Չամբարն ու կատուն

Չամբարն ու կատուն
(Պստիկ հեքիաթ)


Կար չկար,
Մի քիչ տկար
Մի ճուտիկ կար,
Կուչ էր եկել ծաոի տակ.
Խեղճը պուճուր,
Անկուտ, անջուր,
Ծվծվում էր շարունակ։

Պատի տակին
Մի ահագին
Կատու մարաղ էր մտել,
Աչք էր ածում
Ու մտածում՝
«Ինչ լավ պատառ եմ գտել»։
Թխսամերը
Ու հավերը
Ցրիվ եկած դեսուդեն,
Շրջում էին,
Որ գտնեին
Կորած մի կուտ և ուտեն։
Շունն էլ բակում
Ջուր էր լակում,
Գիտեր միտքը չար կատվի,
Մտածում էր,
Մի ճար աներ,
Որ ճուտն անփորձ ազատվի։
Պառկած կատուն
Հանկարծ թաքուն
Ցատկեց առաջ իր տեղից,
Ուզեց ճուտի
Թարմ միս ուտի,
Զզվել էր նա մկներից։

Շունը տեսավ,
Իսկույն հասավ,
Բռնեց կատվի կոկորդից.
— Հա՛ֆ–հա՛ֆ, հա՛ֆ-հա՛ֆ,
Անխիղճ,— ասավ,—
Ի՞նչ ես ուզում մեր ճտից։

Չես իմանո՞ւմ,
Որ էս բակում
Չամբար շունն է պահապան,
Որ իմ աչքից,
Էս մեր բակից
Չի թաքնվի ոչ մի բան...

Մեկ էլ կատուն...
Ի՜նչ Չամբար շուն,
Ֆը՛ստ-ֆը՛ստ արավ շան տակից,
Ճանկերն առան
Քիթ ու բերան,
Կատուն ծլկեց տան բակից։
Շունը մնաց
Բերանը բաց.
— Հա՛ֆ, հա՛ֆ,— ասավ,— ա՛յ կատու,
Թե մեկ էլ ես
Կբռնեմ քեզ,
Էլ չես պրծնի ինձնից դու...
Ճուտիկն էլի
Դողդողալի
Դեռ կանգնած էր ծառի տակ,
Խեղճը պուճուր,
Անկուտ, անջուր,
Ծվծվում էր շարունակ։
Թխսամերը
Ու հավերը
Բակի խորքում
Ցիրուցան,
Ինչ պատահեց
Ճուտիկի հետ
Ամենևին չիմացան։