Ուրվականներ

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

Ուրվականներ


Այն լուռ ժամին, երբ օրն անցած՝
Վրա է հասնում մութ գիշեր.
Եվ զարթնում են սրտում նիրհած
Շա՜տ զգացմունք, շա՜տ մտքեր,

Երբ խավարում ճրագն է շողում,
Մտորմունքիս այդ վըկան,
Պատի վերա ստվերներ դողում,
Հապա դառնում ուրվական,—

Այղ լուռ ժամին, հանդա՜րտ, հուշի՜կ
Ներս են մտնում իմ սենյակ
Սրտիս ազի՜զ, անգի՜ն ոգիք,
Հանգիստ գտած հողի տակ…

Ահա այն քաջ, մատաղ ոգին,
Որ տենչալով կյանքի մարտ,
Ընկա՜վ զվարթ ծիծաղ դեմքին,
Ընկա՜վ անվախ ու հըպարտ։

Ահա և հեզ, սուրբ էակներ—
Աղն և՛ երկրի և՛ կյանքի,
Որ մինչև վերջ տարան համբեր
Ծանր խաչը տանջանքի»։

Ահա՛ նոքա—և՛ այն սիրո՜ւն,
Քնքո՜ւշ սրտերն, որ այնպես
Սիրում էին կյանքիս գարուն,
Եվ ինձ ժպտում ծաղկանց պես,

Լուռ, համրաքայլ ներս են գալիս
Նոքա միմյանց հետևից.
Եվ ամենքն էլ նստում կողքիս
Ու ձեռք պարզում դեպի ինձ

Ահա՛ և՛ նա—մոտս նստում,
Ինձ նայում է դալկադեմ.
Խոր հայացքով սեր եմ կարդում,
Զույգ աչերում—վառ եդեմ։

Եվ աղոթք է սըրբամրմունջ
Լսում սիրտս նոր նորից,
Լսում օրհնանք և մեղմ տրտունջ
Նորա քնքուշ շըրթներից…

Կյանքի դժվար խաչի տակը
Վի՜շտ ու սև օր տեսնելիս,
Նոցա քաղցր հիշատակը
Նո՛ր աշխույժ է ինձ տալիս…