Չգիտեմ առաջին բառը եւ վերջին բառը
չգիտեմ
ու մնում են խոսքերս չասված,
ու փողոց եմ ելնում զայրացած։
Արեւը ընկել երկնքից, փշրվել է
կիրճերում.
ոչ ոք այդ մասին չի էլ մտածում
եւ սովորական բան է լռելը։
Ինչ-որ առու է հոսում իր ճամփով
քարուքանդ
եւ ինքը մեղք չունի, որ պղտոր է այդքան,
եւ ինքը երկնքից իջել է մաքուր ու անարատ։
Մի ծառ ծմակի պատրանք է բերում
աչքերիս.
եւ ասես իմ փեշից մացառներ են կախված,
եւ ասես իմ ետեւից մացառներ են վազում։
Այս երբ են տարել գլուխս, արդյոք,
եւ ինչով,
այս ինչ քնաբեր սուտ է մատուցվում
եւ ինչ ախորժակով եմ կլանում ես այն։
Եվ չկա պահը տիրություն անող,
տիրական,
որ ձեռքը դնի ճակատիս վրա,
որ խաբկանքներից ինձ հանի, տանի։
Տաք վերմակները շատ են ցուրտ հիմա
ու անշուք.
ինձ հողին տվեք, արմատի նման
բացվեմ բողբոջով, քիչ հանգստանամ։
Գուցե հողը թարգմանի իր լեզվով
եւ գուցե բառն այդ միշտ կորած չմնա։
Չգիտեմ առաջին բառը եւ վերջին բառը
չգիտեմ։