Ու կտարածվի մի տրտում մշուշ

Ու կտարածվի մի տրտում մշուշ

Եղիշե Չարենց

Ու կտարածվի մի տրտում մշուշ


Ու կտարածվի մի տրտում մշուշ
Մանուշակագույն.
Կապույտի, ոսկու տրտմունակ մի հուշ —
Խանձված հոգում...

Արևը ժպտաց, երբ կույս էր հեռուն,
Ու գունատ էր դեռ:
Արևը անցավ — կապույտ դաշտերում՝
Մի ոսկի թիթեռ:

Կապույտը վառվեց, խանձվեց ոսկում,
Արևը — անցավ.
Արևը — անհուն ու որբ կապույտում`
Բռնկված մի ցավ:

Իջնում է ահա մի տրտում մշուշ
Մանուշակագույն. —
Կապույտի՜, ոսկո՜ւ տրտմունա՜կ վերհուշ՝
Խանձված հոգում...