քու օղլուշաղն էլ։

— Բա ի՞նչ անեմ, ա՛յ աղպեր,– ասում ա։

— Որ մի բան ասեմ, անկաջ կանե՞ս։

— Խի՛ չեմ անի,— ասում ա,— ասա։

— Բա՛ս որ ըտենց ա, մի ջվալ վե կալ, գնա ֆլա՛ն սարը։ Ընդե ման կգաս, մի էր կգտնես, կմննես էդ էրը, կտենաս մեջը լիքը ոսկի, խաղինա, ակն ու մարգարիտ, բռլիանտ ու հազար մի ջուռա թանկագին քարեր, վե կունես, կբերես, կհարստանաս, քանի սաղ ու կենդանի ես, գլուխդ դինջ քեզ հմար դովրան կքաշես:

— Ղո՞րթ,— հարցնում ա պուճուր աղպերը:

— Ղո՛րթ,— ասում ա մենծ աղպերը:

— Բա՛ս որ ըտենց ա՝ հենց էգուց ճամփա կընկնեմ։

Էդ պուճուր աղպերն ա առավոտը լիսանում ա թե չէ, կնկանն ասում ա.— Ա՛յ կնիկ, թե՛զ արա մի ջվալ բե՛, մի քիչ էլ հաց թրջա, կապա՛ դաստախունը։

— Խի՞, ա՛յ մարդ, ի՞նչ կա, ո՞ւր ես էթում,— հարցնում ա կնիկը:

— Աղպերս ասում ա՝ ֆլա՛ն սարի կշտին մի էր կա, էդ էրը լիքը ոսկի ա, էթում եմ բերեմ:

— Բախտա՜վար գլխիդ,— ասում ա կնիկը,— աղպորդ լսեցիր, որ քու ձեռովը քու տունը քանդեցիր, է՜։

— Դե՛ շատ մի՛ խոսա,— բարկանում ա մարդը,— ի՛նչ քու խելքի բանն ա. քեզ ի՛նչ ասում եմ՝ է՛ն արա։

Կնիկը բերում ա մի քանի հաց թրջում, կապում դաստախունը, մի ջվալ էլ բերում տալի մարդին։ Էս պուճուր աղպերն ա՝ դաստախունը քցում ա ջվալի մեջը, վեր ունում, ընկնում ճամփա։ Էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա աղպոր ասած սարը։ Տենում ա մի չոլ, յաբանի տեղ, որ ըսկի իսանաֆոտ չի գալի։

— Վա՛յ քու տունը քանդվի, ա՛ղպեր,— ասում ա,— ինձ որդե ղրկեցիր․ ի՛նչ անեմ, ի՛նչ գլուխս վայ տամ, հմի ջանավարները կգան, ինձ կուտեն։

Դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի, որ մի տեղ գտնի, ընդե սըթար անի։ Որ շատ ման ա գալի, տենում ա հրես մի էր, կողքին էլ մի մենծ քար, ընենց որ էդ քարը տալդա ա անում էդ էրին։ Մննում ա էդ քարի տակը, ջվալը քցում գլխին, կուչ գալի։ Անց ա կենում մի՛ սհաթ, է՛րկու սհաթ, ի՛րեք սհաթ, տենում ա հրես էկան՝ մի Մուկը, մի Գել, մի Աղվես, մըն էլ մի Արջ, էկան մտան էդ էրը, իրար կշտի նստոտեցին։ Պուճուր աղպերը էս ջանավարներին որ չի տենում, քիչ ա մնում ահաչոր ըլնի, լեղաճաք ըլնի մնա։

— Օ՜ֆ, օ՜ֆ,— ասում ա Մուկը։

— Հը՛, խի՞ դարտոտեցիր,— հարցնում են ընկերտինքը։

— Բա ի՛նչ անեմ,— ասում ա,— իմ բունը մի մենծ, դարտակ տեղ ա. բնիս կշտին մի կարաս ոսկի ա ֆորած, մարդ էլ չըկա, որ վեր ունի, տանի, ընձ էլ պետքը չի, որ ուտեմ, յա բանացնեմ, մնացել եմ սոված զկռտալոն։

— Է՛հ,— ասում ա Արջը։— Էկեք իմ դարտիցը խաբար տվեք. ֆլա՛ն տեղը մի ծառ կա, էդ ծառի քոքին մեղրի ճանճերը էկել են բուն դրե, էնքա՜մ մեղր ածե, էնքա՜մ մեղր ածե, որ էլ տեղ ու դադար չկա,— էնքամ ա մեղրը դիզվե, կիտվե, թոփ էլե, մնացե։ Համա ի՛նչ անեմ, որ չեմ կարում մոտանա, էն սհաթը ճանճերը վրա են տալի, կծոտում, դազդղորիկ ածում։

Ըսենց ջանավարները մին-մին դարտլամիշ են ըլնում։ Էս մարդը ըստոնք որ լսում ա, ուրախանում, աշխարով մին ա ըլնում։

— Իմ խեղճ աղպերը,– ասում ա,– ընդուր էր ինձ ղրկում ըստե. հալբաթ նա մի բան գիտար, որ ասում էր, հո իմ դո՜ւշմանը չէր։

Առավոտը բարիլսի հեննա ջանավարները վեր են կենում, էթում իրանց բանին։ Էդ մարդն էլ ալուստի վեր ա կենում ըտիան ծլկվում։ Էթում ա աղաք Մկան ասածը տեղը: Ման ա գալի, ման ա գալի, Մկան բունը գտնում ա։ Էթում ա մի տեղան մի քլունգ ա ճարում, բերում Մկան բնի կուշտը քանդում։ Քանդում ա, քանդում ա, մի էրկու, իրեք արշին քանդում ա, տենում ա, ըհը՛, դրուստ որ մի կարաս էրևաց։ Կարասի բերանը բաց ա անում, ի՞նչ տենում՝ մեջը լիքը ոսկի։ Բերում ա էդ ոսկուցը մի բուռը վեր ա ունում, ածում ջեբը, էդ կարասի բերանը ղայիմ ծեփում, ֆողը եդ վրա ա տալի, թողում, էթում։ Ըտե մոտիկ մի գեղ ա ըլնում, էթում ա էդ գեղը, մի տասը, քսան ֆահլա բռնում, բաննահ բռնում, խառադ բռնում, մախլասի՝ տուն շինելու հմար ի՛նչ ուստա պետքն էր բռնում ա, հենները բարշում, բերում էդ չոլ, յաբանի տեղը։

— Ըստե,— ասում ա,— ինձ հմար մի ձեռք տո՛ւն շինեք։

Ուստեքը բանում են, բանում՝ մի՛ ամիս, է՛րկու ամիս, ի՛րեք ամիս, վե՛ց ամիս ըտե մի ձեռք ընե՜նց տներ են շինում, ընե՜նց տներ են շինում, որ չուտես, չխմես՝ հենց դրան թամաշ անես, ընենց մի սիրունիկ զադ էր։ Եննա դրա կշտին էլ մի քանի պուճուր օթախներ ա շինիլ տալի, մի քանի նոքար բռնում, որ ընդե կենան, իրա տներին մուղաթ կենան։ Եննա բերում ա մի տասը, քսան փեթակ ա շինիլ տալի, իրա նոքարների հեննա վե կենում, էն փեթակները վեր ունում, գալի, էն Արջի ասած ծառը ման ա գալի, գտնում. տենում ա՝ դրուստ որ էնքա՜մ մեղր ա կիտվե, էնքա՜մ մեղր ա կիտվե, որ էլ հեսաբ չկա։ Մեղրը բիրադի հավաքիլ ա տալի, ածիլ տալի ամանները, մեղրի ճանճերն էլ քշում, անում փեթակները, բերում։ Բերում ա փեթակները իրա հայաթումը շարոտում, մեղրն էլ դնում ա մի օթախ, դուռը շինում։

Անց ա կենում մի քանի վախտ, օրեն մի օրը միտք ա անում՝ էթա իրանց գեղը։ Տները նոքարներին պահ ա տալի, ինքը վե կենում, ընկնում ճամփա։ Գալիս ա, գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա իրանց գեղը, հասնելու բաշտան դուզ էթում ա աղպոր տունը։

— Բա չես ասի,— ասում ա,— ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան։

Նստում ա ըստե մին-մին նաղլ անում իրա գլխով անցկացածը, ոնց որ ես ձեզ նաղլ արի։ Մենծ աղպերը էս որ լսում ա, մնում ա մաթալ։

«Ա՛յ հարա՜յ,— ասում ա ինքն իրան,— ես աղպորս ղրկեցի, որ ղուրդ ու ղշի, ջանավարների փայ ըլնի, նա գնացե, հարստություն, մալ ու դոլվաթ ա գտե։ Բա՛ս որ ըտենց ա,— ասում ա,— ես էլ կէթամ, բալի ես էլ եմ գտնում»։

Էն մենծ աղպերն ա՝ առավոտը սուրբ ծեքի հեննա վեր ա կենում, կնկանիցը թաքուն հաց-մաց կապում, մի ջվալ վեր ունում՝ ընկնում ճամփա։ Էթում ա, էթում, հասնում ա էն սարը։ Մննում ա աղպոր ասած տեղը, տափ կենում։ Տենում ա իրիկունը էլի էն ջանավարներն էկան, էկան մտան էրը, իրար կշտի նստոտեցին։

— Ըսկի ի՛նչ կա, ի՛նչ չկա,— հարցնում են իրար ջանավարները։

— Էլ ինչ պտի ըլնի,— ասում ա Մուկը,— իմ բնի վրեն էկել են ամարաթներ շինե, էն ոսկիքն էլ քոմմա հանե, տարե․ կա, չկա,— ասում ա,— էն օրը ըստե իսանաորդի ա տափ կացե, մեր մասլահաթին անկաջ ա դրե։

— Էդ օյինը գլուխն էլ են էկե,— վրա ա բերում Արջը,— մեղրի թրիշա չեն թողե, քոմմա տարել են։

— Բաս որ ըտենց ա,— ասում են Աղվեսն ու Գելը,— էկեք վե կենանք մա՛ն գանք։

— Էկե՛ք,— ասում են մեկելները։

Մենծ աղպեր, ըսօր ես մեռե թե էգուց, էս որ լսում ա, ջանը մահման դող ա ընկնում, դողմանի դիպնում:

Էդ ջանավարները վեր են կենում դե՛ս ընկնում, դե՛ն ընկնում, գալիս են էդ քարի տակը մննում, ի՜նչ տենում, ըհը՛, հրեսիկ մի մարդ ընդե կուչ ա էկե, մնացե։ Վրա են պրծնում դրան փարչա-փարչա անում, ձվիգ-ձվիգ անում, մենծ թիքեն անկաջը թողում:

Սրան թողանք ըստե, գանք խաբար տանք պուճուր աղպորիցը:

Էս պուճուր աղպերը որ տենում ա մենծ աղպերը եդացավ, չէկավ, ալբիալը գլխի ա ընկնում, որ էն ջանավարների ձեռն ա ընկե, նրա մենծ թիքեն անկաջն են թողե: Շատ ա դարտ անում, գլխին վա՜յ տալի, համա էլ ո՛ւր, բանը բանից անց էր կացե։ Վեր ա կենում, էթում աղպոր տունը, աղպերակնկանը մին-մին նաղլ անում աղպոր գլխով անցկացածը։

— Տե՜ղն ա,— ասում ա աղպերակինը,— «Ուրշի հմար ֆոր փորողը ինքը կընկնի մեջը»։

— Է՛հ, աղպերակին,— ասում ա,— բա՛ն չկա, ի՛նչ էլավ-էլավ. դե՛ տուն ու տեղդ հավաքա, էն սարի գլխին լավ-լավ ամարաթներ եմ շինե, էթանք ընտե ապրենք։

— Է՛թանք,— ասում ա աղպերակինը։

Էգսի օրը վեր են կենում, մի տասը սել քրեհում, այնոյին բարձում, ընկնում ճամփա: Գալիս են, գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում են պուճուր աղպոր ամարաթը։ Զատ֊մատերը դարսոտում են, տեղավորում, օթախները լքցնում, սարքում՝ միջին կենում։

Ուրիշ դհարենքից էլ մարդիկ էս որ լսում են, վեր են կենում գալի ըտե տներ շինում, ապրում։ Ընենց որ կամաց-կամաց ըտե եքա շենլիկ ա դառնում։

Ըսենց պուճուր աղպերը իրա հալալությունովը մենծ հարստությունի, մալ ու դոլվաթի տեր ա դառնում, մենծ աղպերը իրա չկամությունովը, խայինությունովը ջանավարների փայ ըլնում։

Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ. մինն՝ ասողին, մինը՝ ասիլ տվողին, մինն էլ՝ անկաջ դնողին։