ՉԿԱՅ ԱԼԱԳԵԱԶ.


Դարդերի քամին ինձ քշեց հիւսիս,
Հեղեղն արցունքի թևերս տարաւ,
Չկա՜յ Ալագեազ, չկա՜յ ծեր Մասիս—
Թոշնում է սիրտս կարօտով ծարաւ:

Այս տափակ երկրում, անձայր փեշերով,
Մի մամռոտ ժայռի կտոր չտեսայ
Ղարիպ գլուխս հանգչէր գիշերով,
Ես հարս լինէի—ինքն ինձի փեսայ.

Եւ դարդս անտակ, մրմունջս տրտունջ
Պատմէի գաղտուկ—հոգիս հովանար.
Մտքերս ծեծկուած, սիրտս անտերունջ,
Պաղ հովին տայի—ազա՜տ սլանար:

Դալար խոտերի կախարդ հէքեաթից
Քուն գար աչերիս—նիհրէի անուշ,
Ու կէս գիշերի շաղակաթ սրտից
Ցող իջնէր վրաս, ցոլցոլար քնքոյշ:

Առաւօտ կանուխ, կայտառ բողբոջուն
Քանց նորափթիթ դաշտային շուշան,
Կարմիր արևին ես տայի ողջոյն,
Հովիկն ինձ գգուէր մե՜ղմ, ծածան-ծածան:

Դարդերի քամին ինձ քշեց հիւսիս,
Հեղեղն արցունքի թևերս տարաւ,
Չկա՜յ Ալագեազ, չկա՜յ ծեր Մասիս—
Հուր երազներիս ցոլքերն էլ մարաւ...