Ուրվական
Ուրվական
Մթնշաղային ժամերին, երբ ես
Ընկնում եմ, հոգնած օրերից ունայն,
Հայտնվում ես դու նուրբ ու լուսներես
Ու հետըս նստում քնքշությամբ անձայն —
Եվ փայփայում ես, օրորում ես քո
Անխոս գգվանքով ամեն երեկո...
Ընդունում եմ քո համբույրը նրբին,
Ուրվականային փայփայանքըդ ես,
Երբ լույս է և մութ — մթնշաղ, երբ իմ
Ցնորքը հիվանդ հնազանդ է քեզ.
Ու քեզ հետ նստած, գիտեմ,— դու չես այն,
Ըստվերդ է միայն, ըստվերդ է միայն...