Ուր բանքն սպառին, եւ գործքն թագաւորեն
Սիրելի հայրենակիցներ,
- Իմ բազմաթիվ սխալների շարքում ամենամեծը, թերևս, այն էր, որ ես հրաժարական տվեցի փետրվարի 3-ին, ինչի պատճառով ընտրարշավը համընկնում է այսքան ցուրտ շրջանի. եթե իշխանությունից հրաժարվեի ապրիլին կամ մայիսին, ապա ձեր վիճակը շատ ավելի բարվոք կլիներ։ Մեղքս մասնակիորեն քավելու համար այսօր ձեզ չեմ ձանձրացնի երկարաշունչ ելույթով՝ բավարարվելով ընդամենը մի քանի հակիրճ դատողություններով։
- Այսօրվանից մեր պայքարը մտնում է մի նոր հանգրվան, որի նշանաբանը դեռևս 13-րդ դարում ձևակերպել է տաղանդավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը. «Ուր բանքն սպառին, և գործքն թագաւորեն», այսինքն, մենք հասել ենք մի շրջադարձային կետի, «որտեղ խոսքերն ավարտվում, և տիրում են գործերը»։
- Այն, ինչ պիտի ասվեր Հայաստանի ներկա վարչախմբի էության, նրա վերարտադրման կործանարար հեռանկարի և դրանից խուսափելու անհրաժեշտության մասին, արդեն ասվել է։ Երեք ամիս շարունակ, իմ ուժերի ներածին չափով, ես փորձել եմ ձեզ ապացուցել, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը գող, ավազակ, հակաժողովրդական իշխանություն է, որի հանցավոր գործունեության հետևանքով Հայաստանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, և թե՛ սոցիալական առումներով մատնվել է թշվառագույն վիճակի։ Փորձել եմ ապացուցել նաև, որ նրա վերարտադրությունը մեր երկիրը տանելու է անխուսափելի կործանման։ և վերջապես, փորձել եմ ապացուցել, որ այսօր կա՛ այդպիսի տխուր հեռանկարից խուսափելու և նորմալ պետություն կառուցելու ռեալ հնարավորություն։
- Այդ հնարավորությունը խարսխված է այն ակնհայտ իրողության վրա, որ քոչարյանա-սերժական վարչախումբը ժողովրդի համար ատելի, անհարազատ, օտար իշխանություն է, որի դավանած բարոյական արժեքները որևէ կապ չունեն ո՛չ մեր ազգային հոգեբանության, ո՛չ էլ Հայաստանի և անգամ Արցախի իրական շահերի հետ։ Եսակենտրոն այդ վարչախմբի գոյության միակ իմաստը իշխանական բուրգի և նրա սպասավորների գերհարստացումն է՝ ի հաշիվ օտար զանգված դիտվող ժողովրդի բարեկեցության և արժանապատիվ կյանքի։
- Սերժ Սարգսյանը Հայաստանում որևէ հենարան կամ ընտրազանգված չունի։ Իր ամբողջ հույսը նա դրել է վարչական լծակների, ընտրակեղծիքների, բռնարարքների և ընտրակաշառքի վրա։ Բայց դրանք, որքան էլ դժվարին թվացող, այնուամենայնիվ միանգամայն հաղթահարելի խոչընդոտներ են։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի կամք, ինչպիսի վճռականություն, անձնազոհության ինչպիսի պատրաստակամություն կդրսևորի ձեզանից յուրաքանչյուրը։ Անձամբ ես և իմ տասնյակ հազարավոր կողմնակիցները պատրաստ ենք մատուցել մեր անմնացորդ ծառայությունը ազգային-ազատագրական պայքարի նվիրական գործին։ Պատրաստ ենք, հանուն Հայաստանի լուսավոր ապագայի, լարել մեր ողջ ուժերը, ներդնել մեր բոլոր ջանքերը, ենթարկվել ցանկացած զրկանքի ու զոհողության՝ ներշնչված քսաներեքամյա մի հանճարեղ բանաստեղծի աստվածային քնարերգությամբ.
Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն՝ վերջի՜ն քնար. –
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու։
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի –
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի։
Կանգնել են, լուռ, իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու։
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող։
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ –
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա։
և արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան –
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց – մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտեր երկու։
Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի...
Երթամ հիմա։ Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով, –
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ –
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր...
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
և թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա, –
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա...
Հայոց քնարերգության այս անգերազանցելի գլուխգործոցը, որն արժանի է անգիր արտաբերվելու յուրաքանչյուր հայի շուրթերից, հեղինակել է անմահ նահատակ Եղիշե Չարենցը դեռևս 1920 թվականին։ Եթե Շարժման նվիրյալներից բացի, ինքնազոհության չարենցյան ոգին համակի նաև մեր ողջ ժողովրդին, ապա ոչ մի ամբարիշտ ուժ, ոչ մի արգելք չի կարող կասեցնել մեր հաղթական երթը, և քոչարյանա-սերժական ողորմելի վարչախումբը կնետվի պատմության աղբանոցը։
Կեցցե իր արժանապատվությունը վերանվաճելու ելած հայ ժողովուրդը։ Կեցցե մեր արդար և սրբազան պայքարը։
Աստված մեզ օգնական։
2008թ., հունվարի 22, հանրահավաք